2021
Ինչպես նկատել լավ հատկանիշներ մեր մեջ
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Երիտասարդ չափահասներ

Ինչպես նկատել լավ հատկանիշներ մեր մեջ

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Ինչպե՞ս կսահմանեք խորաթափանցության պարգևը: Մինչև վերջերս ես լիովին չէի հասկանում այս պարգևի հիմնական նպատակներից մեկը

Նկար
woman looking away against background of sea and sky

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Իմ կյանքի համար ես սահմանել եմ խորաթափանցության պարգևը՝ որպես մի գործիք, որով կկարողանամ տարբերել ճիշտը սխալից: Չնայած դա պարգևի կարևոր մասն է, սակայն վերջերս ես իմացա, որ այն ունի ավելի շատ բաղադրիչներ:

2020թ.-ի ապրիլյան գերագույն համաժողովի մի ելույթի տողատակերում ես մի անգին գաղափար գտա: Մի խոսնակ մեջբերեց Նախագահ Սթիվեն Լ Ռիչարդսի (1879–1959)՝ Առաջին Նախագահության նախկին առաջին խորհրդականի խոսքերը, ով ասել էր. «Խորաթափանցության բարձրագույն տեսակը ուրիշների մեջ նկատում և նրանց համար բացահայտում է բնորոշ լավ հատկանիշներ»:1

Մի՞թե դա պոեզիայի նման չի հնչում:

Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ բացահայտել ուրիշների բնորոշ լավ հատկանիշները: Այդ հայտարարության ճշմարտությունն այնքան հաճելի էր ինձ համար, որ ուզում էի ավելին իմանալ: Ես հայտնաբերեցի, որ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նաև ուսուցանել է, որ խորաթափանցության պարգևը օգնում է մեզ «գտնել և ի հայտ բերել այն լավ գծերը, որոնք կարող են թաքնված լինել մեր մեջ»:2

Այդ բացահայտումից հետո ես հասկացա, թե որքան կարևոր է խորաթափանցության պարգևի այս մասը: Մենք պետք է մեր մեջ լավ հատկանիշներ գտնենք, որպեսզի կարողանանք զարգացնել դրանք: Երբ անենք դա, մենք կզգանք և կգործենք՝ ինչպես Աստծո իսկական զավակներ (տես Սաղմոս 82.6, Մոսիա 5.7, Մորոնի 7.19):

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք սկսել լավ հատկանիշներ գտնել մեր մեջ: Ահա մի քանի եղանակներ, որոնցով կարող եք սկսել.

Կենտրոնացրեք ձեր ուժերը՝ ուրիշներին օրհնելու համար

Վարդապետական ճշմարտություն է, որ յուրաքանչյուր ոք ունի Աստծուց տրված որոշակի պարգևներ (տես Վարդապետություն և Ուխտեր 46.11), և փառամոլություն չէ դրանց մասին մտածելը: Փաստորեն, Տե՛րն է խնդրել մեզ դա անել: Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ «հետամուտ [լինել] լավագույն պարգևներին, միշտ մտապահելով, թե ինչի համար են դրանք տրված» (Վարդապետություն և Ուխտեր 46.8, շեշտադրումն ավելացված է):

Երբ մենք ավելի շատ ենք տեղեկանում մեր պարգևների ու տաղանդների մասին, պետք է միջոցներ գտնենք՝ օգտագործելով դրանք ուրիշներին ծառայելու համար:

Ձեր պարգևները բացահայտելու համար այդ մասին հարցրեք մեկին, ում վստահում եք: Հարցրեք նրանց, թե որոնք են ձեր ուժեղ կողմերը: Եթե դուք ինձ նման եք, գուցե մտածեք, որ անհարմար է հարցնելը: Բայց հիշեք, որ դա սնափառություն չէ: Դուք բացահայտում եք, թե ինչ անհատական հատկություններ ունեք, որոնք պետք է առաջարկեք աշխարհի ձեր եղբայրներին և քույրերին (տես Մոսիա 8.18):

Օրինակ՝ մի բարի հարևան մի անգամ ինձ ասաց, որ ես պարգև ունեմ, որով օգնում եմ մարդկանց՝ իրենց հանգիստ զգալ: Մեկնաբանությունը որպես քաղաքավարի գովասանք ընդունելու փոխարեն, ես սկսեցի դիտարկել այդ պարգևը իմ կյանքում: Ապա ես հասկացա, որ Երկնային Հայրը կարող է օգնել ինձ օգտագործել իմ սոցիալական հմտությունները՝ ընկերանալու ուրիշների հետ և օրհնելու ավելի շատ կյանքեր:

Ճանաչելով ձեր պարգևները՝ կարող եք գիտակցաբար ընտրել դրանց օգտագործումը՝ ուրիշներին օրհնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 82.18):

Ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը

Նկար
a young woman reading her patriarchal blessing

Լուսանկարի հեղինակ՝ Ջուդիթ Էն Բեքը

Հայրապետական օրհնությունները նույնպես լավ աղբյուր են՝ մեր եզակի, Աստծո կողմից տրված պարգևները տեսնելու համար: Երեց Լարի Ռ. Լոուրենսը՝ Յոթանասունի պատվավոր անդամը, ասել է. «Հոգին կարող է ցույց տալ մեզ մեր թույլ կողմերը, բայց Նա նաև ունակ է ցույց տալ մեր ուժեղ կողմերը: ․․․ Երբ մենք կարդում ենք մեր հայրապետական օրհնությունները, մեզ հիշեցվում է, որ մեր Երկնային Հայրը գիտի մեր աստվածային ներուժը»։3

Ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը: Այն օգնում է ձեզ կենտրոնանալ այն հատկությունների զարգացման վրա, որոնք կարող են օգնել ձեզ հասնել ձեր ներուժին:

Իմ դեպքում ես հաճախ պատկերացնում եմ մայրիկի այն տեսակը, որը հուսով եմ, մի օր կլինեմ: Առանց դա գիտակցելու, ես հակված եմ մտածել, որ լավ մայրը ֆիզիկապես պատրաստված է և առողջ, կազմակերպված ու գեղեցիկ, և որ նրա դարչինով թխվածքաբլիթները իր ծխի Սփոփող Միության նախանձի առարկան են: Չնայած այդ ամենը վատ չէ, սակայն իմ հայրապետական օրհնության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տիրոջն ավելի շատ դուր է գալիս, որ ես բարի ու գթասիրտ մայր եմ: Ինձ համար Քրիստոսանման այդ հատկությունները նրանք են, որոնք ես պետք է ամենից շատ ձգտեմ զարգացնել:

Հիշեք և խորհեք հաղորդության ընթացքում

Նկար
bread being broken for sacrament

Լուսանկարի հեղինակ՝ Ջերի Գառնս

Հաղորդությունը Փրկիչի մասին մտածելու ժամանակ է: Այն նաև Նրան նմանվելու ձեր առաջընթացի մասին մտածելու ժամանակ է: Երբ աշխատում եք հայտնաբերել ձեզ բնորոշ լավ հատկությունները, հետ նայեք ձեր նվաճումներին, փորձառություններին և սոցիալական շփումներին, որոնք կօգնեն ձեզ տեսնել այն որոշակի պահերը, երբ դրսևորվել են ձեր պարգևները:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, ասել է. «Մինչ դուք քննում եք ձեր կյանքը հաղորդության արարողության ընթացքում, հուսով եմ, ձեր մտքերը կենտրոնանում են ոչ միայն այն ամենի վրա, ինչը դուք սխալ եք արել, այլև այն ամենի վրա, ինչը ճիշտ եք արել. պահեր, երբ դուք զգացել եք, որ Երկնային Հայրը և Փրկիչը գոհ են եղել ձեզանից։ Դուք նույնիսկ կարող եք հաղորդության ժամանակ խնդրել Աստծուն օգնել ձեզ տեսնել այդ ամենը»։4

Ահա մի քանի հարցեր, որոնք կարող եք ուղղել ինքներդ ձեզ կամ Աստծուն՝ հաղորդության ընթացքում.

  • Այս շաբաթ ես ինչպե՞ս հետևեցի Քրիստոսի օրինակին:

  • Ես ու՞մ ծառայեցի:

  • Ե՞րբ զգացի Փրկիչի սերը այս շաբաթ: Ինչո՞ւ:

  • Ո՞ր Քրիստոսանման հատկանիշն եմ ես փորձում զարգացնել: Ի՞նչ հաջողություններ ունեմ այդ գործում:

  • Կա արդյո՞ք ինչ-որ բան իմ կյանքում, որի համար պետք է աղոթեմ, որ օգնություն ստանամ:

  • Կա՞ ինչ-որ մեկը, որին պետք է ներեմ:

  • Ի՞նչ մեծ կամ փոքր խնդիր կար, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը օգնեցին ինձ լուծել այս շաբաթ:

Խորհրդածելով Աստծո բարության մասին և հաղորդության ընթացքում գնահատելով իմ կյանքը, այլ ոչ թե կենտրոնանալով միայն անհաջողությունների ու թերությունների վրա, օգնում է ինձ վստահել Նրան:

Մեծարեք ձեր կոչումները

Մեզ կոչումներ են տալիս որևէ պատճառով, նույնիսկ, եթե սկզբում չգիտենք այդ պատճառը:

Մի անգամ ինձ կանչեցին իմ երիտասարդ ամուրիների ծխի Սփոփող միության նախագահություն: Ես այնքան ոգևորված էի, որ չգիտեի՝ ինչից սկսել: Բայց մի քանի ամիս անց հուսալքվեցի: Ես չէի կարող որևէ հոգևոր աճ տեսնել նրանց մեջ, ում փորձում էի ծառայել: Այցելելու և ընկերանալու իմ ջանքերը կարծես թե տապալվեցին:

Մի կիրակի ես զգացի, որ իմ մեջ բացակայում են այն հոգևոր պարգևները, որոնք օգնում են ինչ-որ մեկին լավ ծառայել: Այդ օրվա հաղորդության ընթացքում իմ աղոթքն այն էր, որ համոզվեի, որ ունակ եմ կատարել իմ կոչման պարտականությունները: Ես հուշում ստացա, որ պետք է քահանայության օրհնություն խնդրեմ:

Ես հանդիպեցի իմ եպիսկոպոսի հետ, և երբ նա ձեռքերը դրեց իմ գլխին, առաջին բանը, որ ասաց ինձ, հետևյալն էր. «Երկնային Հայրը գնահատում է այն բարությունը, որը դու ցուցաբերում ես ուրիշների հանդեպ»:

Հանկարծ ես այնքան ուժեղ զգացի Հոգին, որ համոզվեցի, որ Տերը գոհ է իմ ջանքերից: Ես զգում էի, որ իրոք ունեմ պարգևների այն բաժինը, որն անհրաժեշտ է սիրով ծառայելու համար: Ես պարզապես ավելի շատ հաշվում էի անհաջողությունները, քան հաջողությունները:

Ձեր կոչումները հիանալի հնարավորություններ են ձեր հոգևոր պարգևները բացահայտելու և օգտագործելու համար:

Դուք կարող եք սկսել այժմ

Պետք չէ սպասել, որ մեր մեջ սկսեն բացահատվել լավ հատկանիշները:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, ասել է.

«Երբեմն մենք հուսահատվում ենք, որովհետև մենք «ավելին» չենք՝ ավելի հոգևոր, հարգված, խելացի, առողջ, հարուստ, ընկերասեր կամ ունակ։ …

Իմ կյանքում ես հասկացել եմ, որ կարիք չկա, որ մենք լինենք «ավելին», որպեսզի սկսենք դառնալ այն մարդը, որին ցանկանում է տեսնել Աստված»։5

Մենք կարող ենք սկսել աղոթքով: Ասեք Երկնային Հորը, թե ինչ եք զգում հիմա և ինչ եք ցանկանում զգալ ձեր վերաբերյալ: Մասնավորապես խնդրեք խորաթափանցության պարգևը՝ օգնելով ձեզ տեսնել ձեզ բնորոշ բարությունը: Իմ կյանքի ամենաքաղցր պահերը եկել են այս աղոթքներն արտասանելուց: Ես հավատում եմ, որ Երկնային Հայրը ցանկանում է օգնել մեզ տեսնել այն ամենը, ինչ Ինքն է տեսնում:

Որպես Աստծո զավակներ մեր ինքնության շնորհիվ, մեզ վիճակված է լինել մեծություն (տես Վարդապետություն և Ուխտեր 78․17)։ Խորաթափանցության պարգևի միջոցով մենք կարող ենք իմանալ դա մեզ համար:

Հղումներ

  1. Սթիվեն Լ Ռիչարդս, Դուգլաս Դ. Հոլմս, «Խորապես հաստատենք մեր սրտերում», Լիահոնա, մայիս 2020, 25–26:

  2. David A. Bednar, “Quick to Observe” (Brigham Young University devotional, May 10, 2005), 5, speeches.byu.edu; emphasis added.

  3. Լարի Լ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Լիահոնա, նոյեմբեր 2015, 35:

  4. Henry B. Eyring, “Always Remember Him,” Ensign, Feb. 2018, 5.

  5. Դիտեր Ֆ. Ուխդորֆ. «Այն հիանալի է գործում»: Լիահոնա, նոյեմբեր 2015, 22–23: