2010–2019 թթ․
Վերադառնալ և ստանալ
Ապրիլ 2017


Վերադառնալ և ստանալ

Ամենակարևոր նպատակները, որոնք կարող ենք սահմանել՝ վերադառնալ Աստծո ներկայություն և ստանալ հավերժական օրհնություններ, տեղի կունենա ուխտեր կապելու և դրանք պահելու արդյունքում:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինձ հանձնարարված է այժմ ելույթ ունենալ ձեզ համար, իսկ ձեզ հանձնարարված է՝ լսել: Իմ նպատակն է ավարտել իմ հանձնարարությունն ավելի շուտ, քան դուք կավարտեք ձերը: Ես կաշխատեմ դա անել:

Տարիներ շարունակ ես նկատել եմ, որ մարդիկ, ովքեր ամենաշատ նվաճումներն ունեն այս աշխարհում, նրանք են, ովքեր ունեն իրենց կյանքի տեսլականը, ունեն նպատակներ, որոնք նրանց կենտրոնացնում են տեսլականի վրա, և ունեն մարտավարական ծրագրեր, թե ինչպես հասնել այդ նպատակներին: Իմանալով, թե ուր եք գնում և ինչպես եք պատրաստվում հայտնվել այնտեղ, կարող եք ձեր կյանքին տալ իմաստ, նպատակ և հաջողություն:

Ոմանք դժվարանում են տարբերել նպատակն ու ծրագիրը, մինչև չեն սովորում, որ նպատակը նշանակման վայրն է կամ վերջը, մինչդեռ ծրագիրը երթուղին է, որով դուք հասնում եք այնտեղ: Օրինակ, մենք կարող ենք ունենալ նպատակ՝ մեքենան վարել դեպի մի անծանոթ վայր, և սիրելի քույրե՛ր, ինչպես ձեզանից ոմանք գիտեն, տղամարդիկ հաճախ կարծում են, թե գիտեն՝ ինչպես հասնել այնտեղ, որը հաճախ է հանգեցնում նրան, որ ասում են. «Ես գիտեմ, դա հենց հաջորդ խաչմերուկի մոտ է»: Կինս երևի ժպտում է: Նպատակը պարզ էր, սակայն նպատակակետին հասնելու համար չկար մի լավ ծրագիր:

Նպատակի սահմանումն իրականում սկսվում է, երբ մտքում արդեն ունենք ավարտը: Իսկ ծրագիր կազմելը՝ ավարտին հասնելու ուղի մշակելն է: Երջանկության բանալին իսկապես կարևոր նպատակակետերը հասկանալու մեջ է, որից հետո պետք է մեր ժամանակը, ջանքերը և ուշադրությունը կենտրոնացնենք այն բաների վրա, որոնք վստահ ճանապարհ կգցեն այնտեղ հասնելու համար:

Աստված՝ մեր Երկնային Հայրը, նպատակ սահմանելու և ծրագրելու հրաշալի օրինակ է տվել մեզ: Նրա նպատակն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»1 և այդ նպատակին հասնելու Նրա միջոցը փրկության ծրագիրն է:

Մեր սիրելի Երկնային Հոր ծրագիրը տալիս է մեզ աճելու, ձգտելու, սովորելու հնարավորություն, մահկանացու կյանք, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի նմանվել Նրան: Ծածկելով մեր հավերժական հոգիները ֆիզիկական մարմիններով, ապրելով Նրա Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և պատվիրաններին համաձայն, կազմելով հավերժական ընտանիքներ, ինչպես նաև Փրկիչի քավության շնորհիվ մեզ կհաջողվի իրականացնել Աստծո նպատակը՝ Նրա զավակների անմահությունն ու հավերժական կյանքը Նրա հետ սելեստիալ թագավորությունում:

Իմաստուն նպատակադրությունը ենթադրում է հասկանալ, որ կարճաժամկետ նպատակներն այն դեպքում են արդյունավետ, երբ դրանք հանգեցնում են հստակ հասկանալի երկարաժամկետ նպատակների: Ես կարծում եմ, որ երջանկության կարևոր բանալիներից մեկն է սովորել, թե ինչպես սահմանենք մեր սեփական նպատակները և ստեղծենք ծրագրեր մեր Երկնային Հոր հավերժական ծրագրի շրջանակներում: Եթե մենք կենտրոնանանք այս հավերժական ուղու վրա, մենք անպայման կարժանանանք Նրա ներկայություն վերադառնալուն:

Լավ է նպատակներ և ծրագրեր ունենալ մեր կարիերայի, կրթության, նույնիսկ գոլֆի խաղի համար: Կարևոր է նաև նպատակներ ունենալ մեր ամուսնության, ընտանիքի և Եկեղեցու մեր խորհուրդների ու կոչումների վերաբերյալ, սա հատկապես տեղին է միսիոներների դեպքում: Բայց մեր ամենամեծ և առավել գերիշխող նպատակները պետք է լինեն Երկնային Հոր հավերժական ծրագրի շուրջ: Հիսուսն ասել է. «Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ»:2

Նպատակադրման հարցում փորձառու մարդիկ ասում են, որ որքան պարզ ու շիտակ է նպատակը, այնքան ավելի արդյունավետ է այն: Երբ կարող ենք ամփոփել նպատակը, վերածելով մի պարզ պատկերի կամ մեկ-երկու զորավոր ու սիմվոլիկ խոսքերի, նպատակն այդ ժամանակ կդառնա մեր անբաժանելի մասը և, ըստ էության, կառաջնորդի մեր մտածած ու կատարած ամեն մի քայլը: Իմ համոզմամբ, կա երկու բառ, որոնք այս համատեքստում խորհրդանշում են Աստծո նպատակները մեզ համար և մեր ամենակարևոր նպատակներն են մեր վերաբերյալ: Դրանք են վերադառնալ և ստանալ բառերը:

Նրա ներկայություն վերադառնալը և հավերժական օրհնություններ ստանալը, որոնք իրականացվում են ուխտեր կապելով և պահելով, ամենակարևոր նպատակներն են, որոնք մենք կարող ենք սահմանել:

Մենք վերադառնում և ստանում ենք՝ «անխախտ հավատքով [Տեր Հիսուս Քրիստոսի] հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին,… առաջ մղվե[լով] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ…   սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերե[լով] մինչև վերջ»:3

Լյուցիֆերը չընդունեց մեր Հոր ծրագիրը, որը թույլ է տալիս մեզ վերադառնալ Նրա ներկայություն և ստանալ Նրա օրհնությունները: Ի դեպ, Լյուցիֆերն ապստամբեց և փորձեց ամբողջությամբ փոխել մեր Հոր ծրագիրը, ցանկանալով իրեն վերցնել Աստծո փառքը, պատիվը և զորությունը: Արդյունքում նա իր կողմնակիցների հետ վտարվեց Աստծո ներկայությունից և «դարձավ սատանա, այո, այսինքն՝ դևը, բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել [Տիրոջ] ձայնին»:4

Իր նախաերկրային ընտրությունների պատճառով Սատանան չի կարող ո՛չ վերադառնալ, ո՛չ էլ՝ ստանալ: Միակ բանը, որ մնում է նրան՝ ընդդիմանալ Հոր ծրագրին, օգտագործելով բոլոր հնարավոր հրապուրանքներն ու գայթակղությունները, մեզ տանելու ներքև և դարձնելու թշվառ, ինչպես ինքն է:5 Սատանայի դիվային նպատակն իրականացնելու ծրագիրը վերաբերում է ցանկացած անհատի, սերնդի, մշակույթի և հասարակության: Նա օգտագործում է բարձր ձայներ՝ ձայներ, որոնք փորձում են խորտակել Սուրբ Հոգու մեղմ ու ցածր ձայնը, որը մեզ ցույց է տալիս «բոլոր բաները», որոնք մենք պետք է անենք, որպեսզի վերադառնանք և ստանանք:6

Այդ ձայները պատկանում են նրանց, ովքեր արհամարհում են ավետարանի ճշմարտությունը, ովքեր օգտագործում են համացանցը, սոցիալական և տպագիր լրատվամիջոցները, հեռուստատեսությունն ու ֆիլմերը, որպեսզի հրապուրիչ ձևով ներկայացնեն անբարոյականությունը, բռնությունը, տգեղ լեզուն, կեղտն ու գռեհկությունը. մի ձև, որը կշեղի մեզ հավերժությանն ուղղված մեր նպատակներից և ծրագրերից:

Այս ձայները կարող են ներառել նաև բարյացակամ անհատներին, ովքեր կուրացած են տղամարդկանց և կանանց աշխարհիկ փիլիսոփայություններով, ովքեր ձգտում են ոչնչացնել հավատքը և շեղել մարդկանց հավերժական կենտրոնացումը, ովքեր պարզապես փորձում են վերադառնալ Աստծո ներկայություն և ստանալ §այն ամենն, ինչ [մեր] Հայրն ունի¦:7

Ես պարզել եմ, որպեսզի կենտրոնացած մնամ վերադառնալու և ստանալու խոստացված օրհնությունների վրա, ես պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»:

Դա նման է ինքդ քեզ հետ անհատական առանձնազրույց ունենալուն: Եթե դա տարօրինակ է թվում, մտածեք դրա մասին. այս աշխարհում ձեզանից լավ ո՞վ է ձեզ ճանաչում: Դուք գիտեք ձեր մտքերը, սեփական գործողությունները, ձեր ցանկությունները և երազանքները, նպատակներն ու ծրագրերը: Եվ դուք ավելի լավ գիտեք, քան ուրիշ որևէ մեկը, թե ինչպես եք առաջադիմում վերադառնալու և ստանալու ճանապարհին:

Այս անձնական առանձնազրույցի ժամանակ որպես ուղեցույց ես սիրում եմ կարդալ և խորհել ինքնավերլուծական խոսքերը, որոնք տրված են Ալմայի հինգերերդ գլխում, որտեղ Ալման հարցնում է. «Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:8 Ալմայի հարցերը հիշեցում են, թե մեր նպատակներն ու ծրագրերը ինչ պիտի պարունակեն, որպեսզի վերադառնանք և ստանանք:

Հիշեք Փրկիչի հրավերը. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»:9

Երբ մեծացնում ենք մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի զորության հանդեպ, որը տալիս է հանգստություն մեր հոգիներին՝ ներելով մեր մեղքերը, փրկագնելով անկատար հարաբերությունները, բուժելով հոգևոր վերքերը, որոնք զսպում են աճը, մի զորության, որն ամրացնում է մեզ ու հնարավորություն տալիս, որ զարգացնենք քրիստոսանման հատկանիշներ, ապա մենք ավելի խորն ենք գնահատում Տեր Հիսուս Քրիստոսի Քավության մեծությունը:10

Գալիք շաբաթների ընթացքում ժամանակ գտեք վերանայելու ձեր կյանքի նպատակները և ծրագրերը, հավաստիացեք, որ դրանք համահունչ են մեր երջանկությանը նվիրված Երկնային Հոր մեծ ծրագրի հետ: Եթե կարիք ունեք ապաշխարելու և փոխվելու, ապա աշխատեք հիմա անել դա: Ժամանակ գտեք աղոթքով խորհել, թե ինչ փոփոխություններ են հարկավոր, որպեսզի լինեք «պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»:11

Վարդապետությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանը մենք պետք է պահենք մեր նպատակների և ծրագրերի կենտրոնում: Առանց Նրա ոչ մի հավերժական նպատակ հնարավոր չէ և հավերժական նպատակներին հասնելու մեր ծրագրերն անկասկած կձախողվեն:

Նկար
»Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը

Լրացուցիչ օգնության աղբյուր կարող է հանդիսանալ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»12 նյութը, որը ներկայացվել է Եկեղեցուն 2000 թվականի հունվարի 1-ին: Այն դրեք տեսանելի մի տեղում և ժամանակ գտեք աչքի անցկացնել յուրաքանչյուր կետը, որ գրված է Քրիստոսի մասին ոգեշնչված այս վկայության մեջ Նրա հատուկ վկաների կողմից, ովքեր և ստորագրել են այն:

«

Ես կհորդորեի ձեզ կարդալ դա «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի հետ մեկտեղ: Մենք հաճախ ենք խոսում ընտանիքի հայտարարության մասին, սակայն խնդրում եմ հիշեք, որ կարդաք այն Կենդանի Քրիստոսի փրկող զորության լույսի ներքո: Առանց Կենդանի Քրիստոսի, մեր ամենաբաղձալի ակնկալիքներն անկատար կմնան: Ինչպես ասվում է ընտանիքի հայտարարության մեջ. «Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար՝ վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը»:13

Սա կարող է տեղի ունենալ միայն շնորհիվ նրա, որ Կենդանի Քրիստոսն է աշխարհին քավություն պարգևող Փրկիչն ու Քավիչը:

Այս կապակցությամբ դուք կարող եք նաև որոնումներ կատարել սուրբ գրություններում, որպեսզի ավելի խորը հասկանաք «Կենդանի Քրիստոս»-ում գտնվող հատուկ ճշմարտությունները:

«Կենդանի Քրիստոսը» աղոթքով կարդալը նման է Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի, ինչպես նաև Մորմոնի Գրքի մարգարեների վկայությունները կարդալուն: Դա կմեծացնի ձեր հավատքը Փրկիչի հանդեպ և կօգնի, որ կենտրոնացած մնաք Նրա վրա, երբ ծրագրեր եք կազմում՝ ձեր հավերժական նպատակներին հասնելու համար:

Չնայած մեր սխալներին, թերություններին, շեղումներին և մեղքերին, Հիսուս Քրիստոսի քավությունը թույլ է տալիս մեզ ապաշխարել, պատրաստվել վերադառնալու և ստանալու Աստծո խոստացած անզուգական օրհնությունները, որպեսզի ընդմիշտ ապրենք Հոր և Որդու հետ սելեստիալ թագավորության ամենաբարձր փառքում:14

Այժմ, ինչպես բոլորդ գիտեք, ոչ ոք չի խուսափելու մահից, հետևաբար, մեր երկարաժամկետ նպատակն ու ծրագիրը պետք է լինի այն, որ երբ մենք վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ, ստանանք «այն ամենն, ինչ Հայրն ունի», նախատեսված մեզանից յուրաքանչյուրի համար:15

Ես վկայում եմ, որ մահկանացու կյանքում չկա ավելի մեծ նպատակ, քան մեր Երկնային Ծնողների և մեր սիրելի Փրկիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հավերժ ապրելը: Սակայն դա ավելին է, քան մեր նպատակը, դա նաև Նրանց նպատակն է: Նրանք կատարյալ սեր ունեն մեր հանդեպ, ավելի զորավոր, քան մենք կարող ենք նույնիսկ ընկալել: Նրանք ամբողջությամբ, լիարժեք, հավերժ միավորված են մեզ հետ: Մենք նրանց աշխատանքն ենք: Մեր փառքը Նրանց փառքն է: Ամեն ինչից առավել Նրանք ցանկանում են, որ մենք տուն գնանք՝ վերադառնանք և ստանանք հավերժական երջանկություն Իրենց ներկայությունում:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մի շաբաթից մենք կտոնենք Արմավենյաց Կիրակին՝ հիշատակելով Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Երկու շաբաթից մենք կտոնենք Զատիկի Կիրակին, նշելով Փրկիչի հաղթանակը մահվան հանդեպ:

Կենտրոնացնելով մեր ուշադրությունը Փրկիչի վրա այս երկու հատուկ կիրակիների ընթացքում, եկեք հիշենք Նրան և թարմացնենք մեր կյանքի տևողությամբ պարտավորությունը՝ պահել Նրա պատվիրանները: Եկեք նայենք մեր սեփական կյանքի խորքերը, նպատակներ դնենք և կենտրոնանանք մեր ծրագրերի վրա, որոնք համահունչ կլինեն Աստծուն, այնպես, որ ի վերջո, կտանեն մեզ դեպի վերադառնալու և ստանալու մեր թանկագին արտոնությունը: Սա է իմ խոնարհ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: