Ընկեր
Փայլուն մանուշակագույն քարը
Մարտ 2024


«Փայլուն մանուշակագույն քարը», Ընկեր, մարտ 2024, 10-11։

Փայլուն մանուշակագույն քարը

Եթե նա ճշմարտությունն ասեր, հայրը կբարկանա՞ր նրա վրա։

Պատմությունը տեղի է ունեցել Նիդեռլանդներում։

Մարին բացեց իր զարդատուփը՝ նայելու իր գեղեցիկ քարերին։ Մեկ առ մեկ նա բռնեց դրանք իր ձեռքում։ Կարմիրը, կանաչը, ապա՝ ճերմակը։

Տատիկը թակեց ննջասենյակի դուռը։ «Պատրա՞ստ ես գնալու»։

«Այո»։ Մարին զգուշորեն քարերը նորից դրեց իր տուփի մեջ։

Տատիկը Մարիին տանում էր գրադարան։ Բայց ոչ միայն պարզապես գրքեր նայելու։ Այնտեղ հատուկ քարերի ցուցադրություն կար։ Մարին ոգևորված էր։

Երբ նրանք ավտոբուսով հասան գրադարան, Մարին ու տատիկը ներս մտան։ Նրանք տեսան գեղեցիկ քարեր ներկայացնող բազմաթիվ սեղաններ։ Մի քանիսը փայլուն և հարթ էին։ Մյուսները հետաքրքիր ձևեր ունեին։

«Նայիր այս մեկին»։ Տատիկը մատնացույց արեց մի մեծ բյուրեղ։ Այն ամբողջությամբ պատված էր դուրս ցցված փոքրիկ կապույտ սուր ծայրերով։

Մեկ այլ սեղան ներկայացնում էր բազմաթիվ փոքրիկ, կլոր քարեր։ Մարին նայում էր բոլոր գույներին։ Ամենավերջում կար մի մանուշակագույն քար՝ փոքրիկ, փայլուն և հարթ։

Ես դեռ չունեմ մանուշակագույն քար, մտածեց Մարին։ Դա կատարյալ կլիներ նրա հավաքածուի համար։

Մարին գաղտագողի նայեց շուրջը։ Տատիկը մեկ այլ սեղանի մոտ էր։ Մոտակայքում ոչ ոք չկար։ Եվ ոչ ոք չէր էլ նկատելու այս փոքրիկ քարի բացակայությունը, այնպես չէ՞։

Մարին վերցրեց քարը և դրեց գրպանը։

Այդ գիշեր, մանուշակագույն քարը ապահով զարդերի տուփի մեջ դրած, Մարին անկողին մտավ։

«Պատրա՞ստ ես պատմություն ունկնդրելու»։ Հայրիկը նստեց մահճակալին և բացեց Ընկեր ամսագիրը։

Մարին կծկվեց իր ծածկոցների մեջ և լսեց։ Պատմությունը մի տղայի մասին էր, որը զղջացել էր սխալ ընտրություն կատարելուց հետո։

Երբ հայրը կարդում էր, Մարին այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես ստամոքսում ինչ-որ բան էր գալարվում։ Նա գլորվեց կողքի, ապա շրջեց բարձը։ Սակայն իրեն լավ չէր զգում։ Եվ նա չէր դադարում մտածել մանուշակագույն քարի մասին։

Նկար
alt text

Հայրիկն ավարտեց պատմությունը։ «Լա՞վ ես»։

Մարին չգիտեր ինչ անել։ Եթե նա ասեր հայրիկին, վերջինս գուցե բարկանար։

Իսկ գուցե նա իմանար, թե ինչպես օգնել։

Մարին դանդաղ դուրս սողաց անկողնուց և իր տուփից հանեց մանուշակագույն քարը։ «Այսօր ես վերցրի այս քարը գրադարանից»։ Արցունքներ հոսեցին Մարիի աչքերից։ «Ես իսկապես զղջում եմ»։

Հայրը գրկեց նրան։ «Դու միշտ կարող ես հանգիստ ինձ ասել ճշմարտությունը։ Ես հպարտ եմ քեզնով, որ ազնիվ լինելու քաջություն ունեցար»։

Մարիի փորիկում ամեն բան շտկվեց։ Հայրիկը չբարկացավ։

«Եվ Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել։ Ճիշտ, ինչպես պատմության մեջ էր», - ասաց նա։ «Ինչո՞ւ մենք քարը հետ չտանենք գրադարան»։

Մարին ամուր փակեց աչքերը։ «Ոչ։ Նրանք կբարկանան»։

Հայրիկը ձեռքը դրեց նրա ուսին։ «Գուցե նրանք մի փոքր բարկանան։ Սակայն ես կարծում եմ նրանք ուրախ կլինեն, եթե դու վերադարձնես այն։ Եվ դա նաև կօգնի քեզ շատ ավելի լավ զգալ»։

Մարին խոր շունչ քաշեց և գլխով արեց։ «Լավ»։

Մարին վերցրեց մի թերթիկ և սկսեց նամակ գրել։ «Կներեք, որ վերցրել եմ սա»,- գրեց նա։ «Կուզեի երբեք դա արած չլինեի։ Ես ցանկանում եմ ուղղել սխալս»։

Նա նամակը դրեց ծրարի մեջ։ Ապա ծրարի մեջ դրեց նաև փոքրիկ մանուշակագույն քարը։

Նկար
alt text

«Մենք այն կվերադարձնենք վաղը», - ասաց հայրիկը։ «Ինչպե՞ս ես զգում քեզ հիմա»։

«Ավելի լավ»,- ասաց Մարին։ «Կա ևս մեկ բան, որ ես պետք է անեմ»։

Մարին ծնկի իջավ իր մահճակալի մոտ և աղոթեց։ «Ցավում եմ, որ վերցրի քարը», - ասաց նա։ Ես այլևս երբեք չեմ գողանա։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ լինել համարձակ և ազնիվ»։

Երբ Մարին վերադարձավ անկողին, նա խաղաղություն զգաց։ Վաղը նա ամեն բան կշտկեր։ Եվ նա գիտեր, որ Երկնային Հայրը և Հիսուսը կօգնեն իրեն։ Նրանց շնորհիվ ամեն ինչ լավ կլինի։

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Քեթի Ռիվսի