Սեմինարիա
Ալմա 13․ «Որպեսզի դուք կարողանաք մտնել այդ հանգիստը»


«Ալմա 13․ «Որպեսզի դուք կարողանաք մտնել այդ հանգիստը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 13

«Որպեսզի դուք կարողանաք մտնել այդ հանգիստը»

Նկար
Փրկիչը

Այս կյանքում մենք բազմաթիվ հոգսեր ու նեղություններ ունենք։ Տերը պատրաստ է օգնել մեզ և ցանկանում է, որ մենք մտնենք Իր հանգիստը։ Ալման բացատրել է, որ Տերը կարգեց քահանայապետեր՝ պատվիրաններն ուսուցանելու և արարողությունները կատարելու համար, որպեսզի մարդիկ կարողանային մտնել Տիրոջ հանգիստը։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում մտնել Տիրոջ հանգիստը, և ինչպես կարող եք այդպես անել։

Օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին վկայող խորհրդանիշները։ Սուրբ գրությունները լի են Հիսուս Քրիստոսի մասին վկայող խորհրդանիշներով։ Տվեք հարցեր, որոնք ուսանողներին կօգնեն ճանաչել այդ խորհրդանիշները և հնարավորության դեպքում անդրադարձեք մարգարեական մեկնություններին։ Քննարկեք, թե խորհրդանիշներն ինչ են ուսուցանում Փրկչի մասին։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե ինչպես են օրհնվել Եկեղեցու ղեկավարի միջոցով կամ մասնակցելով ավետարանի արարողությանը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տիրոջ հանգիստը

Ստորև ներկայացվող վարժության նպատակն է պատրաստել ուսանողներին հասկանալու Տիրոջ հանգիստը։ Դուք և ուսանողները կարող եք կիսվել հանգստից օգուտ ստանալու փորձառություններով։

  • Ե՞րբ եք օգուտ ստացել հանգստից։

Սուրբ գրություններում հաճախ է խոսվում Տիրոջ հանգստի մասին։ Տիրոջ հանգիստը նշանակում է «նրա փառքի լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84.24)։ Տիրոջ հանգիստը նշանակում է նաև «խաղաղության վայելք և ազատություն՝ անհանգստությունից ու խառնաշփոթից»։ Տերն Իր հավատարիմ հետևորդներին խոստացել է նման հանգիստ այս կյանքում։ Նա նաև հանգստի վայր պատրաստեց նրանց համար հաջորդ կյանքում (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հանգիստ», scriptures.ChurchofJesusChrist.org

Անհանգստությունից ու խառնաշփոթից ազատություն և խաղաղություն ունենալը չի նշանակում, որ կյանքում փորձություններ չեն լինելու։ Կարդացեք Մատթեոս 11.28–30 հատվածը և փնտրեք, թե Տերն ինչ է ուսուցանում Իր հանգստի մասին կյանքի դժվարությունների ժամանակ։

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե իրենց կյանքի ներկա պահին ինչպես կարող են օգուտ քաղել Տիրոջ հանգստից։ Նրանք կարող են իրենց մտքերից մի քանիսը գրի առնել նաև իրենց օրագրերում։

Մտածեք ձեր կյանքի ներկա հանգամանքների մասին։

  • Ինչպե՞ս կարող եք օգուտ քաղել՝ Տիրոջ հանգիստը զգալուց։

Ալման Ամմոնիայի ժողովրդին առաջարկեց ապաշխարել և չկարծրացնել իրենց սրտերը, որպեսզի կարողանան ներվել և մտնել Տիրոջ հանգիստը (տես Ալմա 12.33–37Ալմա 13 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ է առաջարկել Տերը, որպեսզի օգնի ձեզ այս և գալիք կյանքում մտնել Իր հանգիստը։

Կարող եք դասարանը բաժանել երկու կեսի՝ մի կեսին հանձնարարելով ուսումնասիրել քահանայության ղեկավարների մասին Ալմա 13.1–2, 6 հատվածները, մյուս կեսին՝ քահանայության արարողությունների մասին Ալմա 13.16 հատվածը։ Սա կարող է օգնել ուսանողներին արագ բացահայտել երկու սկզբունքները և նախքան դասարանով քննարկելը թվարկել դրանք գրատախտակին։ Որպես մեկ այլ մոտեցում կարող եք յուրաքանչյուր սկզբունքից որևէ նյութ պատրաստել, որն ուսանողները կարող են ուսումնասիրել զույգերով կամ խմբերով, ապա սովորածը ներկայացնել մյուս ուսանողներին։ Սա կարող է ժամանակ խնայել և թույլ տալ քննարկել Ալմա 13.27–30 հատվածները ավելի ուշ՝ դասի ընթացքում։

Քահանայության ղեկավարներն օգնում են մեզ մտնել Տիրոջ հանգիստը

Ամմոնիայի ժողովուրդն իրեն համարում էր «ըստ Նեորի կարգի ու հավատքի» ժողովուրդ (Ալմա 14.16)։ Այդ պատճառով նրանք կարծում էին, որ կարող են առանց Հիսուս Քրիստոսի Քավության փրկվել և քահանայությունը փոխարինեցին կեղծ կարգով, որն Ալման անվանում էր «քահանանենգություն» (տես Ալմա 1.3–4, 12, 16)։ Այդ կեղծ համոզմունքներն ուղղելու համար Ալման ուսուցանում էր նրանց, թե ինչպես «Տեր Աստված քահանաներ կարգեց՝ ըստ իր սուրբ կարգի» (Ալմա 13.1

Կարդացեք Ալմա 13.1–2, 6 հատվածը և փնտրեք, թե Տերն ինչու է քահանայության ղեկավարներ կարգում։

  • Ի՞նչ պատճառներով է Տերը քահանայության ղեկավարներ կանչում։

Այս հատվածներից իմանում ենք, որ Փրկիչը քահանայության ղեկավարներ է կանչում՝ օգնելու մեզ փրկագնման համար դառնալ դեպի Իրեն և ուսուցանել Իր պատվիրանները, որպեսզի մենք կարողանանք մտնել Նրա հանգիստը։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է.

Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Հիսուս Քրիստոսը զորություն և իշխանություն ունի փրկագնելու ողջ մարդկությանը։ Իր քավիչ զորությունը հասանելի դարձնելու համար Նա իր զորության ու իշխանության մի մասը պատվիրակել է երկրի վրա գտնվող մարդկանց։ Այդ պատվիրակված զորությունն ու իշխանությունը կոչվում է քահանայություն: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Քահանայությունը և Փրկիչի քավող զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 64)

  • Այս մեջբերումն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե Աստված ինչու է շարունակում կանչել մարդկանց՝ քահանայություն կրելու մեր օրերում։

Քահանայապետերը, որոնց մասին խոսում էր Ալման, «կարգվեցին՝ լինելով կանչված ու պատրաստված աշխարհի հիմնադրումից ի վեր, … իրենց խիստ մեծ հավատքի ու բարի գործերի շնորհիվ» (Ալմա 13.3)։ Միևնույն ժամանակ մյուսները «մերժում էին Աստծո Հոգին իրենց սրտերի կարծրության պատճառով» (Ալմա 13.4

Եկեղեցու մյուս ղեկավարները, ինչպիսիք են՝ Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Կիրակնօրյա դպրոցի ղեկավարները, ծառայում են քահանայության պատվիրակված իշխանությամբ։ Ծառայություն մատուցելով քահանայության ղեկավարների կողքին՝ նրանք օգնում են անհատ մարդկանց և ընտանիքներին գալ դեպի Քրիստոսը։

Ստորև ներկայացվող հարցին պատասխանելու համար ուսանողները կարող են դասարանով կազմել պատասխանների ցանկ կամ պատասխանել փոքր խմբերով։ Կարող եք դասին հրավիրել նաև Եկեղեցու որևէ տեղական ղեկավարի, որը կպատմի, թե ինչ է անում, որպեսզի օգնի ուրիշներին նայել դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Եկեղեցու ղեկավարներն ինչպե՞ս են օգնում մեզ նայել դեպի Հիսուս Քրիստոսը և մտնել Նրա հանգիստը։

Քահանայության արարողություններն օգնում են մեզ մտնել Տիրոջ հանգիստը

Ալման բերում էր քահանայապետերի արդար օրինակները և պատմում, թե ինչպես էին նրանք «սրբագործվել» (Ալմա 13.11) ու «դարձել անարատ և մտել Աստծո՝ իրենց Տիրոջ հանգիստը» (Ալմա 13.12)։ Հետո Ալման առանձնահատուկ ձևով խոսում էր Մելքիսեդեկի մասին, որը քահանայության արդարակյաց ղեկավարի օրինակ էր։ Ի դեպ, Մելքիսեդեկի ժողովուրդն ի սկզբանե ամբարիշտ էր, ինչպես Ամմոնիայի ժողովուրդը (տես Ալմա 8.9, 13.17

Կարդացեք Ալմա 13.14–19 հատվածները և փնտրեք, թե Մելքիսեդեկն ինչպես էր ծառայում իր ժողովրդին։

  • Ի՞նչ նմանություններ եք նկատում Մելքիսեդեկի և Հիսուս Քրիստոսի միջև։

  • Հատված 16-ի համաձայն՝ ո՞րն է քահանայության արարողությունների նպատակներից մեկը։

Հատված 16-ից իմանում ենք, որ քահանայության արարողություններն օգնում են մեզ մեղքերի թողության համար նայել դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի կարողանանք մտնել Նրա հանգիստը։

Օգտակար կլինի, եթե ցուցադրեք քահանայության տարբեր արարողությունների նկարներ և քննարկեք, թե ինչպես են դրանք օգնում մեզ «սպասել Աստծո Որդուն» (Ալմա 13.16)։ Ուսանողներին օգնեք մտածել արարողություններին իրենց մասնակցության մասին, նաև, թե ինչպես են զգացել Փրկչի հանգիստը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե քահանայության որոշ արարողություններ ինչպես կարող են օգնել մեզ նայել դեպի Հիսուս Քրիստոսը։ Դիտեք «Քավությունը» տեսանյութի 13:22-13:51 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև ներկայացված տեքստը։

Ավետարանի հիմնական արարողությունները խորհրդանշում են Քավությունը։ Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է Քավիչի մահը, թաղումը և Հարությունը: Հաղորդության ընդունումը նորոգում է մկրտության ուխտերը և թարմացնում մեր հիշողությունը՝ Փրկչի տառապած մարմնի և մեզ համար Նրա թափած արյան մասին։ Տաճարային արարողությունները խորհրդանշում են մեր հաշտեցումը Տիրոջ հետ և հավերժ միասին կնքում են ընտանիքները: (Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1996 թ., 35)

  • Ի՞նչ սովորեցիք նախագահ Նելսոնից քահանայության արարողությունների մասին։

  • Ե՞րբ եք ձեզ ավելի մոտ զգացել Փրկչին՝ մասնակցելով քահանայության արարողությանը։

Որպեսզի դուք կարողանաք մտնել Նրա հանգիստը

Ալմա 13.1–19 հատվածներում նկարագրված քահանաների նման՝ Ալման ջանասիրաբար ձգտում էր օգնել մարդկանց պատրաստվել մտնելու Տիրոջ հանգիստը։ Նա հիշեցնում էր նրանց, որ Տերը շուտով գալու է (տես Ալմա 13.21–26)։ Ալման ցանկանում էր «մեծ տագնապով, մինչև անգամ՝ ցավով, որ նրանք ականջ դնեն [իր] խոսքերին» (Ալմա 13.27

Կարդացեք Ալմա 13.27–30 հատվածները և փնտրեք, թե Ալման ինչ էր առաջարկում մարդկանց անել։

  • Ըստ ձեզ՝ Ալմայի առաջարկներից որո՞նք (ընտրեք մի հատուկ առաջարկ) կարող են օգնել մեզ մտնել Տիրոջ հանգիստը։

    Կարող եք ուսանողներին առաջարկել նաև, որ տան Ալմայի ուսմունքների մասին ունեցած իրենց հարցերը և դասարանով միասին պատասխանեն դրանց։

    Ստորև ներկայացվող հարցը նախատեսված է ինքնանդրադարձ մտորումի համար։ Ուսանողներին հորդորեք գործել ըստ այն առաջարկի, որը նրանց կարծիքով, ամենաշատը կօգնի իրենց, և մտածել, թե դա ինչպես կօգնի իրենց ստանալ Տիրոջ հանգիստը։

  • Ի՞նչ սովորեցիք Ալմա 13 գլխից, որը կարող է օգնել ձեզ կյանքի ներկա պահին։

Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել՝ սովորածը կիրառելու և Տիրոջ հանգիստը մտնելու համար։

Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որն անհանգստացած է իր խնդրով։ Ալմա 13 գլխից ի՞նչ կպատմեիք ձեր ընկերոջը, որպեսզի օգնեիք նրան մտնել Տիրոջ հանգիստը։ Ձեր պատասխանում ներառեք առնվազն մեկ հատված Ալմա 13 գլխից։