2010–2019 թթ․
Ինչ որ ասէ ձեզ, արէք
Ապրիլ 2017


Ինչ որ ասէ ձեզ, արէք

Երբ մենք որոշում ենք անել «ինչ որ Աստուած ասում» է մեզ, մենք ջերմեռանդորեն պարտավորվում ենք համապատասխանեցնել մեր ամենօրյա վարքագիծը Աստծո կամքին։

Փրկիչն իրականացրեց Իր առաջին արձանագրված հրաշքը Գալիլեայի Կանա քաղաքի հարսանեկան խնջույքի ժամանակ։ Մարիամը՝ Նրա մայրը, և Նրա աշակերտները նույնպես այնտեղ էին։ Ըստ էության, Մարիամը որոշակի պատասխանատվություն էր զգում խնջույքի հաջողության համար։ Տոնախմբության ընթացքում խնդիր առաջացավ․հարսանիքի տանտերերի գինին վերջացավ։ Մարիամը մտահոգվեց ու գնաց Հիսուսի մոտ։ Նրանք մի կարճ խոսակցություն ունեցան․հետո Մարիամը դարձավ ծառաներին և ասաց․

« Ինչ որ ասէ ձեզ, արէք։

Այնտեղ վեց քարէ կարասներ կային։ … [Այս կարասները չէին օգտագործվում խմելու ջուր պահելու համար, այլ օգտագործվում էին լվացման արարողակարգերի համար՝ ըստ Մովսեսի օրենքի։]

Յիսուսը [ծառաներին] ասեց․ Այդ կարասները ջրով լցրէք․ եւ նորանց լցրին մինչեւ վերը։

Եւ նորանց ասեց․ Հիմա առէք եւ տարէք սեղանապետին․ եւ նորանք տարան։

[Ապա] վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց և իր զարմանքն արտահայտեց, որ լավագույն գինին այսքան ուշ էր մատուցվում խնջույքում»։1

Մենք սովորաբար հիշում ենք այս իրադարձությունը, քանի որ Աստծո զորության դրսևորումն էր ջուրը գինու փոխակերպելը. դա հրաշք էր։ Դա կարևոր ուղերձ է, սակայն մեկ այլ կարևոր ուղերձ կա Հովհաննեսի պատմության մեջ ։ Մարիամը «արժանավոր և ընտրյալ անոթ» էր՝2 կանչված Աստծո կողմից, ծնունդ տալու, դաստիարակելու և մեծացնելու հենց Աստծո Որդուն։ Նա ավելի շատ բան գիտեր Նրա մասին, քան որևէ մեկն աշխարհում։ Նա գիտեր ճշմարտությունը Նրա հրաշք ծննդյան մասին։ Նա գիտեր, որ Նա անմեղ էր, և Նա «չէր խոսում ուրիշ մարդկանց պես, ոչ էլ նրան հնարավոր էր ուսուցանել․ քանզի նա կարիք չուներ, որ որևէ մարդ ուսուցաներ իրեն»։3 Մարիամը գիտեր խնդիրները լուծելու Նրա արտասովոր ունակության մասին, ներառյալ այս մի անձնական օրինակը՝ հարսանեկան խնջույքը գինով ապահովելը։ Նա անսասան վստահություն ուներ Նրա և Նրա աստվածային զորության հանդեպ։ Ծառաներին տված նրա պարզ հրահանգը չէր ներառում նախազգուշացումներ, պայմաններ, սահմանափակումներ․«Ինչ որ ասէ ձեզ, արէք»։

Մարիամը երիտասարդ կին էր, երբ Գաբրիել հրեշտակը հայտնվեց նրան։ Սկզբում նա «շփոթուեցաւ», երբ կոչվեց «շնորհընկալ» և «օրհնեալ … կանանց մէջ … եւ իր մտքումը մտածում էր, թէ ինչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը»։ Գաբրիելը վստահեցրեց նրան, որ կարիք չկար վախենալու․լուրը, որը նա բերել էր, բարի էր։ Նա կհղիանար ու իր արգանդում կկրեր Բարձրյալի Որդուն և կծներ որդի, ով «յաւիտեան կթագաւորէ Յակոբի տան վերայ»։

Մարիամը սկսեց բարձրաձայն խորհել․ «Սա ի՞նչպէս կլինի․ ըստ որում ես այր չգիտեմ»։

Հրեշտակը բացատրեց, բայց շատ հակիրճ, հաստատելով նրան, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»։

Մարիամը խոնարհաբար պատասխանեց, որ կաներ այն, ինչ Աստված կասեր, առանց մանրամասներ պահանջելու, սակայն, անկասկած, անհամար հարցեր ուներ՝ կապված իր կյանքում առաջ եկող հետևանքների վերաբերյալ։ Նա պարտավորություն վերցրեց իր վրա՝ առանց ստույգ հասկանալու, թե ինչու էր Նա խնդրում դա իրենից կամ ինչպես պիտի դասավորվեր ամեն բան։ Նա ընդունեց Աստծո խոսքն անվերապահորեն,4 շատ քիչ բան իմանալով այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում։ Պարզ վստահություն ունենալով առ Աստված՝ Մարիամն ասաց․«Ահա Տիրոջ աղախինն եմ․ թող քո խոսքի պես լինի ինձ»։5

Երբ մենք որոշում ենք անել «ինչ որ Աստուած ասում» է մեզ, մենք ջերմեռանդորեն պարտավորվում ենք համապատասխանեցնել մեր ամենօրյա վարքագիծը Աստծո կամքի հետ։ Հավատի հասարակ արարքները, ինչպիսին են սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը, պարբերաբար ծոմ պահելը և անկեղծ միտումով աղոթելը, մեծացնում են մեր հոգևոր ունակությունները՝ հանդիպելու մահկանացու կյանքի պահանջներին։ Ժամանակի ընթացքում հավատի պարզ սովորությունները հանգեցնում են հրաշալի արդյունքների։ Դրանք վերափոխում են մեր հավատի ծիլերը և դարձնում մեծացող զորություն՝ բարիք բերելով մեր կյանք։ Ապա, երբ մեր ճանապարհին հանդիպում ենք մարտահրավերների, մեր արմատները Քրիստոսում տոկունություն են ապահովում մեր հոգիների համար։ Աստված մեր թուլությունները դարձնում է ուժեղ կողմեր՝ մեծացնելով մեր ուրախությունը և այնպես անելով, որ «բոլոր բաները միաժամանակ գործեն [մեր] բարիքի համար»։6

Մի քանի տարի առաջ ես խոսել եմ մի երիտասարդ եպիսկոպոսի հետ, ով ամեն շաբաթ ժամեր էր անցկացնում՝ խորհրդակցելով իր ծխի անդամների հետ։ Նա հանգեց մի նշանակալի հետևության։ Նա ասաց, որ խնդիրները, որոնց հանդիպում էին իր ծխի անդամները, նույնն էին, որոնց հանդիպում էին Եկեղեցու անդամներն ամենուրեք՝ ինչպե՞ս ունենալ երջանիկ ամուսնություն, ջանալ հավասարակշռություն մտցնել աշխատանքի, ընտանիքի և Եկեղեցու պարտականությունների միջև, մարտահրավերներ Իմաստության Խոսքի, աշխատանքի կամ պոռնոգրաֆիայի հետ կապված, դժվարություններ կապված այն բանի հետ, թե ինչպես ձեռք բերել խաղաղություն Եկեղեցու քաղաքականության կամ պատմական հարցի շուրջ, որն անհասկանալի է իրենց համար։

Ծխի անդամներին տված նրա խորհուրդը շատ հաճախ ընդգրկում էր՝ վերադարձը հավատի հասարակ կիրառումներին,ինչպես օրինակ՝ Մորմոնի Գիքի ուսումնասիրումը, ինչը մեզ խորհուրդ է տվել անել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, տասանորդի վճարումը և նվիրումով ծառայությունը Եկեղեցում։ Հաճախ նրանք պատասխանում էին նրան թերահավատությամբ․«Ես համամիտ չեմ ձեզ հետ, Եպիսկոպոս։ Մենք բոլորս գիտենք, որ դրանք լավ բաներ են։ Մենք Եկեղեցում անընդհատխոսում ենք այդ բաների մասին։ Սակայն, ես վստահ չեմ, որ դուք հասկանում եք ինձ։ Սրանցից որևէ մեկի կատարումը ի՞նչ կապ ունի այն խնդրի հետ, որը ես ունեմ»։

Դա խելամիտ հարց է։ Ժամանակի ընթացքում այդ երիտասարդ եպիսկոպոսը և ես նկատել ենք, որ նրանք, ովքեր նպատակ են դնում անել «փոքր և հասարակ բաները»7, հնազանդվելով փոքր թվացող բաներում, օրհնվում են հավատով և ուժով, որը ավելին է, քան հնազանդորեն կատարված գործողությունները և փաստորեն կարող են թվալ դրանց հետ կապ չունեցող։ Թվում է, դժվար է կապ ստեղծել հնազանդության ամենօրյա հասարակ գործողությունների և մեծ ու բարդ խնդիրների լուծումների միջև, որոնց մենք հանդիպում ենք։ Սակայն դրանք իրար հետ կապված են։ Ելնելով իմ փորձառությունից, հավատի փոքրիկ ամենօրյա սովորությունների ճիշտ դրսևորումը միակ լավագույն ուղին է զորացնելու մեզ կյանքի դժվարությունների դեմ, ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Հավատի փոքրիկ գործերը, նույնիսկ, երբ դրանք թվում են անկարևոր կամ մեզ անհանգստացնող, որոշակի խնդիրների հետ բացարձակապես առնչություն չունեցող, օրհնում են մեզ ամեն ինչում, որ մենք անում ենք։

Խորհեք Նեեմանի մասին, ով «Ասորիների զօրագլուխն էր … քաջ զօրաւոր էր» և բորոտ էր։ Մի ծառա աղջիկ պատմեց Իսրայելի մի մարգարեի մասին, ով կարող էր բժշկել Նեեմանին, ուստի, նա ծառաների, զինվորների ուղեկցությամբ նվերներով ճամփորդեց դեպի Իսրայել և վերջապես հասավ Եղիսեի տան մոտ։ Եղիսեի ծառան, այլ ոչ թե ինքը՝ Եղիսեն, տեղեկացրեց Նեեմանին, որ Տերը պատվիրում էր՝ «Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը»։ Հասարակ մի բան։ Թերևս այս հասարակ հրահանգը քաջ զորավարի համար այնքան անտրամաբանական, հասարակ կամ նրա արժանապատվությունից ցածր էր, որ նա այդ խորհուրդը պարզապես վիրավորական համարեց։ Եղիասի հրահանգն այնքան անհասկանալի էր Նեեմանի համար, որ «նա ետ դառաւ գնաց բարկութեամբ»։

Սակայն Նեեմանի ծառաները զգուշությամբ մոտեցան նրան և ասացին, որ նա կաներ «մի մեծ բան», եթե Եղիասը խնդրեր դա նրանից։ Նրանք նշեցին, որ քանի որ նրան ընդամենը խնդրել էին կատարել մի փոքր առաջադրանք, արդյո՞ք նա չպիտի աներ դա, եթե նույնիսկ չէր հասկանում, թե ինչու։ Նեեմանը գիտակցեց իր արձագանքը և, միգուցե թերահավատորեն, սակայն հնազանդորեն «վայր իջաւ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ» և հրաշքով բժշկվեց։8

Հնազանդության որոշ պարգևներ գալիս են արագ․ մյուսներն էլ գալիս են միայն մեր փորձվելուց հետո։ «Թանկագին Մարգարիտ»-ում մենք կարդում ենք զոհաբերության մատուցման պատվիրանը պահելու Ադամի անխոնջ ջանասիրության մասին։ Երբ հրեշտակը հարցրեց Ադամին, թե ինչու է զոհ մատուցում, նա պատասխանեց․«Ես չգիտեմ, գիտեմ միայն, որ Տերն է պատվիրել ինձ»։ Հրեշտակը բացատրեց, որ նրա զոհաբերությունները «Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է»։ Սակայն այդ բացատրությունն ըստ երևույթին եկավ միայն այն բանից հետո, երբ Ադամը ցուցաբերեց նվիրվածություն, «շատ օրեր» Տիրոջը հնազանդվելով, առանց իմանալու, թե ինչու, նա պետք է մատուցեր այդ զոհաբերությունները։9

Աստված միշտ կօրհնի մեզ Իր ավետարանի հանդեպ մեր անսասան հնազանդության և Իր Եկեղեցու հանդեպ հավատարմության համար, սակայն Աստված հազվադեպ մեզ ցույց կտա Իր ժամանակացույցը նախապես։ Նա մեզ ցույց չի տալիս ամբողջ նկարն ի սկզբանե։ Ահա, թե որտեղից է գալիս հավատը, հույսը և վստահությունը Տիրոջ հանդեպ։

Աստված խնդրում է մեզ համբերել Իր հետ՝ վստահել և հետևել Իրեն։ Նա խնդրում է մեզ․ «Մի վիճեք, եթե դուք չէք տեսնում»։ Նա զգուշացնում է մեզ, որ մենք երկնքից չպետք է ակնկալենք հեշտ պատասխաններ կամ արագ շտկումներ։ Հարցերը լուծում են գտնում, երբ մենք անսասան կանգնում ենք «հավատքի փորձության» ընթացքում, որքան էլ դժվար լինի դիմանալ այդ խնդրին կամ դանդաղ գա պատասխանը։10 Ես չեմ խոսում «կույր հնազանդության»11 մասին, այլ խոհուն վստահության մասին՝ Տիրոջ կատարյալ սիրո և ժամանակի համաձայն։

Մեր հավատքի փորձությունը միշտ կներառի հավատարիմ մնալ հավատի պարզ, ամենօրյա կիրառումներին։ Այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ է Նա խոստանում, որ մենք կստանանք աստվածային պատասխան, որը մենք փափագում էինք։ Միայն մեկ անգամ ենք մենք ապացուցել, որ պատրաստ ենք անելու այն, ինչ Նա է խնդրում, առանց պահանջելու, որ իմանանք, թե երբ, ինչու և ինչպես է մեզ թույլ տրվելու «հնձել [մեր] հավատքի, [մեր] ջանասիրության, և համբերության և երկայնամտության վարձքը»։12 Իրական հնազանդությունն ընդունում է Աստծո պատվիրաններն անվերապահորեն և նախապես։13

Ամեն օր, գիտակցաբար կամ այլ կերպ, մենք բոլորս ընտրում ենք, թե «ո՞րն [ենք մենք] պաշտելու»։14 Տիրոջը ծառայելու գործում մենք վճռականություն ենք ցուցաբերում, երբ հավատարմությամբ զբաղվում ենք ամենօրյա նվիրյալ գործերով։ Տերը խոստանում է ուղղել մեր ճանապարհները15, սակայն, որպեսզի Նա անի դա, մենք պետք է քայլենք, վստահելով, որ Նա գիտի ճանապարհը, քանի որ Նա է «ճանապարհը»։16 Մենք պետք է լցնենք մեր սեփական կարասները մինչև պռունկը։ Երբ մենք վստահում և հետևում ենք Նրան, մեր կյանքը փոխվում է, ինչպես ջուրը՝ գինու։ Մենք դառնում ենք ավելի լավը, քան երբևէ կարող էինք դառնալ։ Վստահեք Տիրոջը և « ինչ որ ասէ ձեզ, արէք»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։