Սեմինարիա
Մատթեոս 6․19-34


Մատթեոս 6․19-34

«Նախ Աստծու արքայությունը … փնտրեք»

Նկար
Քրիստոսն ուսուցանում է, որ ամեն ինչ կտրվի նրանց, ովքեր փնտրում են Աստծո արքայությունը:

Որպես Լեռան քարոզի մաս՝ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր աշակերտներին՝ «նախ Աստծու արքայությունը … փնտրեք [կառուցել]» (Մատթեոս 6.33): Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կստանաք խորհել Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու կարևորության մասին և կիսվել այդ գաղափարով:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են ուրիշների հետ կիսվել Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնելու կարևորությամբ և օրհնություններով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փրկիչը ուսուցանում է Իր աշակերտներին՝ «նախ Աստծու արքայությունը … փնտրել»

Կարդացեք հետևյալ իրական սցենարները.

  • ԱՄՆ-ի Կալիֆորնիայից մի երիտասարդ տղա տաղանդավոր սերֆեր է, սակայն սեմինարիայի դասացուցակը համընկնում է նրա ավագ դպրոցի սերֆինգի թիմի մարզումների հետ:

  • Բրազիլիայում ապրող մի երիտասարդ աղջիկ հրավիրվել է պատվավոր տեղ զբաղեցնել իր ընկերոջ 15-ամյակի տոնակատարությանը, սակայն պետք է կրի մի զգեստ, որը չի համապատասխանում իր չափանիշներին:

  • Նոր Զելանդիայում ապրող մի երիտասարդ տղա տաղանդավոր ռեգբիստ է, ում կանխագուշակում էին մասնագիտական կարիերա, սակայն նա լիաժամկետ միսիոներ ծառայելու տարիքում է:

Ահա մի քանի օրինակներ, որտեղ երիտասարդները կարող են ընտրել և Աստծուն իրենց կյանքում դնել առաջին տեղում, չնայած դա դժվար ընտրություն է:

  • Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ունենալ այդ երիտասարդները:

  • Դուք կամ ձեր ընկերները ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող եք ունենալ այսպիսի իրավիճակում:

Այս դասը սովորելիս խնդրեք Տիրոջն օգնել ձեզ լուծել ձեր խնդիրները և հասկանալ Նրան ձեր կյանքում առաջին տեղում դնելու կարևորությունը: Ուսումնասիրեք հետևյալ սուրբգրային հատվածների խմբերից որևէ մեկը․ Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի կարողանաք գտնել և հասկանալ Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ` Աստծուն առաջին տեղում դնել ձեր կյանքում:

Ուսանողները կարող են ընտրել, թե որ հատվածներն են ուսումնասիրելու կամ կարող եք նրանց հանձնարարել Տարբերակ Ա-ն կամ Տարբերակ Բ-ն: Օգտակար կլինի գրատախտակին ցուցադրել հետևյալ տարբերակները:

Տարբերակ Ա.Մատթեոս 6.19-24: Այս հատվածներում Փրկիչն օգտագործեց գանձեր բառը, որը նշանակում է այն, ինչ մենք շատ ենք գնահատում և աչք բառը՝ որը խորհրդանշում է մեր տեսակետը կյանքում: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, թե Տերն ինչ է ուսուցանել հատված 22-ում. «Ուստի եթե աչքդ պարզ է Աստծուն փառաբանելու համար, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.22 [Մատթեոս 6.22, ծանոթագրություն բ], տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.67): Օգտակար կլինի նշել նաև, որ մամոնա բառը նշանակում է նյութապաշտություն կամ հարստություն (տես Մատթեոս 6.24, ծանոթագրություն բ):

Տարբերակ Բ. Մատթեոս 6.25-34: Այս հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Տերը խոսում էր Իր առաքյալների հետ «աշխարհ գնալու ․․․ և մարդկանց ուսուցանելու» իրենց պարտավորության մասին (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.25-26 [Աստվածաշնչի հավելվածում]): Այդ պահին Տիրոջ հրահանգն ուղղված էր մասնավորապես Տասներկու Առաքյալներին, բայց Նրա ուսուցանած սկզբունքը վերաբերում է նաև մեզ: Նկատեք, թե Աստված ինչպես է հոգ տանում Իր արարչագործությունների, այդ թվում՝ մեր մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք հատված 33-ին. այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը այսպես է սկսվում. «Ուստի, մի փնտրեք աշխարհի բաները, այլ փնտրեք նախ կառուցել Աստծո արքայությունը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.38 [Աստվածաշնչի հավելվածում]):

  • Երբ կարդացիք Փրկիչի այս խոսքերը և հրավիրեցիք Սուրբ Հոգու առաջնորդությունը, ի՞նչ գտաք, որ կարևոր էր ձեզ համար: Ինչո՞ւ էր այն կարևոր:

Առաջարկեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով: Կարող եք գրատախտակին գրել նրանց կողմից նշված սկզբունքները: Եթե ուսանողները չկիսվեն սկզբունքներով, հարցրեք նրանց. «Ինչպես կամփոփեիք Փրկիչի ուսուցանած ճշմարտություններից մեկը»:

Այս հատվածներում Փրկիչն ուսուցանել է մի քանի ճշմարիտ սկզբունքներ, այդ թվում՝ մենք չենք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (կամ նյութապաշտությանը), և եթե մենք նախ ձգտենք կառուցել Աստծո արքայությունը, ապա Նա մեզ կօրհնի այն ամենով, ինչի կարիքն, Իր կարծիքով, մենք ունենք:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ մղում է Նրանց առաջին տեղում դնել ձեր կյանքում:

Երիտասարդները, ովքեր Աստծուն առաջին տեղում են դնում

Հնարավորության դեպքում դիտեք Աստծուն առաջնահերթություն տված երիտասարդ մարդկանց մասին հետևյալ տեսանյութերից մեկը: Տեսանյութերը համապատասխանում են դասի սկզբում ներկայացված իրավիճակներին: (Բոլոր տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում):

«Ոչ մի ափսոսանք» (5:38)․ սերֆինգով զբաղվող երիտասարդը:

«Առաքինի երիտասարդ կանայք» (3:50)․ երիտասարդ կինը, որին ասել են անհամեստ զգեստ կրել:

«Ձեր միսիայի օրը» (3:31)․ ռեգբի խաղացող երիտասարդ տղամարդը:

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ այս տեսանյութում: Ի՞նչ սովորեցիք Աստծուն առաջնահերթություն տալու մասին:

  • Ե՞րբ եք ձեր կյանքում Աստծուն առաջին տեղում դրել:

  • Ի՞նչ օրհնություններ եք տեսել ձեր որոշման արդյունքում:

Քաջալերել մարդկանց՝ Աստծուն առաջին տեղում դնել

Մի րոպե մտածեք, թե որքանով են ձեզ համար կիրառելի Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու մասին Փրկիչի ուսմունքները: Այս դասն ավարտելիս շարունակեք ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց:

Պատկերացրեք, որ ձեր ցցի կամ շրջանի նախագահությունը հրավիրել է ձեր քվորումին կամ դասարանին տեսանյութ պատրաստել և դրանով ոգևորել ձեր տարածքի երիտասարդներին՝ Աստծուն առաջնահերթություն տալ իրենց կյանքում: Նախագահությունը ծրագրում է այդ տեսանյութը ցուցադրել երիտասարդների միջոցառման ժամանակ:

Ուսանողները կարող են ծրագրել տեսանյութը անհատապես կամ փոքր խմբերով: Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են պատրաստել զեկույց կամ դաս՝ Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնելու մասին:

Մանրամասն նախագիծ ստեղծեք ձեր տեսանյութի համար: (Պետք չէ տեսանյութ նկարել, միայն պետք է ծրագիր մշակել։) Ձեր նախագծում ներառեք հետևյալը.

  • Մատթեոս 6-ում Փրկչի ուսուցանած ճշմարտություններից առնվազն մեկը և բացատրություն, թե այն ինչպես կարող է օգնել երիտասարդներին՝ Աստծուն առաջնահերթություն տալ իրենց կյանքում:

  • Աստծուն առաջնահերթություն տվող որևէ մարդու ժամանակակից օրինակ: Այդ օրինակը կարող է լինել ձեր անձնական կամ ձեր ծանոթի փորձառությունը: Գրեք այդ օրինակի պարզ ամփոփումը:

Ձեր նախագծում ներառեք նշվածներից մեկը կամ ավելին.

  • Եկեղեցու ղեկավարի հայտարարություն

  • Նկարներ կամ պատկերներ, որոնք կարող եք ներառել, և երբ դրանք կներառեիք

  • Ձեր անձնական վկայությունը

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել, թե ինչ կներառեին այս տեսանյութի մեջ: Երբ նրանք կիսվեն, լրացուցիչ հարցեր տվեք, օրինակ՝ «Ինչո՞ւ եք որոշել կենտրոնանալ այս արտահայտության կամ ճշմարտության վրա»: «Ինչո՞ւ եք որոշել օգտագործել այս պատմությունը կամ փորձառությունը»: «Ինչո՞ւ եք կարծում, որ դա կօգնի երիտասարդներին այսօր»:

Կարող եք վերադառնալ այն հարցերին կամ խնդիրներին, որոնք ուսանողները նշեցին դասի սկզբում: Հարցրեք ուսանողներին. «Ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ լուծել այս խնդիրները»:

Տեսանյութի ձեր նախագծով կիսվեք ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Դուք դա կարող եք անել, երբ ընտանիքի հետ քննարկեք այս թեման Եկ, հետևիր ինձ ուսումնասիրության շրջանակներում:

Եթե կարող եք, նկարեք ձեր տեսանյութը և դրանով կիսվեք ուրիշների հետ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ Աստծուն առաջին տեղում ենք դնում մեր կյանքում

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899-1994) ուսուցանել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի լուսանկարը։ Նա նստած է կաշվե աթոռի վրա՝ բուխարիի դիմաց։ Նա ձեռքերը սեղմել է իրար առջևում, մատին կա փիրուզե մեծ մատանի։ Պաշտոնական դիմանկար․1986 թ․

Մենք պետք է Աստծուն ամեն ինչից առաջ դնենք մեր կյանքում …

Երբ դնում ենք Աստծուն առաջին տեղում, մնացած բոլոր բաներն ընկնում են իրենց պատշաճ տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր հակվածության պահանջները, ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք, ինչպես նաև մեր առաջնահերթությունների կարգը:

(Ezra Taft Benson, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4)

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: …

Մտածեք, թե նման պատրաստակամությունն ինչպես կարող է օրհնել ձեզ: …

Եթե անկեղծ հարցեր ունեք ավետարանի կամ Եկեղեցու վերաբերյալ, երբ ընտրում եք թույլ տալ, որ Աստված տնօրինի, ձեզ կառաջնորդեն գտնել և հասկանալ բացարձակ, հավերժական ճշմարտություններ, որոնք կուղղորդեն ձեր կյանքը և կօգնեն ձեզ ամուր մնալ ուխտի արահետի վրա:

Երբ բախվում եք գայթակղության, նույնիսկ եթե գայթակղությունը գալիս է, երբ դուք ուժասպառ եք, ձեզ մենակ եք զգում կամ ձեզ սխալ են հասկացել, պատկերացրեք, որ կարող եք զինվել քաջությամբ, երբ նախընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, և երբ խնդրեք Նրան զորացնել ձեզ: …

… Երբ թույլ տաք, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, ինքներդ կզգաք, որ մեր Աստվածը «հրաշքների Աստված է» [Մորմոն 9․11]»։

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2020, 94, 95)

Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ ասել է. «մի՛ հոգացեք ձեր կյանքի համար» և «վաղվա մասին մի՛ հոգացեք» (Մատթեոս 6.25, 34)

«Հունարեն արտահայտությունը, որը Մատթեոս 6.25, 34 հատվածների Հակոբոս Թագավորի տարբերակում թարգմանվել է «մի՛ հոգացեք» նշանակում է մի անհանգստացեք» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 29):

Փրկիչն ի՞նչ է նկատի ունեցել, երբ ասել է. «յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են» (Մատթեոս 6․34)

Այս արտահայտությունը նշանակում է «Մի մտահոգվեք վաղվա մասին, դուք բավականաչափ գործ ունեք այսօր» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ, 29):

Ի՞նչ է կանգունը (Մատթեոս 6.27)

Կանգունը «Տիրոջ ժամանակներում հրեաների երկարության միավորներից էր՝ արմունկից մինչև մատների ծայրը ընկած հեռավորությունը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կանգուն»):

Օժանդակ ուսումնական վարժություն

Զգուշացեք կեղծ մարգարեներից

Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել գաղափարների օրինակներով, որոնք ընդհանրապես ընդունվում են աշխարհի կողմից, բայց որոնք հակառակ են Երկնային Հոր ծրագրին: Բացատրեք, որ կեղծ մարգարեներն անհատներ են կամ խմբեր, որոնք առաջ են քաշում Երկնային Հոր ծրագրին հակառակ գաղափարներ և փորձում են քանդել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ու Նրա մասին վկայությունները: Կարդացեք Մատթեոս 7.15-20-ը և քննարկեք Փրկչի ուսմունքները կեղծ մարգարեներին ճանաչելու մասին, և ինչու են այդ ուսմունքները կարևոր մեր օրերում: Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը կարող է օգտակար լինել.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

«Սատանան ձգտում է շփոթեցնել մեր մտածողությունը կամ մոլորության մեջ գցել մեզ կարևոր հարցերի շուրջ: … Փրկիչն այս հուշումն է տվել, որպեսզի օգնի մեզ ընտրել ճշմարտությունը տարբեր ուսմունքներից, որոնք կարող են շփոթեցնել մեզ. «Դուք պիտի ճանաչեք նրանց իրենց պտուղներից» (3 Նեփի 14․16): … Հետևաբար, մենք պետք է նայենք արդյունքներին՝ այսինքն այն սկզբունքների «պտուղներին», որոնք մեզ ուսուցանվում են, և մարդկանց, ովքեր ուսուցանում են։ Սա լավագույն պատասխանն է այն բազմաթիվ առարկություններին, որոնք մենք լսում ենք Եկեղեցու, նրա վարդապետությունների, քաղաքականության և ղեկավարության հասցեին։ Հետևեք Փրկիչի տված հուշումին։ Նայեք պտուղներին՝ արդյունքներին։

(Դալլին Հ. Օուքս, «Մելքիսեդեկյան Քահանայությունը և բանալիները», Ensign, կամ Լիահոնա մայիս 2020, 71):