Մոսիայի գիրքը
Գլուխ 1
Բենիամին թագավորը սովորեցնում է իր որդիներին իրենց հայրերի լեզուն և մարգարեությունները – Նրանց կրոնը և քաղաքակրթությունը պահպանվել է հիշատակարանների շնորհիվ՝ պահված զանազան թիթեղների վրա – Մոսիան ընտրվում է որպես թագավոր, և նրան է տրվում հիշատակարանների պահպանությունը և մյուս բաները: Մոտ 130–124թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ այժմ այլևս ոչ մի հակառակություն չկար ողջ Զարահեմլայի երկրում, բոլոր ժողովրդի մեջ, ովքեր պատկանում էին Բենիամին թագավորին, այնպես որ Բենիամին թագավորն անընդհատ խաղաղություն ունեցավ բոլոր մնացած իր օրերում:
2 Եվ եղավ այնպես, որ նա ունեցավ երեք որդի. և նա կոչեց նրանց անունները Մոսիա և Հելորում և Հելաման: Եվ կարգադրեց, որ նրանց սովորեցնեին իր հայրերի ողջ լեզուն, որ այդպիսով նրանք դառնային խելամիտ մարդիկ. և որպեսզի նրանք իմանային մարգարեությունների մասին, որոնք խոսվել էին իրենց հայրերի բերանով, որոնք իրենց էին հանձնվել Տիրոջ ձեռքով:
3 Եվ նա նաև սովորեցրեց նրանց հիշատակարանների վերաբերյալ, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա՝ ասելով. Իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք հիշեք, որ եթե չլինեին այս թիթեղները, որոնք պարունակում են այս հիշատակարանները և այս պատվիրանները, մենք պիտի տառապեինք անգիտության մեջ, նույնիսկ այս ներկա ժամանակ, չիմանալով Աստծո խորհուրդները:
4 Քանզի հնարավոր չէր լինի, որ մեր հայր Լեքին կարողանար հիշել բոլոր այս բաները՝ սովորեցնելով դրանք իր զավակներին, եթե չլիներ այս թիթեղների օգնությունը, քանզի նա սովորեցված լինելով Եգիպտացիների լեզվով, հետևաբար կարող էր կարդալ այս փորագրությունները և սովորեցնել դրանք իր զավակներին, որպեսզի դրանց միջոցով նրանք կարողանային սովորեցնել դրանք իրենց զավակներին, և այսպես կատարելով Աստծո պատվիրանները, ընդհուպ մինչև այս ներկա ժամանակը:
5 Ես ասում եմ ձեզ, իմ որդինե՛ր, եթե չլինեին այս բաները, որոնք պահվել և պահպանվել են Աստծո ձեռքով, որպեսզի մենք կարողանայինք կարդալ և հասկանալ նրա խորհուրդների վերաբերյալ և միշտ ունենայինք նրա պատվիրանները մեր աչքի առաջ, որ նույնիսկ մեր հայրերը կընկնեին անհավատության մեջ, և մենք պիտի նմանվեինք մեր եղբայրներին՝ Լամանացիներին, ովքեր ոչինչ չգիտեն այս բաների մասին, կամ նույնիսկ չեն հավատում դրանց, երբ դրանք ուսուցանվում են նրանց, իրենց հայրերի ավանդությունների պատճառով, որոնք ճիշտ չեն:
6 Ո՜վ իմ որդիներ, ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ այս խոսքերը ճշմարիտ են. և որ այս հիշատակարանները ևս ճշմարիտ են: Եվ ահա, Նեփիի թիթեղները նույնպես, որոնք պարունակում են հիշատակարանները և մեր հայրերի խոսքերը, նրանց՝ Երուսաղեմը թողնելու ժամանակից ի վեր, մինչև այժմ. և դրանք ճշմարիտ են, և մենք կարող ենք իմանալ դրանց հավաստիության վերաբերյալ, որովհետև մենք ունենք դրանք մեր աչքի առաջ:
7 Եվ այժմ, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք հիշեիք ջանասիրաբար քննել դրանք, որպեսզի դուք կարողանաք դրանց շնորհիվ օգուտ քաղել. և ես կկամենայի, որ դուք պահեիք Աստծո պատվիրանները, որպեսզի դուք կարողանայիք բարգավաճել երկրում՝ համաձայն այն խոստումների, որոնք Տերն արել էր մեր հայրերին:
8 Եվ ուրիշ շատ բաներ սովորեցրեց Բենիամին թագավորն իր որդիներին, որոնք գրված չեն այս գրքում:
9 Եվ եղավ այնպես, որ երբ Բենիամին թագավորը վերջ դրեց իր որդիներին սովորեցնելուն, երբ նա ծերացավ, և տեսավ, որ շատ շուտով գնալու է երկրի ողջ ճանապարհը. հետևաբար, նա անհրաժեշտ համարեց թագավորությունը շնորհել իր որդիներից մեկին:
10 Հետևաբար, նա բերել տվեց Մոսիային իր առաջ. և սրանք են խոսքերը, որոնք նա խոսեց նրա հետ՝ ասելով. Որդի՛ս, ես կկամենայի, որ դու մի հրովարտակ ուղարկես բոլոր այս երկրով մեկ՝ բոլոր այս ժողովրդի մեջ, կամ Զարահեմլայի ժողովրդի և Մոսիայի ժողովրդի, ովքեր ապրում են այս երկրում, որ այդպիսով նրանք կարողանան ի մի հավաքվել. քանզի էգուց ես հայտարարելու եմ իմ այս ժողովրդին, իմ իսկ բերանով, որ դու թագավոր ես և կառավարիչ այս ժողովրդի վրա, որոնց Տեր Աստված տվել է մեզ:
11 Եվ բացի այդ, ես տալու եմ այս ժողովրդին մի անուն, որ դրանով նրանք կարողանան տարբերվել բոլոր այն ժողովուրդներից, որոնց Տեր Աստված դուրս է բերել Երուսաղեմի հողից. և այս ես անում եմ, որովհետև նրանք ջանասեր ժողովուրդ են եղել Տիրոջ պատվիրանները պահելիս:
12 Եվ ես տալիս եմ նրանց մի անուն, որը երբեք չի ջնջվի, բացի դա լինի օրինազանցության միջոցով:
13 Այո, և դեռ ավելին եմ ասում ձեզ, որ եթե Տիրոջ այս մեծապես արտոնյալ ժողովուրդն ընկնի օրինազանցության մեջ, և դառնա մի ամբարիշտ ու շնացող ժողովուրդ, ապա Տերը կթողնի նրանց, որ դրա հետևանքով նրանք դառնան թույլ՝ իրենց եղբայրների պես. և նա այլևս չի պահպանի նրանց իր անզուգական և սքանչելի զորությամբ, ինչպես նա պահպանել է մեր հայրերին մինչև այժմ:
14 Քանզի ես ասում եմ ձեզ, որ եթե նա տարածած չլիներ իր բազուկն՝ ի պաշտպանություն մեր հայրերի, նրանք պիտի ընկած լինեին Լամանացիների ձեռքը և դարձած լինեին նրանց ատելության զոհերը:
15 Եվ եղավ այնպես, որ երբ Բենիամին թագավորն ավարտեց իր որդու հետ այս խոսքերը խոսելը, նա տվեց նրան թագավորության բոլոր գործերի պատասխանատվությունը:
16 Եվ բացի դրանից, նա տվեց նրան նաև պատասխանատվություն այն հիշատակարանների համար, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա. և նաև Նեփիի թիթեղների. և նաև Լաբանի սրի ու գնդի կամ ուղեցույցի, որն առաջնորդեց մեր հայրերին անապատի միջով, որը պատրաստված էր Տիրոջ ձեռքով, որ դրա միջոցով նրանք առաջնորդվեին՝ ամեն մեկը, համաձայն այն ուշադրության և ջանասիրության, որ ցուցաբերում էին նրա հանդեպ:
17 Հետևաբար, երբ նրանք անհավատարիմ էին, նրանք չէին բարգավաճում, ոչ էլ առաջադիմում իրենց ճանապարհորդության մեջ, այլ ետ էին մղվում և իրենց վրա հրավիրում Աստծո դժգոհությունը. և հետևաբար, նրանք զարկվում էին սովով և դառը չարչարանքներով՝ զարթնեցնելու նրանց ի հիշեցումն իրենց պարտականությունների:
18 Եվ այժմ եղավ այնպես, որ Մոսիան գնաց և արեց, ինչպես իր հայրն էր կարգադրել նրան, և հայտարարեց ողջ ժողովրդին, ովքեր Զարահեմլայի երկրում էին, որ այդպիսով նրանք կարողանային ի մի հավաքվել՝ գնալու վեր՝ դեպի տաճար, լսելու խոսքերը, որոնք նրա հայրը պիտի խոսեր նրանց համար: