2021
Աստծո ծրագրերը մեզ համար նույնիսկ ավելի հրաշալի են, քան մեր ծրագրերը։
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Տեղական նորություններ

Աստծո ծրագրերը մեզ համար նույնիսկ ավելի հրաշալի են, քան մեր ծրագրերը։

Ես կյանքում միշտ գիտեի, թե ինչ եմ ուզում: Ես ունեի գլխավոր ծրագիր, նպատակների ցուցակներ և ցանկություններ: Ամեն տարի ես հետևում էի իմ նպատակներին. ջնջում էի կատարածները և հաջորդ տարվան էի փոխանցում նրանք, որոնք չէի կարողացել իրականացնել անցած տարվա ընթացքում: Ես երբեք միսիա ծառայելու նպատակ չեմ դրել, չնայած որ ամբողջ սրտով աջակցել եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր որոշել են ծառայել միսիայում: Ես հասկանում էի, թե որքան կարևոր է այդ ծառայությունը և ականատես էի լինում, թե դա ինչպես էր փոխում իմ ընկերներին ու նրանց կյանքը, բայց չգիտես ինչու, ես երբեք հետամուտ չէի լինում այդ նպատակին: 24 տարեկանում ես մկրտվեցի Եկեղեցում, և ինձ թվաց, որ միսիա ծառայելը ինձ համար չէ, քանի որ ես այլ ծրագրեր և նպատակներ ունեի: Ես ստացել էի երկրորդ բարձրագույն կրթությունը, առաջադիմել էի իմ կարիերայում, մտածում էի ամուսնության մասին, և ամեն ինչ հիանալի էր ընթանում: Ես միշտ երջանիկ մարդ եմ եղել, մինչև որ մի օր, կյանքի մի առանձնահատուկ իրավիճակ ստիպեց ինձ աղոթքով հարցնել Աստծուն. «Ուրիշ ի՞նչ ես ուզում ինձանից»:

Այս աղոթքն իմ կյանքում ամենահիշարժաններից մեկն էր, քանի որ ես շատ ուժեղ զգացի Հոգին և լսեցի Աստծո հստակ պատասխանը՝ «Ծառայել միսիայում»: Այդ ժամանակ իմ 30-ամյակին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և գրեթե բոլոր ընկերներս ծառայել էին միսիայում, ոմանք ընտանիք էին կազմել, ոմանք էլ արդեն ունեցել էին երեխաներ: Եվ ես մտածում էի նաև ամուսնության մասին, բայց ոչ միսիայի: Ես սկսեցի աղոթել դրա մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչու է Աստված ցանկանում, որ ծառայեմ: Վերլուծեցի իմ կյանքը, հիշեցի երազանքներս և ապագա նպատակներս, ընկերներիս հետ խոսեցի իրենց միսիայի և այն մասին, թե ինչպես է դա ազդել նրանց վրա: Եվ ես հասկացա, որ ինձ համար իսկապես շատ կարևոր էր կատարել իմ կյանքի այդ քայլը:

Երբ ես որոշեցի միսիա մեկնել, ամեն ինչ տեղի էր ունենում զարմանալիորեն հեշտ, արագ և հաջող: Ամենից շատ ես անհանգստանում էի այն բանի համար, թե մայրս ինչպես կարձագանքեր իմ որոշմանը, քանի որ այդ պահին նա դեռ Եկեղեցու անդամ չէր: Բայց նա իմաստուն խոնարհությամբ ընդունեց իմ որոշումը՝ ապավինելով իմ ընտրությանը:

30 տարեկան դառնալուց մեկ ամիս անց ես մեկնեցի միսիա: Իմ բոլոր միսիոներական ուղեկիցները ինձանից տասը տարով փոքր էին: Շատերը զարմացած էին, որ ես որոշել էի այդ տարիքում միսիա մեկնել: Բայց ես շատ հստակ հասկացա, որ իմ որոշումը ճիշտ է: Ես անսահման շնորհակալ եմ, որ որոշեցի միսիա ծառայել այն տարիքում, երբ իսկապես պատրաստ էի հասկանալ մարդկանց կարիքները և զգալ, թե ինչպես կարող եմ օգնել նրանց: Ծառայության վայրում, ինչպես երբեք նախկինում, ես զգացի Աստծո սերը Իր բոլոր զավակների հանդեպ: Ես տեսա, թե Նա ինչպես է իմ միջոցով կատարում Իր մեծ գործը՝ փոխելով մարդկանց կյանքը և նրանց հետ կիսելով Իր սերը:

Միսիան հեշտ չէր անցնում: Բազմաթիվ փորձություններ եղան, բայց կային նաև շատ օրհնություններ: Միսիայում ծառայության կեսին կյանքից հեռացավ հայրս, և դա ամենադժվար ժամանակն էր, երբ ես իսկապես ստիպված էի հասկանալ Աստծուն և ընդունել Նրա կամքը: Միսիայի ծառայությունից հետո ես գնացի տաճար և կատարեցի բոլոր արարողությունները հայրիկիս համար: Ես հաստատ գիտեմ, որ նա ընդունեց դրանք և այժմ նա Աստծո հետ է: Մայրս ու եղբայրս մկրտվեցին իմ վերադարձից անմիջապես հետո: Միսիայի ծառայությունից հետո ես ավելի լավ հասկացա, թե որքան շատ է Աստված սիրում մեզ՝ Իր զավակներին: Ծառայության ժամանակ ստացած գիտելիքների միջոցով ես կարողացա ձեռք բերել բազմաթիվ հատկություններ, որոնք հետագայում օգնեցին ինձ դառնալ արժանավոր կին և կօգնեն դառնալ լավ մայր: Միսիայից վերադառնալուց երկուսուկես տարի անց ես ամուսնացա մի հրաշալի երիտասարդի հետ, որին հանդիպեցի և ընկերացա միսիայի տարածքում: Նա նույնպես ծառայել է լիաժամկետ միսիայում: Այժմ մենք կառուցում ենք մեր սեփական փոքրիկ ընտանիքը՝ հիմնված Ավետարանի սկզբունքների վրա: Մենք սովորում ենք միմյանցից, վայելում այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ամենի համար, ինչ ունենք և խանդավառությամբ ենք նայում ապագային: Այժմ ես նախկինի նման նույն երջանիկ մարդն եմ, և դեռ շատ բաներ ունեմ սովորելու: Բայց հիմա ես երջանկության լիություն եմ զգում՝ իմ Երկնային Հոր հանդեպ խորը սիրո շնորհիվ, որը ես կարողացա ձեռք բերել իմ ծառայության ընթացքում: Ես անշուշտ գիտեմ, որ Երկնային Հայրն իսկապես ցանկանում է օրհնել մեզ այն բոլոր հրաշքներով, որ մենք կարող ենք պատկերացնել, և Նա միշտ ուրախությամբ է ցույց տալիս ճանապարհը դեպի մեր սեփական հրաշքները, եթե խնդրենք Նրանից: