2010–2019 թթ․
Կատարյալ սերը դուրս է մղում վախը
Ապրիլ 2017


Կատարյալ սերը դուրս է մղում վախը

Եկեք մի կողմ դնենք մեր երկյուղները և դրա փոխարեն ապրենք ուրախությամբ, համեստությամբ, հույսով և համարձակ վստահությամբ, որ Տերը մեզ հետ է:

Սիրելի եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, ինչպիսի արտոնություն և ուրախություն է հանդիպել որպես աշխարհասփյուռ Եկեղեցի՝ միավորված մեր հավատքով և սիրով առ Աստված և Նրա զավակները:

Ես հատկապես երախտապարտ եմ մեր սիրելի մարգարե Թոմաս  Ս. Մոնսոնի ներկայության համար: Նախագահ, մենք միշտ մեր սրտին մոտ կընդունենք ուղղորդման, խորհրդի և իմաստության ձեր խոսքերը: Մենք սիրում ենք ձեզ Նախագահ Մոնսոն, և մենք միշտ աղոթում ենք ձեզ համար:

Տարիներ առաջ, երբ ես ծառայում էի որպես ցցի նախագահ Ֆրանկֆուրտում (Գերմանիա), մի սիրելի, բայց դժբախտ քույր մոտեցավ ինձ մեր ցցի ժողովներից մեկի վերջում:

«Միթե՞ սոսկալի չէ, ասաց նա,- չորս կամ հինգ մարդ խորը քնած էին ձեր ելույթի ընթացքում»:

Ես մի պահ մտածեցի և պատասխանեցի. «Ես համոզված եմ, որ քունը եկեղեցում ամենաառողջարարն է»:

Իմ սքանչելի կինը՝ Հարիեթը, լսելով խոսքերի այդ պատահական փոխանակումը, հետո նշեց, որ այդ պատասխանը ամենահրաշալի պատասխաններից մեկն էր, որ ես երբևէ տվել էի:

Մեծ արթնացում

Մի քանի հարյուր տարի առաջ ամբողջ Հյուսիսային Ամերիկայում տարածվեց մի շարժում, որը կոչվեց «Մեծ արթնացում»: Հիմնական նպատակներից մեկը այն մարդկանց արթնացնելն էր, որոնց մոտ հոգևոր հարցերը , կարծես, քնած լինեին:

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթի վրա ազդեց այն, ինչը նա լսում էր քարոզիչներից որոնք այդ կրոնական արթնացման մասն էին կազմում: Դա էր պատճառներից մեկը, որ նա որոշեց լրջորեն որոնել Տիրոջ կամքը անձնական աղոթքով:

Այդ քարոզիչներն ունեին դրամատիկ, զգացմունքային քարոզելու ոճ և հայտնի էին դժոխքի կրակոտ ահաբեկչության իրենց քարոզներով, խիստ շեշտադրումով, որը սպասվում էր մեղավորին: 1 Նրանց ելույթները ոչ թե քնեցնում էին մարդկանց, այլ հավանաբար մի քանի մղձավանջներ էին առաջացնում նրանց մեջ: Թվում է, նրանց նպատակն ու օրինակն էր՝ ժողովրդին վախեցնելով բերել եկեղեցի:

Վախը որպես մեքենայության գործիք

Պատմականորեն վախը հաճախ օգտագործվել է որպես մարդկանց գործողության մղելու միջոց: Ծնողները դա օգտագործել են իրենց երեխաների հետ, գործատուները իրենց աշխատողների, իսկ քաղաքական գործիչներն՝ իրենց ընտրողների հետ:

Շուկայագիտության փորձագետները հասկանում են վախի ուժը և հաճախ են կիրառում այն: Ահա թե ինչու որոշ գովազդներ, թվում է, կրում են անվերապահ ուղերձ, որ եթե մենք չգնենք նախաճաշի համար իրենց մանրաձավարը, բաց թողնենք նորագույն տեսախաղը կամ բջջային հեռախոսը, մենք վտանգի ենք ենթարկում մեզ՝ ապրել թշվառ կյանքով, մահանալ միայնակ և դժբախտ:

Մենք ժպտում ենք դա լսելիս և մտածում, որ երբեք այդպիսի կեղծիքի զոհ չենք դառնա , բայց երբեմն մենք էլ ենք դա անում: Ավելի վատ, մենք երբեմն օգտագործում ենք համանման մեթոդներ, ստիպելով ուրիշներին անել այն, ինչ մենք ենք կամենում:

Այսօր իմ ուղերձը երկու նպատակ ունի. առաջինը՝ հորդորում եմ ձեզ մտածել և հաշվի առնել այն չափը, թե մենք որքանով ենք օգտագործում վախը՝ խթանելով մեզ և ուրիշներին: Երկրորդը՝ ավելի լավ ուղի առաջարկելն է:

Վախի հետ կապված խնդիրը

Առաջինը՝ եկեք անդրադառնանք վախի խնդրին: Ի վերջո, ով մեր մեջ երբեք հարկադրված չի եղել վախից ավելի լավ ուտել, կրել նստատեղի գոտի, ավելի շատ վարժություններ կատարել, փող խնայել կամ նույնիսկ, մեղքը ապաշխարել:

Ճշմարիտ է, որ վախը կարող է հզոր ազդեցություն ունենալ մեր գործողությունների և վարքագծի վրա: Բայց այդ ազդեցությունը միտում ունի ժամանակավոր և մակերեսային լինել: Վախը հազվադեպ զորություն ունի փոխելու մեր սրտերը և այն երբեք չի փոխակերպի մեզ՝ դարձնելով այնպիսի մարդիկ, ովքեր սիրում են այն, ինչ ճիշտ է, և ովքեր կամենում են հնազանդվել Երկնային Հորը:

Մարդիկ, ովքեր վախկոտ են, կարող են ասել և անել ճիշտ բաներ, բայց նրանք չեն զգում ճիշտ բաները: Նրանք հաճախ զգում են անօգնական,զայրացած են և նույնիսկ՝ բարկացած: Ժամանակի ընթացքում այս զգացմունքներն առաջնորդում են դեպի անվստահություն, մրցահրավեր, նույնիսկ՝ ապստամբություն:

Դժբախտաբար, կյանքի հանդեպ այս մոլորեցնող մոտեցումն ու առաջնորդությունը սահմանափակված չէ աշխարհիկ մարդկանցով: Ես վշտանում եմ, երբ լսում եմ Եկեղեցու անդամների մասին, ովքեր անարդար իշխանություն են գործադրում, լինի իրենց տներում, Եկեղեցու կոչումներում, աշխատանքում, թե մյուսների հետ իրենց ամենօրյա փոխհարաբերություններում:

Հաճախ մարդիկ կարող են դատապարտել ուրիշներին մարդկանց ահաբեկելու համար, սակայն իրենց մեջ նրանք չեն տեսնում դա: Նրանք պահանջում են ուրիշներից ենթարկվել իրենց բռնապետական կանոններին, բայց երբ վերջիններս չեն հետևում այդ պատահական կանոններին, նրանց պատժում են խոսքով, հոգեպես, երբեմն էլ ֆիզիկապես:

Տերն ասել է, որ «երբ մենք … իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, անիրավության որևէ աստիճանով, …երկինքները ետ են քաշվում, [և]Տիրոջ Հոգին տրտմում է»: 2

Կարող են լինել պահեր, երբ մենք գայթակղվում ենք արդարացնել մեր գործողությունները՝ հավատալով, որ արդյունքը արդարացնում է միջոցները: Մենք կարող ենք նույնիսկ մտածել , որ վերահսկող, օգտագործող և կոպիտ լինելը ուրիշների բարիքի համար է: Այդպես չէ, քանզի Տերը հստակ է դարձրել, որ «հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, [և] ժուժկալութիւն»: 3

Ավելի լավ ուղի

Որքան շատ եմ ճանաչում իմ Երկնային Հորը, այնքան ավելի եմ տեսնում, թե ինչպես է Նա ոգեշնչում և առաջնորդում Իր զավակներին: Նա բարկացկոտ չէ, հիշաչար կամ հակընդդեմ չէ: 4Նրա բուն նպատակն է՝ դաստիարակել մեզ, վեհացնել մեզ և առաջնորդել մեզ դեպի Իր լիությունը: Նրա գործը և փառքն է՝ դաստիարակել, վեհացնել և դեպի Իր լիությունը տանել մեզ : 5

Աստված ներկայացել է Մովսեսին որպես՝ «ողորմած եւ գթած՝ երկայնամիտ և առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով»: 6

Մեզ՝ Իր զավակների հանդեպ մեր Երկնային Հոր սերը, վեր է մեր ըմբռնելու կարողությունից: 7

Արդյո՞ք սա նշանակում է, որ Աստված թողտվության է մատնում կամ անտեսում է այն վարքագիծը, որը հակասում է իր հրամաններին. Ոչ, հաստատ ոչ:

Բայց Նա կամենում է փոխել ավելին, քան մեր վարքագիծը: Նա կամենում է փոխել մեր բուն էությունը: Նա կամենում է փոխել մեր սիրտը:

Նա կամենում է, որ մենք հասնենք և ամուր բռնենք երկաթյա ձողից, դիմակայենք մեր վախերին և քաջաբար քայլ կատարենք դեպի առաջ և վեր՝ նեղ և անձուկ արահետով: Նա սա է կամենում մեզ համար, որովհետև Նա սիրում է մեզ և որովհետև սա է դեպի երջանկություն տանող ուղին:

Այսպիսով, ինչպե՞ս է Աստված մղում Իր զավակներին հետևել Իրեն մեր օրերում:

Նա ուղարկեց Իր Որդուն:

Աստված ուղարկեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ցույց տալու մեզ ճիշտ ճանապարհը:

Աստված առաջ է մղում համոզելու, երկայնամտության, մեղմության, հեզության և անկեղծ սիրո միջոցով: 8 Աստված մեր կողմից է: Նա սիրում է մեզ, և երբ մենք սայթաքում ենք, Նա ուզում է, որ մենք ոտքի կանգնենք, նորից փորձենք և դառնանք ավելի ուժեղ:

Նա մեր դաստիարակն է:

Նա մեր մեծ և փայփայած հույսն է:

Նա ցանկանում է խրախուսել մեզ հավատքով:

Նա համոզված է, որ մենք կսովորենք մեր սխալ քայլերից և կկատարենք ճիշտ ընտրություններ:

Սա է ավելի լավ ուղին:9

Իսկ ի՞նչ կասեք աշխարհի չարիքների մասին:

Եղանակներից մեկը, որով մենք պիտի օգտագործենք մյուսներին, ըստ սատանայի, խիստ կենտրոնացումը և աշխարհում չարի չափազանցումն է:

Իհարկե, մեր աշխարհը միշտ էլ եղել է և կշարունակի լինել անկատար: Չափազանց մեծ թվով անմեղ մարդիկ են տառապում, բնության ստեղծած իրավիճակների, ինչպես նաև մարդու անմարդասիրության պատճառով: Անբարոյականությունն ու ամբարշտությունը մեր օրերում առանձնահատուկ են և տագնապալի:

Բայց չնայած այդ բոլորին, ես չէի ցանկանա ապրել պատմական որևէ այլ ժամանակաշրջանում: Մենք օրհնված ենք չափից շատ՝ ապրելով անզուգական բարգավաճման, լուսավորության և արտոնության ժամանակներում: Ամենից առավել մենք օրհնված ենք՝ ունենալով Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը, որը տալիս է մեզ բացառիկ հեռանկար աշխարհի վտանգների վերաբերյալ և ցույց է տալիս մեզ, թե ինչպես խուսափել այդ վտանգներից կամ գործ ունենալ դրանց հետ:

Երբ ես մտածում եմ այս օրհնությունների մասին, ես ուզում եմ ծնկի իջնել և գովասանքներ հղել առ մեր Երկնային Հայրը Իր բոլոր զավակների հանդեպ Նրա երբեք չվերջացող սիրո համար:

Ես չեմ հավատում, որ Աստված ուզում է, որ Իր զավակները վախկոտ լինեն կամ կենտրոնանան աշխարհի չարիքների վրա: «Որովհետեւ, Աստուած չտուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զորութեան եւ սէրի եւ զգաստութեան»: 10

Նա մեզ տվել է ուրախանալու բազմաթիվ պատճառներ: Մենք ուղղակի պետք է գտնենք և ճանաչենք դրանք: Տերը հաճախ է հիշեցնում մեզ՝ «չվախենալ» , «ուրախ եղեք»,11 «մի վախենար փոքրիկ հոտ»: 12

Տերը կառաջնորդի մեր ճակատամարտերը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք Տիրոջ «փոքրիկ հոտն ենք»: Մենք վերջին օրերի Սրբերն ենք: Մեր անվանը բնորոշ պարտավորվածությունն է՝ անհամբեր սպասել Փրկիչի վերադարձին և մեզ ու աշխարհին նախապատրաստել ընդունելու Նրան: Եկեք ծառայենք Աստծուն և և սիրենք մեր մերձավորին: Եկեք անենք այդ բնական վստահությամբ, համեստությամբ, երբեք վերևից չնայելով որևէ այլ կրոնի կամ մարդկանց խմբի վրա: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզ հանձնարարված է ուսումնասիրել Աստծո խոսքը և ականջ դնել Հոգու ձայնին, որպեսզի կարողանանք «իմանալ նշանները ժամանակների, և նշանները Մարդու Որդու գալստյան»: 13

Ուստի, մենք անտեղյակ չենք աշխարհի մարտահրավերներին, ոչ էլ անիրազեկ՝ մեր ժամանակների դժվարություններին: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ծանրաբեռնենք մեզ կամ ուրիշներին մշտական վախով: Մեր մարտահրավերների մեծության վրա կենտրոնանալու փոխարեն, ավելի լավ չէ՞ր լինի կենտրոնանալ մեր Աստծո անսահման մեծության, բարության և բացարձակ իշխանության վրա՝ վստահելով Նրան և ուրախ սրտով պատրաստվել Հիսուս Քրիստոսի վերադարձին:

Որպես Նրա ուխտի ժողովուրդ, մենք չպետք է կաթվածահար լինենք վախից, որովհետև կարող են վատ բաներ պատահել: Փոխարենը մենք կարող ենք առաջ շարժվել հավատքով, քաջությամբ, վճռականությամբ և վստահությամբ առ Աստված, երբ մոտենում ենք ապագայի մարտահրավերներին և հնարավորություններին: 14

Մենք միայնակ չենք քայլում աշակերտության արահետում: «Քո Եհովայ Աստուածն … է քեզ հետ գնում, նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ»: 15

«Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք» :16

Վախի հանդիպելիս եկեք մեր մեջ քաջություն գտնենք , լցվենք հավատքով և վստահենք խոստումին, որ «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չհաջողուի»:17

Արդյո՞ք մենք ապրում ենք վտանգի և իրարանցման մի ժամանակաշրջանում: Իհարկե ապրում ենք:

Աստված Ինքն է ասել. «Աշխարհքումը նեղութիւն կունենաք, բայց քաջացեք ես հաղթել եմ աշխարհքին»: 18

Կարո՞ղ ենք արդյոք գործադրել հավատք, որպեսզի վստահենք և գործենք համապատասխանաբար: Կարո՞ղ ենք ապրել ըստ մեր պարտավորությունների և սրբազան ուխտերի: Կարո՞ղ ենք պահել Աստծո պատվիրանները, նույնիսկ, դժվարին հանգամանքներում: Իհարկե, կարող ենք:

Մենք կարող ենք, Աստված է խոստացել. «Բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար, եթե դուք ուղիղ քայլեք»: 19 Ուստի եկեք մի կողմ թողնենք մեր վախերը և դրա փոխարեն ապրենք ուրախությամբ, համեստությամբ, հույսով և համարձակ վստահությամբ, որ Տերը մեզ հետ է:

Կատարյալ սերը դուրս է մղում վախը

Իմ սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր Քրիստոսում, եթե մենք երբևէ հայտնվենք վախի կամ տագնապի մեջ կամ եթե երբևէ պարզենք, որ մեր սեփական խոսքերը, վերաբերմունքը կամ գործերը վախ են առաջացնում ուրիշների մեջ, այդ ժամանակ ես կաղոթեմ իմ հոգու ողջ ուժով, որ մենք ազատվենք այս վախից աստվածայնորեն նշանակված այս հակաթույնի՝ Քրիստոսի մաքուր սիրո միջոցով, քանզի «կատարյալ սերը դուրս է մղում վախը»:20

Քրիստոսի մաքուր սերը հաղթահարում է վնասելու, բռնադատելու, կռվելու կամ ճնշելու գայթակղությունները :

Քրիստոսի կատարյալ սերը թույլ է տալիս մեզ քայլել համեստությամբ, արժանապատվությամբ և համաձակ վստահությամբ, որպես մեր սիրելի Փրկիչի հետևորդներ: Քրիստոսի կատարյալ սերը տալիս է մեզ վստահություն՝ առաջ մղվելու մեր վախերի միջով և մեր կատարյալ վստահությունը դնել մեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի բարության վրա:

Մեր տներում, մեր աշխատատեղերում, մեր Եկեղեցու կոչումներում, մեր սրտերում եկեք փոխարինենք վախը Քրիստոսի կատարյալ սիրով: Քրիստոսի սերը կփոխարինի վախը հավատքով:

Նրա սերը հնարավորություն կտա մեզ ճանաչել, վստահել և ունենալ հավատք մեր Երկնային Հոր բարության, Նրա աստվածային ծրագրի, Նրա ավետարանի և Նրա պատվիրանների հանդեպ: 21 Սիրելով Աստծուն և մեր մերձավորներին, Աստծո պատվիրաններին մեր հնազանդությունը ավելի շուտ կփոխակերպվի օրհնության, քան բեռ կդառնա: Քրիստոսի սերը կօգնի մեզ դառնալ մի փոքր ավելի բարի, ավելի ներող, ավելի հոգատար և ավելի նվիրված Նրա աշխատանքին:

Երբ մենք լցնենք մեր սրտերը Քրիստոսի սիրով, մենք կարթնանանք վերականգնված հոգևոր թարմությամբ և կքայլենք ուրախությամբ, վստահությամբ արթուն և առույգ՝ մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի լույսով և փառքով:

Ես վկայում եմ Հովհաննես Առաքյալի հետ. «Վախ չկայ [Քրիստոսի] սէրի մէջ»: 22 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ ընկերներ, Աստված ճանաչում է ձեզ կատարելապես: Նա սիրում է ձեզ կատարելապես: Նա գիտի ինչ է պահված ձեր ապագայում: Նա կամենում է, որ դուք «չվախենաք, բայց միայն հավատաք» 23 և «կենաք իր [կատարյալ] սէրի մէջ»: 24 Սա է իմ աղոթքը և օրհնությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջորջ Ուայթհեդն ու Ջոնաթան Էդվարդսը այդպիսի քարոզիչների երկու ականավոր օրինակներ են:

  2. Վարդապետություն և Ուխտեր 121.37

  3. Գաղատացիս 5.22–23

  4. Մի առիթով Փրկիչը կամենում էր մտնել Սամարացիների մի գյուղ, բայց մարդիկ մերժեցին Հիսուսին և չկամեցան ընդունել Նրան իրենց գյուղում: Նրա երկու աշակերտները խորապես վիրավորվեցին սրանից և հարցրին. «Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը եւ նորանց սատկեցնէ»: Հիսուսը պատասխանեց զգուշորեն. «Դուք չգիտէք թէ որ հոգու էք դուք: Որովհետեւ մարդի Որդին չեկավ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու» (տես Ղուկաս 9.51–56, Հակոբոս թագավորի նոր տարբերակ [1982]):

  5. Տես Մովսես 1.39, տես նաև Եփեսացիս 3.19

  6. Ելից 34.6

  7. Տես Եփեսացիս 3.19

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 121,41: Անշուշտ, եթե Աստված ակնկալում է մեզանից՝ Իր մահկանացու զավակներից, այսպես վարվել միմյանց հանդեպ, Նա՝ լինելով օժտված ամեն արժանիքով, օրինակ կլինի այդպիսի վարքի համար:

  9. Երկնքում նախամահկանացու Խորհուրդը գերազանց օրինակ է ուսումնասիրման համար, որը ցույց է տալիս Աստծո բնավորությունը: Այնտեղ մեր Այնտեղ մեր Երկնային Հայրը մեր հավերժական առաջընթացի համար ներկայացրեց Իր ծրագիրը: Այդ ծրագրի կարևոր մասերն ընդգրում էին ազատ կամքը, հնազանդությունը և փրկությունը Քրիստոսի Քավության միջոցով: Սակայն Լյուցիֆերն առաջարկեց տարբեր մոտեցում: Նա երաշխավորեց, որ բոլորը կհնազանդվեն, ոչ մեկը չի կորչի: Դրա իրականացման միակ ուղին կլիներ բռնության և ուժի միջոցով: Բայց մեր սիրառատ Երկնային Հայրը չկամեցավ թույլ տալ այդպիսի մոտեցում: Նա գնահատում էր Իր զավակների ազատ կամքը: Նա գիտեր, որ մենք պետք է սխալներ կատարեինք այդ ճանապարհին , եթե մենք իսկապես պիտի սովորեինք: Եվ այդ պատճառով Նա տվեց Փրկիչ, որի հավերժական զոհաբերությունը կարող էր մաքրել մեզ մեղքից և թույլ տալ մեր մուտքը դեպի Աստծո արքայություն:

    Երբ մեր Հայրը Երկնքում տեսավ, որ Իր սիրելի զավակներից շատերը գայթակղվեցին Լյուցիֆերի կողմից, Նա արդյոք հարկադրե՞ց նրանց հետևել Իր ծրագրին: Նա արդյո՞ք վախեցրեց կամ սպառնաց նրանց, ովքեր կատարում էին այդպիսի սոսկալի ընտրություն: Ոչ: Մեր ամենազոր Աստվածը կարող էր անշուշտ դադարեցնել այդ ապստամբությունը: Նա կարող էր պարտադրել Իր կամքը այլադավանների վրա և ստիպել նրանց ենթարկվել: Բայց դրա փոխարեն Նա թույլ տվեց Իր զավակներին ինքնուրույն ընտրել:

  10. Բ Տիմոթեոս 1.7

  11. Տես, օրինակ, Յեսու 1.9, Եսայիա 41.13, Ղուկաս 12.32, Հովհաննես 16.33, 1 Պետրոս 3.14, Վարդապետություն և Ուխտեր 6.36, 50.41, 61.36, 78.18:

  12. Ղուկաս 12.32

  13. Վարդապետություն և Ուխտեր 68.11

  14. Իր օրերում ժողովրդին տված Մովսեսի խորհուրդը դեռ կիրառելի է. «Մի վախիք, …տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար: » (Ելից 14.13, Հակոբոս թագավորի նոր տարբերակ):

  15. Երկրորդ Օրինաց 31.6

  16. Ելից 14.14, Հակոբոս թագավորի նոր տարբերակ

  17. Եսայիա 54.17

  18. Հովհաննես 16.33

  19. Վարդապետություն և Ուխտեր 90.24, տես նաև 2 Կորնթացիս 2.14, Վարդապետություն և Ուխտեր 105.14

  20. Ա Հովհաննես 4.18

  21. Եկեք հիշենք, որ Փրկիչը չեկավ «աշխարհք, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» (Հովհաննես 3.17): Փաստորեն, «Նա չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի, քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ» (2  Նեփի 26.24):

  22. 1 Հովհաննես 4.18, տես նաև 1 Հովհաննես 4.16

  23. Մարկոս 5.36

  24. Հովհաննես 15.10