2010–2019 թթ․
Մեր Բարի Հովիվը
Ապրիլ 2017


Մեր Բարի Հովիվը

Հիսուս Քրիստոսը՝ մեր Բարի Հովիվը, ուրախություն է ապրում, երբ տեսնում է, որ Իր հիվանդ ոչխարը առաջադիմում է բուժման մեջ:

Մենք հասկացողություն ենք ձեռք բերում մեր Երկնային Հոր բնույթի վերաբերյալ, երբ ճանաչում ենք այն անսահման ողորմածությունը, որ Նա ունի մեղավորների հանդեպ, և գնահատում ենք այն տարբերակումը, որը Նա անցկացնում է մեղքի և մեղքը գործողի միջև: Այս ըմբռնումն օգնում է մեզ ունենալ «ավելի ճիշտ հասկացողություն նրա բնույթի, արժանիքների և հատկությունների մասին»1 և հիմնարար է Նրա ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելիս: Փրկիչի ողորմածությունը, անկախ մեր թերություններից, դեպի իրեն է գրավում մեզ և մեր մշտական պայքարի մեջ մեզ մղում է ապաշխարել ու նմանվել Իրեն: Երբ մենք ավելի ենք մոտենում Նրան, սովորում ենք վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Նա էր վերաբերվում՝ անկախ ֆիզիկական բնութագրերից և վարքագծից:

Անհատի ֆիզիկական հատկանիշների և անհատի միջև տարբերակում կատարելու ներգործությունը առանցքային դեր ունի ֆրանսիացի վիպասան Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպում: 2 Վեպի սկզբում հեղինակը ներկայացնում է Դին քաղաքի եպիսկոպոս Շառլ Ֆրանսուա Միրիելին և քննարկում է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է եպիսկոպոսը. արդյո՞ք ինքը պիտի այցելի մի մարդու, ով բացահայտ աթեիստ է և համայնքի մեջ արհամարհված՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դրսևորած իր վարքագծի պատճառով: 3

Հեղինակը ներկայացնում է եպիսկոպոսի բնական և խորը հակակրանքի զգացողությունը այդ մարդու նկատմամբ: Ապա մի պարզ հարց է առաջադրում. «Նշանակություն չունի, մի՞թե ոչխարի վերքերը կարող են ստիպել, որ հովիվը նահանջի»:4 Պատասխանելով եպիսկոպոսի փոխարեն, հեղինակը տալիս է որոշակի պատասխան. «Ո՛չ»: Ապա կատակով ավելացնում է մի մեկնաբանություն. «Բայց ի՜նչ ոչխար է»:5

Այս հատվածում Հյուգոն այդ մարդու «չարությունը» համեմատում է ոչխարի մաշկային հիվանդության հետ, իսկ եպիսկոպոսին համեմատում է հովվի հետ, ով չի նահանջում, երբ հանդիպում է հիվանդ ոչխարի: Եպիսկոպոսը կարեկցող է և հետագայում վեպի մեջ նույնանման գթություն է ցուցաբերում մեկ այլ մարդու՝ վեպի գլխավոր հերոս Ժան Վալժանի հանդեպ, ով պատվազրկված նախկին բանտարկյալ էր: Եպիսկոպոսի գթասրտությունն ու կարեկցությունը մղում են Ժան Վալժանին փոխել իր կյանքի ընթացքը:

Քանի որ սուրբ գրություններում Աստված օգտագործում է հիվանդությունը որպես փոխաբերություն մեղքի համար, խելամիտ կլիներ հարցնել. «Ինչպիսի՞ն է Քրիստոսի արձագանքը, երբ Նա բախվում է մեր փոխաբերական հիվանդությունների՝ մեղքերի հետ»: Ի վերջո, Փրկիչն ասում էր. «չեմ կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել»,6ուրեմն Նա ինչպե՞ս կարող է նայել մեզ՝ անկատարներիս, առանց սարսափով ու զզվանքով ընկրկելու:

Պատասխանը հասարակ ու պարզ է: Ինչպես7 Բարի Հովիվ, Հիսուս Քրիստոսը դիտարկում է Իր ոչխարի հիվանդությունը որպես մի վիճակ, որը բուժման, հոգատարության և գթության կարիք ունի: Այս Հովիվը՝ մեր Բարի Հովիվը ուրախություն է ապրում, երբ տեսնում է, որ Իր հիվանդ ոչխարը առաջադիմում է բուժման մեջ:

Փրկիչը կանխագուշակել էր, որ «Հովիւի նման հովուելու է նա իր հօտին»,8 «կորածը որոնելու եմ, , … եւ մոլորուածը ետ եմ բերելու , … եւ կոտրածը պիտի կապեմ և … եւ հիւանդը պիտի զօրացնեմ»:9 Չնայած ուրացող Իսրայելը պատկերված է որպես «վէրքեր[ով] եւ շարաւալի խոցեր[ով]»10 պատված, Փրկիչը խրախուսում էր, հորդորում էր և խոստանում էր բժշկել:11

Փրկիչի մահկանացու ծառայությունը իսկապես բնութագրվում էր սիրով, ողորմածությամբ և կարեկցանքով: Նա արհամարհանքով չէր քայլում Գալիլեայի և Հրեաստանի փոշոտ փողոցներով, խույս տալով մեղավորներին հանդիպելուց: Նա չէր խուսափում նրանցից անարգ սոսկումով: Ոչ, Նա ճաշում էր նրանց հետ:12 Նա օգնում և օրհնում էր, բարձրացնում և խրատում էր, վախն ու հուսահատությունը փոխարինում էր ուրախությամբ և հույսով: Որպես ճշմարիտ հովիվ, Նա փնտրում ու գտնում է մեզ՝ առաջարկելով սփոփանք և հույս: 13 Նրա գթության և սիրո ըմբռնումն օգնում է մեզ հավատ գործադրել Նրա հանդեպ՝ ապաշխարելու և բժշկվելու համար:

Հովհաննեսի ավետարանը արձանագրում է մեղավորի նկատմամբ Փրկիչի կարեկցանքի ազդեցությունը: Դպիրներն ու փարիսեցիները Փրկիչի մոտ բերեցին մի կնոջ, ում բռնել էին շնության մեջ: Մեղադրողները ենթադրում էին, որ նա պիտի քարկոծվեր՝ համաձայն Մովսեսի օրենքի: Ի պատասխան համառ հարցադրմանը, Հիսուսը, ի վերջո, ասաց նրանց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ»։

Մեղադրողները հեռացան. «Եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը»։

«Յիսուսն … ոչ ոքին չ’տեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են քեզ ամբաստանողները»:

«Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր»:14

Անշուշտ, Փրկիչը չէր խրախուսում շնությունը: Բայց Նա նաև չդատապարտեց կնոջը: Նա խրախուսեց նրան վերափոխել իր կյանքը: Նրա կարեկցանքն ու ողորմածությունը դարձան այն շարժառիթը, որի շնորհիվ կինը գիտակցաբար փոխվեց: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վկայում է նրա սկսված հետևորդության մասին. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը»:15

Չնայած Աստված կարեկցող է, մենք չպիտի սխալմամբ կարծենք, որ Նա անկանխակալ է և պատրաստ է ընդունել մեղքը: Ոչ, այդպես չէ: Փրկիչը աշխարհ է եկել մեզ մեղքից փրկելու համար և, ավելին, չի փրկի մեզ մեր մեղքերի մեջ:16 Զիզրոմ անունով մի փորձառու դատավոր մի անգամ փորձեց Ամուղեկին թակարդը գցել, հարցնելով. «Կփրկի՞ [գալիք Մեսիան] իր ժողովրդին իրենց մեղքերի մեջ»։ Իսկ Ամուղեկը պատասխանեց նրան. «Ես ասում եմ քեզ, նա չի՛ փրկի, քանզի անհնարին է նրա համար դրժել իր խոսքը։… Նա չպետք է փրկի իր ժողովրդին իրենց մեղքերի մեջ»։17 Ամուղեկը հիմնարար ճշմարտություն ասաց, որ մեր մեղքերից փրկվելու համար մենք պիտի ընդունենք «ապաշխարության պայմանները», որոնք թույլ են տալիս, որ Փրկիչի զորությունը փրկի մեր հոգիները:18

Փրկիչի կարեկցանքը, սերը և գթությունը մեզ «ձգում է» դեպի Նա: 19 Նրա Քավության միջոցով մենք այլևս բավարարված չենք մեր մեղավոր վիճակով:20 Աստված հստակ գիտե, թե ինչն է ճիշտ և ընդունելի Իր համար, և ինչն է սխալ ու մեղսալի: Նա չի ցանկանում ունենալ չմտածող և հնազանդ հետևորդներ: Ոչ, մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակները գիտակցաբար, պատրաստակամ և իրենց ընտրությամբ նմանվեն Իրեն 21 և արժանի լինեն այնպիսի կյանքի, որն Ինքն ունի:22 Այդպես վարվելով, Նրա զավակները կատարում են իրենց աստվածային ճակատագիրը և դառնում այն ամենի ժառանգորդը, որ Նա ունի: 23 Այս պատճառով Եկեղեցու ղեկավարները չենկարող փոխել Աստծո պատվիրաններն ու վարդապետությունը Նրա կամքին հակառակ՝ հարմարեցնելով կամ հանրամատչելի դարձնելով:

Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ցմահ որոնումներում, մեղավորների հանդեպ Նրա ցուցաբերած բարության օրինակը հատկապես ուսանելի է: Մենք՝ մեղավորներս, Փրկիչի նման պիտի կարեկցանքով ու սիրով հասնենք ուրիշներին: Մեր դերը նաև օգնելն ու օրհնելն է, բարձրացնելն ու կատարելագործելն է, վախն ու հուսահատությունը հույսով և ուրախությամբ փոխարինելն է:

Փրկիչը հանդիմանում էր այն անհատներին, ովքեր խուսափում էին մարդկանցից, ում համարում էին անմաքուր և երեսպաշտորեն դատում էին ուրիշների մասին՝ որպես ավելի մեղավորների, քան իրենք էին:24 Դա այն շեշտադրված դասն էր, որը Փրկիչն ուղղում էր նրանց, ովքեր «իրանցում վստահ էին, թէ արդար են, եւ ուրիշներին ոչինչ էին համարում»: Նա պատմեց հետևյալ առակը.

«Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մեկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր:

Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը.

Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։

Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս:

Հետո Հիսուսը եզրակացնում է. «Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կխոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կբարձրանայ»:25

Այս պատգամը մեզ համար պարզ է. ապաշխարող մեղավորը ավելի է մոտենում Աստծուն, քան երեսպաշտ մարդը, ով դատապարտում է այդ մեղավորին:

Մարդկային երեսպաշտության և քննադատության միտումը գոյություն ուներ նաև Ալմայի ժամանակներում: Երբ մարդիկ «ավելի լիովին սկսեցին հաստատել եկեղեցին … եկեղեցու ժողովուրդը սկսեց հպարտանալ, … եկեղեցու ժողովուրդը հպարտությունից սկսել էր բարձրանալ իր աչքում,  … նրանք սկսել էին դառնալ արհամարհական մեկը մյուսի հանդեպ, և նրանք սկսել էին հալածել նրանց, ովքեր չէին հավատում ըստ իրենց սեփական կամքի ու քմահաճույքի»:26

Այս հալածանքը հատկապես արգելված էր. «Այժմ եկեղեցու ժողովրդի մեջ կար մի խիստ օրենք, որ եկեղեցուն պատկանող որևէ մարդ չպետք է վեր կենար ու հալածեր նրանց, ովքեր չէին պատկանում եկեղեցուն, և որ միմյանց միջև չպետք է լիներ որևէ հալածանք»:27 Եկեղեցու առաջնորդող սկզբունքները Վերջին Օրերի Սրբերի համար նույնն են: Մենք չպիտի հալածենք միմյանց Եկեղեցու ներսում կամ նրանց, ովքեր Եկեղեցու անդամ չեն:

Նրանք, ովքեր հալածանքի են ենթարկվել որևէ պատճառով, գիտեն, թե ինչ է անարդարությունն ու մոլեռանդությունը: 1960-ականներին, երբ ես պատանի էի և ապրում էր Եվրոպայում, հաճախ էի ենթարկվում քննադատության ու ծաղրի, քանի որ ես ամերիկացի էի և Եկեղեցու անդամ: Իմ համադասարանցիներից մի քանիսը վերաբերվում էին ինձ այնպես, կարծես անձամբ ես էի պատասխանատու Միացյալ Նահանգների ժողովրդականություն չվայելող քաղաքականության համար: Ինձ նաև վերաբերվում էին այնպես, կարծես իմ կրոնը վիրավորանք էր այն ազգերի համար, որոնց մեջ ես ապրում էի, քանի որ այն տարբեր էր պետականորեն հովանավորվող կրոնից: Ավելի ուշ, աշխարհի տարբեր երկրներում ես նշմարում էի խտրականության և նախապաշարմունքի դաժանությունը, որը զգացել են այն մարդիկ, ովքեր տառապել են դրանից իրենց ռասսայական կամ ազգային պատկանելության պատճառով:

Հալածանքը դրսևորվում է մի քանի ձևերով՝ ահաբեկում, ատելություն, արտաքսում, մեկուսացում, ծաղր, ճնշում և ատելություն մեկ ուրիշի հանդեպ: Մենք պիտի զգուշանանք մոլեռանդությունից, որն արտահայտում է իր դաժան վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր ունեն տարբեր կարծիքներ: Մոլեռանդությունը մասամբ դրսևորվում է, երբ սահմանափակվում է ազատ արտահայտվելու սկզբունքը:28 Բոլորը, ներառյալ կրոնի մարդիկ, իրավունք ունեն հրապարակավ արտահայտել իրենց կարծիքը: Բայց ոչ ոք իրավունք չունի ատելությամբ լցվել ուրիշների հանդեպ, երբ վերջիններս իրենց կարծիքն են հայտնում:

Եկեղեցու պատմությունը մեզ բազում վկայություններ է տալիս այն մասին, թե մեր անդամներին ինչպիսի ատելությամբ ու մոլեռանդությամբ էին վերաբերվում: Որքան տխուր կլիներ, եթե մենք վերաբերվեինք ուրիշներին այնպես, ինչպես մեզ էին վերաբերվում: Փրկիչն ուսուցանում է, «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց»:29 Եթե կամենում ենք, որ մեզ հարգեն, մենք պիտի լինենք հարգալից: Բացի այդ, մեր իսկական դարձը բերում է «հեզություն և սրտի խոնարհություն», որը հրավիրում է «Սուրբ Հոգուն» և լցնում է մեզ «կատարյալ սիրով»,30 ուրիշների հանդեպ «մաքուր սիրով»:31

Մեր Բարի Հովիվն անփոփոխ է և այսօր նույն վերաբերմունքն ունի մեղքի և մեղավորների հանդեպ, ինչպիսին Նա ուներ, երբ քայլում էր երկրի վրա: Նա չի խուսափում մեզանից, քանի որ մենք մեղք ենք գործում, նույնիսկ, եթե Նա որոշ դեպքերում կարող է մտածել. «Բայց ի՜նչ ոչխար է»: Նա մեզ այնքան է սիրում, որ մեզ տվեց ապաշխարության և մաքրվելու ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Նրա և մեր Երկնային Հոր մոտ:32 Այդպես վարվելով Հիսուս Քրիստոսը մեզ նաև օրինակ ծառայեց հետևելու, հարգանք ցուցաբերելու բոլորի հանդեպ և ատելություն ոչ մեկի նկատմամբ:

Որպես Նրա աշակերտներ, եկեք լիարժեք նմանակենք Նրա սերը և միմյանց հանդեպ սերը, այնքան անկեղծորեն և կատարելապես, որ մեզանից ոչ մեկը չզգա լքված, միայնակ և անհույս: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Բարի Հովիվն է, ով սիրում է մեզ և հոգ տանում մեր մասին: Նա գիտե մեզ և «Իր կյանքը դրեց Իր ոչխարների համար»:33 Նա նաև ապրում է մեզ համար և ցանկանում է, որ մենք ճանաչենք Իրեն և հավատ գործադրենք Իր հանդեպ: Ես սիրում ու պաշտում եմ Նրան և խորապես երախտապարտ եմ Նրա համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Lectures on Faith (1985), 38

  2. Վիկտոր Հյուգոյի (1802–85), «Թշվառները» վեպը մեզ պատմում է ժան Վալժանի պատմությունը, ով մի փոքր հանցանք էր գործել՝ մի հաց գողանալով ընտանիքին կերակրելու համար: Դատապարտվելով հինգ տարվա բանտարկության, Վալժանը 19 տարվա տաժանակիր աշխատանքի դատապարտվեց, քանի որ չորս անգամ փախչելու փորձ էր կատարել: Բանտից նա դուրս եկավ որպես մի անպատկառ ու դաժան մարդ:

    Իր «դեղին անձնագրի» պատճառով Վալժանը չէր կարողանում գտնել աշխատանք, սնունդ և օթևան: Ուժասպառ և բարոյալքված, նրան, ի վերջո, օթևան է տալիս Դին քաղաքի եպիսկոպոսը, ով բարություն ու կարեկցանք է դրսևորում Վալժանի հանդեպ: Գիշերը, տեղի տալով հուսահատությանը, նա գողանում է եպիսկոպոսի արծաթե մոմակալը և փախչում:

    Վալժանին կալանավորում են և վերադարձնում եպիսկոպոսի մոտ: Ի հակադրություն Վալժանի սպասելիքների, եպիսկոպոսն անսպասելիորեն ասում է ոստիկաններին, որ ինքն է Վալժանին տվել մոմակալը և պնդում է, որ Վալժանը վերցնի երկու մոմակալները ևս: (Տես Վիկտոր Հյուգո, «Թշվառները», Fantine, հատոր 2 գլուխ 10–12:)

  3. Տես Վիկտոր Հյուգո, «Թշվառները», Fantine, Book 1, An Upright Man, Chapter 10

  4. Հեղինակը հարցնում է՝ Toutefois, la gale de la brebis doit-elle faire reculer le pasteur? (Hugo, Les Misérables, [1985], book 1, chapter 10, page 67). Gale, Gale, անասնաբուժական ախտաբանության մեջ վերաբերում է տարբեր մաշկային հիվանդություններին, որոնց պատճառը մակաբույծ տիզերն են, և որոնք ուղեկցվում են մազաթափությամբ և քոսի դրսևորումներով:

  5. The narrator’s humorous editorial comment about the conventionist is Mais quelle brebis! !It has occasionally been translated as “But what a black sheep.”

  6. Վարդապետություն և Ուխտեր 1.31

  7. Տես Հովհաննես 10.11, 14,Ալմա 5.38, Վարդապետություն և Ուխտեր 50.44

  8. Եսայիա 40.11

  9. Եզեկիել 34.16

  10. Եսայիա 1.6

  11. Տես Եսայիա 1.18

  12. Տես Ղուկաս 15.1–2

  13. Տես Մատթեոս 18.11

  14. Տես Հովհաննես 8.3–11

  15. Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Հովհաննես 8.11 (Հովհաննեսի 8.11, ծանոթագրություն գ)

  16. Տես Դ. . Թոդ Քրիստոֆերսոն,«Իմ սիրո մեջ հաստատո՜ւն մնացեք» ,Լիահոնա, ,նոյեմբեր 2016,  48–51

  17. Ալմա 11.34, 37

  18. Տես Հելաման 5.10–11

  19. Տես 3  Նեփի 27.14–15

  20. Մեր ժամանակներում Փրկիչը հստակեցնում է. «Նա, ով խախտում է օրենքը, և չի մնում օրենքի մեջ, այլ փնտրում է ինքն իր օրենքը դառնալ, և կամենում է մնալ մեղքի մեջ, և ամբողջովին մեղքի մեջ է մնում, չի կարող սրբագործվել օրենքով, ոչ ողորմությամբ, ոչ արդարադատությամբ, ոչ էլ դատաստանով։ Հետևաբար, նրանք կեղտոտ էլ պետք է մնան» (Վարդապետություն և Ուխտեր 88.35):

  21. Տես 2 Նեփի 2.26–27

  22. Տես Վարդապետություն և Ուխտեր 14.7, 132.19–20, 24, 55

  23. Տես Հռովմայեցիս 8.16–17, Վարդապետություն և Ուխտեր 84.38

  24. Տես Մատթեոս 23.13

  25. Ղուկաս 18.9–14

  26. Ալմա 4.4, 6, 8

  27. Ալմա 1.21

  28. Sես Oxford English Dictionary, “bigotry” and ”intolerance.”

  29. Մատթեոս 7.12

  30. Մորոնի 8.26

  31. Ա Պետրոս 1.22

  32. Տես Հավատո Հանգանակներ 1.3

  33. Տես Հովհաննես 10.11–15