Գերագույն համաժողով
Խոնարհ՝ ընդունելու և հետևելու համար
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Խոնարհ՝ ընդունելու և հետևելու համար

Խոնարհությունը պարտադիր պահանջ է, որպեսզի մենք պատրաստ լինենք վերադառնալ Աստծո ներկայություն:

Ալմայի հինգերորդ գլխում տրվում է մի ինքնաճանաչողական հարց. «Կկարողանայի՞ք դուք ասել ձեր մեջ, եթե դուք այս պահին կանչվեիք մեռնելու, որ եղել եք բավականին խոնարհ»:1 Այդ հարցը ենթադրում է, որ խոնարհությունը պարտադիր պահանջ է, որպեսզի պատրաստ լինենք վերադառնալ Աստծո ներկայություն:

Մենք բոլորս սիրում ենք կարծել, որ բավականաչափ խոնարհ ենք, բայց կյանքի որոշ փորձառություններ մեզ ստիպում են հասկանալ, որ բնական հպարտ մարդը հաճախ շատ կենդանի է մեր մեջ:

Տարիներ առաջ, երբ մեր երկու դուստրերը դեռ մեր տանն էին ապրում, ես որոշեցի նրանց և կնոջս ցույց տալ այն բիզնես միավորը, որը ես ղեկավարում էի մի ընկերությունում։

Իմ իրական նպատակն էր ցույց տալ նրանց մի վայր, որտեղ, ի տարբերություն մեր տան, բոլորը կանեին այն, ինչ ես կխնդրեի՝ առանց ինձ հարցաքննելու: Մենք հասանք առջևի դարպասին, որը սովորաբար ինքնաբերաբար բացվում էր, երբ մեքենաս մոտենում էր, բայց ի զարմանս ինձ, այն այս անգամ չբացվեց: Փոխարենը, մեքենային մոտեցավ անվտանգության աշխատակիցը, որին նախկինում երբևէ չէի տեսել, և ինձնից խնդրեց իմ ընկերության նույնականացման քարտը (ID):

Ես ասացի նրան, որ փաստաթղթի կարիք չունեմ իմ մեքենայով տարածք մտնելու համար, և հետո նրան տվեցի դասական հպարտ հարցը. «Գիտե՞ք, թե ում հետ եք խոսում»:

Իսկ նա պատասխանեց. «Դե, քանի որ դուք չունեք ձեր ընկերության ID-ն, ես չեմ կարող իմանալ, թե ով եք դուք, և քանի դեռ ես այս դարպասի մոտ եմ, ձեզ թույլ չեն տա մտնել տարածք՝ առանց համապատասխան հաստատող փաստաթղթի:

Մտածեցի հետևի հայելուն նայելու մասին, բայց գիտեի, որ աղջիկներս վայելում են այդ պահի ամեն վայրկյանը։ Իմ կողքին նստած՝ կինս օրորում էր գլուխը՝ հավանություն չտալով իմ պահվածքին: Իմ վերջին միջոցն էր ներողություն խնդրել և ասել պահակին, որ շատ եմ ցավում նրա հետ այդքան վատ վերաբերվելու համար: «Դուք ներված եք, - ասաց նա, - բայց առանց ընկերության ID-ի դուք այսօր ներս չեք մտնի»:

Այնուհետև, ես շատ դանդաղ մեքենայով վերադարձա տուն՝ իմ ID-ին վերցնելու և սովորեցի այս արժեքավոր դասը. երբ մենք ընտրում ենք խոնարհ չլինել, մենք արդյունքում նվաստացած ենք զգում:

Առակների գրքում ասվում է. «Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա»:2 Խոնարհություն զարգացնելու համար մենք պետք է հասկանանք, թե դա իրականում ինչ է նշանակում ավետարանի համատեքստում:

Որոշ մարդիկ խոնարհ լինելը շփոթում են այլ բաների հետ, օրինակ՝ աղքատ լինելու հետ: Բայց իրականում կան շատ մարդիկ, որոնք աղքատ են և հպարտ, ինչպես նաև կան շատերը, որոնք հարուստ են, սակայն խոնարհ: Ոմանք էլ շատ ամաչկոտ են կամ ցածր ինքնագնահատական ունեն, կարող են արտաքնապես խոնարհ լինել, բայց երբեմն հոգու խորքում լի են հպարտությամբ:

Ուրեմն ի՞նչ է խոնարհությունը։ Համաձայն Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկի՝ խոնարհությունը Տիրոջ «կամքին հնազանդվելու ցանկությունն է»։ Ուսուցողական է: … [Դա] կենսական խթան է հոգևոր աճի համար»:3

Անշուշտ, բոլորիս համար շատ հնարավորություններ կան՝ բարելավելու այս Քրիստոսանման հատկանիշը: Ես կցանկանայի նախ ուսումնասիրել, թե որքան խոնարհ ենք եղել կամ պետք է լինենք՝ հետևելով մեր մարգարեի խորհրդին: Կարճ անհատական թեստը մեզ համար կարող է ընդգրկել հետևյալ հարցերը.

  • Արդյոք մենք նշո՞ւմ ենք Եկեղեցու ամբողջական անունը մեր բոլոր շփումների ժամանակ: Նախագահ Նելսոնն ասել է. «Տիրոջ անունը Տիրոջ Եկեղեցու վրայից հանելով՝ սատանան մեծ հաղթանակ է տանում»։4

  • Արդյոք մենք թո՞ւյլ ենք տալիս, որ Աստված տնօրինի մեր կյանքում՝ ընդունելով մեր մարգարեի առանձնահատուկ հրավերը: «Այսօր ես կոչ եմ անում մեր անդամներին ամենուր՝ հրաժարվել նախապաշարմունքների վերաբերմունքից և գործողություններից»:5

  • Արդյոք մենք հաղթո՞ւմ ենք աշխարհին, ավելի շատ վստահելով Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկանց փիլիսոփայությանը, ինչպես ուսուցանել է մեր մարգարեն:6

  • Դարձե՞լ ենք խաղաղասերներ, որոնք դրական բաներ են ասում մարդկանց ու նրանց մասին: Նախագահ Նելսոնը վերջին գերագույն համաժողովին ուսուցանեց մեզ հետևյալը. «Եթե որևէ բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի, որը մենք կարող ենք ասել մեկ այլ անձի մասին՝ թե ուղիղ դեմքին, թե նրա թիկունքում, ապա դա պետք է լինի հաղորդակցման մեր չափանիշը»:7

Սրանք պարզ, բայց հզոր հրահանգներ են: Հիշեք, որ Մովսեսի ժողովուրդը բժշկվելու համար միայն պետք է նայեր պղնձե օձին, որը նա բարձրացրել էր։8 Բայց «միջոցի պարզության կամ հեշտության պատճառով՝ եղան շատերը, որ կործանվեցին»:9

Այս համաժողովի ընթացքում մենք լսել ենք և դեռ կլսենք մեր մարգարեների և առաքյալների անվրեպ խորհուրդները: Դա կատարյալ առիթ է՝ զարգացնելու խոնարհություն և թույլ տալու, որ մեր ամուր կարծիքները կլանվեն ավելի ուժեղ համոզմունքով, որ Տերը խոսում է այս ընտրված ղեկավարների միջոցով:

Նախ՝ խոնարհություն զարգացնելով, մենք պետք է նաև հասկանանք և ընդունենք, որ մենք ի վիճակի չենք հաղթահարել մեր մարտահրավերները կամ հասնել մեր ողջ ներուժին միայն մեր սեփական ջանքերով: Մոտիվացնող խոսնակները, գրողները, մարզիչները և ազդեցիկ մարդիկ ամբողջ աշխարհում, հատկապես թվային հարթակներում, կասեն, որ ամեն ինչ կախված է բացառապես մեզանից և մեր գործողություններից: Աշխարհը հավատում է «մարմնեղեն բազկին»:

Բայց վերականգնված ավետարանի միջոցով մենք սովորեցինք, որ մենք մեծապես կախված ենք Երկնային Հոր բարերարությունից և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությունից, «քանզի մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»:10 Ահա թե ինչու այդքան կարևոր է ուխտեր կապել ու պահել Աստծո հետ, քանի որ դա մեզ լիարժեք հասանելիություն կտա դեպի Հիսուս Քրիստոսի բժշկող, արտոնող և կատարելագործող զորությունը՝ Նրա Քավության միջոցով:

Կանոնավոր մասնակցությունը շաբաթական հաղորդության ժողովներին և տաճարային երկրպագությանը՝ արարողություններին մասնակցելու, ուխտերը ստանալու և նորոգելու համար, նշան է, որ մենք գիտակցում ենք մեր կախվածությունը Երկնային Հորից և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից: Դա մեր կյանք կհրավիրի Նրանց զորությունը՝ օգնելու մեզ մեր բոլոր խնդիրների լուծման գործում և, ի վերջո, կատարելու «ստեղծման մեր չափը»:

Ոչ վաղ անցյալում խոնարհության և Տիրոջից կախվածության ըմբռնման իմ մակարդակը ևս մեկ անգամ փորձարկվեց: Ես տաքսիով գնում էի օդանավակայան՝ կարճ թռիչքով հասնելու մի վայր, որտեղ շատ բարդ իրավիճակ էր և լուծում պետք է տրվեր։ Վարորդը, որը Եկեղեցու անդամ չէր, նայեց ինձ հայելու միջով և ասաց. «Ես տեսնում եմ, որ այսօր լավ չեք»:

«Կարո՞ղ եք ասել՝ ինչու եք այդպես կարծում»: Հարցրի ես։

«Իհարկե»,- ասաց նա: Ապա նման մի բան ասաց. «Դուք իրականում շատ բացասական լուսապսակ ունեք ձեր շուրջը»:

Ես բացատրեցի նրան, որ բավականին ծանր իրավիճակում եմ հայտնվել, իսկ նա հարցրեց. «Դուք ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ արե՞լ եք խնդիրը լուծելու համար»:

Ես պատասխանեցի, որ արել եմ այն ամենը, ինչ կարող էի:

Ապա նա ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանում. «Ուրեմն թողեք դա Աստծո ձեռքերում, և ամեն ինչ լավ կլինի»:

Խոստովանում եմ, որ գայթակղություն ունեցա հարցնել նրան. «Գիտե՞ք, թե ում հետ եք խոսում»: Բայց չհարցրի: Այդ մեկժամյա թռիչքի ընթացքում միայն աղոթքով խոնարհվեցի Տիրոջ առջև՝ խնդրելով աստվածային օգնություն: Ինքնաթիռից դուրս գալով՝ իմացա, որ դժվարին իրավիճակն արդեն կարգավորվել էր, և իմ ներկայությունն այլևս անհրաժեշտ չէր։

Եղբայրներ և քույրեր, Տիրոջ պատվիրանը, հրավերը և խոստումը պարզ ու մխիթարական են. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:11

Թող որ մենք խոնարհությամբ հետևենք մեր մարգարեների խորհրդին և ընդունենք, որ միայն Աստված և Հիսուս Քրիստոսը, Իր Եկեղեցում ստացած արարողությունների և ուխտերի միջոցով, կարող են վերափոխել և դարձնել մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն իրագործումն է այս կյանքում, և մի օր կարող են մեզ կատարյալ դարձնել Քրիստոսում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։