2010–2019 թթ․
Չորրորդ հարկ, վերջին դուռ
Հոկտեմբեր 2016


Չորրորդ հարկ, վերջին դուռ։

Աստված «վարձահատույց է լինում նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն», այնպես որ շարունակեք թակել։ Քույրեր մի հանձնվեք։ Ձեր ողջ սրտով փնտրեք Աստծուն։

Իմ սիրելի քույրեր, իմ սիրելի ընկերներ, որքան օրհնված ենք, որ կրկին անգամ հավաքվել ենք այս համաշխարհային համաժողովին՝ մեր սիրելի մարգարե և Նախագահ Թոմաս  Ս․ Մոնսոնի առաջնորդության և ղեկավարության ներքո։ Նախագահ, մենք սիրում ենք ձեզ ու աջակցում ենք ձեզ։ Մենք գիտենք, որ դուք սիրում եք Եկեղեցու քույրերին։

Ես սիրում եմ մասնակցել գերագույն համաժողովի այս հրաշալի նիստին, որը նվիրված է Եկեղեցու մեր քույրերին։

Քույրեր, երբ տեսնում եմ ձեզ, չեմ կարող չմտածել այն կանանց մասին, ովքեր մեծապես ազդել են իմ կյանքի վրա․ իմ տատիկս ու մայրս, ովքեր առաջինն ընդունեցին հրավերը՝ գալ ու տեսնել, թե ինչի մասին է Եկեղեցին։1 Նրանց մեջ է իմ սիրելի կինս՝ Հարիեթը, որին ես սիրեցի առաջին իսկ հայացքից։ Նրանց մեջ է Հարիեթի մայրը, ով միացավ Եկեղեցուն քաղցկեղի պատճառով իր ամուսնուն կորցնելուց շատ չանցած։ Ապա` քույրս, դուստրս, թոռնուհիս և ծոռնուհիս և բոլոր այդ մարդիկ մեծ ու դրական ազդեցություն են ունեցել իմ կյանքում։ Նրանք ոգեշնչել են ինձ դառնալու ավելի լավ մարդ և ավելի զգայուն ղեկավար Եկեղեցում։ Որքան տարբեր կլիներ իմ կյանքն առանց նրանց։

Առավել խոնարհեցնողն այն է, որ այդ նույն ազդեցությունը միլիոնավոր անգամներ ավելի վերարտադրվում է Եկեղեցով մեկ՝ ձեզ նման հավատքի կանանց ունակությունների, տաղանդների, բանականության և վկայության շնորհիվ։

Այժմ, ձեզանից ոմանք միգուցե արժանի չհամարեն իրենց այդ բարձր գովքին։ Միգուցե դուք մտածեք, որ չափազանց աննշան եք ուրիշների վրա մեծ ազդեցություն թողնելու համար։ Միգուցե, դուք նույնիսկ չեք համարում ձեզ «հավատքի կին», քանի որ, երբեմն, պայքարում եք կասկածների ու վախի դեմ։

Ցանկանում եմ այսօր խոսել բոլոր նրանց հետ, ովքեր երբևէ այդ զգացումն են ունեցել, և հնարավոր է, որ դա ընդգրկում է բոլորիս՝ մեր կյանքի այս կամ այն փուլում։ Ցանկանում եմ խոսել հավատքի մասին, թե ինչ է դա, ինչ կարող է այն անել և ինչ չի կարող անել և ինչ պիտի մենք անենք, որպեսզի ակտիվացնենք հավատքի զորությունը մեր կյանքում։

Ի՞նչ է հավատքը։

Հավատքն ուժեղ համոզմունք է մի բանի հանդեպ, որին մենք հավատում ենք՝ այնքան ուժեղ մի համոզմունք, որը մղում է մեզ անելու բաներ, որոնք հակառակ դեպքում չէինք անի։ «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը’ և չերևացող բաների ապացույցն է»։2

Թեև դա հասկանալի է հավատացյալ ժողովրդի համար, այն հաճախ անհասկանալի է անհավատների համար։ Նրանք շարժում են իրենց գլուխներն ու ասում․ «Ինչպե՞ս կարող է որևէ մեկ վստահ լինել մի բանի վերաբերյալ, որը չի կարող տեսնել»։ Նրանց համար դա ապացույց է, որ կրոնն անտրամաբանական մի բան է։

Նրանք չեն նկատում, որ կան տեսնելու ավելի շատ եղանակներ, քան մեր աչքերը, զգալու ավելի շատ եղանակներ, քան մեր ձեռքերը և կան լսելու ավելի շատ եղանակներ, քան մեր ականջները։

Դա նման է մի փոքր աղջկա, ով քայլում էր իր տատիկի հետ։ Թռչունների ծլվլոցը գեղեցիկ էր հնչում փոքրիկ աղջկա ականջին և նա տատիկի ուշադրությունն էր հրավիրում ամեն մի ձայն։

«Դու լսո՞ւմ ես դա»,- անընդհատ հարցնում էր փոքրիկ աղջիկը։ Բայց նրա տատիկը լսողության խնդիրներ ուներ և չէր լսում ձայները։

Ի վերջո, տատիկը ծնկի իջավ ու ասաց․ «Կներես սիրելիս, տատիկը լավ չի լսում»։

Վրդովված դրանից, փոքրիկ աղջիկը տատիկի դեմքն առավ իր ձեռքերի մեջ, նայեց նրա աչքերին ու ասաց․ «Տատիկ, ուշադիր լսի՛ր»։

Այս պատմությունից կարող են դասեր քաղել և՛ հավատացյալը և՛ անհավատը։ Պարզապես, որ չենք կարող լսել ինչ-որ բան, չի նշանակում, որ լսելու ոչինչ չկա։ Երկու հոգի կարող են լսել միևնույն ուղերձը կամ կարդալ միևնույն հատվածը և նրանցից մեկը կարող է զգալ Հոգու ներկայությունը, իսկ մյուսը՝ ոչ։

Մյուս կողմից, երբ օգնում ենք մեր սիրելի մարդկանց լսելու Հոգու ձայնը և տեսնել Հիսուս Քրիստոսի ավետարանի անսահման, հավերժական և լիակատար գեղեցկությունը, ապա «ուշադիր լսիր» բառերն այդքան էլ օգտակար տարբերակ չեն։

Հավանաբար, ուրիշ կերպ լսելն ավելի լավ խորհուրդ կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեծացնել հավատքը։ Պողոս Առաքյալը խրախուսում է մեզ փնտրել այն ձայնը, որը խոսում է մեր հոգու հետ, այլ ոչ թե մեր ականջի հետ։ Նա ուսուցանել է․ «Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար.եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»։3 Կամ, միգուցե մենք պետք է մտածենք Սենթ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանի խոսքերի մասին, ով ասել է․ «Մարդը սրտով է հստակ տեսնում։ Ամենագլխավորն աչքերով տեսանելի չէ»։4

Հավատքի զորությունն ու սահմանափակումները

Երբեմն, դժվար է հավատք զարգացնել հոգևոր բաների հանդեպ և ապրել այս նյութական աշխարհում։ Սակայն արժե ջանք գործադրել, քանի որ հավատքի զորությունը մեր կյանքում կարող է շատ մեծ լինել։ Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ հավատքի շնորհիվ աշխարհներ են կազմվել, ջրեր են բաժանվել, մեռածներ են կենդանացել, գետեր ու սարեր են տեղաշարժվել իրենց ընթացքից։5

Սակայն, ոմանք կարող են հարցնել․ «Եթե հավատքն այդքան զորեղ է, ինչո՞ւ ես չեմ ստանում իմ սրտաբուխ աղոթքի պատասխանը։ Ես չեմ ուզում ծովը բաժանել կամ սարը տեղաշարժել։ Ես պարզապես ուզում եմ, որ իմ հիվանդությունը բուժվի կամ իմ ծնողները հաշտվեն, կամ իմ հավերժական զուգընկերը հայտնվի իմ դռան առջև՝ մի ձեռքին ծաղկեփունջը, մյուս ձեռքին ամուսնության մատանին։ Ինչո՞ւ չեմ կարող իմ հավատքով հասնել դրան»։

Հավատքը զորեղ էև հաճախ այն հանգեցնում է հրաշքների։ Բայց անկախ նրանից, թե որքան մեծ է մեր հավատքը, կա երկու բան, որոնց հավատքն ընդունակ չէ։ Առաջինը, այն չի կարող խախտել մեկ այլ մարդու ազատ կամքի ընտրությունը։

Մի կին աղոթում էր, որ իր անառակ դուստրը վերադառնար Քրիստոսի հոտը և վհատվում էր, որ իր աղոթքները մնում էին անպատասխան։ Դա հատկապես ցավալի էր, երբ նա լսում էր, որ ուրիշ անառակ զավակներ ապաշխարել էին իրենց ուղուց։

Խնդիրն աղոթքների կամ հավատքի պակասության մեջ չէր։ Նա պետք է միայն հասկանար, որ որքան էլ ցավալի լիներ մեր Երկնային Հոր համար, Նա չէր կարող ստիպել որևէ մեկի ընտրել արդարության ճանապարհը։ Աստված չստիպեց Իր զավակներին հետևել Իրեն նախամահկանացու կյանքում։ Ապա` այս մահկանացու կյանքում Նա առավել ևս չի ստիպի մեզ։

Աստված կհրավիրի և կհամոզի։ Աստված սիրով և ոգեշնչմամբ անընդհատ կփորձի համոզել մեզ։ Բայց Աստված երբեք չի պարտադրի, որը կխաթարի մեր հավերժական զարգացման Նրա մեծ ծրագիրը։

Երկրորդ բանը, որ հավատքը չի կարող անել, դա մեր կամքն Աստծուն պարտադրելն է։ Մենք չենք կարող ստիպել Աստծուն կատարելու մեր ցանկությունները՝ անկախ նրանից, թե մեր կարծիքով, որքան արդար ենք մենք կամ որքան անկեղծ ենք աղոթում։ Հիշեք Պողոսի պատմությունը, ով բազմաթիվ անգամներ աղաչում էր Տիրոջն ազատել իրեն անձնական տանջանքներից, որը նա կոչում էր «մարմնի խայթ»։ Բայց դա Աստծո կամքը չէր։ Ի վերջո, Պողոսը հասկացավ, որ իր փորձությունն օրհնություն էր և նա շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ Նա չպատասխանեց իր աղոթքներին իր ուզած ձևով։6

Վստահություն և հավատք

Ոչ, հավատքի նպատակն Աստծո կամքը փոխելը չէ, այլ մեզ արտոնելն է գործելու ըստ Աստծո կամքի։ Հավատքը վստահություն է՝ վստահություն, որ Աստված տեսնում է այն, ինչ մենք չենք կարող տեսնել և Նա գիտի այն, ինչ մենք չգիտենք։7 Մեր հասկացողությանը և դատողությանն ապավինելը, երբեմն, բավական չէ։

Ես սովորել եմ սա օդաչու եղած ժամանակ՝ այն օրերին, երբ ստիպված էի թռչել թանձր մառախուղի և ամպերի միջով և տեսնել միայն մի քանի մետր։ Ես ստիպված էի ապավինել այն գործիքներին, որոնք ասում էին ինձ, թե որտեղ եմ գտնվում և ուր պիտի գնայի։ Ես ստիպված էի լսել օդային երթևեկության վերահսկողի ձայնը։ Ես ստիպված էի հետևել այն մարդու առաջնորդությանը, ով ուներ ավելի ճշգրիտ տեղեկություններ, քան ես։ Մի մարդու, ում չէի տեսել, բայց ում ես սովորել էի վստահել։ Մի մարդու, ով կարող էր տեսնել այն, ինչ ես չէի կարող տեսնել։ Ես ստիպված էի վստահել և գործել, որպեսզի ապահովությամբ ժամանեի նշանակման վայր։

Հավատքը նշանակում է, որ մենք ոչ միայն վստահում ենք Աստծո իմաստությանը, այլ նաև՝ Նրա սիրուն։ Դա վստահություն է, որ Աստված մեզ կատարելապես սիրում է, որ այն ամենն, ինչ Նա անում է՝ Նրա տված ամեն օրհնություն և ժամանակավոր պահված ամեն օրհնություն, մեր հավերժական երջանկության համար է։8

Այս տեսակի հավատքի շնորհիվ, երբ մենք միգուցե չհասկանանք, թե ինչու են որոշ բաներ կատարվում կամ ինչու չեն որոշ աղոթքներ ստանում իրենց պատասխանը, մենք կիմանանք, որ վերջում ամեն բան կհասկանանք։ «Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից [կլինեն] դէպի բարին նորանց»։9

Ամեն ինչ արդար կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։

Մենք կարող ենք համոզված լինել, որ պատասխանը կգա և կարող ենք վստահ լինել, որ ոչ միայն գոհ կլինենք պատասխանով, այլ նաև կլցվենք մեր՝ Իր զավակների հանդեպ Երկնային Հոր շնորհով, ողորմածությամբ, առատաձեռնությամբ ու սիրով։

Պարզապես շարունակեք բախել

Մինչ այդ, մենք կքայլենք մեր ունեցած հավատքով,10 և անընդհատ կձգտենք մեծացնել մեր հավատքը։ Երբեմն, դա հեշտ ձգտում չէ։ Այն մարդիկ, ովքեր անհամբեր են, նվիրված չեն կամ անհոգ են, կարող են հավատքը ոչ նյութական համարել։ Այն մարդիկ, ովքեր հեշտությամբ հիասթափվում կամ շեղվում են, դժվար թե հավատք ձեռք բերեն։ Հավատքը տրվում է խոնարհ, ջանասեր և համբերող մարդկանց։

Այն տրվում է բոլոր նրանց, ովքեր վճարում են հավատարմության գինը։

Այդ ճշմարտությունը լուսաբանվում է երկու երիտասարդ միսիոներների կյանքում, ովքեր ծառայում էին Եվրոպայում, մի տարածքում, որտեղ նորադարձների մկրտությունները քիչ էին։ Կարծում եմ, որ նրանք ողջամտորեն մտածում էին, որ իրենց կատարած գործերը մեծ փոփոխություն չէին ունենա տարածքի համար։

Բայց այդ երկու միսիոներներն ունեին հավատք և նրանք նվիրված էին։ Նրանց դիրքորոշումն այն էր, որ եթե ոչ ոք չլսեր նրանց ուղերձը, ապա դա չէր նշանակի, որ նրանք լավագույնս չէին ջանացել։

Մի օր նրանք զգացին, որ պետք է մոտենան լավ պահպանվող չորս հարկանի մի բազմաբնակարան շենքի։ Նրանք սկսեցին առաջին հարկից և թակեցին բոլոր դռները՝ ներկայացնելով Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու Վերականգնման փրկության իրենց ուղերձը։

Նկար
Քույր Ուխդորֆի մանկության բնակարանը

Առաջին հարկի ապրողներից ոչ ոք չլսեց նրանց։

Որքան հեշտ կլիներ ասել․ «Մենք փորձեցինք։ Արի կանգ առնեք այստեղ և գնանք փորձենք մեկ այլ շինություն»։

Սակայն այդ երկու միսիոներներն ունեին հավատք և պատրաստ էին աշխատել, հետևաբար, նրանք թակեցին երկրորդ հարկի բոլոր դռները։

Կրկին անգամ ոչ ոք չլսեց նրանց։

Երրորդ հարկում նույն բանն էր։ Չորրորդ հարկում նույնպես, մինչև որ, վերջապես, նրանք թակեցին չորրորդ հարկի վերջին դուռը։

Երբ այդ դուռը բացվեց, մի երիտասարդ աղջիկ ժպտաց նրանց և խնդրեց նրանց սպասել, մինչ նա կխոսեր իր մայրիկի հետ։

Նրա մայրը, ով դեռևս 36 տարեկան էր, վերջերս էր կորցրել ամուսնուն և տրամադրություն չուներ խոսելու մորմոն միսիոներների հետ։ Եվ ասաց դստերը, որ ճանապարհ դներ նրանց։

Սակայն, դուստրը խնդրեց նրան։ Այս երիտասարդներն այնքան բարի են, ասաց նա։ Եվ դա մեզանից միայն մի քանի րոպե կպահանջի։

Այսպիսով, մայրը դժկամությամբ համաձայնեց։ Միսիոներները կիսվեցին իրենց ուղերձով և մի գիրք հանձնեցին մորը կարդալու համար՝ Մորմոնի Գիրքը։

Նրանց հեռանալուց հետո մայրը որոշեց, որ գոնե մի քանի էջ պետք է կարդար։

Մի քանի օրում նա կարդաց ամբողջ գիրքը։

Նկար
Քույր Ուխդորֆի ընտանիքը միսիոներների հետ

Դրանից շատ չանցած, այս ընտանիքը մտավ մկրտության ջրերը։

Երբ այդ փոքր ընտանիքը հաճախեց Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող իրենց ճյուղը, մի երիտասարդ սարկավագ նկատեց դուստրերից մեկի գեղեցկությունը ու ինքն իրեն մտածեց․ «Այս միսիոներները հրաշալի են աշխատում»։

Այդ երիտասարդ սարկավագի անունը Դիտեր Ուխդորֆ էր, իսկ այդ գրավիչ երիտասարդ աղջիկը, ով խնդրել էր մորը լսել միսիոներներին, ուներ մի գեղեցիկ անուն, որն էր՝ Հարիեթ։ Նրան սիրում են բոլորը , երբ ուղեկցում է ինձ իմ ճանապարհորդությունների ժամանակ։ Ավետարանի հանդեպ իր սիրո և իր վառ անհատականության շնորհիվ նա օրհնել է շատերի կյանքը։ Նա իսկապես իմ կյանքի շողն է։

Նկար
Քույր Ուխդորֆը խոսում է Նորվեգիայում

Որքան հաճախ եմ խորին երախտագիտությամբ լցվել այն երկու միսիոներների հանդեպ, ովքեր կանգ չառան առաջին հարկում։ Որքան հաճախ է սիրտս լցվել երախտագիտությամբ նրանց հավատքի և աշխատանքի հանդեպ։ Որքան հաճախ եմ շնորհակալություն հայտնել, որ նրանք շարունակեցին մինչև չորրորդ հարկը՝ մինչև վերջին դուռը։

Այն կբացվի ձեր առաջ։

Տևական հավատքի մեր որոնումներում, Աստծո և նրա նպատակների հետ կապ հաստատելու մեր ջանքերում, եկեք հիշենք Տիրոջ խոստումը՝ «Դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ»։11

Արդյո՞ք մենք կհանձնվենք մեկ կամ երկու դուռ, մեկ կամ երկու հարկ թակելուց հետո։

Թե՞ կշարունակենք փնտրել, մինչև հասնենք չորրորդ հարկի վերջին դռանը։

Աստված «վարձահատույց է լինում նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են իրեն»,12 բայց այդ վարձքը սովորաբար առաջին դռան հետևում չէ։ Այնպես որ մենք պիտի շարունակեք թակել։ Քույրե՛ր, մի հանձնվեք։ Ձեր ողջ սրտով փնտրեք Աստծուն։ Հավատք գործադրեք։ Քայլեք արդարությամբ։

Ես խոստանում եմ, որ եթե դուք անեք դա և կատարեք ձեր հանձնարարությունը, դուք կստանաք ձեր փնտրած պատասխանը։ Դուք կգտնեք հավատք։ Եվ մի օր դուք կլցվեք այնպիսի մի լույսով, որն «ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»։13

Իմ սիրելի քույրեր Քրիստոսում, Աստված իրական է։

Նա ապրում է։

Նա սիրում է ձեզ։

Նա ճանաչում է ձեզ։

Նա հասկանում է ձեզ։

Նա տեղյակ է ձեր սրտի լուռ աղաչանքներին։

Նա չի հրաժարվել ձեզանից։

Նա չի լքի ձեզ։

Իմ վկայությունն ու իմ առաքելական օրհնությունն է յուրաքանչյուրիդ համար, որ ձեր սրտերում և մտքերում զգաք այդ վեհ ճշմարտությունը։ Սիրելի ընկերներ, սիրելի քույրեր, ապրեք հավատքով և «[Մեր] Աստված կավելացնի Ձեզ վրա հազարապատիկ և ձեզ կօրհնի, ինչպես որ ասել է»։14

Ես իմ հավատքը, համոզմունքը և իմ վստահ ու անսասան վկայությունն եմ արտահայտում, որ սա Աստծո աշխատանքն է։ Մեր սիրելի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։