Սուրբ գրություններ
3 Նեփի 9


Գլուխ 9

Խավարում, Քրիստոսի ձայնը հայտարարում է շատ մարդկանց ու քաղաքների կործանման մասին՝ իրենց ամբարշտության պատճառով – Նա նաև հայտարարում է իր աստվածայնությունը, հայտնում, որ Մովսեսի օրենքը կատարված է, և հրավիրում է մարդկանց՝ գալ իր մոտ և փրկվել: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ մի ձայն լսվեց երկրի բոլոր բնակիչների մեջ, ողջ այս երկրի երեսին՝ գոչելով.

2 Վա՜յ, վա՜յ, վա՜յ այս ժողովրդին. վա՜յ ամբողջ աշխարհի բնակիչներին, եթե նրանք չապաշխարեն. քանզի դևը ծիծաղում է, և նրա հրեշտակները հրճվում են իմ ժողովրդի սպանված գեղեցիկ որդիների ու դուստրերի համար. և դա նրանց անօրինության ու պղծությունների պատճառով է, որ նրանք ընկան:

3 Ահա, այն մեծ քաղաք Զարահեմլան և այնտեղի բնակիչներին ես այրեցի կրակով:

4 Եվ ահա, այն մեծ քաղաք Մորոնին սուզեցի ծովի խորքերը, և այնտեղի բնակիչները խեղդվեցին:

5 Եվ ահա, այն մեծ քաղաք Մորոնիան և այնտեղի բնակիչներին ծածկեցի ես հողով՝ թաքցնելու նրանց անօրինություններն ու նրանց պղծություններն իմ երեսի առաջից, որպեսզի մարգարեների և սրբերի արյունն այլևս չհասնի ինձ՝ նրանց դեմ:

6 Եվ ահա, Գաղգաղա քաղաքը ես խորտակեցի և այնտեղի բնակիչները թաղվեցին հողի խորքերում.

7 Այո, և քաղաք Օնիան ու այնտեղի բնակիչներին, և Մոքում քաղաքն ու այնտեղի բնակիչներին, և քաղաք Երուսաղեմն ու այնտեղի բնակիչներին. և ես այնպես արեցի, որ ջրեր գան դրանց տեղը՝ թաքցնելու նրանց ամբարշտությունն ու պղծություններն իմ երեսի առաջից, որպեսզի մարգարեների և սրբերի արյունն այլևս չհասնի ինձ՝ նրանց դեմ:

8 Եվ ահա, քաղաք Գադիանդին, և քաղաք Գադիոմնան, և Հակոբի քաղաքը, և քաղաք Գիմգիմնոն,– սրանք բոլորը խորտակել տվեցի ես, և դրանց տեղը դարձրեցի բլուրներ ու հովիտներ. և այնտեղի բնակիչներին ես թաղել եմ հողի խորքերում, որ թաքցնեմ նրանց ամբարշտությունն ու պղծություններն իմ երեսի առաջից, որպեսզի մարգարեների ու սրբերի արյունն այլևս չհասնի ինձ նրանց դեմ:

9 Եվ ահա, այն մեծ քաղաք Հակոբուգաթը, որը բնակեցված էր թագավոր Հակոբի ժողովրդի կողմից, ես այրեցի կրակով՝ իրենց մեղքերի ու իրենց ամբարշտության պատճառով, որը վեր էր ողջ աշխարհի բոլոր ամբարշտությունից՝ նրանց գաղտնի սպանությունների և խմբակցությունների պատճառով. քանզի այդ նրանք էին, որ կործանեցին իմ ժողովրդի խաղաղությունը, և երկրի կառավարությունը. ուստի, ես այրել տվեցի նրանց՝ կործանելու նրանց իմ երեսի առաջից, որպեսզի մարգարեների ու սրբերի արյունն այլևս չհասնի ինձ՝ նրանց դեմ:

10 Եվ ահա, Լամանի քաղաքը և Հոսի քաղաքը, Գադի քաղաքը և Կիսկումենի քաղաքը և այնտեղի բնակիչներին ես այրեցի կրակով՝ նրանց ամբարշտության, մարգարեներին դուրս գցելու պատճառով, և նրանց քարկոծելու, որոնց ես ուղարկել էի, հայտարարելու նրանց, իրենց ամբարշտության ու իրենց պղծությունների վերաբերյալ:

11 Եվ քանի որ նրանք դուրս գցեցին բոլոր նրանց, այնպես որ ոչ մի արդարակյաց չմնաց նրանց մեջ, ես վար ուղարկեցի կրակ և կործանեցի նրանց, որպեսզի նրանց ամբարշտությունն ու պղծությունները թաքցվեն իմ երեսի առաջից, որպեսզի մարգարեների ու սրբերի արյունը, որոնց ես ուղարկել էի նրանց մեջ, գետնից չաղաղակեն առ ինձ՝ նրանց դեմ:

12 Եվ շատ մեծ ավերածություններ պատճառեցի ես՝ գալու այս երկրի վրա, և այս ժողովրդի վրա, իրենց ամբարշտության և իրենց պղծությունների պատճառով:

13 Ո՜վ դուք, բոլորդ, ովքեր խնայվել եք, որովհետև դուք ավելի արդար էիք, քան նրանք, այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ:

14 Այո, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դուք գաք ինձ մոտ, դուք կունենաք հավերժական կյանք: Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ:

15 Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին: Ես ստեղծեցի երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են: Ես Հոր հետ էի ի սկզբանե: Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ ինձանում. և ինձանում Հայրը փառավորեց իր անունը:

16 Ես եկա յուրայինների մոտ, և յուրայինները չընդունեցին ինձ: Եվ սուրբ գրքերը, իմ գալստի վերաբերյալ, կատարվել են:

17 Եվ բոլոր նրանք, ովքեր ընդունել են ինձ, ես շնորհել եմ նրանց դառնալ Աստծո որդիները. և ճիշտ այդպես կանեմ ես բոլոր նրանց, ովքեր կհավատան իմ անունին, քանզի ահա, ինձանով է գալիս փրկագնումը, և ինձանում է Մովսեսի օրենքը կատարվում:

18 Ես եմ լույսը և կյանքն աշխարհի: Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը:

19 Եվ դուք այլևս ինձ չպետք է մատուցեք արյուն թափելը. այո, ձեր զոհերն ու ձեր ողջակեզները վերջ պիտի տրվեն, քանզի ես չեմ ընդունի ձեր զոհերից և ձեր ողջակեզներից ոչ մեկը:

20 Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի: Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով, ճիշտ ինչպես Լամանացիները մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով՝ առ ինձ իրենց հավատքի պատճառով, իրենց դարձի ժամանակ, և չիմացան դա:

21 Ահա, ես եկել եմ աշխարհ՝ փրկագնում բերելու աշխարհին, փրկելու աշխարհը մեղքից:

22 Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ, ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ, քանզի այդպիսիներինն է Աստծո արքայությունը: Ահա, այդպիսիների համար եմ ես իմ կյանքը ցած դրել, և վերցրել այն կրկին. ուստի ապաշխարե՛ք և եկեք ինձ մոտ, դո՛ւք, աշխարհի՛ ծայրեր, և փրկվեք: