Առաջ բերել Սիոնը
Քանի որ Վերջին Օրերի Սրբերն օրհնվում են վերականգնված ավետարանով, մենք կանչված ենք զորացնելու Եկեղեցին և կառուցելու Սիոնը:
Քարտեզը՝ Getty Images
Պատմության ընթացքում Տիրոջ ժողովուրդը փորձել է «առաջ բերել» ավետարանական հասարակություն, որտեղ Նա կարող է բնակվել: Սրբերի այդպիսի համայնք դառնալու համար մենք պետք է սովորենք սրբացնել և միավորել մեր սրտերն ու միտքը, շփվենք արդարությամբ՝ առանց վեճերի ու վիճաբանությունների, և ապրենք արդարության մեջ, և ոչ մի աղքատ չլինի մեր մեջ (տես Մովսես 7.18):
Օրինակ, երբ 1842թ. Ջոն և Մարիա Լինֆորդները միացան Անգլիայի Գրեյվլի քաղաքի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, Ջոնը դարձավ տեղական ճյուղի նախագահը: Սակայն հարազատներն ու ընկերները չէին կիսում այն ուրախությունը, որ Լինֆորդները գտան Վերականգնման մեջ։ Եթե նրանք չկարողանային համոզել Ջոնին հրաժարվել իր նոր կրոնից, ապա «սովի կմատնեին նրան»՝ բոյկոտելով նրա կոշիկի բիզնեսը:
1856 թվականին Արտագաղթի մշտական հիմնադրամը Ջոնին և Մարիային հնարավորություն տվեց ներգաղթել Սոլթ Լեյքի հովիտ: Նրանք իրենց երեք որդիների հետ նավով ուղևորվեցին Նյու Յորք: Այնտեղից նրանք ուղևորվեցին Այովա նահանգի Այովա Սիթի, որտեղից 1856 թ.-ի հուլիսին մեկնեցին չարաբաստիկ Ջեյմս Գ. Ուիլլի ձեռնասայլակների ընկերության հետ:
Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան՝ Վայոմինգի Սուիթվաթեր գետի ափին, Ջոնն ասաց իր վերջին խոսքերը:
«Ուրախ եմ, որ եկանք», - ասաց նա Մարիային, երբ վերջինս հարցրեց՝ արդյոք Ջոնը ցավում է, որ իրենք լքել են Անգլիան: «Ես կմահանամ մինչև Սոլթ Լեյք հասնելը, բայց դու և տղաները կհասնեք, և ես չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել ենք հանուն այն բանի, որ մեր տղաները կարողանան մեծանալ և ընտանիքներ կազմել Սիոնում»։1
Ի՞նչ է Սիոնը:
Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրից սակավաթիվ թեմաներ կան, որ ավելի շատ են ոգեշնչել հին և ժամանակակից մարգարեներին ու Սրբերին, քան Իսրայելի տան վերջին օրվա հավաքումը և Սիոնի կառուցումը՝ Փրկիչի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար:2
Ինչո՞ւ է Սիոնն այդքան կարևոր Վերջին Օրերի Սրբերի համար՝ այն ժամանակ և հիմա, որտեղ էլ որ գտնվի Տիրոջ ժողովուրդը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–85) հայտարարել է. «Ադամի օրվանից մինչև այս պահը, երբ Տերը ունեցել է իր սեփական ժողովուրդը, երբ եղել են նրանք, ովքեր լսել են նրա ձայնը և պահել են նրա պատվիրանները, երբ Նրա սրբերն ամբողջ սրտով ծառայել են նրան, այնտեղ եղել է Սիոնը»:3
Սուրբ գրությունները նկարագրում են Սիոն հասարակությունը: Ենովքը՝ Նոյի ժամանակների մեծ հավատքի մարգարեն, «կառուցեց մի քաղաք, որը կոչվեց Սրբության քաղաք, այսինքն՝ ՍԻՈՆ» (Մովսես 7.19): Տերը բնակվեց այնտեղ իր ժողովրդի հետ՝ օրհնելով նրանց ու նրանց երկիրը (տես Մովսես 7.16–18): Տերն ասաց Ենովքին. «Ահա, ես եմ Աստված. Սրբության Մարդ է իմ անունը» (Մովսես 7.35):
Սիոնի ձգտումը երկնքի սելեստիալ սկզբունքների վրա հիմնված հավատի միասնական վայր ստեղծելն է, որտեղ Աստծո ժողովուրդը կարող է քայլել Նրա հետ, և Աստված՝ Ինքը կարող է բնակություն հաստատել:
Մորմոնի Գիրքը վկայում է, որ հարություն առած Փրկիչի՝ Նոր Աշխարհ այցելելուց հետո «մարդիկ բոլորը դարձի եկան Տիրոջ մոտ, երկրի ամբողջ երեսով: …
Եվ նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին. հետևաբար, չկային հարուստ ու աղքատ, ճորտ ու ազատ, այլ նրանք բոլորը դարձվել էին ազատ, և երկնային պարգևի ճաշակողներ: …
Եվ եղավ այնպես, որ չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում» (4 Նեփի 1.2, 3, 15):
Զինված արդարությամբ և զորությամբ
Ենովքի օրերը պատերազմի, արյունահեղության, վախի, խավարի և ատելության ժամանակներ էին, երբ «սատանայի զորությունը ողջ երկրի երեսին էր» (Մովսես 7.24, տես նաև հատվածներ 16, 17, 33): Բայց Ենովքը հավատարիմ էր, և Տերը կանչեց նրան՝ ապաշխարություն կոչ անելու:
Տերն ասաց Ենովքին, որ նմանատիպ «մեծ նեղություններ» (Մովսես 7.61) կնախորդեն Իր Երկրորդ Գալուստին: «Ինչպես ես ապրում եմ, ճիշտ այդպես ես կգամ վերջին օրերին, ամբարշտության և վրեժխնդրության օրերին, որ կատարեմ երդումը, որը տվել եմ քեզ Նոյի զավակների վերաբերյալ» (Մովսես 7.60):
Մեր օրերի մասին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս նկատել է. «Ես տեսնում եմ, որ ներկայիս [COVID-19] համավարակը միայն մեկն է այն բազմաթիվ խնդիրներից, որոնցից տառապում է մեր աշխարհը, այդ թվում՝ ատելությունից, քաղաքացիական անկարգություններից, ռասիզմից, բռնությունից, անազնվությունից և քաղաքակրթության պակասից»:4 Այնուամենայնիվ, մենք ունենք մարգարեական հավաստիացում: Նախագահ Նելսոնը նաև ասել է․
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որին «մեր նախահայրերը սպասել են փափագող ակնկալիքով»։ [Վարդապետություն և Ուխտեր 121․27:] Մենք կենդանի վկան ենք այն բանի, ինչը մարգարե Նեփին տեսավ միայն տեսիլքում, որ «Աստծո Գառի զորությունը» կիջնի «Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»։ [1 Նեփի 14․14:]
Դո՛ւք, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, այն տղամարդկանց, կանանց ու երեխաների թվում եք, որոնց Նեփին տեսավ:5
Վարագույրի երկու կողմերում գտնվողներին հավաքելու և օրհնելու, Սիոն կառուցելու և աշխարհը մեր Փրկիչի երկրորդ գալուստին նախապատրաստելու հրավերը ընդգրկում է մեզանից յուրաքանչյուրին: «Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանցից մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին, մեծ հավաքման իրադարձությանը», - ասել է նախագահ Նելսոնը:6
Ուրեմն, ինչպե՞ս կառուցենք Սիոնը։
Որպես Վերջին Օրերի Սրբեր՝ օրհնված վերականգնված ավետարանով, մենք «կանչված [ենք]՝ ապաշխատելու [Տիրոջ] այգում, և կառուցելու [Նրա] եկեղեցին, և առաջ բերելու Սիոնը» (Վարդապետություն և Ուխտեր 39.13): Այդ աշխատանքը պահանջում է սեր, միասնություն, հավատ, ծառայություն, զոհաբերություն և հնազանդություն:
«Երբ մարդիկ սիրում են Աստծուն իրենց ողջ սրտով և արդարացիորեն ձգտում են նմանվել Նրան, հասարակության մեջ ավելի քիչ հակառակություն և վեճեր են լինում: Ավելի շատ միասնություն կա», - ասել է երեց Քվենթին Լ. Քուքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից: Նա հավելել է. «Միաբանությունը նույնպես լայն, համապարփակ եզրույթ է, բայց անշուշտ, հանդիսանում է առաջին և երկրորդ մեծ պատվիրանների օրինակը՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին: Այն մատնանշում է Սիոնի ժողովրդին, ում սրտերն ու մտքերը «միավորված են միությամբ» [Մոսիա 18.21]»:7
Այդ սիրով և միասնությամբ մենք հավատք ենք գործադրում`օգտագործելով մեր Փրկիչի Քավությունը, որը կարող է փոխակերպել մեզ, երբ մաքրենք մեր սրտերն ու կյանքը (տես Մոսիա, 3.19, Վարդապետություն և Ուխտեր 97.21): Մենք հավաքում ենք նրանց, ովքեր ցանկանում են արդարությամբ գալ Տիրոջ մոտ: Սրբազան արարողությունների և երկնային սկզբունքների միջոցով մենք մեր կյանք ենք հրավիրում աստվածապաշտության զորությունը (Վարդապետություն և Ուխտեր 105․5)։ Օծվելով ուխտով, որով պատկանում ենք Աստծուն և միմյանց, մենք կառուցում ենք Սիոնը և պատրաստվում Երկրորդ Գալուստին:
«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է», - ասել է նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը: Նրա հանդեպ հավատքի ու Նրա անսահման քավության հետևանքների շնորհիվ, դուք և նրանք, ում սիրում ու ծառայում եք, կարժանանաք այդ գերագույն պարգևին՝ ապրելու երկար սպասված և խոստացված Սիոնի այդ հասարակության մեջ»:8
Պատրաստվեք գալիք օրերին
Ժամանակակից մարգարեները ուսուցանում են, որ Փրկիչի մոտ գալը անհատական նվիրվածության խնդիր է, այլ ոչ թե ֆիզիկական տեղակայման:
«Եկեղեցու վաղ շրջանում դարձը հաճախ նշանակում էր նաև արտագաղթ», - մեկնաբանել է նախագահ Նելսոնը։ «Բայց հիմա հավաքումը տեղի է ունենում յուրաքանչյուր ազգի մեջ: Տերը հայտարարել է Սիոնի հաստատումը յուրաքանչյուր արքայության մեջ, որտեղ Նա ծնունդ և ազգություն է շնորհել Իր Սրբերին»:9
Երբ մենք ընդունում ենք Սիոն կառուցելու մարտահրավերն ու օրհնությունը մեր ընտանիքներում, ճյուղերում, ծխերում, ցցերում և համայնքներում, Ջոն և Մարիա Լինֆորդների հետ միասին նայում ենք այն օրվան, երբ մեր երեխաներն ու թոռները «կարող են մեծանալ և իրենց ընտանիքները մեծացնել Սիոնում»՝ ամեն ազգի, ցեղի և լեզվի մեջ:
Երբ մենք նախ՝ փնտրում ենք Տիրոջը և Նրա արդարությունը, աղոթում ենք «որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա, որ նրա բնակիչները ստանան այն և պատրաստ լինեն գալիք օրերի համար, որի ժամանակ Մարդու Որդին կիջնի երկնքի մեջ, իր փառքի պայծառությամբ հանդերձավորված՝ դիմավորելու երկրի վրա հաստատված Աստծո արքայությանը» (Վարդապետություն և Ուխտեր 65.5):