Սեմինարիա
Ղուկաս 24.1-12, 36-48


Ղուկաս 24.1-12, 36-48

Հիսուս Քրիստոսի Հարությունը

Նկար
Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանը․ Տեսարանը Գոշենում, Յուտա

Փրկիչի հուղարկավորությունից հետո հավատարիմ աշակերտները անուշահոտություններ բերեցին գերեզման: Փրկիչի դիակը գտնելու փոխարեն նրանց գտան դատարկ գերեզմանը: Հրեշտակները հայտարարեցին, որ Տերը հարություն առավ: Ավելի ուշ երեկոյան, երբ աշակերտները միասին էին, Նա հայտնվեց նրանց առջև և նրանց ցույց տվեց Իր հարություն առած մարմինը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի Հարությունը և այն, թե դա ինչպես է ազդում ձեր կյանքի վրա:

Հիսուս Քրիստոսի Հարությունը

Քննեք Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանի նկարը և պատասխաններ մտածեք հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ է այս նկարը նշանակում ձեզ համար:

1. Մտածեք, թե ինչ գիտեք Հարության մասին, և այն ինչ ազդեցություն ունի ձեր կյանքի վրա՝ ձեր օրագրում պատասխանելով հետևյալ հարցերին: Դուք հնարավորություն կունենաք կրկնել այս հարցերը ձեր այսօրվա ուսումնասիրության վերջում:

  • Ի՞նչ գիտեք հարության մասին:

  • Փրկիչի Հարության մասին ձեր գիտելիքները և համոզմունքներն ինչպե՞ս են ազդում ձեզ վրա:

Երբ Հիսուս Քրիստոսը կամավոր զոհաբերեց Իր կյանքը խաչի վրա, Նրա մարմինը հանվեց խաչից, փաթաթվեց մաքուր կտավի մեջ և դրվեց գերեզմանում: Շաբաթ օրվանից հետո՝ վաղ առավոտյան Մարիամ Մագթաղենացին և մի քանի այլ հավատարիմ կանայք վերադարձան գերեզմանի մոտ (տես Ղուկաս 24.10, Հովհաննես 20.11–18):

Կարդացեք Ղուկաս 24.1–12-ը՝ նշելով, թե նրանք ինչ գտան և իմացան Փրկիչի գերեզմանի մոտ:

  • Ձեր կարծիքով, աշակերտներն ի՞նչ են մտածել և զգացել իրենց տեսածից և լսածից հետո:

Այդ փորձառությունից անմիջապես հետո Հիսուս Քրիստոսը հայտնվեց երկու աշակերտների առջև Էմմաուսի տանող ճանապարհին (տես Ղուկաս 24.13–32): Նրանք վերադարձան Երուսաղեմ և կիսվեցին իրենց փորձառությամբ Առաքյալների հետ (տես Ղուկաս 24:33–35):

Կարդացեք Ղուկաս 24.36–48-ը՝ ուշադիր լինելով, թե ինչ պատահեց, երբ Հիսուսի աշակերտները հավաքվեցին՝ հարություն առած Փրկիչի հայտնությունները քննարկելու համար:

Կարող եք նաև դիտել «Հարություն առած Տերը հայտնվում է Առաքյալների առջև» տեսանյութը (2:19) ChurchofJesusChrist.org կայքում։

Ղուկաս 24.36-39-ը սուրբ գրությունների սերտման հատված է։ Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

  • Ի՞նչն է առանձնահատուկ ձեզ համար այս հատվածներում Փրկիչի՝ աշակերտներին ուղղված խոսքերից:

  • Ձեր կարծիքով, Փրկիչի առաջին խոսքերն ինչո՞ւ էին «Խաղաղություն ձեզ» (Ղուկաս 24.36

  • Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ով է Փրկիչը, և ինչ է ուզում, որ Իր աշակերտները հասկանան:

Ավելի լավ հասկացեք Փրկիչի Հարությունը

Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն է՝ Հիսուս Քրիստոսը հարություն առած և մսից ու ոսկորներից կազմված մարմին ունի:

  • Ի՞նչ է նշանակում հարություն առնել:

Հարությունը «հոգևոր մարմնի և ֆիզիկական՝ մսից ու ոսկորներից կազմված, մարմնի վերամիավորումը մահվանից հետո» մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի շնորհիվ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հարություն», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Իր Քավության և Հարության շնորհիվ Փրկիչը մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր է դարձրել Իր հետ ապրելը և Իր նման դառնալը:

Խորհեք Փրկիչի Հարության և ձեր կյանքում դրա նշանակության մասին հարցերի շուրջ: Ստորև ներկայացված են մի քանի հարցեր, որոնք դուք կարող եք ունենալ Փրկիչի Հարության վարդապետության վերաբերյալ: Ձեր օրագրում նշեք հետևյալ հարցերը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսն ունի մսից ու ոսկորներից կազմված մարմին:

  • Ո՞րն է Փրկիչի Հարության կարևորությունն իմ կյանքում:

Այս հարցերին պատասխաններ գտնելու միջոցներից մեկն է՝ որոնել, թե Տիրոջ մարգարեները և առաքյալներն ինչ են ուսուցանել: Ստորև բերված են մի քանի ուսմունքներ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի կողմից: Այս խոսքերն ուսումնասիրելիս՝ փնտրեք պատասխաններ ձեր հարցերին: Կարող է նաև օգտակար լինել փնտրել Տիրոջ կարգված ծառաների կողմից ասված լրացուցիչ խոսքեր:

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը։ Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին` Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ լուծման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որ մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Հիսուսը հարություն է առել, Նա չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբուննի կամ մարգարե լինել: Քանի որ Հիսուսը հարություն է առել, Նա պետք է որ Աստված լիներ, այսինքն՝ Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, ու «անձամբ կթագավորի երկրի վրա» [Հավատո Հանգանակ 1.10]:

Հետևաբար, բոլորի համար կա Հարություն ու վերջին դատաստան:

(Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Լիահոնա,մայիս 2014, 113)

Ժամանակի առկայության դեպքում կարող եք դիտել «Նա կենդանի է. Նշեք Զատիկը, քանզի Հիսուս Քրիստոսն ապրում է» տեսանյութը (2:26), երբ պատրաստվում եք պատասխանել հետևյալ հարցերին: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կավելացնեիք դասի սկզբում տրված հարցերի ձեր պատասխաններին:

  • Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչ է հարությունը մի մարդու, ով ծանոթ չէ այս ուսմունքին:

  • Փրկիչի Հարության ձեր ընկալումն ինչպե՞ս է ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հարգանքի և սիրո վրա:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հիսուս Քրիստոսի Հարությունն ինչո՞ւ է կարևոր ինձ համար

Իր «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» ելույթում Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, թե Փրկիչի Հարությունն ինչպես է ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա (Լիահոնա, մայիս 2021, 75-77):