2010–2019 թթ․
Սկզբունքներ և խոստումներ
Հոկտեմբեր 2016


Սկզբունքներ և խոստումներ

Եկեք հոգ տանենք մեր մարմինների ու մեր մտքերի մասին և պահպանենք աստվածայնորեն նախատեսված ծրագրի՝ Իմաստության Խոսքի մեջ շարադրված սկզբունքները։

Եղբայրներ, այս երեկո ես աղոթում եմ մեր Երկնային Հոր առաջնորդության համար, մինչ ես իմ ուղերձով կիսվում եմ ձեզ հետ։

1833թ-ին Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց առողջ ապրելակերպի մի ծրագիր։ Այդ ծրագրի մասին կարելի է կարդալ Վարդապետություն և Ուխտերի 89-րդ բաժնում և այն հայտնի է Իմաստության Խոսք անունով։ Այն հատուկ ցուցումներ է տալիս այն սննդի մասին, որն ուտում ենք և արգելում է այնպիսի նյութեր, որոնք վնասակար են մեր առողջությանը։

Մարդկանց, ովքեր հնազանդ են Տիրոջ պատվիրաններին և ովքեր հավատարիմ են Իմաստության Խոսքին, խոստացված են հատուկ օրհնություններ, որոնց թվում է լավ առողջությունը և ֆիզիկական լրացուցիչ ներուժը։1

Վերջերս կարդացի այդ խոստումներին վերաբերող մի իրական ու ողբերգական պատմություն։ Եկեղեցու հավատարիմ մի անդամ՝ Ջոն Ա. Լարսենը, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել էր Միացյալ Նահանգների USS Cambria նավի ծովափնյա պահակախմբում։ Ֆիլիպիններում մղված պատերազմի ժամանակ լուրեր տարածվեցին, որ ինքնասպան կործանիչների ռմբարկու ինքնաթիռներ էին մոտենում։ Անհապաղ տեղահանման հրաման տրվեց։ Քանի որ USS Cambria-ն արդեն հեռացել էր, Ջոնն իր զինակիցների հետ հավաքեց իրերն ու շտապեց լողափ, հուսալով, որ հեռացող նավերից մեկը կվերցներ իրեն։ Բարեբախտաբար, հեռացող նավակներից մեկը վերցրեց նրանց և արագ նավարկեց դեպի ծովածոցից հեռացող վերջին նավը։ Հեռացող նավի մարդիկ այնքան զբաղված էին շուտափույթ տեղահանմամբ, որ տախտակամածից միայն պարաններ նետեցին ներքև՝ հուսալով, որ նրանք կկարողանան բարձրանալ տախտակամած։

Ջոնը, ով իր մեջքին կրում էր ծանր ռադիոն, կախված մնաց 12 մետր երկարությամբ պարանի վերջում՝ այն նավի եզրին, որն ուղևորվում էր բաց ծով։ Նա սկսեց ձեռքերով ձգվել վեր, գիտակցելով, որ եթե թողներ պարանը, ապա, անկասկած, կմեռներ։ Մեկ երրորդը բարձրանալուց հետո նա զգաց, որ ձեռքերը ցավից այրվում են։ Նա այնքան թուլացավ, որ զգաց` այլևս չէր կարող բռնված մնալ։

Սպառելով ուժերը, Ջոնը դառնորեն ապավինեց ճակատագրին և լուռ աղաղակեց առ Աստված՝ ասելով, որ միշտ պահել էր Իմաստության Խոսքը, ապրել մաքուր կյանքով և այժմ հուսահատության պահին կարիք ուներ այդ խոստացված օրհնությունների։

Ավելի ուշ Ջոնը նշել է, որ երբ վերջացրեց իր աղոթքը, նա ուժի մեծ հոսք զգաց։ Նա սկսեց կրկին բարձրանալ պարանով և բավականաչափ արագ բարձրացավ այն։ Երբ հասավ տախտակամածին, նրա շնչառությունը կանոնավոր էր և ազատ շնչում էր։ Իմաստության Խոսքի մեջ խոստացված առողջությունն ու տոկունությունը տրվել էր նրան։ Դրանից հետո` իր հետագա կյանքի ընթացքում նա իր երախտագիտությունը հայտնեց Երկնային հորը, որ Նա պատասխանել էր իր հուսահատ աղոթքին։2

Եղբայրներ, եկեք հոգ տանենք մեր մարմինների ու մեր մտքերի մասին և պահպանենք աստվածայնորեն նախատեսված ծրագրի՝ Իմաստության Խոսքի մեջ շարադրված սկզբունքները։ Իմ ողջ սրտով ու հոգով ես վկայում եմ այն փառահեղ օրհնությունների մասին, որոնք սպասում են մեզ։ Թող որ դա այդպես լինի, իմ աղոթքն է մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 89.18–21

  2. Տես Ջոն Ա. Լարսենը՝ Ռոբերտ Ս. Ֆրիմանի և Դենիս Ա. Ռայթի համեմատ.Saints at War: Experiences of Latter-day Saints in World War II (2001), 350–51, կիրառված է թույլտվությամբ։