Սեմինարիա
2 Նեփի 17–19. Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը


«2 Նեփի 17–19. Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 17–19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 17–19

Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը

Նկար
Հիսուս Քրիստոս

Ինչո՞ւ է Փրկիչ Հիսուս Քրիստոսը այն մեկը, որին կարող եք վստահել: Այս գլուխներում Տերը խրախուսում է երկու թագավորի, որոնք ուժեղ բանակների սպառնալիքի տակ էին, վստահել Իրեն։ Այնուհետև, Եսայիան մարգարեացավ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին՝ թվարկելով Նրա մի քանի տիտղոսներն ու հատկանիշները: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ վստահել Հիսուս Քրիստոսին՝ Նրա հատկանիշներն ու տիտղոսներն ուսումնասիրելու և հասկանալու միջոցով:

Մտածել Հիսուս Քրիստոսի տիտղոսների մասին: Սուրբ գրությունները պարունակում են հարյուրից ավելի տարբեր անուններ ու տիտղոսներ, որոնք բնութագրում և նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Փրկչի տարբեր դերերն ու տիտղոսները, նրանց առաջարկեք մտածել, թե Նա ինչպես է իրականացրել այդ տիտղոսներն իրենց և իրենց շրջապատող անձանց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. որպես սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն՝ ուսանողներին առաջարկեք բացահայտել Փրկչի բոլոր տիտղոսները և խորհել, թե այդ տիտղոսներն ինչ կարող են նշանակել, և դրանք ինչպես կարող են օգնել նրանց ավելի շատ վստահել ու սիրել Տիրոջը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ կարող ենք սովորել տիտղոսներից

Հետևյալ տիտղոսները կարող եք գրել գրատախտակին և տալ ստորև ներկայացված հարցերը:

Պատկերացրեք, որ դուք երբեք չեք հանդիպել այս չորս մարդկանց, բայց գիտեք նրանց տիտղոսները.

  • Բժիշկ

  • Ոստիկան

  • Եպիսկոպոս

  • Երիտասարդ կանանց նախագահ

  • Այս մարդկանցից ո՞ւմ կդիմեիք օգնության համար, եթե որևէ մեկը փորձեր կողոպտել ձեզ: Եթե բարդ առողջական խնդիր ունենայի՞ք: Հոգևոր խորհրդատվությա՞ն համար:

  • Ինչպիսի՞ այլ իրավիճակներում կարող էին այս մարդիկ առանձնահատուկ կերպով համապատասխանել օգնության համար:

  • Նրանց տիտղոսներն իմանալով ինչպե՞ս եք հասկանում, թե ո՞ր օգնության համար կարելի է դիմել նրանց:

Մի պահ մտածեք բոլոր այն իրավիճակների կամ դժվարությունների մասին, որոնց կարող էիք բախվել, և որոնցում կարող էիք օգնության կարիք ունենալ:

Կարող եք գրատախտակը կենտրոնական գծով բաժանել երկու մասի և ուսանողներին առաջարկել մի կողմում թվարկել այն բարդ իրավիճակները, որոնցում կարող է հայտնվել դեռահասը: Գրատախտակի մյուս կողմը կլրացնեք ավելի ուշ՝ դասի ընթացքում:

Հիսուս Քրիստոսը շատ դերեր ու տիտղոսներ ունի: Դրանցից յուրաքանչյուրը մեզ մի կարևոր բան է ուսուցանում Նրա մասին և մեզ օգնելու Նրա կարողության մասին: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք Նրա տիտղոսներն ու դերերը և մտածեք, թե Նա ինչ առանձանահտուկ օգնություն կարող է ցուցաբերել ձեզ:

Տիրոջ խոսքը Հուդայի երկու թագավորներին

Ստորև ներկայացվող տեղեկությունները բացատրելիս կարող եք ուսանողներին առաջարկել դասասենյակի դիմաց ներկայացնել Հուդայի թագավոր Աքազին, Սիրիայի թագավոր Ռիզինին, Իսրայելի թագավոր Փեքահին, Հուդայի թագավոր Եզեկիային և Ասորեստանի թագավորին: Կարող եք յուրաքանչյուրի համար անվանապիտակներ պատրաստել: Կարող եք ուսանողներին առաջարկել ներկայացնել թագավոր Աքազին և թագավոր Եզեկիային՝ կարդալով նրանց մասին ստորև ներկայացված համապատասխան հատվածները:

Եսայիայի ժամանակաշրջանում Հուդայի թագավոր Աքազը և նրան հաջորդած իր որդին՝ թագավոր Եզեկիան, ծայրահեղ բարդ իրավիճակների առաջ կանգնեցին. հզոր ազգերը սպառնում էին գրոհել նրանց վրա: Երկու դեպքում էլ Տերը հորդորեց թագավորներին և իրենց ժողովրդին վստահել իրեն, այլ ոչ թե այլ ազգերի հետ դաշինքներ կազմել: Կարդացեք ստորև ներկայացվող հատվածները և փնտրեք արտահայտություններ, որոնք մատնանշում են, որ Տերն առաջարկում է նրանց վստահել Իրեն:

  • 2 Նեփի 17.3–7 Թագավոր Աքազին սպառնում էին Սիրիայի թագավոր Ռիզինը և Իսրայելի թագավոր Փեքահը, որոնք ծրագրել էին գրոհել ու գահին նոր թագավոր կարգել:

  • 2 Նեփի 18.11–13, 17 Թագավոր Եզեկիայի երկիր էին ներխուժել ասորիները, և նա գիտեր, որ իր բանակն այնքան ուժեղ չէ, որ կանգնեցնի նրանց (համադաշնություն նշանակում է դաշինք այլ երկրների հետ՝ սեփական երկիրը պաշտպանելու համար):

  • Ի՞նչ գտաք:

  • Թագավորի և նրա ժողովրդի համար ինչո՞ւ կարող էր Տիրոջը վստահելն ավելի դժվար լինել, քան մեկ այլ ազգի հետ դաշինք կազմելը:

  • Նրանք ի՞նչ պետք է իմանային Տիրոջ մասին, որպեսզի վստահեին Նրան:

Ուսումնասիրությունը շարունակելիս խորհեք, թե ինչ է նշանակում վստահել Տիրոջը ձեզ հանդիպած առանձնահատուկ դժվարություններում:

Փրկչի տիտղոսները

Ձեր ուսումնասիրած հատվածներում Եսայիան Հիսուս Քրիստոսի համար հատուկ տիտղոս էր օգտագործել, որը հասկանալու դեպքում կարող էր օգնել այս թագավորներին և նրանց ժողովրդին վստահել Նրան: Վերանայեք 2 Նեփի 18.13 հատվածը և ընդգծեք այս տիտղոսը:

Գրատախտակի դատարկ հատվածում կարող եք գրել Հիսուս Քրիստոսը նա է, ով… և ուսանողներին խնդրեք ավարտել նախադասությունն իրենց գտած տիտղոսով:

Փրկչի տիտղոսները բացահայտելը և հասկանալը կարող է օգնել մեզ ավելի շատ իմանալ, սիրել և վստահել Նրան մեր կյանքում: «Սավաոֆ Տերը» (Ամենակարող Աստված) տիտղոսը հասկանալու համար կարող եք նշանակությունը փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այդ դերն ինչպե՞ս կբնութագրի Փրկչի այն յուրահատուկ կարողությունը, որով Նա կարող է օգնել այդ թագավորներին և նրանց ժողովուրդներին՝ այլ զորքերի սպառնալիքի տակ գտնվելիս:

Եսայիայի մարգարեությունները

Այդ թագավորներին և նրանց ժողովուրդներին Եսայիան մարգարեցավ նաև Փրկչի ծննդյան և հազարամյա թագավորության մասին: Կարդացեք 2 Նեփի 17.14–15, 19.2, 6–7 հատվածները և փնտրեք, թե Եսայիան ինչ էր ուսուցանում Հիսուս Քրիստոսի, մասնավորապես՝ նրա տիտղոսների մասին:

Եթե ցանկանում եք բացահայտել Մորմոնի Գրքում մինչ այժմ գրված Փրկչի լրացուցիչ տիտղոսները, կարող եք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը. 1 Նեփի 10.4–6, 12.18, 13.41, 15.14–15, 17.30, 19.12, 2 Նեփի 1.10, 2.6, 10, 9.5, 46, 10.3, 14, 15.16: Տիտղոսներ և սուրբ գրությունների հղումներ կան նաև Թեմաների ուղեցույցի, Սուրբ գրքերի ուղեցույցի և Եռահատորի ցանկի «Հիսուս Քրիստոս» բաժնում:

Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և լրացնել Փրկչի տիտղոսների ցանկը:

Ընտրեք Փրկչի մի տիտղոս, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ: Այնուհետև արեք հետևյալը.

  • Բացատրեք, թե ինչ է նշանակում այդ տիտղոսը ձեզ համար (կարող եք տիտղոսը փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում: Եթե տիտղոսը նշված չէ, կարող եք ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի մասին ընդհանուր գրառումը և խորհել, թե ձեր ընտրած տիտղոսն ինչ կապ կարող է ունենալ Նրա ընդհանուր էության և առաքելության հետ: Կարող է օգտակար լինել նաև տիտղոսը սովորական բառարանում փնտրելը):

  • Մտածեք մի պատմության մասին կամ գտեք մի նկար, որը ցույց է տալիս Փրկչին այն դերում, որն ընտրել եք:

  • Բացատրեք, թե ինչ է ուսուցանում ձեզ տիտղոսը Փրկչի ով լինելու, Նրա շարժառիթների, Նրա սիրո և Նրա զորության մասին:

  • Բացատրեք, թե այս դերն ինչպես է յուրահատուկ կերպով բնութագրում Փրկչի այն կարողությունը, որ Նա օգնում է ձեզ ձեր կյանքում, կամ ինչու կարող եք վստահել Նրան (կարող եք նաև նշել, թե Փրկիչն ինչպես է արդեն օգնել ձեզ ձեր կյանքում):

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել այս տիտղոսների մասին իրենց պատրաստած նյութով: Կարող եք խնդրել ուսանողներին գալ գրատախտակի մոտ, շրջանի մեջ վերցնել իրենց ընտրած տիտղոսը և դասարանի առաջ կիսվել իրենց մտքերով: Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով:

Հետո ուսանողներին առաջարկեք նայել գրատախտակի երկու կողմերին և գտնել իրենց հանդիպած խնդիրների ու Փրկչի այն տիտղոսի միջև հատուկ կապերը, որը ցույց է տալիս օգնելու Նրա կարողությունը:

Վստահելով Տիրոջը

Ցավոք, թագավոր Աքազը և Հուդայի մարդկանցից շատերն ընտրեցին չհավատալ Եսայիային և չվստահեցին Տիրոջը՝ պաշտպանություն ստանալու համար: Նրա ժողովրդի վրա գրոհեցին, և շատերը գերեվարվեցին ու ստրկացվեցին (տես Բ Թագավորաց 16, Բ Մնացորդաց 28): Թագավոր Եզեկիան, ի տարբերություն հորը, ընտրում է վստահել Տիրոջը և հետևել Եսայիայի խորհրդին: Արդյունքում Տերը պաշտպանեց Երուսաղեմի ժողովրդին և հրեշտակ ուղարկեց՝ ոչնչացնելու հարձակվող բանակին (տես Բ Թագավորաց 19.15–20, 32–35):

Մտածեք, թե այս դասի ընթացքում ինչ իմացաք և զգացիք Հիսուս Քրիստոսի մասին: Ձեր օրագրում գրեք, թե ինչպես կարող եք մեծացնել ձեր վստահությունը Տիրոջ հանդեպ: Կարող եք նշել Նրա որևէ հատուկ տիտղոս կամ դեր և ինչպես կցանկանայիք ավելի շատ վստահել Նրան այդ դերում: