Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 2


Գնահատեք ձեր գիտելիքները 2

Մատթեոս 3-7, Ղուկաս 3-6, Մարկոս 1, Հովհաննես 2-4

Նկար
Հիսուսը հետին պլանում է, մի խումբ նստած մարդիկ՝ առաջին պլանում

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ձեր սովորածը, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի օգնությամբ գայթակղությանը դիմադրելու և այն հաղթահարելու իրենց ջանքերի մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևելով Հիսուս Քրիստոսին

Սեմինարիայում Նոր Կտակարանից ձեր սովորածի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը կամ Նրա հետևորդը: Կատարեք հետևյալ երեք վարժություններից մեկը՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ ենք ստանում, երբ հետևում ենք Փրկիչին՝ գործելով Նրա ուսմունքների համաձայն: Այնուհետև պատասխանեք հետևյալ երկու հարցերին:

Որոշեք, թե հետևյալ երեք վարժություններից որը կարող է ամենից արդյունավետը լինել դասարանի համար և առաջարկեք ուսանողներին կատարել այն: Համոզվեք, որ բավարար ժամանակ ունեք:

  1. Երգեք կամ լսեք «Խելոք մարդը և հիմար մարդը» Երեխաների միության երգը (Երեխաների երգարան, 281), ինչպես նաև կարդացեք Մատթեոս 7.24-27 հատվածները:

  2. Թերթիկի վրա կամ ձեր օրագրում նկարեք Մատթեոս 7.24-27 հատվածներում նկարագրված Փրկչի ուսմունքների մի պարզ ներկայացում:

  3. Խորանարդիկներից կամ բաժակներից մի հասարակ տուն կառուցեք կայուն մակերեսի (հատակի կամ սեղանի) վրա: Ապա կառուցեք մեկ այլ հասարակ կառույց ավելի անկայուն հիմքի, օրինակ՝ մահճակալի, ծալված վերմակի կամ բարձի վրա: Ձեռքերով ներքև հրեք յուրաքանչյուր կառույցի կողքի մակերևույթը և տեսեք, թե ինչ է տեղի ունենալու: Կարդացեք Մատթեոս 7.24-27-ը՝ նմանություններ փնտրելով այս վարժության և Փրկիչի առակի միջև:

  • Ի՞նչ սովորեցիք այս վարժությունից:

  • Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում, եթե գործում ենք ըստ Փրկիչի ուսմունքների:

Մտածեք, թե ինչպիսի աճ եք ունեցել այս տարի Նոր Կտակարանից Փրկիչի ուսմունքները ուսումնասիրելիս և կիրառելիս: Պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

  • Որո՞նք են ձեր ուսումնասիրած Հիսուս Քրիստոսի որոշ ուսմունքները, որոնք հատկապես նշանակալի են ձեզ համար:

  • Ինչպե՞ս եք ավելի շատ մոտեցել Փրկիչին՝ Նրա խոսքերն ուսումնասիրելիս:

  • Այս տարի սովորած ո՞ր ուսմունքներն եք կիրառել ձեր կյանքում: Ի՞նչ օրհնություններ եք ստացել արդյունքում:

Այս դասը կօգնի ձեզ գնահատել այն մի քանի եղանակները, որոնցով դուք կառուցում եք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա, որպեսզի կարողանաք դիմակայել հնարավոր մարտահրավերներին:

Դասի մնացած մասը հիմնվելու է հետևյալ դասերի վրա.

  • Մատթեոս 3.1-12, Մարկոս 1.1-8

  • Ղուկաս 3․7-14

  • Մատթեոս 4․1-11, Մաս 1

  • Մատթեոս 4․1-11, Մաս 2

  • Հովհաննես 3․1-8

  • Մատթեոս 6․1-18

Եթե այս դասերը հարմարեցվել են ուսանողների կարիքներին կամ չեն դասավանդվել, անհրաժեշտ կլինի հարմարեցնել հետևյալ վարժությունները:

Բացատրեք ապաշխարության, մկրտության և հաստատման նշանակությունը

Առաջարկեք ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով բեմադրել հետևյալ վարժությունը:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ գնահատել, թե որքան լավ եք դուք հասկանում և կարողանում բացատրել Փրկիչի ապաշխարության, մկրտության և հաստատման վարդապետությունը: Մտածեք հետևյալ երկու հայտարարությունների մասին և յուրաքանչյուրին պատասխան գրեք՝ նշված խնդիրը լուծելու համար: Օգտվեք վերջերս սովորած առնվազն մեկ սուրբ գրությունից: Չակերտներում դրված հղումները կարող են օգտակար լինել: Կարող եք ընդգրկել անձնական փորձառություններ կամ վկայություն:

  1. Ես բավականին լավ մարդ եմ: Ես ինչո՞ւ պետք է մտահոգվեմ ապաշխարության մասին, եթե մեծ մեղքեր չեմ գործում: (Տես Մատթեոս 3․1-8, Ղուկաս 3․7-14):

  2. Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, բայց չեմ կարծում, որ կարիք ունեմ մկրտվելու և հաստատվելու՝ Աստծո մոտ վերադառնալու համար: (Տես Մարկոս 1.1-9, Հովհաննես 3.5, 2 Նեփի 31.5-12, 17-18):

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, գնահատեք, թե նրանք ինչպես են հասկանում ապաշխարության, մկրտության և հաստատման վարդապետությունը: Անհրաժեշտության դեպքում խնդրեք վարդապետությունը լավ ըմբռնած մի քանի ուսանողի կիսվել իրենց բացատրություններով և օգտագործված հղումներով ամբողջ դասարանի հետ:

Գնահատեք ձեր ունակությունը՝ ինչպես կարող եք առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով դիմակայել չարին ու հաղթահարել այն

Նկար
Քրիստոսը, կանգնած ժայռի եզրին, հանդիմանում է սատանային, ով հայտնվում է իր մոտ։ Նկարը պատկերում է այն իրադարձությունը, երբ սատանան փորձեց գայթակղել Քրիստոսին, այն բանից հետո, երբ Քրիստոսը քառասուն օր ծոմ էր պահել անապատում։ Քրիստոսը հրամայում է սատանային հեռանալ Իր մոտից:

Վերջերս դուք սովորեցիք, թե Փրկիչն ինչպես դիմակայեց գայթակղություններին և հնարավորություն ունեցաք ծրագրել, թե ինչպես հետևել Նրա օրինակին և ապավինել Նրան՝ գայթակղությունների հանդիպելիս: (Օգտակար կլինի կրկնել Մատթեոս 4.1-11-ը և ձեր օրագրում այդ դասի վերաբերյալ գրված նյութը։)

Որպեսզի կարողանաք գնահատել, թե ինչպես եք կիրառել ձեր սովորածը, խորհեք, թե ինչ ջանքեր եք ձեռնարկել Փրկիչի օրինակին հետևելու և Նրա օգնությամբ գայթակղությանը դիմադրելու համար: (Դա կարող է ներառել սուրբ գրություններ, որոնք դուք փորձել եք հիշել կամ մտապահել։) Հետևյալ սցենարի շուրջ խորհելիս մտածեք, թե ինչ եք սովորել ձեր փորձառություններից.

Պատկերացրեք մի ընկերոջ, ով չի կարող դիմադրել պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելու գայթակղությանը: Նա փորձել է ազատվել այդ գայթակղությունից. չի օգտվել համացանցից, երբ մենակ էր, և իր հեռախոսը գիշերը չի թողել իր սենյակում: Սկզբում նա հաջողության հասավ, բայց մի քանի օր հետո նորից ենթարկվեց գայթակղությանը: Նա այնքան հիասթափված էր ինքն իրենից, որ փորձեց նորից խուսափել պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելուց, բայց նորից չդիմացավ: Նա լրացուցիչ գաղափարների և օգնության կարիք ունի՝ Փրկիչի զորության միջոցով այս գայթակղությանը դիմադրելու համար:

Կարող եք դասարանով կատարել հետևյալ վարժությունը: Խնդրեք ուսանողներից մեկին կիսվել, թե ինչ խորհուրդ կտար այդ ընկերոջը: Ապա խնդրեք նրան ընտրել դասարանի մի այլ անդամի և կիսվել օգտակար գաղափարով: Ուսանողները կարող են շարունակել կիսվել միմյանց հետ կամ նրանցից մի քանիսը կարող են բարձրացնել իրենց ձեռքերը և մասնակցել այս վարժությանը: Անհրաժեշտության դեպքում կիսվեք, թե այդ ընկերն ինչ կարող է ասել կամ զգալ՝ ի պատասխան տրված խորհրդի:

Առանց կիսվելու ձեր անձնական գայթակղություններով հաղորդագրություն գրեք ձեր ընկերոջը: Ձեր պատասխանի մեջ ներառեք հետևյալից երկուսը կամ ավելին.

  • որևէ բան, որ դուք արել եք Տիրոջը մոտենալու համար, ինչն օգնել է ձեզ հաղթահարել գայթակղությունը

  • որևէ բան, որ դուք գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, ինչը կարող է օգնել ձեր ընկերոջը սիրված զգալ և շարունակել դիմակայել գայթակղությանը

  • որևէ բան, որ դուք խորհուրդ եք տալիս ձեր ընկերոջը անել՝ Փրկիչի օրինակին հետևելու և Նրա օգնությամբ գայթակղությանը դիմակայելու համար

  • ինչ հաջողությունների և մարտահրավերների կարող է հանդիպել ձեր ընկերն իր ճանապարհին և ինչպես կարող է ապավինել Տիրոջը` դրանք հաղթահարելու համար

Մտածեք, թե այս վարժությունն ինչպես կարող է օգնել ձեզ: Ի՞նչ կցանկանայիք անել՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ գայթակղությանը դիմադրելու և այն հաղթահարելու համար: Եթե դուք հուսահատված կամ շփոթված եք, աղոթեք ձեր մտահոգությունների և զգացմունքների մասին: Կարող է նաև օգտակար լինել խոսել ծնողի կամ եպիսկոպոսի հետ: Մի հուսահատվեք՝ Փրկիչի և Նրա ուսմունքների վեմի վրա ձեզ կյանքը կառուցելիս:

Մտածեք Աստծուն անկեղծորեն երկրպագելու և հետևելու ձեր ցանկության մասին

Եվ վերջին սկզբունքը, որի շուրջ դուք պետք է խորհեք, Աստծուն անկեղծորեն երկրպագելու և Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ցանկությունն է: Անցյալ դասին դուք սովորեցիք, որ եթե մենք արդար գործեր ենք կատարում Երկնային Հորը գոհացնելու համար, ապա Նա հայտնապես կհատուցի մեզ (տես Մատթեոս 6.1-6, 16-18): Այս ճշմարտությունն ուսումնասիրելիս կարող եք լրացնել նմանատիպ մի աղյուսակ.

Որո՞նք են այս շաբաթ կատարած ձեր երեք բարի գործերը: (Ամեն շարքից նշեք մեկական գործ):

Որո՞նք էին այդ գործերն անելու ձեր պատճառները:

Ինչպե՞ս եք ձեզ զգացել այդ բարի գործերը կատարելուց հետո:

Կարող եք այս աղյուսակին ավելացնել մեկ կամ երկու բարի գործ, որոնք դուք կատարել եք այն դասից հետո, ապա պատասխանեք դրանցից բխող հարցերին: Մտածեք՝ արդյո՞ք դուք կարողացաք ավելի անկեղծորեն կենտրոնանալ Աստծո վրա:

  • Եթե որևէ մեկը զգում է, որ չի կարող բարի գործեր կատարել Աստծուն գոհացնելու համար, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը՝ խորհուրդ, փորձառություններ և վկայություն ավելացնելու համար: