2014
Արժանավորության վստահություն
Ապրիլ 2014


Արժանավորության վստահություն

Հատված 2006թ. դեկտեմբերի 31-ին տրված Երիտասարդների հավաքի ելույթից:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ուզում եմ խոսել հատկապես նշելով, թե ինչպես ունենալ հատուկ վստահություն:

Իմ ուղերձը ձեզ ուղղված հույսի և քաջալերման խոսք է այժմ և ձեր հետագա կյանքի համար: Կան բազմաթիվ դժվարություններ աշխարհում, բայց դժվար ժամանակներ եղել են բոլոր դարերում և դարաշրջաններում: Ուշադրություն մի դարձրեք դրանց և մի հուսահատվեք դրանցից: Գալիք տարիներն իրենց հետ կբերեն հրաշալի հնարավորություններ և մեծ օրհնություններ: Մենք կշարունակենք առաջադիմել գիտության և տեխնոլոգիայի, բժշկության, հաղորդակցման և այն բոլոր ոլորտներում, որոնք մեծ ներդրում ունեն մեր կյանքը հարստացնելու առումով: Դուք ապրում եք փառահեղ ժամանակաշրջանում, որ երբևէ եղել է աշխարհում, երբ օրվա մեջ ավելի շատ օրհնություններ են գալիս ավելի շատ մարդկանց ողջ աշխարհում, քան պատմության որևէ այլ դարաշրջանում: Հիշեք, ձեր տատիկը երբեք չի երազել թվային սարքերի մասին, երբ ձեր տարիքին էր, իսկ ձեր պապիկը դեռևս գաղափար չունի, ինչպես պետք է հաղորդագրություն ուղարկել: Ուրեմն, եղեք երջանիկ, առողջ և լավատես:

Մասնավորապես ընդգծեցի դա, քանի որ վերջերս մի հոդված կարդացի, որտեղ ասվում էր, որ ամենատարածված հիվանդությունը երիտասարդների մեջ այսօր շաքարախտը, քաղցկեղը կամ սրտի արատը չէ: (Առողջական նման խնդիրները հիմնականում առաջանում են ոչ թե ձեր, այլ իմ տարիքի մարդկանց մոտ:) Ոչ, հիվանդությունը, որից դեռահաս կամ 20-նն անց տարիքում տառապում են շատերը անվստահությունն է, վախը ապագայի հանդեպ, ցածր ինքնագնահատականը և ընդհանուր առմամբ՝ վստահության պակասը իրենց և իրենց շրջապատող աշխարհի հանդեպ:

Ձեզանից տարիքով շատ մեծ լինելու հետ մեկտեղ, ես հասկանում եմ նմանատիպ մտահոգությունները, որովհետև երիտասարդ տարիքում ես ևս թվում էր հայտնվում եմ այնպիսի իրավիճակներում, որտեղ այդքան էլ ինքնավստահություն չէի դրսևորում: Հիշում եմ, որ պայքարում էի լավ թվանշանների համար, հույս փայփայելով, որ կրթաթոշակի կարժանանամ, և մտածելով, թե ինչու էին մյուսներն ավելի շնորհալի այդ առումով: Հիշում եմ, տարիներ շարունակ սպորտային մրցույթներում փորձում էի վստահորեն խաղալ, որն անհրաժեշտ էր ավագ դպրոցում և քոլեջի տարիներին սպորտում հաջողության հասնելու համար, շատ ցանկանալով հաղթել կարևոր խաղում կամ տուն բերել այնքան բաղձալի հաղթանակը: Հատկապես հիշում եմ, վստահության պակասը աղջիկների հետ շփվելիս, որը երիտասարդ տղաների համար հաճախ մեծ անհանգստություն առաջացնող թեմա է: Այնքան երախտապարտ եմ Քույր Հոլլանդին, որ վերցրեց այդ նախաձեռնությունը: Այո, հիշում եմ բոլոր բաները, ինչ դուք եք հիշում, անվստահ իմ տեսքի առումով, կամ մտահոգությունը ընդունված լինելու կամ ապագայի վերաբերյալ:

Ես նպատակ ունեմ այստեղ ոչ թե քննարկել երիտասարդների առաջ ծառացած այն բոլոր խնդիրները, որոնք անվստահության և կասկածի տեղիք են տալիս, այլ ցանկանում եմ հատկապես խոսել, թե ինչպես ունենալ հատուկ վստահություն, որը իրավամբ վաստակելու դեպքում հրաշքներ է գործում մեր կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես մեր ինքնագնահատականի և մեր ապագան տեսնելու առումով: Սա հիմնավորելու համար մի պատմություն կպատմեմ:

Անձնական արժանավորության արժեքը

Տարիներ առաջ, Բարձրագույն Իշխանություն կանչվելուց շատ առաջ, ես ելույթ ունեցա երիտասարդ չափահասների համաժողովում: Համաժողովն ավարտվեց վկայության ժողովով, որի ժամանակ միսիայից վերադարձած մի երիտասարդ, գեղեցիկ միսիոներ կանգնեց, որ իր վկայությունը բերի: Նա լավ, մաքուր և վստահ տեսք ուներ, ճիշտ ինչպիսին վերադարձած միսիոները պետք է լինի:

Երբ սկսեց խոսել, արցունքներ հայտնվեցին նրա աչքերում: Նա ասաց, որ երախտագիտություն է զգում Վերջին Օրերի երիտասարդ Սրբերի նման մեծ խմբի մեջ կանգնելու հնարավորության և իր վարած լավ կյանքի համար: Բայց նա ասաց, որ այդ զգացողությունը միայն հնարավոր դարձավ մի քանի տարի առաջ ունեցած մի փորձառության պատճառով, փորձառություն, որը հավերժ կերտեց նրա կյանքը:

Այնուհետև նա պատմեց, որ 18 տարեկանում երեց կարգվելուց շատ չանցած մի օր ժամադրությունից տուն եկավ: Այդ ժամադրության ժամանակ ինչ-որ բան էր կատարվել, որի համար նա հպարտ չէր: Նա մանրամասներից չխոսեց, որի կարիքը չկար: Մինչ այսօր ես չգիտեմ ինչ էր տեղի ունեցել, բայց դա մեծ ազդեցություն էր թողել նրա հոգու և ինքնագնահատականի վրա:

Երբ տան մոտ նա մեքենայի մեջ նստած մտածում էր և ցավում տեղի ունեցածի համար, նրա ոչ անդամ մայրը տնից շնչակտուր վազելով մոտեցավ մեքենային: Նա արագ պատմեց, որ փոքր եղբայրը տանը ընկելով գլուխը ուժեղ հարվածել է և գտնվում է տագնապի ու ցավի մեջ: Ոչ անդամ հայրն անմիջապես շտապ օգնություն էր կանչել, սակայն այն դեռ որոշ ժամանակից տեղ կհասնի:

«Արի ու մի բան արա,—բղավում էր նա,—ձեր Եկեղեցում նման դեպքերում ինչ-որ բան եք անում, չէ՞: Դու նրանց քահանայությունն ունես: Արի ու մի բան արա»:

Այդ ժամանակ նրա մայրը շատ բան չգիտեր Եկեղեցու մասին, բայց գիտեր քահանայության օրհնությունների մասին: Չնայած որ այդ գիշեր իր համար շատ սիրելի անձնավորությունն իր հավատքի և ուժի կարիքն ուներ, այդ երիտասարդը չկարողացավ ոչինչ ձեռնարկել: Նա չկարողացավ ստիպել իրեն գնալ Տիրոջ առաջ և անհրաժեշտ օրհնությունը խնդրել:

Նա արագ դուրս գալով մեքենայից վազեց փողոցն ի վար մի արժանի տարեց մարդու տուն, ով երկու-երեք տարի առաջ տղայի դարձից հետո նրա ընկերն էր դարձել: Բացատրություն տալուց հետո, նրանք երկուսով արագ եկան, նախքան շտապօգնության ժամանելը: Վկայության ժողովին տրված այդ պատմության լավ ավարտն այն էր, որ այդ տարեց տղամարդը իսկույն քահանայության մի հրաշալի, հզոր օրհնություն էր տվել, որից հետո վնասված երեխան հանգստացել էր և նրա վիճակը կայունացել էր: Հիվանդանոցում արդեն մանրազննին ստուգումից պարզ էր դարձել, որ առողջության համար ոչ մի վտանգավոր վնասվածք չի հասցվել: Ընտանիքի համար ծանր պահն արդեն ետևում էր:

Այնուհետև այդ վերադարձած միսիոներն ասաց հետևյալ խոսքերը. «Ով չի եղել այն իրավիճակում, որի մեջ հայտնվեցի ես այդ գիշեր, երբեք չի զգա այն ամոթն ու ցավը, որ ես ապրեցի գիտակցելով, որ արժանի չեմ օգտագործելու քահանայությունը, որ ես էի կրում: Դա նույնիսկ ավելի ցավալի հիշողություն է ինձ համար, քանի որ իմ փոքր եղբայրն իմ կարիքն ուներ և իմ սիրելի ոչ անդամ ծնողներն անչափ վախեցած էին և իրավունք ունեին ինձանից ավելին ակնկալելու: Բայց այսօր ձեր առջև կանգնած կարող եմ ձեզ հավատացնել, որ ճիշտ է ես կատարյալ չեմ, սակայն այդ օրվանից ի վեր երբեք չեմ արել մի բան, որն ինձ ետ կպահեր կարիքի դեպքում Տիրոջ առաջ վստահորեն կանգնելու և Նրա օգնությունը խնդրելու համար: Բայց դա ճակատամարտ է, որը ես հաղթում եմ: Ես իմ կյանքում զգացել եմ դեպի ինձ ուղղված դատապարտող մատը, և չեմ ուզում երբևէ կրկին զգալ դա, եթե կարող եմ ինչ-որ բան անել այդ առումով: Եվ իհարկե,- եզրափակեց նա,- դրա համար ես կարող եմ ամեն ինչ անել»:

Նա ավարտեց իր վկայությունը և նստեց: Նա դեռևս իմ աչքի առաջ է: Կարող եմ դեռևս տեսնել այդ պատկերը: Եվ մինչ այժմ հիշում եմ դրանից հետո դահլիճում տիրող բացարձակ լռությունը, երբ ամեն ոք հնարավորություն ուներ ավելի խորը քննելու իր հոգին, ավելի հաստատակամորեն խոստանալով ապրել Տիրոջ կողմից տրված այս զորեղ խոսքերով.

«Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից:

Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան» (ՎևՈւ 121.45–46; շեշտադրումն ավելացված է):

Վայելեք Աստծո Հոգին

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, ես ձեզ մաղթում եմ հրաշալի կյանք: Մտածեք լավագույն ձևով և հույս տածեք լավագույնի համար, հավատ ունեցեք ապագայի հանդեպ: Հրաշալի կյանք է սպասվում ձեզ: Ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ: Եթե սխալներ են գործվել, կարող եք ապաշխարել և թողություն ստանալ, ինչպես այս երիտասարդ տղայի դեպքում: Դուք ունեք այն ամենը, ինչի համար պետք է ապրեք, ծրագրեր կազմեք և հավատաք: Ձեր խղճի հավաստիացումն ունենալով, երբ մնում եք մենակ ձեր հիշողությունների հետ, կարող եք շատ անձնական ձևով զգալ Աստծո Հոգին: Ես ուզում եմ, որ դուք վայելեք այդ Հոգին, և ձեզ միշտ վստահ զգաք Տիրոջ ներկայությամբ: Թող որ առաքինի մտքերը դրդեն մեզ մաքուր գործերի այսօր, վաղը և հավերժ: