2021
Օգնություն վարագույրի մյուս կողմից
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Օգնություն վարագույրի մյուս կողմից

Երբ ցավերի մեջ հիվանդանոցում պառկած էի, ինձ միայնակ էի զգում մինչև այն պահը, երբ հիշեցի իմ սիրելի նախնիներին:

Նկար
translucent fabric

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։

2017 թ.-ին ես հղիացա մեր առաջնեկով: Ես և ամուսինս՝ Լուկասը, ոգևորված էինք, բայց վախենում էինք փոքրիկ Խուան Լիոնելի ծնունդի համար:

2018 թ.-ի փետրվարի սկզբին՝ մի ուշ գիշեր ինձ մոտ կծկումներ սկսվեցին: Իմ հղիությունն ընդամենը ութ ամսական էր, բայց թվում էր, որ մեր երեխան ավելի շուտ կծնվի, քան սպասվում էր: Մի քանի անհրաժեշտ իրեր վերցրինք և արագ մեկնեցինք կլինիկա: Ես ինձ պատրաստ չէի զգում ծննդաբերության համար, բայց աղոթում էի՝ խնդրելով Աստծուց, որ Իր կամքը կատարվի՝ չնայած մեր վախերին:

Երբ հասանք կլինիկա, իմ գինեկոլոգին տեղեկացրին, բայց նա ասաց, որ ավելի ուշ կգա: Ամուսինս զանգահարեց և հաղորդագրություն ուղարկեց մեր ծնողներին, եղբայրներին ու քույրերին, բայց նրանցից ոչ ոք արթուն չէր: Նա շարունակեց զանգահարել և հաղորդագրություն ուղարկել ամբողջ գիշեր, բայց ոչ ոք չարձագանքեց: Եվ ես ինձ ավելի միայնակ զգացի:

Երբ կծկումներից ցավն ուժեղանում էր, ես ինձ ավելի ու ավելի մենակ էի զգում: Հանկարծ մի հրաշալի բան տեղի ունեցավ: Ես սկսեցի մտածել իմ նախնիների, հատկապես իմ մայրական տատիկի՝ Ռոզա Մերկադոյի և նրա մոր՝ Խավիերա Բալմացեդայի մասին:

Երբ հիշում էի նրանց, հոգուս խորքում զգացի, որ այդ պահին նրանք երկուսն էլ ինձ հետ են: Ես այնքան ուժեղ զգացի նրանց հաճելի ներկայությունը, որ չեմ կարող բառերով լիովին արտահայտել այն, ինչ ապրեցի: Ես նրանց չէի տեսնում, բայց զգում էի, որ իմ կողքին են և քաջություն, աջակցություն ու սեր են պարգևում ինձ՝ որպես մայր և ընտանիքի անդամ: Ես զգացի, որ նրանք հրեշտակներ են, ովքեր սպասավորում են ինձ իմ կարիքի պահին:

Տարիներ առաջ՝ տաճարում, մայրս, հայրս, եղբայրներս, քույրերս, ես և ամուսինս փոխարինող աշխատանք կատարեցինք նրանց նախնիների և այլ նախնիների համար: Ես զգում էի, որ իմ ստացած քաջությունը և այն զգացողությունը, որ նախնիներս իմ կողքին են, պարգև էին՝ Աստծո զորության և իշխանության միջոցով:

Այդ ժամանակից ի վեր ես այլ առիթներով ևս զգացել եմ նախնիներիս ոգին, որն օգնել ու առաջնորդել է ինձ՝ որպես մայր ու կին, ինչպես նաև իմ կյանքի այլ կարևոր ոլորտներում:

Ես վկայում եմ, որ Աստված երբեք մեզ միայնակ չի թողնի մեր կյանքի ճանապարհին: Եթե մենք կատարենք Նրա աշխատանքը, մեզ օգնություն կտրվի վարագույրի մյուս կողմից: Մենք կստանանք սեր, գիտելիք, ուժ և խաղաղություն, «որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4.7):