«Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին»
Երբ մենք օգտագործում ենք Եկեղեցու լրիվ անունը, մենք օրհնվում ենք և օրհնում ենք մյուսներին:
Աֆրիկայում, այն անհատները, ովքեր եկեղեցի էին փնտրում միանալու համար, հայտնում էին, որ երազներ են տեսնում: Երազներում նրանց հանձնարարվում էր փնտրել մի եկեղեցի, որը կոչվում է Հիսուս Քրիստոսի անունով: Որոնելիս նրանք գտան միայն մեկ եկեղեցի, որի կենտրոնում Փրկիչի անունն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:
Լատինական Ամերիկայում Վերջին Օրերի Սրբերից մի քանիսը հաղորդեցին, որ երբ ընկերներին հրավիրել են այցելել «Մորմոնների եկեղեցի», հիասթափության են հանդիպել: Դա փոխվեց, երբ նրանք հրավեր ուղարկեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: «Եթե ձեր եկեղեցին կոչվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցի», - պատասխանեցին նրանց ընկերները, «մենք կցանկանայինք գալ և տեսնել»:
Միացյալ Նահանգներում Երեխաների միությունից մի տղա հարևաններին հրավիրեց իր մկրտությանը: Մեկ այլ հավատքի ծառայող ասաց, որ ինքը երբեք մկրտության չէր գնա «մորմոնների եկեղեցի»: Բայց քանի որ ծառայողը կարող էր ասել, որ տղայի եկեղեցին կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա, նա մասնակցեց իր կնոջ հետ:
Երբ ավիաընկերության ամրագրման գործակալը Եկեղեցու անդամներից մեկից էլեկտրոնային հասցե խնդրեց, անդամը պատասխանեց. «ldschurch.org»:
«Ի՞նչ եկեղեցի է դա», - հարցրեց գործակալը:
«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին», - պատասխանեց անդամը:
«Ես ամեն օր գնում եմ աշխատանքի՝ երբևէ չկարողանալով խոսել Տիրոջ մասին», - ասաց գործակալը: «Իմանալով, որ ես խոսում եմ մեկ այլ քրիստոնյայի հետ, պարզապես օրս հրաշալի է դառնում»:
Եկեղեցու անդամը արագ թարմացրեց ավիաընկերության իր էջը Եկեղեցու նոր էլ.փոստի հասցեով՝ ChurchofJesusChrist.org:1
Կատարված խոստում
Այս հիանալի պատմությունները ներկայացնում են 2018-ի հոկտեմբերին և կրկին 2020-ի ապրիլին նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից Վերջին Օրերի Սրբերին տրված խոստման կատարումը:
«Ես խոստանում եմ ձեզ, որ եթե մենք անենք հնարավոր ամեն բան Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը վերականգնելու համար, Նա, ում պատկանում է այս Եկեղեցին, Իր զորությունն ու բազմաթիվ օրհնությունները կհեղի Վերջին Օրերի Սրբերի վրա, ինչպիսիք երբևէ չենք տեսել նախկինում», - ասել է նախագահ Նելսոնը։ «Մենք կունենանք Աստծո գիտելիքն ու զորությունը, որոնք կօգնեն մեզ տանել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին ու մարդկանց, և պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին»։2
Վերջերս սոցիալական լրատվամիջոցների իմ հաշիվների միջոցով ես հրավիրեցի Եկեղեցու անդամներին պատմել ինձ այն օրհնությունների մասին, որ նրանք ստացել են Եկեղեցու ճիշտ անունն օգտագործելիս: Ես հուզմունք ապրեցի, քանի որ ստացա ավելի քան 2600 պատասխան:
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել նման մի քանի օրինակներով։ Նրանք ձեզ ծանոթ կթվան, քանի որ դուք նույնպես ստացել եք նման օրհնություններ, երբ հետևել եք նախագահ Նելսոնի խորհրդին:
Հիսուս Քրիստոսին ավելի մոտ
Ինձ հուզեց Հակոբի վկայությունը, թե ինչպես է Եկեղեցու ամբողջական անունն օգնել իրեն կենտրոնանալ Փրկիչի վրա. «Ես նկատել եմ, որ Հիսուս Քրիստոսի վրա իմ կենտրոնացումը ներթափանցել է իմ կյանքի բոլոր ոլորտները», - նա կիսվել է ինձ հետ: «Երբ հաղորդություն եմ ընդունում, ես մտածում եմ Նրա և Նրա քավիչ զոհաբերության մասին: Երբ կարդում եմ սուրբ գրությունները, ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում Նրա խոսքերին և Նրա վերաբերյալ այլ հիշատակումներին: Սա ինձ ավելի է մոտեցրել Նրան և օգնել է ինձ ավելի լավ հասկանալ Նրա դերը՝ որպես իմ Փրկիչ ու Քավիչ»:
Ես օրհնված զգացի՝ իմանալով, թե Փրկիչի անունն ինչ է նշանակում Բեթի և Բրայսի համար. «Ես ավելի սերտ կապ եմ զգացել իմ Փրկիչի հետ», - ասել է Բեթը: «Երբ ինձ հարցնում են, թե որ եկեղեցին եմ հաճախում, և երբ պատասխանում եմ, որ պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, ես պատկանելության իսկական զգացում եմ ապրում: Ես պատկանում եմ Նրա ժողովրդին: Ես պատկանում եմ Նրա ընտանիքին: Ես պատկանում եմ Նրան»:
Բրայսն ասաց ինձ, որ Եկեղեցու ճիշտ անունը օգնում է իրեն «հիշել, թե ում եմ ծառայում և ում եմ ձգտում ավելի շատ նմանվել: Դա հիշեցնում է ինձ, որ Փրկիչը նա է, ով տալիս է այս ուսմունքները, և որ դրանք չեն գալիս մահկանացու մարդկանցից»:
«Փրկիչի անունը զորություն ունի»
Լիաժամկետ միսիոներ Հեյլին ասել է. «Տիրոջ Եկեղեցու ճիշտ անվան օգտագործումն ավելի մեծ զորություն և իշխանություն է բերում, երբ մենք ուրիշներին ուսուցանում ենք Նրա վերականգնված ավետարանը: Երբ ես ասում եմ. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի», Տիրոջ Հոգին հաստատում և վկայում է, որ սա Տիրոջ Եկեղեցին է, որը վերականգնվել է երկրի վրա այսօր: Ես սիրում եմ օգտագործել ճիշտ անունը, քանի որ ես այդ ճշմարտությանն ավելացնում եմ նաև իմ կենդանի վկայությունը»:
Իսկ Նիկոլան ասաց ինձ. «Նախկինում, եթե ես ասում էի՝ «մորմոն», անորոշության ու կասկածի այդ ակնթարթային զգացումը հաճախ էի նկատում նրանց մոտ, ովքեր մեր հավատքից չէին: Դուք երևի կլսեիք հիշողության արագ անդրադարձն այն ամենի մասին, ինչ նրանք երբևէ լսել են «մորմոնների» վերաբերյալ: Բայց հիմա խաղաղություն կա, առավել հաճախ՝ ընդունում: Փրկիչի անունը զորություն ունի։ Նա խաղաղություն է բերում։ Ավետարանի ճշմարտացիության մասին իմ վկայությունն աճել է հենց Եկեղեցու ճիշտ անունն ասելով: Ես զգում եմ Հոգին ամեն անգամ, երբ դա ասում եմ: Երբեմն դա այն է, ինչ ես պետք է ասեմ այն մասին, ինչին մենք հավատում ենք, բայց դա բավական է»:
Թյուր կարծիքների պարզաբանում
Հարոլդը՝ Միացյալ Նահանգների մի պրոֆեսոր, ասել է, որ Եկեղեցու լրիվ անվան օգտագործումն օգնել է իրեն հստակեցնել սխալ պատկերացումները: Նա պատմեց ինձ, որ մի ուսանող, փորձելով ամփոփել քննարկումը կրոնի վերաբերյալ, ասաց. «Կարծում եմ, որ բոլոր կրոնները քրիստոնեական են, բացառությամբ մորմոններից»:
Տեսնելով այդ թյուր կարծիքը պարզելու ոսկե պահը՝ Հարոլդն ասաց. «Ես ուսանողներին ասացի, որ «մորմոնը» մականուն է, որը տրվել է Եկեղեցու անդամներին Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի հանդեպ մեր հավատքի պատճառով: Դրանք երկու հնադարյան սուրբ գրություններ են, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին»:
Մերին ինձ հետ կիսվեց իր խոհերով ու զգացմունքներով, պատմելով, թե ինչպես է Եկեղեցու ամբողջական անունն օրհնել իրեն իր երեխաներին ուսուցանելիս. «Իմ երեխաներն այժմ ավելի քիչ շփոթված են, երբ ես նրանց սովորեցնում եմ, որ մենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Սրբեր ենք այս վերջին օրերում՝ մեզ տրվող «մորմոններ» անվան փոխարեն: Նրանք նախկինում շփոթված էին և հարցնում էին. «Ինչո՞ւ մորմոն: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք քրիստոնյա չենք»: Ես զգում եմ, որ այս փոփոխությունն օգնել է նրանց, երբ խոսում են դպրոցում այլ երեխաների հետ, ովքեր Եկեղեցու անդամ չեն»:
«Ես միսիոներ եմ Հիսուս Քրիստոսի համար»
Նախագահ Նելսոնը խոստացել է, որ երբ մենք օգտագործենք Եկեղեցու ճիշտ անունը, «մենք կունենանք Աստծո գիտելիքն ու զորությունը»՝ ավետարանը տարածելու համար: Թերեզան ինձ ոգեշնչեց կատարվածի մասին իր պատմությամբ, երբ աշխատանքային ընկերը հարցրել էր նրան Եկեղեցու մասին: Նախագահ Նելսոնի խորհրդին հետևելով Թերեզան սկսեց՝ ասելով Եկեղեցու լրիվ անունը:
«Նա հետաքրքրված էր Եկեղեցով», - ասաց նա ինձ: «Նա ուսումնասիրեց դա մի քանի ամիս, իսկ հետո, հրաշքով, մկրտվեց իմ որդու՝ եպիսկոպոսի կողմից: Ես ինձ այդքան երջանիկ էի զգում, և իմ ընտանիքը նույնպես: Խոստումները ճշմարիտ են»:
Ջորդանն ասաց, որ շատ մարդիկ դեռ ծանոթ չեն Եկեղեցու անվանը: «Եկեղեցու լրիվ անվան օգտագործումը, - ասաց նա, - ինձ հնարավորություն է տալիս բացատրել, թե ինչպես է Եկեղեցին կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա և ինչու ենք մենք մեզ անվանում Վերջին Օրերի Սրբեր»:
Երբ մի մարդ հարցրեց Քլոեին՝ արդյո՞ք նա «մորմոն միսիոներ» է, նա զորեղ վկայություն բերեց. «Ո՛չ, ես միսիոներ եմ Հիսուս Քրիստոսի համար»: Քլոեն ինձ ասաց, որ այդ մարդը ցանկություն հայտնեց հետևել Փրկիչին, ուստի Քլոեն սովորեցրեց նրան, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առաջնորդվում է Փրկիչի կողմից: Ապա նրան տեղեկություն տվեց Փրկիչի Եկեղեցու մասին:
«Դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով»
Իր Եկեղեցու անունը մարգարե Ջոզեֆ Սմիթին բացահայտելով, Փրկիչը հայտարարեց. «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» (Վարդապետություն և Ուխտեր 115․4)։ Իսկ Նեփիացիներին նա ասաց. «Դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով», քանզի «ի՞նչպես կլինի այն իմ եկեղեցին, եթե այն կոչված չլինի իմ անունով»: (3 Նեփի 27.7, 8)
Ես միանում եմ Թոմի անունով Վերջին Օրերի Սրբի վկայությանը, որ երբ մենք օգտագործում ենք Եկեղեցու լրիվ անունը, մենք օրհնվում ենք և օրհնում ենք մյուսներին: Թոմին ասաց ինձ. «Երբ ես ուրիշների հետ կիսում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու օրհնությունները այնպիսի ժամանակաշրջանում, երբ զայրույթն ու վախը գերակշռում են, ես հասկանում եմ, որ օգնում եմ ուրիշներին իմանալ, որ փոթորկից ապաստան կա Հիսուս Քրիստոսի աշակերտների հետ, ովքեր հոգ են տանում իրենց համար և հետևում են Նրան»: