Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսի զորությունը ամեն օր մեր կյանքում
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հիսուս Քրիստոսի զորությունը ամեն օր մեր կյանքում

Մեր ուժի աղբյուրը հավատքն է առ Հիսուս Քրիստոս, երբ մենք միտումնավոր ձգտում ենք ամեն օր գալ Նրա մոտ:

Սիրելի եղբայրներ և քույրեր, սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է։ Ինչպիսի ուրախություն է հավաքվել որպես Նրա Եկեղեցի: Ես շնորհակալ եմ, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ հիշեցրել է, որ հաճախ օգտագործենք Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը, որպեսզի հիշենք, թե սա ում Եկեղեցին է, և ում ուսմունքներին ենք մենք հետևում։

Նախագահ Նելսոնն ասել է․ «Առաջիկա օրերին մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը: Նա հավատարիմներին կշնորհի անթիվ արտոնություններ, օրհնություններ և հրաշքներ»:1

Իմ և կնոջս՝ Ռենեի ամենամեծ արտոնություններից և հնարավորություններից են Սրբերի հետ հանդիպումները այն վայրերում, որտեղ ծառայում ենք։ Մենք լսում ենք նրանց պատմությունները, ականատես ենք լինում նրանց կորուստներին, կիսում նրանց ցավը և ուրախանում նրանց հաջողություններով։ Մենք ականատես ենք եղել բազմաթիվ օրհնությունների և հրաշքների, որոնք Փրկիչը շնորհել է հավատարիմներին։ Մենք հանդիպել ենք մարդկանց, որոնք անցել են անհնարինի միջով, տարել են աներևակայելի տառապանքներ։

Նկար
Նախագահ Խոսե Բատալան կնոջ՝ Քույր Վալերիա Բատալայի հետ։
Նկար
Ֆլավիա Կրուզադոն և նրա հայրը։

Մենք տեսել ենք Փրկչի զորության դրսևորումը այրի կնոջ հանդեպ, որը կորցրել էր իր ամուսնուն՝ Բոլիվիայում Տիրոջ գործին ծառայելիս։2 Տեսել ենք դա Արգենտինայում մի երիտասարդ կնոջ կյանքում, որը կորցրել էր ոտքը, քանի որ նրան հրել էին գնացքի տակ՝ բջջային հեռախոսը գողանալու համար։3 Եվ նրա միայնակ հոր կյանքում, որն այժմ ստիպված է փշուրներից հավաքել կյանքը և ամրացնել դստերը՝ դաժանության նման անբացատրելի արարքից հետո։ Տեսել ենք ընտանիքներում, որոնք կորցրել են իրենց տները և ունեցվածքը Չիլիի հրդեհների մեջ 2022 թվականի Սուրբ Ծնունդից ընդամենը երկու օր առաջ։4 Տեսել ենք ցավալի ապահարզանից տանջվողների և բռնության անմեղ զոհերի կյանքում։

Նկար
Հրդեհները Չիլիում։

Ի՞նչն է նրանց ուժ տալիս անցնելու դժվարությունների միջով։ Ի՞նչն է ուժի լրացուցիչ շերտ ապահովում առաջ շարժվելու համար, երբ ամեն ինչ, կարծես, կորսված է։

Ես հասկացել եմ, որ այդ ուժի աղբյուրը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է՝ ամեն օր Իրեն մոտենալու մեր ձգտումի արդյունքում։

Հակոբ մարգարեն ուսուցանել է․ «Եվ նա գալիս է աշխարհ, որպեսզի փրկի բոլոր մարդկանց, եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին. քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին»:5

Երբեմն, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը անհնարին, գրեթե անհասանելի մի բան է թվում։ Գուցե մտածենք, որ Քրիստոսի մոտ գալը պահանջում է ամրություն, ուժ և կատարելություն, որը մենք չունենք, և պարզապես չենք կարող գտնել այդ ամենը անելու ուժը։ Բայց այդ բոլոր մարդկանցից ես սովորել եմ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է տալիս մեզ ճամփորդությունը սկսելու այդ ուժը։ Երբեմն գուցե մտածենք․ «Պետք է կարգի բերեմ իմ կյանքը դեպի Հիսուսը գալուց առաջ», սակայն ճշմարտությունն այն է, որ մենք գալիս ենք Հիսուսի մոտ՝ Նրա միջոցով մեր կյանքը կարգավորելու համար։

Մենք չենք գալիս Հիսուսի մոտ, քանի որ կատարյալ ենք։ Մենք գալիս ենք Նրա մոտ, քանի որ անկատար ենք և Նրանում մենք կարող ենք «կատարյալ լինել»:6

Ինչպե՞ս ենք մենք սկսում ամեն օր մի փոքր հավատք գործադրել։ Ինձ համար այն սկսվում է առավոտյան, երբ ես արթնանում եմ և, հեռախոսիս նայելու փոխարեն աղոթում եմ։ Անգամ մի պարզ աղոթք։ Ապա ես սուրբ գրություններ են կարդում։ Դա օգնում է ամեն շաբաթ նորոգել ուխտը, երբ ճաշակում եմ հաղորդությունը՝ «միշտ հիշելու նրան»։7 Երբ օրս սկսում եմ աղոթքով և սուրբ գրություններով, կարողանում եմ նաև «հիշել Նրան», երբ նայում եմ հեռախոսիս։ Ես կարողանում եմ հիշել Նրան, երբ խոսում եմ կնոջս ու երեխաներիս հետ, երբ խնդիրների և հակասությունների եմ բախվում, և փորձում եմ դիմակայել դրանց Հիսուսի նման։

Երբ ես հիշում եմ Նրան, զգում եմ փոխվելու, ապաշխարելու ցանկություն։ Ես ուժի աղբյուր եմ գտնում իմ ուխտերը պահելու համար և զգում եմ Սուրբ Հոգու ազդեցությունը, և «պահում եմ Նրա պատվիրանները, որոնք Նա տվել ինձ, որպեսզի Նրա Հոգին միշտ ինձ հետ ունենամ»։8 Դա օգնում է ինձ համբերել մինչև վերջ:9 Կամ գոնե մինչև օրվա վերջը։ Եվ այն օրերին, երբ ես չեմ հիշում Նրան ամբողջ օրը, Նա, միևնույն է, իմ կողքին է, սիրում է ինձ, ասում է, որ ամեն ինչ լավ է, որ կարող եմ վաղը կրկին փորձել։

Թեև մենք անկատար ենք և միշտ չենք հիշում մեր սիրող Երկնային Հորը, Նա միշտ հիշում է մեզ։

Մենք հաճախ սխալմամբ մտածում ենք, որ ուխտերը կամ Աստծո հետ մեր խոստումները պահելը ինչ-որ գործարք է, որի մեջ մտնում ենք Նրա հետ․ ես հնազանդվում եմ, իսկ Նա պաշտպանում է ինձ ամեն տեսակի չարիքից։ Ես վճարում եմ իմ տասանորդը և երբեք չեմ կորցնի իմ աշխատանքը, ոչ էլ հրդեհը կայրի իմ տունը։ Սակայն, երբ մեր ակնկալիքները չեն իրականանում, մենք աղերսում ենք Տիրոջը․ «Հոգդ չէ՞ որ կորչում ենք»։10

Մեր ուխտերը պարզապես գործարքային չեն, այլ՝ փոխակերպող։11 Իմ ուխտերի միջոցով ես ստանում եմ Հիսուս Քրիստոսի սրբագործող, ամրացնող զորությունը, որը թույլ է տալիս ինձ դառնալ նոր անձ, ներել աններելի թվացողը, հաղթահարել անհնարինը։ Հիսուս Քրիստոսին նպատակային հիշելը միշտ զորեղ է, այն ինձ լրացուցիչ ուժ է տալիս պահելու պատվիրանները, որոնք Նա տվել է ինձ։12 Դա օգնում է ինձ լինել ավելի լավը, ժպտալ առանց որևէ պատճառի, լինել խաղաղարար,13 խուսափել հակառակությունից, թույլ տալ Աստծուն տնօրինել իմ կյանքում։14

Երբ մեր կամ մեր հարազատի ցավն այնքան մեծ է, որ չենք կարող կրել այն, Հիսուս Քրիստոսին հիշելը և Նրա մոտ գալը, կարող է թեթևացնել բեռը, փափկացնել սիրտը և մեղմել ցավը։ Դա այն զորությունն է, որը թույլ է տալիս հորը իր բնական ունակությունից վեր ուժ գտնել իր դստերը օգնելու անցնել ոտքը կորցնելու ֆիզիկական և հոգեկան ցավի միջով։

Նկար
Ֆլավիա Կրուզադոն Երեց Ուլիսես Սոարեսի հետ։

Երբ Երեց Սոարեսը անցած հունիսին այցելեց Արգենտինա և հարցրեց Ֆլավիային նրա ողբերգական պատահարի մասին, վերջինս անկեղծ պատասխանեց․ «Երբ դա պատահեց, ես զգում էի շփոթություն, դառնություն, զայրույթ և ատելություն»։ Ինձ օգնեց այն, որ «ինչո՞ւ ես» հարցի փոխարեն ես հարցնում էի «ինչի՞ համար»։ Դա ինձ ավելի մոտեցրեց մյուս մարդկանց և Տիրոջը։ Նրանից ինձ հեռացնելու փոխարեն ես պետք է կառչեի Նրանից»։15

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին: Այսպիսով, ուխտ պահող մարդիկ իրավունք ունեն հատուկ տեսակի հանգստության»։16 Դա հանգստության և խաղաղության այն տեսակն է, որը ես տեսել եմ այրի կնոջ աչքերում, չնայած ամեն օր իր ամուսնու կարոտի ցավի զգացումին։

Նկար
Փոթորիկը Գալիլեայի ծովում

Նոր կտակարանում մենք կարդում ենք ժամանակի մասին, երբ Հիսուսը և Նրա աշակերտները նավակի մեջ էին․

«Քամու մեծ փոթորիկ բարձրացավ և ալիքները թափում էր նավի մէջ։

Եվ ինքը նավի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. և նորան զարթնեցնում են և ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք»։

Եվ Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռիր, հանդարտվիր»։

Նա ասաց․ «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։17

Ինձ միշտ գրավել է այս պատմությունը։ Ակնկալո՞ւմ էր Տերը, որ նրանք կգործադրեին իրենց հավատքը՝ փոթորիկը հանդարտեցնելու համար: Քամիները սաստելո՞ւ համար։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը փոթորկին դիմակայելու խաղաղության զգացում է, իմացություն, որ մենք չենք կորչի, որովհետև Նա մեզ հետ նավակի մեջ է։

Դա այն տեսակի հավատքն է, որը մենք տեսանք Չիլիում՝ հրդեհներից տուժած ընտանիքների մոտ։ Նրանց տները իսպառ այրվեցին, նրանք կորցրին ամեն ինչ։ Սակայն քայլելով նրանց՝ արդեն անցյալում մնացած տներով և լսելով նրանց փորձառությունների մասին, մենք զգում էինք, կարծես, կանգնած էինք սուրբ հողի վրա; Մի քույր կնոջս ասաց․ «Երբ տեսա, ինչպես էին այրվում մոտակա տները, զգացի, որ մեր տունը կարող է այրվել, որ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։ Հուսահատվելու փոխարեն ես աննկարագրելի խաղաղության զգացում ունեցա։ Ինչ-որ կերպ զգացի, որ ամեն ինչ լավ է լինելու»: Աստծուն ապավինելը և Նրա հետ մեր ուխտերը պահելը մեր թուլությունները ուժ են դարձնում և սփոփում մեր վիշտը։

Ես շնորհակալ եմ, որ Ռենեյի հետ հնարավորություն ունեցանք հանդիպել այդ արտասովոր Սրբերին, նաև նրանց հավատքի, ուժի և հաստատակամության օրինակների համար։ Ցավի և հուսահատության պատմությունների համար, որոնք գուցե երբևէ չհայտնվեն օրաթերթերի առաջին էջերում կամ համացանցում։ Շնորհակալ եմ կորստի կամ ցավալի ապահարզանի հետևանքով թափված արցունքների և ասված աղոթքների չարված նկարների համար, միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և Նրա Քավության շնորհիվ տանելի դարձող վախի, վշտի և ցավի մասին չարված գրառումների համար։ Այդ մարդիկ ամրացնում են իմ հավատքը, և դրա համար ես խորապես երախտապարտ եմ։

Ես գիտեմ, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Ես գիտեմ, որ Նա պատրաստ է պարգևել մեզ Իր զորությունը, եթե ամեն օր գանք Իր մոտ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։