2010–2019 թթ․
Ուրախություն և հոգևոր գոյատևում
նախորդ հաջորդ

Ուրախություն և հոգևոր գոյատևում

Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում թե ոչ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր ես կկամենայի քննարկել մի սկզբունք, որն անհրաժեշտ է մեր հոգևոր գոյատևման համար: Դա մի սկզբունք է, որն ավելի կարևոր կդառնա միայն այն ժամանակ, երբ մեր շրջապատում աճեն ողբերգություններն ու կեղծիքները:

Սրանք վերջին օրերն են, ուստի մենք չպիտի զարմանանք, երբ տեսնենք, թե ինչպես է իրականանում մարգարեությունը: Շատ մարգարեներ, ներառյալ Եսայիան, Պողոսը, Նեփին և Մորմոնը կանխատեսել են, որ կգան վտանգավոր ժամանակներ,1 որ մեր օրերում ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի,2 «որ մարդիկ կլինեն «ինքնասէր, … անգութ, … աւելի ցանկասեր, քան աստուածասեր»,3 և շատերը կդառնան սատանայի ծառաներ, ովքեր նեցուկ կլինեն հակառակորդի գործին:4 Իսկապես, իմ և ձեր «պատերազմը … այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ է, և այն չար հոգիների հետ, որ երկնաւորների մէջ են»:5

Երբ հակամարտություններն ազգերի միջև սրվում են, երբ փոքրոգի ահաբեկիչները սպանում են անմեղներին, և երբ կաշառակերությունն ամենուր է` բիզնեսից մինչև կառավարություն, դառնալով սովորական երևույթ, ի՞նչը կարող է օգնել մեզ: Ի՞նչը կարող է օգնել մեզանից յուրաքանչյուրին մեր անձնական մաքառումների և վերջին օրերում ապրելու դժվար մարտահրավերների գործում:

Մարգարե Լեքին մի սկզբունք է ուսուցանել հոգևոր գոյատևման համար: Նախ, դիտարկեք նրա հանգամանքները. Երուսաղեմում Նա հալածանքների էր ենթարկվել ճշմարտությունը քարոզելու համար, և Տերը պատվիրել էր նրան թողնել իր ունեցվածքը և ընտանիքով փախչել անապատ: Նա ապրել էր վրանում ու գոյատևել այն սնունդով, որը կարելի էր գտնել դեպի անհայտ վերջնակետը տանող ճանապարհին: Նա հետևել էր, թե ինչպես իր երկու որդիներ Լամանն ու Լեմուելը ապստամբեցին Տիրոջ ուսմունքների դեմ և հարձակվեցին իրենց եղբայրների` Նեփիի և Սամի վրա:

Լեքին հստակ գիտեր` ինչ է ընդդիմությունը, անհանգստությունը, սրտի ցավը, դառնությունը, հիասթափությունը և վիշտը: Սակայն նա համարձակ ու անվարան հայտարարեց մի սկզբունք, ինչպես հայտնությամբ տվել էր Տերը. «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»։6 Պատկերացրեք. մեր մահկանացու կյանքի բնույթն ու նպատակը նկարագրող բոլոր բառերից նա ընտրեցուրախությունը:

Կյանքը լի է շրջադարձներով ու փակուղիներով, փորձություններով ու ամեն տեսակի դժվարություններով: Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար ունեցել է ժամանակներ, երբ վիշտը, տառապանքը և հուսահատությունը համարյա ջլատել են մեզ: Սակայն մի՞թե մենք այստեղ չենք ուրախանալու համար:

Այո: Պատասխանը հնչեղ այո է: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Իսկ մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանանք ուրախությունը, որը Երկնային Հայրն է պատրաստել մեզ համար:

Էլիզա Ռ. Սնոուն` Սփոփող Միության գերագույն նախագահի երկրորդ խորհրդականը, մի շատ հետաքրքիր պատասխան առաջարկեց: Միսսուրիի բնաջնջման խայտառակ հրամանի պատճառով, որը կիրառվեց 1838 թվականի խստաշունչ ձմռան սկզբին,7 նա և այլ Սրբեր հարկադրված էին հեռանալ նահանգից հենց այդ ձմռանը: Մի անգամ Էլիզայի ընտանիքը գիշերն անցկացրեց մի փոքրիկ փայտաշեն տնակում, որն օգտագործվում էր փախստական Սրբերի կողմից: Գերանների միջև եղած ճեղքերը փակող փայտերը հանվել ու որպես վառելափայտ օգտագործվել էին նրանց կողմից, ովքեր նախկինում եղել էին այդտեղ, ուստի գերանների միջև այնքան մեծ անցքեր կային, որ կատուն կարող էր ներս սողալ: Սաստիկ ցուրտ էր, իսկ նրանց ուտելիքը սառել քարացել էր:

Այդ երեկո մոտ 80 մարդ կուչ էր եկել փոքրիկ տնակի ներսում, որն ընդամենը 20 քառակուսի մետր էր: Մեծ մասը նստած կամ կանգնած էին ողջ գիշեր, փորձելով տաքանալ: Դրսում մի խումբ տղամարդիկ անցկացրին գիշերը, հավաքվելով բոցավառվող խարույկի շուրջ, երգելով օրհներգեր, իսկ մյուսները` խորովելով սառած կարտոֆիլները: Էլիզան գրել էր հուշերում. «Ոչ մի բողոք չէր լսվում, բոլորն աշխույժ էին և, դատելով տեսքից, անծանոթները մեզ ավելի շուտ զբոսաշրջիկների տեղ կդնեին, քան նահանգապետի կողմից աքսորյալների խմբի:

Էլիզան պատմում է, որ այդ ուժասպառ անող, ցուրտ երեկոն զարմանալիորեն լավատեսական էր: Նա հայտարարել է. «Շատ ուրախ գիշեր էր: Ոչ-ոք Սրբերից բացի չի կարող ուրախ լինել ամեն իրավիճակում»:8

Այո: Սրբերը կարող են ուրախ լինել բոլոր իրավիճակներում: Մենք կարող ենք ուրախ լինել, նույնիսկ, եթե օրը վատ է, շաբաթը վատ է, նույնիսկ` տարին վատ է:

Սիրելի եղբայրներ և քույրեր, ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ մեր կյանքի կիզակետը Աստծո փրկության ծրագրի, որի մասին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանեց մեզ, Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա է, մենք կարող ենք ուրախություն զգալ, անկախ այն բանից` ինչ է կատարվում կամ չի կատարվում մեր կյանքում: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է: Ես դա զգում եմ Սուրբ Ծնունդին, երբ մենք երգում ենք «Ուրախություն աշխարհին, Տերն է ծնվել»: 9 Եվ մենք կարող ենք զգալ դա ողջ տարին: Վերջին Օրերի Սրբերի համար Հիսուս Քրիստոսը ուրախություն է:

Ահա ինչու մեր միսիոներները թողնում են իրենց տները, որպեսզի քարոզեն Նրա ավետարանը: Նրանց նպատակը Եկեղեցու անդամների թվի ավելացումը չէ: Ավելի շուտ մեր միսիոներները ուսուցանում և մկրտում են, 10 որպեսզի ուրախություն բերեն աշխարհի մարդկանց:11

Փրկիչն առաջարկում է խաղաղություն, որն «ամեն մտքից վեր է»:12 Նա նաև առաջարկում է ուրախության ուժգնություն, խորություն ու մեծություն, որը չի հնազանդվում մարդկային տրամաբանությանն ու հասկացողությանը: Օրինակ, թվում է, թե անհնար է ուրախ լինել, երբ ձեր երեխան տառապում է անբուժելի հիվանդությամբ, երբ դուք կորցնում եք ձեր աշխատանքը կամ երբ ձեր կինը կամ ամուսինը դավաճանում է ձեզ: Սակայն սա հենց այն ուրախությունն է, որ Փրկիչն առաջարկում է: Նրա ուրախությունը հաստատուն է, հավաստիացնելով մեզ, որ մեր «ձախորդություններն ու չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ»13 և կնվիրագործվեն մեր օգտի համար:14

Այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել այդ ուրախությունը: Մենք կարող ենք սկսել` «մտիկ տալով հաւատքի զորագլուխին և կատարողին` Հիսուսին» 15 «բոլոր մտորումներում»: 16 Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Նրան մեր աղոթքներում և պահել ուխտերը, որոնք կապել ենք Նրա ու մեր Երկնային Հոր հետ: Երբ մեր Փրկիչը դառնա ավելի իրական մեզ համար, և երբ մենք Նրանից խնդրենք այն ուրախությունը, որը մեզ պիտի տրվի, մեր ուրախությունը կավելանա:

Ուրախությունը զորեղ է, իսկ ուրախության վրա կենտրոնանալը մեր կյանք է բերում Աստծո զորությունը: Ինչպես բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ»: 17 Մտածեք այդ մասին: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:

Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:

Եթե մենք կենտրոնանք ուրախության վրա, ինչ էլ որ պատահի մեզ կամ նրանց, ում սիրում ենք, մենք համբերությամբ կարող ենք տանել այն ամենը, ինչը ներկայումս թվում է անհաղթահարելի, ցավոտ կամ պարզապես անհնար:

Մի հայր հոգևորապես անհուսալի իրավիճակում կենտրոնացել էր այն ուրախության վրա, որը գալիս է Տիրոջ կողմից ի վերջո մաքրվելուց ու արդարացվելուց հետո, ուրախության, որը գալիս է մեղքից ու ամոթից ազատվելուց հետո, և ուրախության, որը գալիս է մտքի խաղաղություն ձեռք բերելուց հետո: Այդ կենտրոնացումը նրան քաջություն տվեց խոստովանելու իր կնոջն ու եպիսկոպոսին, որ խնդիրներ ունի կապված պոռնոգրաֆիայի և ամուսնական անհավատարմության հետ: Այժմ նա կատարում է այն բոլոր քայլերը, որ իր եպիսկոպոսը խորհուրդ է տալիս` ի սրտե ձգտելով վերականգնել իր սիրելի կնոջ վստահությունը:

Մի երիտասարդ կին կենտրոնացել էր բարոյապես մաքուր մնալու ուրախության վրա, որն օգնեց էր նրան համբերությամբ տանել իր ընկերների ծաղրը և հեռու մնալ տարածված ու սադրիչ, բայց հոգևորապես վտանգավոր իրավիճակից:

Մի մարդ, ով հաճախ ստորացնում էր իր կնոջը և բավականություն ստանում իր երեխաների վրա զայրույթով պոռթկալուց, կենտրոնացավ այն ուրախության վրա, որը եկավ Սուրբ Հոգին որպես իր մշտական ուղեկից ունենալու արժանավորության հետ: Այդ կենտրոնացումը մղեց նրան ազատվել բնական մարդուց18, որին ինքը հաճախ տեղի էր տալիս և կատարել անհրաժեշտ փոփոխություններ:

Վերջերս իմ սիրելի գործընկերներից մեկը պատմեց ինձ վերջին երկու տասնամյակում ունեցած իր ծանր փորձությունների մասին: Նա ասաց. «Ես սովորել եմ տառապել ուրախությամբ: Քրիստոսի ուրախությունը կլանեց իմ տառապանքը»: 19

Ես և դուք ի՞նչը կկարողանանք համբերությամբ տանել, եթե կենտրոնանաք այն ուրախության վրա, որը մեր «առաջին դրուած» է:20 Այդ դեպքում ինչպիսի՞ ապաշխարություն է հնարավոր: Ո՞ր թույլ կողմերը կդառնան ուժեղ:21 Ո՞ր խրատը կդառնա օրհնություն:22 Ո՞ր հիասթափությունները, անգամ ողբերգությունները կլինեն մեր օգտի համար:23 Իսկ ի՞նչ դժվար ծառայություն կկարողանանք մատուցել Տիրոջը:24

Երբ մենք ջանասիրաբար կենտրոնանում ենք Փրկիչի վրա, իսկ հետո հետևում ուրախության վրա կենտրոնանալու նրա օրինակին, մենք պիտի խուսափենք այն բաներից, որոնք կխանգարեն մեր ուրախությանը: Հիշեք Կորիհորին` հակաքրիստոսին: Կորիհորը տեղից տեղ էր գնում և շատ կեղծիքներ էր տարածում Փրկիչի մասին, մինչև նրան բերեցին քահանայապետի մոտ, ով հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես դու շրջում ամենուր՝ խեղաթյուրելով Տիրոջ ուղիները։ Ինչո՞ւ ես դու սովորեցնում այս ժողովրդին, որ ոչ մի Քրիստոս չի լինելու՝ նրանց ցնծությունը խանգարելու համար»։25

Ցանկացած բան, որն ընդդիմանում է Քրիստոսին կամ Նրա վարդապետությանը, կխանգարի մեր ուրախությանը: Այն ներառում է մարդկանց փիլիսոփայությունները, որոնցով լի են համացանցը և բլոգոլորտները, որոնք անում են ճիշտ նույն բանը, ինչ Կորիհորն էր անում:26

Եթե մենք նայենք աշխարհին և հետևենք դրա երջանկության բանաձևերին27, մենք երբեք չենք ունենա ուրախություն: Անարդարները կարող են ցանկացած չափով զգացմունքներ և զգացողություններ ունենալ, բայց նրանք երբեք չեն զգա ուրախություն: 28 Ուրախությունը պարգև է հավատարիմներին:29Դա մի պարգև է, որը տրվում է, երբ նպատակադրված փորձում ենք ապրել արդար կյանքով, ինչպես ուսուցանել է Հիսուս Քրիստոսը:30

Նա ուսուցանել է մեզ` ինչպես ուրախանալ: Երբ մենք ընտրում ենք, որ Երկնային Հայրը լինի մեր Աստվածը, 31 և երբ մենք կարող ենք զգալ, թե Փրկիչի Քավությունն ինչպես է աշխատում մեր կյանքում, մենք կլցվենք ուրախությամբ:32Ամեն անգամ, երբ մենք ուսուցանում ենք մեր ամուսնուն կամ կնոջը և ուղղություն տալիս մեր զավակներին, ամեն անգամ, երբ ներում ենք ինչ-որ մեկին կամ ներում խնդրում, մենք կարող ենք ուրախություն զգալ:

Ամեն օր, երբ ես և դուք ընտրում ենք ապրել սելեստիալ օրենքներով, ամեն օր, երբ մենք պահում ենք մեր ուխտերը և օգնում ուրիշներին նույնը անել, ուրախությունը մերը կլինի:

Ականջալուր եղեք Սաղմոսի հետևյալ խոսքերին. «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետև նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ: … Քո երեսի առաջին ուրախութիւնների լիություն կա»:33 Երբ այս սկզբունքը ամուր պահենք մեր սրտերում, մեր ամեն մի օրը կարող է լինել ուրախության և գոհության օր: 34 Այս ամենը վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Բ Տիմոթէոս 3.1–5

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26, 88.91

  3. Բ Տիմոթէոս 3.2–4

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 10.5

  5. Եփեսացիս 6.12

  6. 2 Նեփի 2.25

  7. Միսսուրիի նահանգապետ Լիլբուռն Վ. Բոգսը հրաման արձակեց Մորմոնների բնաջնջման համար 1838թ. հոկտեմբերի 27-ին (տես Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 349):

  8. Sես Eliza R. Snow, in Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 145–46:

  9. “Joy to the World,” Hymns, no. 201.

  10. Միսիոներներն անում են այնպես, ինչպես Տերն է պատվիրել. նրանք քարոզում են, սովորեցնում են, մկրտում են Նրա անունով (տես Մաթէոս 28.19, Մարկոս 16.15, Մորմոն 9.22, Վարդապետություն և Ուխտեր 68.8, 84, 62, 112.28): Իր միջնորդական աղոթքում Հիսուսը հռչակեց Իր կապը Իր աշակերտների ուրախության հետ: Նա ասաց, «այս բաները խոսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան» (Հովհաննեսի 17.13, ավելացված շեշտադրում):

  11. Տես Ալմա 13.22

  12. Փիլիպպեցիս 4.7

  13. Վարդապետություն և Ուխտեր 121.7

  14. Տես 2 Նեփի 2.2

  15. Եբրայեցիս 12.2

  16. Վարդապետություն և Ուխտեր 6.36

  17. Եբրայեցիս 12.2

  18. Տես Մոսիա 3.19. «բնական մարդը» ոչ միայն Աստծո թշնամին է, այլև իր կնոջ և երեխաների թշնամին է:

  19. Տես Ալմա 31.38

  20. Եբրայեցիս 12.2

  21. Տես Եթեր 12.27

  22. Տես Եբրայեցիս 12.6

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 122.7

  24. Տես Մատթէոս 19.26, Մարկոս 10.27

  25. Ալմա 30.22: Մորմոնի գիրքը լի է ուրախություն ու հրճվանք ապրող տղամարդկանց ու կանանց օրինակներով,որովհետև նրանք ընտրել են` հետևել Հիսուս Քրիստոսին: Որևէ այլ ընտրություն, ինչպես Կորիհորի ընտրությունն էր, հանգեցնում է վերջնական կործանման:

  26. Զրպարտությունը, որը նշանակում է խեղաթյուրում, սահմանվում է որպես` կանխամտածված հայտարարություն, որը նախատեսված է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան վարկաբեկելու համար: Զրպարտությունը արվում էր ինչպես Կորիհորի ժամանակ, այնպես էլ հիմա: Մարգարե Ջոզեֆ Սմիթը խոսել է Եկեղեցու անպարտելիության մասին, նույնիսկ զրպարտության հետ բախվելիս: Նա ասել է. «Ճշմարտության Դրոշը վեր է խոյացած. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը, հալածանքները կարող են մոլեգնել, խուժանը կարող է միավորվել, զորքեր կարող են հավաքվել, զրպարտությունները կարող են արատավորել, բայց Աստծո ճշմարտությունն առաջ կգնա համարձակ, ազնիվ, անկախ, մինչև այն ներթափանցի յուրաքանչյուր մայրցամաք, այցելի ամեն երկիր, անցնի ամեն պետություն և հնչի յուրաքանչյուրի ականջում, մինչև Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 472):

  27. Աշխարհը սովորեցնում է, որ ապրանքներ գնելը ուրախություն կբերի: Իսկ եթե չի օգնում, ավելի շատ գնեք: Աշխարհը նաև սովորեցնում է, որ կարող եք մեղք գործել ուրախանալու համար: Իսկ եթե չի օգնում, ավելի շատ մեղք գործեք: Խոստումը անսահման ուրախությունն է, որը կարող եք գտնել ամեն կենսուրախ ծիածանի հակառակ կողմում: Ճիշտ չէ:

  28. Ոչ այս աշխարհում և ոչ էլ այն:

  29. Արդար Սրբերը, «ովքեր դիմացել են աշխարհի խաչերին,… կժառանգեն Աստծո արքայությունը,… նրանց ուրախությունը լիակատար կլինի հավիտյան» (2 Նեփի 9.18):

  30. Օրինակ, տես 2 Նեփի 27.30, Ալմա 27.16–18

  31. Տես 1 Նեփի 17.40

  32. Տես Մոսիա 4.2–3

  33. Սաղմոս 16.8, 11

  34. Տես Եսայիա 35.10, 2 Նեփի 8.3