2010–2019 թթ․
Մեղքին դիմակայող սերունդ
Ապրիլ 2017


Մեղքին դիմակայող սերունդ

Երբ դուք ուսուցանեք, առաջնորդեք ու սիրեք երեխաներին, դուք կստանաք անձնական հայտնություն, որը կօգնի ձեզ մեծացնել ու զինել քաջ, մեղքին դիմակայող սերունդ:

Մեկ տարի առաջ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսեց «մեղքին դիմակայող սերունդ ուսուցանելու և մեծացնելու» անհրաժեշտության մասին:1 «Մեղքին դիմակայող սերունդ» արտահայտությունը խորը հոգևոր իմաստ ունեցավ ինձ համար:

Մենք պատվում ենք այն երեխաներին, ովքեր ձգտում են ապրել մաքուր ու հնազանդ կյանքով: Ես ականատես եմ եղել շատ երեխաների զորությանն ամբողջ աշխարհով մեկ: Նրանք դիմակայում են, «հաստատուն և անխախտ»2 են զանազան դժվարին հանգամանքներում և միջավայրերում: Այս երեխաները հասկանում են իրենց աստվածային էությունը, զգում են Երկնային Հոր սերն իրենց հանդեպ և ձգտում են հնազանդվել Նրա կամքին:

Այնուամենայնիվ, կան երեխաներ, ովքեր «հաստատուն և անխախտ» կանգնելու համար ճիգեր են գործադրում, և ում նրբազգաց մտքերը խոցվում են:3 «Հակառակորդի կրակոտ նետերը»4 գրոհում են նրանց վրա ամեն կողմից, և նրանք ունեն զորացման ու աջակցության կարիք: Նրանք մեզ համար մեծ շարժառիթ են հանդիսանում, որպեսզի մենք ներգրավվենք մեր երեխաներին Քրիստոսի մոտ բերելու մեջ ու մեղքի դեմ պատերազմ մղենք:

Եկեք լսենք Երեց Բրյուս  Ռ. ՄակՔոնկիի խոսքերը, որոնք նա ասել է 43 տարի առաջ.

«Որպես Եկեղեցու անդամներ, մենք ներգրավված ենք մի հզոր պայքարի մեջ: Մենք պատերազմի մեջ ենք: Մենք զինվորագրված ենք Քրիստոսի բանակում` Լյուցիֆերի դեմ կռվելու համար: …

Մեծ պատերազմը, որը մոլեգնում է ամենուր, և որը, դժբախտաբար, մեծ կորուստներ է տալիս, ընդհուպ մահացու, նորություն չէ: …

Այժմ այս պատերազմում չկան ու չեն էլ կարող լինել չեզոք գոտում գտնվողներ»:5

Այսօր պատերազմն ավելի ուժգին է շարունակվում: Այն ազդում է բոլորիս վրա, իսկ մեր երեխաներն առաջին գծում են կանգնած` դեմ առ դեմ հակազդող ուժերին: Այսպիսով, կարիքը դրդում է, որ մենք ամրացնենք մեր հոգևոր ռազմավարությունը:

Որպեսզի երեխաները դառնան մեղքին դիմակայող, նրանց պիտի ամրացնենք, որն էլ հանդիսանում է ծնողների, տատիկ-պապիկների, ընտանիքի անդամների, ուսուցիչների ու ղեկավարների պարտականությունն ու օրհնությունը: Մեզանից յուրաքանչյուրն օգնելու պատասխանատվություն է կրում: Այնուամենայնիվ, Տերը, հատկապես ծնողներին է պատվիրել ուսուցանել իրենց երեխաներին, որպեսզի նրանք «հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի` առ Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի», և «[աղոթեն] և ուղիղ [քայլեն] Տիրոջ առաջ»:6

Այն հարցը, թե ինչպես «[մեծացնենք մեր] երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»,7 կարող է դժվար լինել, քանի որ այն անհատականացված է յուրաքանչյուր ընտանիքի ու յուրաքանչյուր երեխայի համար, սակայն Երկնային Հայրը տվել է համընդհանուր ուղենիշներ, որոնք մեզ կօգնեն: Սուրբ Հոգին մեզ կոգեշնչի ամենաարդյունավետ ձևերով, որպեսզի մեր երեխաներին ապահովենք հոգևոր պաշտպանությամբ:

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ այս պատասխանատվության կարևորությունը: Մենք պետք է հասկանանք մեր և նրանց աստվածային էությունն ու նպատակը, նախքան կկարողանանք օգնել մեր երեխաներին հասկանալ, թե ովքեր են իրենք և ինչու են այստեղ: Մենք, անկասկած, պետք է օգնենք նրանց հասկանալ, որ իրենք սիրառատ Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են, և որ Նա աստվածային ակնկալիքներ ունի իրենցից:

Երկրորդ` մեղքին դիմակայող դառնալու համար անհրաժեշտ է հասկանալ ապաշխարության վարդապետությունը: Մեղքին դիմակայող լինել չի նշանակում անմեղ լինել, այլ նշանակում է շարունակաբար ապաշխարող, զգոն ու անվեհեր լինել: Գուցե մեղքին դիմակայող լինելը օրհնություն է, որը գալիս է շարունակաբար մեղքին դիմակայելուց: Ինչպես ասել է Հակոբոսը. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, և նա կփախչի ձեզանից»:8

Պատանի մարտիկներն «անսահման անվեհեր էին խիզախության մեջ,   … , բայց ահա, դա բոլորը չէր, նրանք … հավատարիմ էին բոլոր դեպքերում, ինչ էլ որ նրանց վստահվում էր: Այո, … նրանց սովորեցրել էին պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ` նրա առաջ»:9 Այս երիտասարդ տղամարդիկ պատերազմ գնացին` Քրիստոսանման արժանիքները որպես զենք կրելով իրենց հակառակորդի դեմ: Նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնը հիշեցրել է մեզ, որ «մենք բոլորս էլ պետք է մշտապես քաջություն դրսևորենք: Մեր ամենօրյա կյանքում քաջությունը պարտադիր է ոչ թե նշանակալից իրադարձությունների համար, այլ շատ հաճախ որոշումներ կայացնելիս կամ մեզ շրջապատող իրավիճակներին արձագանքելիս»:10

Մեր երեխաները կրում են հոգևոր զենք, երբ ամեն օր փորձում են լինել Քրիստոսի իսկական հետևորդ: Մենք գուցե թերագնահատում ենք երեխաների` ամեն օր Քրիստոսի հետևորդ լինելու կարողության գաղափարը: Նախագահ Հենրի  Բ. Այրինգը մեզ խորհուրդ է տվել «սկսել վաղ տարիքում և հաստատուն կերպով շարունակել»:11 Այսպիսով, երեխաներին օգնելու երրորդ բանալին, որպեսզի նրանք դառնան մեղքին դիմակայող, վաղ տարիքում նրանց ավետարանի հիմնական վարդապետությունն ու չափանիշները սիրով ուսուցանելն է սուրբ գրություններից, Հավատո հանգանակից, «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից, Երեխաների Խմբի երգերից, օրհներգերից և մեր անձնական վկայություններից, որոնք կառաջնորդեն երեխաներին դեպի Փրկիչը:

Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի և Հանգստության օրը երկրպագելու հետևողական սովորություններ ստեղծելը հանգեցնում է լիարժեքության զգացումի, ներքին կայունության և բարոյական բարձր արժեքների, այլ կերպ ասած` հոգևոր ուժի: Այսօրվա աշխարհում, որտեղ շիտակությունն անհետացել է, մեր երեխաներն արժանի են հասկանալ, թե ինչ է նշանակում իսկական շիտակությունը, և ինչու է այն այդքան կարևոր, հատկապես, երբ մկրտության ժամանակ և տաճարում պատրաստում ենք նրանց կապել ու պահել սրբազան ուխտերըԻնչպես ուսուցանում է «Քարոզիր իմ ավետարանը»,ձեռնարկը՝ «Պարտավորություններ պահելը մարդկանց [այդ թվում նաև տարիքով փոքր երիտասարդներին] օգնում է կապել ու պահել սուրբ ուխտերը»:12

Երեց Ջեֆրի  Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Երբ մենք խոսում ենք ուխտ պահելու մասին, խոսում ենք մահկանացու կյանքում մեր ամենակարևոր նպատակի մասին»:13 Արտասովոր ուժ կա մեր Երկնային Հոր հետ ուխտեր կապելու և պահելու մեջ: Հակառակորդը գիտի դա, դրա համար նա մթագնում է ուխտ կապելու գաղափարը: 14 Երեխաներին օգնելը, որպեսզի նրանք հասկանան, կապեն ու պահեն սրբազան ուխտերը, հանդիսանում է ևս մեկ բանալի մեղքին դիմակայող սերունդ ձևավորելու համար:

Ինչպե՞ս ենք մեր երեխաներին նախապատրաստում կապել ու պահել սրբազան ուխտեր, երբ նրանք մտնեն ուխտի մեջ ու առաջ ընթանան այդ ճանապարհով: Փոքր հասակում երեխաներին ուսուցանելով պահել հասարակ խոստումները, կօգնենք նրանց հետագայում պահել սուրբ ուխտերը:

Թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի պարզ օրինակով. ընտանեկան երեկոյի ժամանակմի հայր հարցրեց. «Ինչպե՞ս են մեր հարաբերություններն ընտանիքում միմյանց հետ»: Հինգ տարեկան Լիզին բողոքեց, որ իր մեծ եղբայրը` Քեվինը, շատ էր կատակում իր հետ, և վիրավորում էր իր զգացմունքները: Քեվինը դժկամորեն ընդունեց, որ Լիզին ճիշտ է: Քեվինի մայրը հարցրեց նրան, թե նա ինչ կարող է անել, որպեսզի լավացնի իր հարաբերությունները քրոջ հետ: Քեվինը մտածեց ու որոշեց, որ նա կխոստանա Լիզիին, որ մի ամբողջ օր չի կատակի նրա հետ:

Հաջորդ օրվա վերջում, երբ բոլորը հավաքվեցին ընտանեկան աղոթքի համար, Քեվինի հայրը հարցրեց նրան, թե ինչպես է նա իրեն պահել: Քեվինը պատասխանեց. «Հայրի՛կ, ես խոստումս պահել եմ»: Լիզին ուրախությամբ համաձայնվեց և ընտանիքը շնորհավորեց Քեվինին:

Այնուհետև Քեվինի մայրն առաջարկեց, որ եթե նա իր խոստումը կարող է պահել մի օր, ապա ինչո՞ւ չպիտի փորձի պահել երկու օր: Երկու օր անցավ, Քեվինին հաջողվում էր պահել իր խոստումը, իսկ Լիզին ավելի քան երախտապարտ էր: Երբ նրա հայրը հարցրեց, թե ինչու է նա պահում իր խոստումներն այդքան լավ, Քեվինն ասաց. «Ես պահեցի իմ խոստումը, որովհետև խոստացել էի»:

Փոքր, հաջողությամբ պահված խոստումների հաջորդականությունը տանում է դեպի շիտակություն: Խոստումը հետևողականորեն պահելը երեխաների համար հոգևոր նախապատրաստություն է, որպեսզի ստանան մկրտության իրենց առաջին ուխտը և Սուրբ Հոգու պարգևը, որտեղ նրանք Աստծուն ծառայելու և Նրա պատվիրանները պահելու ուխտ են կապում: 15 Խոստումներն ու ուխտերը միմյանցից անբաժան են:

Դանիելի գրքից մենք սովորում ենք, որ Սեդրաքը, Միսաքը ու Աբեդնագովը հրաժարվում են պաշտել Նաբուգոդոնոսոր թագավորի արձանը: 16 Թագավորը զգուշացնում է, որ նրանց կգցեն բորբոքված կրակով հնոցը, եթե չհնազանդվեն: Նրանք հրաժարվեցին ու ասացին:

«Ահա մեր Աստուածը որիմ մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը: …

«Եվ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում»:17

«Եվ եթէ ոչ»: Խորհեք այս երեք բառերի նշանակության մասին, և ինչպես են դրանք առնչվում ուխտեր պահելու հետ: Այս երեք երիտասարդ տղամարդիկ չհնազանդվեցին պարզապես փրկվելու համար: Նույնիսկ, եթե չփրկվեին, նրանք կպահեին Տիրոջը տված իրենց խոստումը, որովհետև նրանք խոստացել էին: Անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակում ենք, պետք է պահենք մեր ուխտերը: Այս երեք երիտասարդ տղամարդիկ, պատանի մարտիկների նման, մեր երեխաների համար հրաշալի օրինակներ են, ովքեր դիմակայում են մեղքին:

Ինչպե՞ս են այս օրինակները կիրառվում մեր տներում և ընտանիքներում: «Տող առ տող, ցուցում առ ցուցում»18 մենք օգնում ենք մեր երեխաներին փոքր պատառներով ճաշակել հաջողության համը: Երբ նրանք պահում են իրենց խոստումները, զգում են Սուրբ Հոգին իրենց կյանքում: Երեց Ջոզեֆ  Բ. Վիրթլին ուսուցանել է, որ «Շիտակության ամենամեծ պարգևը Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունն ունենալն է»:19 Այնուհետև մեր երեխաների «վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ»:20 Շիտակության աղբյուրից բխում է զորեղ, մեղքին դիմակայող սերունդ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ձեր փոքրիկների հանդեպ ուշադիր եղեք, այնքան ուշադիր, որ նրանք տեսնեն ձեր ամենօրյա կրոնասեր պահվածքն ու զննեն, թե ինչպես եք պահում ձեր խոստումներն ու ուխտերը: «Երեխաները հրաշալի ընդօրինակողներ են, այնպես որ, թող որ ձեզանից մի հրաշալի բան ընդօրինակեն»:21 Մենք իսկապես խոստում առ խոստում, ուխտ առ ուխտ օգնում ենք Տիրոջ համար ուսուցանել ու մեծացնել մեղքին դիմակայող սերունդ:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն առաջնորդում է այս Եկեղեցին: Երբ դուք ուսուցանեք, առաջնորդեք ու սիրեք երեխաներին, ինչպես Փրկիչն է սիրում, դուք կստանաք անձնական հայտնություն, որը կօգնի ձեզ մեծացնել ու զինել քաջ, մեղքին դիմակայող սերունդ: Ես աղոթում եմ, որ մեր երեխաները կրկնեն Նեփիի խոսքերը. «Կդարձնե՞ս դու ինձ այնպիսին, որ կարողանամ ցնցվել մեղքի տեսքից»:22 Ես վկայում եմ, որ մեր Փրկիչը քավել է աշխարհի մեղքերը, 23որովհետև Նա խոստացել էր, որ անելու է այդպես, որ Նա սիրում է մեզ ավելին, քան մենք` մահկանացուներս, կարող ենք նույնիսկ ըմբռնել, 24 որովհետև Նա ասել է, որ սիրելու է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: