2010–2019 թթ․
Անվեհեր` Հիսուսի մասին վկայությունում
Հոկտեմբեր 2016


Անվեհեր` Հիսուսի մասին վկայությունում

Մենք չենք կարող թույլ տալ, որ գայթակղության քարերը Հոր և Որդու մասին մեր վկայությունները շփոթեցնող ու բարդ դարձնեն:

Հավերժական կյանքը մեծագույն պարգևն է Աստծո և շնորհվում է նրանց, ովքեր «պահում են [Աստծո] պատվիրանները և համբերում մինչև վերջ»:1Մյուս կողմից,հավերժական կյանքը մեր Երկնային Հոր հետ մերժվում է նրանց, «ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ»:2Կան մի քանի գայթակղության քարեր անվեհեր չլինելու համար, որոնք կարող են խանգարել մեզ հասնել հավերժական կյանքի նպատակին: 3 Գայթակղության քարերը կարող են բարդ լինել. թույլ տվեք պարզաբանել:

Շատ տարիներ առաջ հայրս կառուցեց մի փոքրիկ տնակ այն ագարակի հողատարածքում, որտեղ նա էր մեծացել: Մարգագետինների ետևում գտնվող տեսարանները բացառիկ էին: Երբ տնակի պատերը կառուցվեցին, ես այցելեցի նրան: Զարմացա, որ պատուհանը, որից բացվում էր տեսարանը, ուղղակի կենտրոնացած էր էլեկտրասյան վրա, որը տնից մի փոքր հեռավորության վրա էր: Ինձ համար դա մի վիթխարի շեղող հանգամանք էր ապշեցուցիչ տեսարանից:

Նկար
Էլեկտրասյունը պատուհանից բացվող տեսարանի առջևում

Ես ասացի. «Հայրիկ, ինչո՞ւ թույլ տվեցիր էլեկտրասյունը ուղիղ ձեր պատուհանից բացվող տեսարանի առջևում տեղադրել»:

Հայրս, մի բացառիկ գործունյա և հանգիստ մարդ, բացականչեց որոշակի հուզմունքով. «Քվենթին, այդ էլեկտրասյունը ամենագեղեցիկ բանն է ինձ համար ամբողջ ագարակում»: Այնուհետև հիմնավորեց ասածը. «Երբ ես նայում եմ այդ սյունին, ես գիտակցում եմ, որ ի տաբերություն այն ժամանակի, երբ ես այստեղ մեծանում էի, ես ստիպված չեմ լինի ջուր կրել դույլերով աղբյուրից մինչև տուն՝ եփելու, ձեռքերս լվանալու կամ լողանալու համար: Ես ստիպված չեմ լինի մոմ կամ նավթով լամպ վառել գիշերը կարդալու համար: Ես ուզում եմ տեսնել այդ էլեկտրասյունը պատուհանից բացվող տեսարանի հենց մեջտեղում»:

Էլեկտրասյան վերաբերյալ հորս տեսակետը տարբերվում էր իմ տեսակետից: Նրա համար այդ սյունը ներկայացնում էր բարելավված կյանք, բայց ինձ համար դա խոչընդոտ էր սքանչելի տեսարանի համար: Հայրս վեր էր դասում էլեկտրաէներգիան, լույսը և մաքրությունը գեղեցիկ տեսարանից: Ես անմիջապես հասկացա, որ չնայած սյունը ինձ համար խոչընդոտ էր, հորս համար այն ուներ մեծ պրակտիկ, խորհրդանշական իմաստ:

Ըստ բառարանի, գայթակղության քարը «Խոչընդոտ է հավատքին կամ հասկացողությանը» կամ «արգելք առաջընթացին»:4 Հոգևոր իմաստով գայթել նշանակում է «մեղքի մեջ ընկնել կամ կամակորություն անել»: 5 Գայթակղության քար կարող է լինել ամեն բան, որը շեղում է մեզ արդար նպատակների հասնելուց:

Մենք չենք կարող թույլ տալ, որ գայթակղության քարերը Հոր և Որդու մասին մեր վկայությունները շփոթեցնող ու բարդ դարձնեն : Մենք չենք կարող ընկնել այդ թակարդը: Մեր վկայությունները Նրանց մասին պետք է մաքուր և պարզ մնան, ինչպես իր ագարակի էլեկտրասյան իմ հոր հասարակ պաշտպանությունը:

Որո՞նք են գայթակղության քարերից մի քանիսը, որոնք խառնաշփոթ են առաջացնում և բարդացնում մեր մաքուր ու պարզ վկայությունը Հոր և Որդու մասին և խանգարում մեզ անվեհեր մնալ այդ վկայության մեջ:

Գայթակղության քարերից մեկը մարդկային փիլիսոփայությունն է

Մենք հետաքրքրված ենք ամեն տեսակի գիտելիքով և հավատում ենք, որ «Աստծո փառքը բանականություն է»:6 Բայց մենք նաև գիտենք, որ հակառակորդի նախընտրած ռազմավարությունն է հեռու տանել մարդկանց Աստծուց և ստիպել նրանց գայթակղվել՝ մարդկանց փիլիսոփայությունները վեր դասելով Փրկիչից և Նրա ուսմունքներից:

Պողոս Առաքյալը Հիսուս Քրիստոսի համոզված վկաներից էր՝ Փրկիչի հետ ունեցած մի հրաշագործ և կյանք փոխող փորձառության շնորհիվ: 7 Պողոսի առանձնահատուկ անցյալը նրան նախապատրաստել էր շփվելու բազմաթիվ մշակույթների պատկանող մարդկանց հետ: Նա սիրում էր Թեսաղոնիկեցիների «անկեղծ պարզությունը» և Ֆիլիպպեցիների 8 «կարեկից համակրանքը»: Սկզբում նա դժվարացավ լեզու գտնել խելացի և իմաստասեր հույների հետ: Աթենքում՝ Մարսի բլրի վրա, նա փորձեց փիլիսոփայական մոտեցմամբ ուսուցանել, բայց մերժվեց: Կորնթացիներին նա որոշեց ուղղակի ուսուցանել «խաչված Քրիստոսի վարդապետությունը»: 9 Օգտագործելով Պողոս Առաքյալի խոսքերը.

«Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թե մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զորութեան ապացուցութեամբը.

Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չլինի՝ այլ Աստուծոյ զորութիւնովը»:10

Փրկիչի առաքելության մասին սուրբ գրությունների ամենահոյակապ պատմություններից մի քանիսը գտնվում են Ա Կորնթացիս թղթում: Գլուխներից մեկը՝ 15-րդ գլուխը, համաշխարհային ուշադրության արժանացավ Ջորջ Ֆրեդերիկ ՀենդելիՄեսիա օրատորիայի միջոցով:11Այն պարունակում է խորը վարդապետություն Փրկիչի մասին: Մեսիայի երրորդ մասում, անմիջապես «Ալելուիա կրկներգից» հետո, սուրբ գրությունների մեծ մասը, որոնք օգտագործվում ենԱ Կորնթացիս 15-րդ գլխից են: Այդ հատվածներից մի քանիսում Պողոսը հիանալիորեն նկարագրում է Փրկիչի կատարած գործերից մի քանիսը:

«[Բայց] հիմա Քրիստոսը յարութիւն է առել, … ինքը ննջածների առաջնեկ եղավ:

«… Ուրեմն որովհետև մարդով եղավ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը:

Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են: nb}…

Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը …

Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ տուավ մեզ հաղթութիւնը մեր Տէր Հիսուս Քրիստոսի ձեռովը»:12

Մենք գիտենք, որ Ուրացությունը տեղի ունեցավ մասնավորապես, որովհետև մարդկանց փիլիսոփայությունները վեր էին դասվում Քրիստոսի հիմնարար, կարևոր վարդապետությունից: Փրկիչի ուղերձը պարզությամբ ուսուցանելու փոխարեն, շատ պարզ և արժեքավոր ճշմարտություններ փոխվեցին կամ կորան: Փաստորեն, Քրիստոնեությունը որդեգրեց որոշ հունական փիլիսոփայական ավանդույթներ՝ համաձայնեցնելու մարդկանց հավատալիքները իրենց առկա մշակույթի հետ: Պատմաբան Ուիլլ Դյուրանը գրել է. «Քրիստոնեությունը չկործանեց հեթանոսությունը, այլ որդեգրեց այն: Հունական միտքը, մահանալով, վերաբնակված կյանք առավ»:13 Պատմականորեն և մեր օրերում, ոմանք մերժում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, որովհետև նրանց կարծիքով այն չունի բավարար մտավոր իմաստաբանություն:

Վերածննդի արշալույսին շատերն առնվազն ձևացնում էին, որ հետևում են Փրկիչի ուսմունքներին: Շատ երկրներ համարում էին իրենց քրիստոնեական ազգեր: Բայց նույնիսկ այդ ժամանակ մարգարեություն կար ավելի դժվար ժամանակի՝ մեր օրերի մասին:

Հեբեր Ք. Քիմբալը այս տնտեսության առաջին Տասներկու Առաքյալներից մեկն էր և Նախագահ Բրիգամ Յանգի Առաջին Խորհրդականը: Նա նախազգուշացրել է. «Ժամանակը գալիս է, երբ դժվար կլինի տարբերել Սրբի դեմքը Աստծո ժողովրդի թշնամու դեմքից: Այդ ժամանակ… ուշադրություն դարձրեք մեծ մաղին, քանզի կլինի մեծ մաղով անցնելու ժամանակ և շատերը կընկնեն»: Նա եզրակացրեց, որ «մի ՍՏՈՒԳԱՐՔ է գալու»: 14

Մեր օրերում Քրիստոնեության ազդեցությունը շատ երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգներում բավականին կրճատվել է: Առանց կրոնական հավատալիքների Աստծո հանդեպ պատասխանատվության զգացում չկա: Ուստի, դժվար է հաստատել համընդհանուր արժեքներ, նրա վերաբերյալ, թե ինչպես ապրել: Փիլիսոփայությունները, որոնք խորապես արմատացած են, հաճախ հակասում են միմյանց:

Դժբախտաբար, սա պատահում է նաև Եկեղեցու որոշ անդամների հետ, ովքեր կորցնում են իրենց կողմնորոշումը և ազդեցության տակ ընկնում պահի տակ. նրանցից շատերը ակնհայտորեն արդարակյաց չեն:

Հեբեր Ք. Քիմբալի մարգարեությանը համահունչ՝ Երեց Նիլ  Ա. Մաքսվելն ասել է 1982 թվականին. «Մեծ մաղումը տեղի կունենա արդարակյաց վարքի ձախողումների պատճառով, որոնք մնում են չապաշխարված: Մի քանիսը կհանձնվեն, մինչև վերջ դիմանալու փոխարեն: Մի քանիսը կխաբվեն ուրացողների կողմից: Մյուսները կվիրավորվեն, քանի որ բավականաչափ գայթակղության քարեր կան յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար»:15

Մեկ այլ գայթակղության քար է՝ հրաժարվելը տեսնել մեղքն իր ճշմարիտ լույսի ներքո

Մեր օրերի առանձնահատուկ և անհանգստացնող կողմերից մեկն այն է, որ շատ մարդիկ զբաղվում են մեղսավոր վարքով, բայց մերժում են այն մեղսավոր համարել: Նրանք չունեն խղճի խայթ կամ պատրաստակամություն` ընդունելու իրենց վարքը որպես բարոյական սխալ: Նույնիսկ ոմանք, ովքեր դավանում են հավատք Հոր և Որդու հանդեպ, անիրավաբար այնպիսի դիրք են ընդունում, որ սիրող Երկնային Հայրը չպիտի գործադրի հետևանքներ վարքի համար, որը հակառակ է Նրա պատվիրաններին:

Սա ակնհայտորեն Կորիանթոնի՝ Կրտսեր Ալմայի որդու գրաված դիրքն էր Մորմոնի Գրքում: Նա լուրջ անբարոյական վարք էր դրսևորել և Ալման նրան խրատում էր: Մենք օրհնված ենք, որ մեծ մարգարե Ալման, ով անձնապես զգացել էր «ամենախավար անդունդը [և] սքանչելի լույսը», 16 գրի է առել այն հրահանգը, որը նա տվել է: Ալմա 39-րդ գլխում , մենք կարդում ենք, թե ինչպես էր նա խրատում այդ որդուն ապաշխարության գործընթացի միջոցով և ապա բացատրում, թե ինչպես էր Քրիստոսը գալու` վերցնելու մեղքը: Նա հստակ դարձրեց Կորիանթոնի համար ապաշխարության անհրաժեշտությունը, որովհետև «ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել Աստծո արքայությունը»: 17

Ալմա 42-ը պարունակում է Քավության վերաբերյալ ողջ սուրբ գրությունում ամենահոյակապ վարդապետությունը: Ալման օգնեց Կորիանթոնին հասկանալ, որ դա «անարդարություն չէ, որ մեղսագործը պիտի մատնվի թշվառության մի վիճակի»:18 Բայց նա նշեց, որ սկսած Ադամից, ողորմած Աստված տվել է «ժամանակահատված ապաշխարության համար», որովհետև առանց ապաշխարության «փրկության մեծ ծրագիրը խափանված կլիներ»: 19 Ալման նաև հաստատեց, որ Աստծո ծրագիրը «երջանկության ծրագիր է»: 20

Ալմայի ուսմունքները շատ ուսուցանող են. «Քանզի ահա արդարադատությունը ներկայացնում է իր բոլոր պահանջները, և նաև ողորմությունն է հայցում այն բոլորը, ինչն իր սեփականն է, և այսպես, բացի անկեղծորեն զղջացողից, ոչ մեկը չի փրկվում»: 21 Ապաշխարության փառահեղ օրհնություններն իրենց ճշմարիտ լույսով տեսնելը և հավատարմությունը Փրկիչի ուսմունքներին ծայրահեղ կարևոր են: Անազնիվ չէ հստակ լինել, ինչպես Ալման Կորիանթոնի հետ մեղսավոր ընտրությունների հետևանքների և ապաշխարության վերաբերյալ: Հաճախ է հայտարարվել, որ «Վաղ թե ուշ ամենքը ստիպված կլինեն դիմագրավել հետևանքներին»:22

Փրկչի Քավության հիասքանչ և երկնային օրհնությունն այն է, որ ապաշխարության միջոցով մեղսավոր վարքը ջնջվում է: Կորիանթոնի ապաշխարությունից հետո Ալման եզրակացրեց. «Դու այլևս չթողնես, որ այս բաները խռովեն քեզ, և թող միայն քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի քեզ վար՝ դեպի ապաշխարություն»: 23

Նշանակետից այն կողմ նայելը գայթակղության քար է

Մարգարե Հակոբը ակնարկում է հնադարյան հրեաներին որպես մի «խստապարանոց ժողովուրդ», ովքեր արհամարհեցին պարզությունը, «սպանեցին մարգարեներին, և փնտրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ: Ուստի նրանց կուրության պատճառով, կուրություն, որը եկել էր նշանակետից այն կողմ նայելուց, նրանք պիտի անպայման ընկնեին»: 24

Չնայած կան շատ օրինակներ նշանակետից այն կողմ նայելու վերաբերյալ,25 մեր օրերում կարևորներից մեկը ծայրահեղությունն է: Ավետարանական ծայրահեղությունը այն է, երբ մենք բարձրացնում ենք որևէ ավետարանական սկզբունք մյուս հավասար կարևոր սկզբունքներից վեր և բռնում մի դիրք, որը տարբեր կամ հակառակ է Եկեղեցու ղեկավարների ուսմունքներին: Օրինակներց մեկն այն է, երբ մարդ կողմնակից է հավելումների, փոփոխությունների կամ հիմնական շեշտադրում է կատարում Իմաստության Խոսքի մի մասի վրա: Մյուսը օրինակը աշխարհի վերջին տարբեր թանկարժեք սցենարներով նախապատրաստվելն է: Երկու օրինակներում էլ մարդկանց խրախուսվում է ընդունել անձնական մեկնաբանությունները: «Եթե մենք առողջության օրենքը կամ որևէ այլ սկզբունք կրոնամոլության ենք վերածում, մենք նայում ենք նշանակետից այն կողմ»:26

Խոսելով կարևոր մի վարդապետության մասին, Տերը հայտարարել է. «Ով հայտարարում է ավել կամ պակաս քան սա, նա ինձանից չէ, այլ դեմ է ինձ, ուստի նա իմ եկեղեցուց չէ»: 27 Երբ մենք նախապատվություն ենք տալիս որևէ սկզբունքի մի ձևով, որը նվազեցնում է մեր պարտավորությունը մյուս հավասարապես կարևոր սկզբունքների հանդեպ կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքներից տարբեր կամ հակառակ դիրքորոշում ենք ընդունում, մենք նայում ենք նշանակետից այն կողմ:

Բացի այդ, որոշ անդամներ որոշ գործերի, որոնք մեծամասամբ լավն են, շատ ավելի մեծ կարևորություն են տալիս, քան ավետարանի հիմնական վարդապետությանը: Նրանք փոխարինում են իրենց նվիրվածությունը, առաջնահերթություն տալով այդ գործի հանդեպ իրենց պարտավորությանը, և երկրորդ պլան են մղում Փրկիչի և Նրա ուսմունքների հանդեպ իրենց իրենց պարտավորությունը: Եթե մենք ինչ-որ բան Փրկիչի հանդեպ մեր նվիրվածությունից վեր ենք դասում, եթե մեր վարքագիծն ընդունում է Նրան որպես ուղղակի մեկ այլ ուսուցչի և ոչ թե Աստծո աստվածային Որդու, ապա մենք նայում ենք նշանակետից այն կողմ: Նպատակակետը Հիսուս Քրիստոսն է:

Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը պարզաբանում է, որ «Հիսուսի վկայությունում անվեհեր լինելը»28 պարզ, հիմնական ստուգարք է նրանց միջև, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայության օրհնությունները և նրանց միջև, ովքեր կժառանգեն ավելի ցածր՝ թերեստրիալ արքայության օրհնությունները: Անվեհեր լինելու համար, մենք պետք է կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի զորության և Նրա քավիչ զոհաբերության վրա, որը հաղթահարում է մահը և մեր ապաշխարության միջոցով մեղքից մաքրում է մեզ, ինչպես նաև պետք է հետևենք Քրիստոսի վարդապետությանը: 29 Մենք նաև Փրկիչի կյանքի լույսի և գիտելիքի և ուսմունքների կարիքն ունենք՝ առաջնորդելու մեզ ուխտի արահետում, ներառյալ տաճարի սրբազան արարողությունները: Մենք պետք է անսասան լինենք Քրիստոսում, սնվենք Նրա խոսքով և համբերենք մինչև վերջ: 30

Եզրակացություն

Եթե մենք պետք է անվեհեր լինենք Հիսուսի մեր վկայությունում, մենք պետք է խուսափենք գայթակղության քարերից, որոնք թակարդում են և խանգարում շատ առումներով պատվավոր տղամարդկանց և կանանց առաջընթացը: Եկեք որոշենք միշտ լինել Նրա ծառայության մեջ: Երբ գիտելիք ենք որոնում, մենք պետք է խուսափենք մարդկանց փիլիսոփայություններից, որոնք նվազեցնում են Փրկիչի հանդեպ մեր նվիրվածությունը: Մենք պետք է տեսնենք մեղքը իր ճշմարիտ լույսի ներքո և ընդունենք Փրկիչի Քավությունը ապաշխարության միջոցով: Մենք պետք է խուսափենք նայել նշանակետից այն կողմ և կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի և Քավիչի վրա և հետևենք Նրա վարդապետությանը:

Հայրս նայում էր սյանը` որպես էլեկտրականության, լույսի և եփելու ու մաքրելու համար առատ ջուր ստանալու միջոցի: Այն ցատկահարթակ էր իր կյանքը բարելավվելու համար:

Մի գրող առաջարկում է, որ գայթակղության քարերը կարելի է դարձնել «ազնիվ բնույթ ձևավորող և դեպի Երկինք տանող ցատկահարթակներ»: 31

Մեզ համար անվեհեր լինելը Հիսուսի մեր վկայությունում ցատկահարթակ է Փրկիչի շնորհին և սելեստիալ արքայությանն արժանանալու համար: Հիսուս Քրիստոսը միակ անունն է երկնքի տակ, որի միջոցով մենք կարող ենք փրկվել: 32 Ես բերում եմ իմ վստահ վկայությունը ինչպես Նրա աստվածայնության, այնպես էլ Հոր ծրագրում Նրա գերբնական դերի մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 14.7, տես նաև Հովհաննես 17.3

  2. Վարդապետություն և Ուխտեր 76.79

  3. Տես Հավատքին հավատարիմ. Ավետարանական տեղեկատու (2004), 52–53

  4. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “stumbling block.”

  5. Merriam-Webster’s Collegiate Dictionary, “stumble.”

  6. Վարդապետություն և Ուխտեր 93.36

  7. Տես Գործք 9.1–9, 26.13–18

  8. Sես Frederic W. Farrar, The Life and Work of St. Paul (1898), 319

  9. Sես Farrar, The Life and Work of St. Paul, 319–20

  10. Ա Կորնթացիս 2.4–5

  11. Sես George Frideric Handel, Messiah, ed. T. Tertius Noble (1912)

  12. Ա Կորնթացիս 15.20–22, 55, 57

  13. Will Durrant, The Story of Civilization, vol.3 Caesar and Christ (1944), 595.

  14. Heber  C. Kimball, in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball (1945), 446.

  15. Neal A. Maxwell, “Be of Good Cheer,” Ensign, Nov. 1982, 68.

  16. Մոսիա 27.29

  17. Ալմա 40.26

  18. Ալմա 42.1: Վերջին Օրերի Սրբերի վարդապետությունում կա դրույթ ողջ մարդկության համար, ներառյալ նրանց, ովքեր չեն լսում Քրիստոսի մասին այս կյանքում, երեխաների համար, ովքեր մահանում են մինչև պատասխանատվության տարիքը և նրանց, ովքեր թերզարգացած են (տես Վարդապետություն և Ուխտեր 29.46–50, 137.7–10):

  19. Ալմա 42.5

  20. Ալմա 42.8

  21. Ալմա 42.24: Ուշադրություն դարձրեք, որ անձնական դերանունը արդարության համար «his» է (արական) իսկ ողորմածության համար անձնական դերանունը «her» է (իգական):

  22. Robert Louis Stevenson, in Carla Carlisle, “A Banquet of Consequences,” Country Life , July 6, 2016, 48. Mrs. Carlisle credits Robert Louis Stevenson for the quote. Some give credit to others.

  23. Ալմա 42.29

  24. Հակոբ 4.14

  25. Մի հոդվածում, որը ես գրել եմ Եկեղեցու ամսագրերի համար 2003 թվականին, ես շեշտադրել եմ չորս բնագավառներ, որոնք կարող են ստեղծել աստվածաբանական կուրություն և գայթում, որը Հակոբը նկարագրում է որպես` ավետարանի ճշմարտությունները մարդկանց փիլիսոփայություններով փոխարինելը, ավետարանական ծայրահեղություն, ամենօրյա նվիրաբերումը հերոսական ժեստերով փոխարինելը և կանոնները վարդապետությունից վեր դասելը (տես «Նշանակետից այն կողմ նայելը Լիահոնա, մարտ. 2003, 21–24:

  26. Քվենթին  Լ.«Նշանակետից այն կողմ նայելը» Լիահոնա, մարտ. 2003, 22:

  27. Վարդապետություն և Ուխտեր 10.68

  28. Վարդապետություն և Ուխտեր 76.79

  29. Տես 2 Նեփի 31.17–21

  30. Տես 2 Նեփի 31.20–21

  31. Henry Ward Beecher, in Tryon Edwards, A Dictionary of Thoughts (1891), 586

  32. Տես 2 Նեփի 31.21, Մոսիա 3.17