Վերջին Օրերի Սրբերի ձայները
Իմ հաճախո՞րդը, թե՞ իմ կոչումը:
Երբ ես փորձում էի կատարել քահանայության իմ պարտականությունները, Տերը ցույց տվեց ինձ, որ Նա տեղյակ է իմ ֆինանսական վիճակի մասին:
Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։
Երբ 2000 թ.-ին ինձ կանչեցին որպես երեցների քվորումի նախագահ, միայն յոթ երեցներ էին մասնակցում քահանայության ժողովին: Բացի այդ, մենք լավ չէինք կատարում այցելությունները տնային ուսուցման համար, որն այժմ կոչվում է սպասավորում:
Ես գիտեի, որ մենք մեծ մարտահրավերների առջև ենք կանգնած, որպեսզի ոգեշնչեինք երեցներին՝ կատարելու իրենց պարտականությունները: Այսպիսով, սկսնակների համար մենք որոշեցինք վերակազմակերպել հանձնարարությունները և մեծացնել վերահսկողությունը:
Քանի որ ես անկախ փաստաբան եմ, ուստի շատ եմ ճամփորդում: Ես շատ զբաղված եմ, բայց ցանկանում էի կատարել քահանայության իմ պարտականությունները:
Մի օր ես ստիպված էի ավտոբուսով մեկնել մեկ այլ քաղաք՝ հաճախորդի հետ հանդիպելու համար: Քանի որ իմ ֆինանսները սուղ էին, ես հույս ունեի, որ իմ հաճախորդը կհամաձայներ կանխավճար տալ ինձ:
Ավտոբուսի կանգառ հասնելու ճանապարհին ես որոշեցի այցելել քվորումի որոշ անդամների և խրախուսել նրանց այցելել իրենց հանձնարարված ընտանիքներին: Ոմանք մոռացել էին, բայց պարտավորվեցին անել դա: Մյուսները պարտավորվեցին իրենց այցերն ավարտել հենց այդ շաբաթ:
Ես այնքան ոգևորված էի նրանց ստանձնած պարտավորություններից, որ որոշեցի այցելել և քաջալերել քվորումի մյուս անդամներին: Երբ կատարեցի այդ գործերը, արդեն կեսօրն անց էր: Այսպիսով, քաղաքից մեկնելու փոխարեն, ես որոշեցի գնալ իմ գրասենյակ՝ վերանայելու հաճախորդի գործը:
Երբ հասա գրասենյակ, ի զարմանս ինձ, իմ հաճախորդը դրսում կանգնած էր մի անծանոթի հետ: Ես բացատրեցի իմ պաշտպանյալին, որ պատրաստվում եմ վերանայել նրա գործը և հաջորդ օրն արդեն զեկուցագիր կունենամ նրա համար: Նա ասաց, որ եկել է ինձ նոր հաճախորդի հետ ծանոթացնելու: Երբ ես ու նրա ընկերը զրուցեցինք, պայմանավորվեցինք, որ նա ինձ վարձավճար կտա, և ես կօգնեմ նրան լուծել իր իրավական խնդիրը: Հետո, հանկարծ, իմ հաճախորդը ինձ կանխավճար առաջարկեց:
Ինձ համար դա հրաշք էր: Երկնային Հայրը գիտեր, որ ես փորձում եմ հավատարիմ լինել Իրեն: Նա գիտեր նաև իմ կարիքները: Նա տարիների ընթացքում բազմիցս օրհնել է ինձ, բայց այս անգամ Նրա օրհնությունը եկավ գումարի տեսքով: Նա կատարեց սուրբ գրություններում տրված Իր խոստումը նրանց, ովքեր ծառայում են Իրեն. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կտրուի ձեզ» (Մատթեոս 6.33):
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մեր երեցների քվորումի հետ: Տերը օրհնեց մեզ, երբ մենք առաջ շարժվեցինք միասնական ոգով: Շուտով մեր տնային ուսուցումը հասավ 100 տոկոսի, իսկ քահանայության հաճախումները՝ 35 հավատարիմ երեցների:
Ես վկայում եմ, որ մենք բոլորս կարող ենք գործիքներ լինել Տիրոջ աշխատանքում և ուրախություն ու օրհնություններ գտնել Նրան ծառայելով, երբ ծառայում ենք ուրիշներին: