2022
Ինչպես խուսափել լճացումից
սեպտեմբեր 2022


«Ինչպես խուսափել լճացումից », Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Ինչպես խուսափել լճացումից

«Հիսուսը զարգանում էր իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52), և մենք նույնպես կարող ենք:

տղամարդը նայում է մայրամուտին

Լուսանկարի հեղինակ՝ Ջուդիթ Էն Բեք

Զգում եք, որ լճացե՞լ եք

Երբ չափահաս ամուրին ձգտում է ապրել ավետարանով, նրա համար կարող է դժվար լինել չկենտրոնանալ մեր կյանքի որոշ ոլորտների վրա, որոնք մենք կցանկանայինք փոխել: Երբեմն թվում է, թե մենք մեր առաջընթացում հասել ենք բարձունքի, որից հետո այլևս առաջընթաց չկա: Ինձ համար որոշ ոլորտներում լճացած լինելու այդ զգացումը կարծես ուժեղանում կամ թուլանում է, և դրանք կարող են ինձ ուղեկցել օրերի, ամիսների և աստիճանաբար, նույնիսկ տարիների ընթացքում: Ես երջանիկ լինելու և կյանքից լավ զգալու շատ պատճառներ եմ ունեցել միշտ, բայց մի պահ այս լճանալու զգացումը հատկապես խորապես ազդեց ինձ վրա հուզական առումով:

Այդ ընթացքում եղբորս դեռահաս որդին խնդրեց ինձ հետ ժամանակ անցկացնել։ Նա գիտակցեց, որ իր կյանքում նպատակների կարիք կա և խորհուրդ հարցրեց։ Ես այնքան էլ կայուն վիճակում չէի իմաստուն խորհուրդ առաջարկելու համար, բայց լսեցի նրան: Ես գիտեի, որ կարող եմ «կանչել առ» Աստված՝ օգնության համար (տես Ալմա 34.17–27) և աղոթել, որ կարողանամ ինչ-որ իմաստալի բան ասել նրան: Ի պատասխան՝ ես հիշեցի Ղուկաս 2.52-ը. «Եվ Յիսուսը զարգանում էր իմաստութեամբ եւ հասակով եւ շնորհքով Աստծոյ ու մարդկանց առջեւ»:

Երբ ես փորձում էի կենտրոնանալ զարմիկիս կարիքների վրա, այլ ոչ թե իմ, ինչ-որ բան սկսեց փոխվել իմ մեջ: Ես և զարմիկս խոսեցինք այն մասին, թե Քրիստոսն ինչպես աճեց հոգեպես, ֆիզիկապես, սոցիալական և մտավոր առումներով, և մենք նույնպես կարող էինք: Թեև իմ զարմիկի կարիքները տարբերվում էին իմ կարիքներից, աճի այս չորս ոլորտները վերաբերում էին մեզ երկուսիս: Այս սուրբ գրության մասին խոսելիս ես հասկացա, որ այն պատասխանում էր իմ սեփական հարցերին այն մասին, թե ինչպես առաջ ընթանալ:

Փոխելով իմ կենտրոնացումը՝ ես գործեցի ըստ ծրագրերի

Երբ ես ձգտում էի աճել՝ ինչպես Փրկիչն էր աճում, իմ կենտրոնացումը փոխվեց, և այդ փոփոխությունը լրացուցիչ օրհնություններ բերեց: Ինչպես ուսուցանել է նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը. «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։1 Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու իմ ջանքերը օգնեցին իմ ուշադրությունը հեռացնել այն հանգամանքներից, որոնք սպառել էին իմ կենտրոնացումը և այն ուղղորդել դեպի այն ոլորտները, որոնց վրա կարող էի արդյունավետ աշխատել: Ես կարողացա ներքին խորհրդածությունից անցնել դեպի արտաքին գործողություն:

Ես լրջորեն մտածում էի, թե ինչպես կարող եմ զարգանալ Ղուկաս 2.52-ում նշված յուրաքանչյուր ոլորտում՝ ավելի հետևողականորեն տաճար հաճախելուց մինչև երկար հեծանվավազք ավարտելը:

Մեմֆիսի տաճարը (Թենեսի)

Մեմֆիսի տաճարի (Թենեսի) լուսանկարը՝ Ջեյմս Ուիթնի Յանգ

Իմ նպատակների յուրաքանչյուր ոլորտում ես որոշ դիտարկումներ արեցի.

  1. Մեկ նպատակի վրա աշխատելիս ես հաճախ էի զգում, որ Քրիստոսը զորացնում է ինձ հոգեպես, ֆիզիկապես, սոցիալական և մտավոր առումներով՝ այդ միակ նպատակի շրջանակներում:

  2. Հազվադեպ էր պատահում, որ որևէ նպատակ մեկուսանում էր աճի մյուս ոլորտներից. թվում էր, թե դրանք ազդում և կառուցում են միմյանց վրա: Մի ոլորտի բարելավումը հանգեցնում էր մյուս բոլոր ոլորտների բարելավմանը: Ցանկացած ոլորտի անտեսումը նույնպես ազդում էր մնացած բոլոր ոլորտների վրա: Ես հասկացա, որ յուրաքանչյուր ոլորտ արժանի է ուշադրության։

  3. Գրեթե յուրաքանչյուր նպատակ ներառում էր այլ մարդկանց՝ սովորելով նրանցից, կա՛մ մտքերով ու փորձով կիսվելով նրանց հետ, և դա խորացնում էր մեր հարաբերությունները:

Ուրախություն գտնենք Քրիստոսում և կիսվենք դրանով

Ես միշտ հնարավորություն ունեմ տեսնելու և ոգեշնչվելու ուրիշների աճով, և հուսով եմ, որ կարող եմ նույնը անել նրանց համար: Վերջերս ես խոսեցի մի միայնակ ընկերոջ հետ, որն իրեն լճացած էր զգում և հիասթափված էր կյանքի որոշ հանգամանքներից: Ես լսեցի, որպեսզի հասկանամ նրան, և հետո կարողացա կիսվել իմ փորձառություններով, որոնք ինձ օգնել էին և ցույց տվել, որ աճի յուրաքանչյուր ոլորտ կապված է Փրկիչի հետ:

Թեև փոխվել են կյանքի ոչ բոլոր ոլորտները, որոնք ինձ ստիպել են լճացած զգալ տարիներ առաջ, կասեի, որ ես փոխվել եմ, քանի որ սովորել եմ ավելի շատ կենտրոնանալ Փրկիչի վրա և ձգտել աճել Նրա նման: Ինչպես ասել է նախագահ Նելսոնը. «Կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել: Մենք ենք սահմանում մեր առաջնահերթությունները և որոշում, թե ինչպես ենք օգտագործում մեր եռանդը, ժամանակն ու միջոցները: … Մենք ենք ընտրում նրանց, ում դիմում ենք ճշմարտության և առաջնորդության համար»:2 Անկախ մեր հանգամանքներից, Ղուկաս 2.52 հատվածում նշված աճի ոլորտները կարող են օգնել մեզ փոխել մեր ուշադրությունը և գտնել հավելյալ ուրախություն ու առաջընթաց՝ Երկնային Հոր և Փրկիչի միջոցով:

Հեղինակն ապրում է Թենեսիում (ԱՄՆ):