«Առաջնորդություն ապրող մարգարեների կողմից», Լիահոնա, սեպտեմբեր 2022
Ավետարանի հիմունքները
Առաջնորդություն ապրող մարգարեների կողմից
Մարգարեներն այն մարդիկ են, ովքեր կանչվել են Երկնային Հոր կողմից՝ Նրա անունից խոսելու համար: Նրանք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հավատում են ինչպես հնադարյան, այնպես էլ ժամանակակից մարգարեներին:
Աստված խոսում է մարգարեների միջոցով
Մարգարեները հայտնություն են ստանում Աստծուց: Երբ մարգարեները ոգեշնչվում են ուսուցանելու մեզ, դա նույնն է, ինչ Աստված է խոսում մեզ հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 1.38): Մենք կարող ենք վստահ լինել, որ նրանք մեզ ասում են այն, ինչ Աստված կցանկանա, որ մենք իմանանք:
Մարգարեներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել
Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք մեզ ուսուցանում են, որ Նա Աստծո Որդին է: Նրանք ուսուցանում են մեզ՝ Նրա կյանքի, օրինակի և Քավության մասին: Եվ նրանք ցույց են տալիս մեզ, թե ինչպես հետևել Նրան և հնազանդվել Նրա պատվիրաններին:
Մարգարեների պարտականությունները
Մարգարեներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նրանք բացատրում են այն օրհնությունները, որոնք մենք ստանում ենք, երբ հնազանդվում ենք պատվիրաններին, ուսուցանում են նաև հետևանքները, որոնք ստանում ենք, եթե չհնազանդվենք: Երբեմն նրանք կարող են ոգեշնչվել և պատմել մեզ ապագա իրադարձությունների մասին:
Հնադարյան մարգարեները
Մովսեսը և տախտակները, Ջերի Հարսթոն
Աստված սկզբից ի վեր մարդկանց ուսուցանել է մարգարեների միջոցով: Հին Կտակարանի ժամանակներում ապրած մարգարեներից են՝ Ադամը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Եսայիան և ուրիշներ: Մորմոնի Գրքի մարդկանց մեջ նույնպես կային մարգարեներ: Այդ մարգարեներն էին՝ Լեքին, Մոսիան, Ալման և Մորոնին: Կարդալով սուրբ գրությունները՝ մենք կարող ենք սովորել, թե նրանք ինչ են ուսուցանել:
Ժամանակակից մարգարեներ
Ջոզեֆ Սմիթը մեր ժամանակների առաջին մարգարեն էր: Նա վերականգնեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա: Ռասսել Մ. Նելսոնն այսօր Եկեղեցու մարգարեն և նախագահն է: Նրա խորհրդականները Առաջին Նախագահությունում և Տասներկու Առաքյալները նույնպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են:
Լսենք մարգարեին
Մարգարեն մեզ հետ խոսում է գերագույն համաժողովի ժամանակ և այլ ժամանակներում: Նա սովորեցնում է մեզ, թե ինչ է Աստված ցանկանում, որ մենք իմանանք, և ինչպես հետևենք Հիսուս Քրիստոսին այսօր: Մենք կարող ենք գտնել նրա ուսմունքները Լիահոնա ամսագրում և ChurchofJesusChrist.org կայքում:
Մարգարեին հետևելու օրհնությունները
Մենք կօրհնվենք, երբ հետևենք մարգարեի ուսմունքներին: Երբ մենք հետևում ենք մարգարեին, կարող ենք իմանալ, որ անում ենք այն, ինչ Աստված է կամենում, որ մենք անենք: Մենք կարող ենք խաղաղություն զգալ մեր կյանքում և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: