Ընկեր
Հիշարժան Սուրբ Զատիկ
Մարտ 2024


«Հիշարժան Սուրբ Զատիկ», Ընկեր, մարտ 2024, 14-15։

Հիշարժան Սուրբ Զատիկ

Ջոնասը զգաց Հիսուսի սերը, երբ երգում էր։

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆինլանդիայում։

Ջոնասը ծիծաղում էր, մինչ եղբայրների հետ վազում էին հյուրասենյակ՝ մասնակցելու ընտանեկան երեկոյին։ Նա դեռ զգում էր Զատիկի ընթրիքի համեղ տապակած գառան հոտը։ Եվ նա դեռ զգում էր քաղցր պաշայի՝ նրանց ավանդական Զատիկի աղանդերի համը։

Երբ ընտանիքը հանգիստ նստեց, Ջոնասի ավագ եղբայրը՝ Տրիստանը, ոտքի կանգնեց։

«Շնորհավոր Սուրբ Զատիկ», - ասաց Տրիստանը։ Նա սկսեց իրենց ընտանեկան երեկոն երգով և աղոթքով։ Հետո եկավ նրանց հատուկ երաժշտական ծրագրի ժամանակը։ Յուրաքանչյուրը պատրաստել էր երգ Հիսուս Քրիստոսի մասին, որով պետք է կիսվեր։

Տրիստանը կիթառ էր նվագում` յուրաքանչյուր լարի վրա զգուշորեն ծնգծնգացնելով։ Հետո դաշնամուր նվագեց նրա եղբայրը՝ Էյնարը։ Նրա մատները շարժվեցին ստեղների վրայով։ Մայրիկը, հայրիկը և Ջոնասի մյուս եղբայրները նույնպես երգեր նվագեցին։ Ջոնասը սիրով լսում էր իր ընտանիքի երաժշտությունը։

Վերջապես եկավ Ջոնասի հերթը։ Նա խոր շունչ քաշեց և սկսեց երգել։

Նկար
alt text

«Երբեմն գայթակղվում եմ սխալ ընտրություն կատարել, բայց փորձում եմ լսել մեղմ ձայնը, որ շշնջում է. «Սիրեք միմյանց, ինչպես Հիսուսն է սիրում ձեզ»։*

Մինչ Ջոնասը երգում էր, նրա սիրտը լցվեց սիրով։ Նրա աչքերը լցվեցին երջանկության արցունքներով։ Այնպիսի զգացողություն էր, կարծես Սուրբ Հոգին ասում էր Ջոնասին, որ Երկնային Հայրը և Հիսուսը սիրում են իրեն։

«Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր տաղանդներով կիսվելու համար», - ասաց հայրիկը։ Նա ցուցադրեց մի նկար։ Այնտեղ պատկերված էր Հիսուս Քրիստոսը, որ ծառի կողքին ծնկի էր եկել և աղոթում էր։ «Ո՞վ գիտի, թե ինչ է կատարվում այս նկարում»։

Ջոնասը բարձրացրեց ձեռքը։ «Դա Հիսուսն է, որն աղոթում է Գեթսեմանիում»։

Հայրիկը գլխով արեց։ «Այո։ Այդտեղ էր, որ Նա զգաց մեր բոլոր ցավերն ու տխրությունները»։

«Իր մահից առաջ Նա գնաց Գեթսեմանի պարտեզ», - ասաց մայրիկը։ «Իր մահից հետո Նա կրկին ապրեց։ Այդ բոլորը Նրա Քավության մասն է։ Հիսուսն արեց այս ամենը, քանի որ Նա սիրում է մեզ»։

Մայրիկը միացրեց առաջին Զատիկի վերաբերյալ մի տեսանյութ։ Երբ տեսանյութն ավարտվեց, բոլորը մի պահ լուռ էին։ Ջոնասը կրկին զգաց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը։

«Այժմ մեր միջոցառման ժա՞մն է»։ հարցրեց Ջոնասը։

Մայրիկը բարձրացավ բազմոցից և մոտեցավ դարակին։ «Այո։ Ջոնաս, կօգնե՞ս ինձ»։

Ջոնասը և մայրիկը հանեցին սոսինձ, մկրատ և Եկեղեցու ամսագրերի մի կույտ։ Նրանք այդ ամենը տարածեցին հատակին։ Ապա մայրիկը յուրաքանչյուրին տվեց Զատիկի իրենց հատուկ օրագիրը։ «Եկեք Զատկի կապակցությամբ Հիսուս Քրիստոսի նկարներ փակցնենք մեր օրագրերում»։

Նկար
alt text

Ջոնասը նստեց հատակին և բացեց իր օրագիրը։

Հայրիկը վերցրեց գրիչ՝ իր օրագրում գրելու համար։ «Ձեր նկարների կողքին դուք կարող եք գրել, թե ինչ եք անելու Երկնային Հորը և Հիսուսին հետևելու համար, որպեսզի կարողանաք ավելի նմանվել Նրանց»։

Ջոնասը թերթում էր ամսագրերից մեկը։ Նա գտավ մի նկար, որտեղ Հիսուս Քրիստոսը ժպտում էր։

Ջոնասը կտրեց նկարը և փակցրեց իր օրագրի էջի կենտրոնում։ Նա մտածում էր այն մեծ սիրո մասին, որ այդ օրը զգացել էր Փրկչի կողմից։ Այնուհետև նա գրեց. «Ես կհետևեմ Երկնային Հորը և Հիսուսին՝ լսելով հայրիկին ու մայրիկին և օգնելով տնային գործերում։ Ես ավելի շատ կսիրեմ եղբայրներիս»։ Նա բարձրացրեց այն, որպեսզի ցույց տա մայրիկին։ Նա կարդաց նրա գրածը և ժպտաց։

Ջոնասը երկար ժամանակ հիշելու էր այս Զատիկը։ Նա զգաց Հիսուս Քրիստոսի սերը, երբ երգեց և սովորեց Նրա մասին։ Եվ նա զգաց Հիսուսի սերը, երբ փորձեց նմանվել Նրան։

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իսկապես սիրում էին Ջոնասին։ Եվ Ջոնասը նույնպես սիրում էր Նրանց։

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Ստելիյանա Դոնեվայի

  • “I’m Trying to Be like Jesus” (Children’s Songbook, 78)