2010–2019 թթ․
Եկեղեցու ընկերներին և լսողներին
Ապրիլ 2017


Եկեղեցու ընկերներին և լսողներին

Եթե դուք վճարեք հայտնության գինը՝ խոնարհեցնեք ձեզ, կարդաք, աղոթեք և ապաշխարեք, երկինքները կբացվեն և դուք կիմանաք, որ Հիսուսը Քրիստոսն է:

Ուրբաթ երեկոյան, 1988 թվականի սեպտեմբերի 16-ին, Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Վիսենտե Լոպեզ ծխի հավաքատանը ես մկրտվեցի, դառնալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Իմ լավ ընկերը՝ Ալին Սպաննաուսը, մկրտեց ինձ այդ օրը, և ես ինձ երջանիկ զգացի, թեթևացած, ավելին իմանալու ձգտումով:

Նկար
Երեց Կոստայի մկրտությունը

Այսօր կցանկանայի կիսվել որոշ դասերով, որոնք ես սովորել եմ իմ մկրտվելու ճանապարհին, դասեր, որոնք, հուսամ, կօգնեն այն լսողներին, ովքեր դեռ Եկեղեցու անդամ չեն: Ես աղոթում եմ, որ Հոգին դիպչի ձեր սրտերին այնպես, ինչպես իմ սրտին դիպավ:

Առաջինը՝ հանդիպել միսիոներներին

Առանց համոզիչ մարտահրավերների, կարիքների կամ հարցերի, ինչո՞ւ պետք է մարդը հետաքրքրված լինի միսիոներներին հանդիպելու և նրանց զրույցները լսելու հարցով: Դե, իմ դեպքում, դա սերն էր մի աղջկա հանդեպ, որի անունն էր Ռենե: Ես սիրահարվել էի նրան և ուզում էի ամուսնանալ նրա հետ: Նա տարբերվում էր և այլ չափանիշներ ուներ, քան ինձ ծանոթ երիտասարդ աղջիկներից շատերը: Բայց ես սիրահարվեցի նրան և խնդրեցի նրան ամուսնանալ ինձ հետ, իսկ նա ասաց՝ §ո՛չ¦:

Նկար
Երեց և քույր Կոստաները

Ես շփոթված էի: Ես կարծում էի, որ ինձ հետ ամուսնանալը երջանկություն կլիներ ինչ-որ մեկի համար: Ես բարետես էի, 24 տարեկան, ավարտել էի քոլեջը և շատ լավ աշխատանք ունեի: Նա խոսեց իր նպատակների մասին. ամուսնանալ միայն այն մարդու հետ, ով իրեն տաճար կտաներ, խոսեց հավերժական ընտանիք ունենալու մասին և մերժեց իմ առաջարկը: Ես ցանկանում էի շարունակել մեր շփումը, այնպես որ ես համաձայնեցի լսել միսիոներներին: Արդյոք լավ պատճառ չէ՞ միսիոներներին հանդիպելու համար: Ինձ համար այդպես էր:

Երբ ես առաջին անգամ հանդիպեցի միսիոներներին, նրանց ասածից շատ բաներ չէի հասկանում և, ճիշտն ասած, գուցե և շատ ուշադրություն չէի դարձնում նրանց վրա: Իմ սիրտը փակ էր նոր կրոնի համար: Ես միայն ուզում էի ապացուցել, որ նրանք սխալ են և ժամանակ շահեի՝ Ռենեին համոզելու, որ ամեն դեպքում ամուսնանա ինձ հետ:

Այսօր իմ երեխաներից ոմանք ծառայում են, իսկ մյուսներն արդեն ծառայել են միսիաներում, և ես հասկանում եմ այն զոհաբերությունները, որ այս երիտասարդ աղջիկներն ու տղաները կատարում են Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար: Երանի՜ թե ավելի մեծ ուշադրություն դարձնեի երեց Ռիչարդսոնին, երեց Ֆարելին և երեց Հայլենդին՝ այն հրաշալի միսիոներներին, ովքեր ինձ ուսուցանում էին:

Այսպիսով, իմ առաջին դասից ելնելով, դիմում եմ ձեզ՝ Եկեղեցու ընկերներ և լսողներ, երբ հանդիպեք միսիոներներին, խնդրում եմ լուրջ վերաբերվեք նրանց, հանուն ձեզ նրանք հրաժարվում են իրենց կյանքի կարևոր տարիներից:

Երկրորդը՝ գնալ Եկեղեցի

Երբ ես առաջին անգամ մասնակցեցի Եկեղեցու ժողովին, լսեցի շատ բառեր, որոնք ինձ անիմաստ թվացին: Ովքե՞ր էին Փեթակները, ի՞նչ էր Ահարոնյան Քահանայությունը, Սփոփող Միությունը:

Եթե սա առաջին անգամն է, որ դուք մասնակցում եք Եկեղեցու ժողովին և շփոթված եք, որ ինչ-որ բան չեք հասկանում, մի՛ մտահոգվեք: Ես նույնպես գաղափար չունեի: Սակայն մինչև հիմա ես հիշում եմ տպավորություններս, հանգստության և ուրախության նոր զգացումները, որոնք ունեցա: Ես այն ժամանակ չգիտեի, բայց Սուրբ Հոգին էր շշնջում իմ ականջներին և իմ սրտին. §Սա ճշմարիտ է¦:

Եվ այսպես, թույլ տվեք այս դասը ձևակերպել մեկ նախադասությամբ. եթե շփոթված եք, մի՛ մտահոգվեք, հիշեք ձեր ունեցած զգացմունքները՝ դրանք Աստծուց են:

Երրորդը՝ կարդալ Մորմոնի Գիրքը

Միսիոներների հետ մի քանի հանդիպումներ ունենալուց հետո ես չէի առաջադիմում: Ես զգում էի, որ չեմ ստացել հաստատում ավետարանի ճշմարտացիության մասին:

Մի օր Ռենեն հարցրեց ինձ. «Դու կարդո՞ւմ ես Մորմոնի Գիրքը»:

Ես պատասխանեցի. «Ո՛չ: Ես լսել եմ միսիոներներին, դա բավական չէ՞»:

Արցունքոտ աչքերով Ռենեն վստահեցրեց ինձ, որ նա գիտի, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և բացատրեց, որ եթե ուզում եմ իմանալ, թե արդյոք այն ճշմարիտ է, միակ ճանապարհը (կռահեք ո՞րն է)՝ կարդալն է: Դրանից հետո հարցրեք:

Կարդացեք, խորհեք ձեր սրտում և «հարց[րեք] Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով… մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» (Մորոնի 10.4)՝ թե արդյո՞ք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, արդյո՞ք սա ճշմարիտ Եկեղեցի է:

Այսպես՝ երրորդ դասը մի նախադասությամբ. երբ ստանաք այս բաները՝ Մորմոնի Գիրքը, և ձեզ կոչ արվի կարդալ և հարցնել Աստծուն, թե արդյո՞ք դրանք ճշմարիտ են, ապա խնդրում եմ արե՛ք դա:

Վերջինը՝ ապաշխարել

Վերջին փորձառությունը, որի մասին կցանկանայի խոսել, ապաշխարությունն է: Երբ ես մասնակցեցի միսիոներական բոլոր զրույցներին, ես դեռ համոզված չէի, որ կարիք կա փոխելու ինչ-որ բան իմ կյանքում: Երեց Քաթլերը՝ երիտասարդ, վստահ մի միսիոներ, ով այդքան էլ լավ չէր խոսում իսպաներեն, մի օր ասաց ինձ. «Յոքին, արի միասին կարդանք Ալմա 42 գլուխը, և կարդալիս տեղադրենք այնտեղ քո անունը»:

Ես կարծում էի, որ հիմարություն է այդպես անելը, բայց արեցի ինչպես երեց Քաթլերը խնդրեց և կարդացի հատված 1-ը. «Եվ այժմ, որդի՛ս, [Յոքին], ես զգում եմ, որոշ բան էլ կա, որը հուզում է քո միտքը, որը դու չես կարողանում հասկանալ»: Սա ի՜նչ բան էր, գիրքը խոսում էր ինձ հետ:

Եվ մենք կարդացինք հատված 2-ը. «Արդ, ահա, որդի՛ս, [Յոքին], ես կբացատրեմ այս բանը քեզ» և ապա նկարագրվում էր Ադամի անկումը:

Հետո, հատված 4-ը. «Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ կար մի ժամանակահատված շնորհված [Յոքինին] ապաշխարելու համար»:

Մենք շարունակեցինք հատված առ հատված դանդաղ կարդալ, մինչև հասանք վերջին երեք հատվածներին: Դրանից հետո ինձ մի հզոր ուժ հարվածեց: Գիրքը խոսեց ուղիղ ինձ հետ և ես սկսեցի լացել, երբ կարդացի. «Եվ այժմ, [Յոքին], որդի՛ս, ես փափագում եմ, որ դու այլևս չթողնես, որ այս բաները խռովեն քեզ, և թող միայն քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի քեզ վար՝ դեպի ապաշխարություն» (հատված 29-ը):

Հիմա հասկանում եմ, որ ես ակնկալում էի հայտնություն ստանալ, առանց դրա դիմաց որևէ գին վճարելու: Դրանից առաջ ես երբեք չէի խոսել Աստծո հետ և մեկի հետ խոսելու գաղափարը, ով ներկա չէր, ինձ հիմարություն էր թվում: Ես պետք է խոնարհեցնեի ինձ և անեի այն, ինչ ինձ խնդրել էին, նույնիսկ եթե իմ աշխարհիկ մտքին դա հիմարություն էր թվում:

Այդ օրը ես բացեցի իմ սիրտը Հոգու համար, ցանկացա ապաշխարել, և ցանկացա մկրտվել: Մինչև այդ պահը ես մտածում էի ապաշխարության մասին որպես բացասական մի երևույթի, որը կապակցված էր մեղքի և սխալմունքի հետ, բայց հանկարծ ես տեսա այն մի ուրիշ լույսով՝ որպես դրական մի բան, որը մաքրում էր ճանապարհը դեպի աճ և երջանկություն:

Երեց Քաթլերն այստեղ է այսօր և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան աչքերս բացելու համար: Այդ օրվանից ի վեր կյանքում իմ կատարած ամեն մի որոշումն այդ պահի ազդեցությամբ է կատարվում, երբ ես խոնարհեցրի ինձ ու աղոթեցի ներման համար, և Հիսուս Քրիստոսի քավությունը իմ կյանքի մի մասը դարձավ ինձ համար:

Այսպես՝ վերջին դասը մեկ նախադասությամբ. գործի դրեք ապաշխարությունը, ոչինչ այդպես չի մոտեցնի ձեզ Տեր Հիսուս Քրիստոսին, ինչպես փոխվելու ցանկությունը:

Իմ սիրելի լսող, Եկեղեցու ընկեր, եթե այսօր լսում եք, դուք շատ մոտ եք ամենամեծ ուրախությանը հասնելուն: Դուք մոտ եք:

Թույլ տվեք հրավիրել ձեզ սրտիս ողջ կորովով և հոգուս խորքից. գնացե՛ք և մկրտվե՛ք: Դա ամենալավ բանն է, որ դուք երբևէ կանեք: Դա կփոխի ոչ միայն ձեր կյանքը, այլև՝ ձեր երեխաների ու թոռների կյանքը:

Նկար
Երեց և քույր Կոստաների հարսանիքի օրը

Տերն օրհնել է ինձ ընտանիքով: Ես ամուսնացել եմ Ռենեի հետ, և մենք չորս գեղեցիկ երեխաներ ունենք: Եվ իմ մկրտության շնորհիվ, ես կարող եմ, ինչպես Լեքին հնում, հրավիրել նրանց ճաշակելու կյանքի ծառի պտղից, որն Աստծո սերն է (տես 1  Նեփի 8.15, 11:25): Ես կարող եմ օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը:

Խնդրում եմ, հաշվի առեք իմ փորձառությունները և (1) միսիոներներին շատ լուրջ վերաբերվեք, (2) գնացեք եկեղեցի և հիշեք հոգևոր զգացմունքները, (3) կարդացեք Մորմոնի Գիրքը և հարցրեք Տիրոջը, թե արդյո՞ք այն ճշմարիտ է, (4) գործի դրեք ապաշխարությունը և մկրտվեք:

Ես վկայում եմ ձեզ, որ եթե դուք վճարեք հայտնության գինը, խոնարհեցնեք ինքներդ ձեզ, կարդաք, աղոթեք և ապաշխարեք, երկինքները կբացվեն և դուք կիմանաք, ինչպես ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է, Նա իմ և ձեր Փրկիչն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: