Քայլել Քրիստոսի հետ ուխտի հարաբերությունների մեջ
«Մենք պետք է հիշենք, որ Նա, ով հալածվել ու կոտրվել էր մեզ համար, թույլ կտա, որ մենք տուժենք մահկանացու կյանքի բացասական հետևանքներից ու մարտահրավերներից, բայց Նա մեզ չի խնդրում միայնակ դիմակայել դրանց:
Իմ լավ ընկեր Իլանը Իսրայելում ինձ մի արահետ ցույց տվեց: «Սա կոչվում է Հիսուսի արահետ, - ասաց նա, - քանի որ դա Նազարեթից Կափառնայում տանող ճանապարհն է, և շատերը հավատում են, որ Հիսուսը քայլել է այդ արահետով»: Ես հենց այդ պահին որոշեցի, որ ուզում եմ քայլել այդ արահետով, ուստի սկսեցի ուղևորություն ծրագրել դեպի Իսրայել:
Ճամփորդությունից վեց շաբաթ առաջ ես կոտրեցի ոտքիս կոճը։ Ամուսինս անհանգստանում էր վնասվածքի համար, իսկ իմ մեծագույն մտահոգությունն այն էր, թե ինչպես եմ քայլելու «Հիսուսի արահետով» մեկ ամիս անց: Ես բնավորությամբ համառ եմ, ուստի չցանկացա չեղարկել ինքնաթիռի տոմսերը։
Հիշում եմ, որ հանդիպեցի մեր իսրայելացի զբոսավարին հունիսյան այդ գեղեցիկ առավոտ: Ես դուրս թռա մեքենայից, ապա հանեցի մի շարք հենակներ և ծնկի սկուտեր: Միան՝ մեր զբոսավարը, մի հայացք նետեց իմ հարմարանքներին և ասաց, «Ահ, չեմ կարծում, որ դուք կարող եք քայլել այս արահետով այդ վիճակում»:
«Գուցե ոչ», - պատասխանեցի ես: «Բայց ոչինչ չի խանգարում ինձ փորձել»: Նա թեթևակի գլխով արեց, և մենք սկսեցինք: Ես սիրում եմ նրան, քանի որ նա հավատաց, որ ես կարող եմ կոտրված ոտքով քայլել արահետով:
Ես որոշ ժամանակ ինքնուրույն տեղաշարժվեցի զառիթափ արահետով և քարերի միջով: Այնուհետև, իմ հանձնառության անկեղծությունից հուզված, Միան հանեց մի բարակ պարան, կապեց այն իմ սկուտերի բռնակներին և սկսեց քաշել։ Նա ինձ քաշեց բլուրներով, կիտրոնի այգիների միջով և Գալիլեայի ծովի ափերով: Ճամփորդության ավարտին ես երախտագիտությունս հայտնեցի իմ գորովալից զբոսավարին, որն ինձ օգնեց իրականացնել մի բան, որը երբեք չէի կարողանա ինքնուրույն անել:
Երբ Տերը կանչեց Ենովքին՝ ճամփորդելու երկրով և վկայելու Իր մասին, Ենովքը վարանեց:1 Նա պարզապես մի «ծանրախոս» պատանի էր: Նա ինչպե՞ս կարող էր ճամփորդել ու վկայել իր այդ վիճակում։ Նա իրեն անհամապատասխան էր զգում, քանի որ կոտրված էր իր թերությունից: Տիրոջ պատասխանն այն բանին, թե ինչն էր խանգարում նրան, պարզ ու անմիջական էր. «Քայլիր ինձ հետ»:2 Ենովքի նման մենք պետք է հիշենք, որ Նա, ով հալածվել ու կոտրվել էր մեզ համար,3 թույլ կտա, որ մենք տուժենք մահկանացու կյանքի բացասական հետևանքներից ու մարտահրավերներից, բայց Նա չի խնդրում մեզ միայնակ դիմակայել դրանց:4 Անկախ մեր վիճակի ծանրությունից կամ մեր ուղու ներկա ընթացքից՝ Նա կհրավիրի մեզ քայլել Իր հետ:5
Մտածեք նեղության մեջ գտնվող երիտասարդի մասին, որն անապատում հանդիպեց Տիրոջը: Հակոբը տնից հեռու էր գտնվում։ Գիշերը նա իր երազում տեսավ ոչ միայն սանդուղք, այլև ուխտի նշանակալից խոստումներ, ներառյալ այն, ինչ ես սիրում եմ անվանել հինգ մատով խոստում:6 Այդ գիշեր Տերը կանգնեց Հակոբի կողքին, ներկայացրեց Իրեն որպես Հակոբի հոր Աստված, իսկ հետո խոստացավ.
-
Ես քեզ հետ եմ։
-
Ես կպահպանեմ քեզ:
-
Ես քեզ կվերադարձնեմ այս երկիրը։
-
Ես չեմ թողնի քեզ։
-
Մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ։7
Հակոբը պետք է ընտրություն կատարեր: Նա կարող էր ընտրել և իր կյանքն ապրել՝ պարզապես ծանոթ լինելով իր հոր Աստծուն, կամ կարող էր ընտրել ապրել Նրա հետ ուխտի հարաբերություններում: Տարիներ անց Հակոբը վկայեց այդ ուխտի խոստումներով ապրած կյանքի մասին. «Աստված … լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»:8 Ճիշտ այնպես, ինչպես Տերը պատասխանեց Հակոբին, Նա կպատասխանի մեզանից յուրաքանչյուրին մեր նեղության օրը, եթե մենք ընտրենք կապել մեր կյանքը Նրա հետ: Նա խոստացել է մեզ հետ քայլել այդ ճանապարհով։
Մենք դա անվանում ենք քայլել ուխտի ճանապարհով. ճանապարհ, որը սկսվում է մկրտության ուխտից և տանում դեպի ավելի խոր ուխտեր, որոնք մենք կապում ենք տաճարում: Հավանաբար դուք լսում եք այս բառերը և մտածում եք թվարկվածի դիմաց՝ վանդակների մեջ ստուգանիշ դնելու մասին: Գուցե այն ամենը, ինչ տեսնում եք, պահանջների ուղի է: Ավելի ուշադիր նայելը բացահայտում է ավելի համոզիչ բան: Ուխտը միայն պայմանագիր չէ, թեև դա կարևոր է: Ուխտը ներառում է նաև հարաբերություններ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Ուխտի ուղին հիմնված է Աստծո հետ մեր հարաբերությունների վրա»:9
Մտածեք ամուսնության ուխտի մասին: Հարսանիքի ամսաթիվը կարևոր է, բայց նույնքան կարևոր են այն հարաբերությունները, որոնք ձևավորվելու են հետո՝ միասին ապրած կյանքի ընթացքում: Նույնը վերաբերում է Աստծո հետ ուխտի հարաբերություններին: Պայմաններ են դրված, և այդ ճանապարհին ակնկալիքներ կլինեն։ Այնուամենայնիվ, Նա հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին գալ այնպես, ինչպես կարող ենք՝ սրտի ողջ նպատակով, և «առաջ մղվել»10 Իր աջակցությամբ՝ վստահելով, որ Իր խոստացած օրհնությունները կգան: Սուրբ գիրքը մեզ հիշեցնում է, որ հաճախ այդ օրհնությունները գալիս են Իր ժամանակին և Իր ձևով. 38 տարի,11 12 տարի անց,12 և անմիջապես:13 Ինչպես կպահանջի արահետը, այնպես էլ կլինի Նրա աջակցությունը:14
Նրա պատմությունը փրկագնման պատմություն է: Հիսուս Քրիստոսը կդիմավորի մեզ, որտեղ էլ որ լինենք, ինչ վիճակում էլ որ լինենք: Սա է պատճառը պարտեզի, խաչի և գերեզմանի: Փրկիչն ուղարկվեց, որպեսզի օգնի մեզ հաղթել:15 Բայց մնալ այնտեղ, որտեղ մենք ենք այժմ, չի բերի այն փրկությունը, որը մենք փնտրում ենք: Ինչպես Նա չթողեց Հակոբին այնտեղ՝ ցեխի մեջ, այնպես էլ Տերը մտադիր չէ մեզանից որևէ մեկին թողնել այնտեղ, որտեղ գտնվում ենք:
Նա նաև վերելքի առաքելություն է։ Նա կաշխատի մեր ներսում՝16 բարձրացնելու մեզ այնտեղ, որտեղ Ինքն է, և այդ ընթացքում մեզ հնարավորություն կտա դառնալ այնպիսին, ինչպիսին Ինքն է: Հիսուս Քրիստոսը եկավ՝ բարձրացնելու մեզ։17 Նա ցանկանում է օգնել մեզ, որ հաջողության հասնեք։ Ահա սա է տաճարի պատճառը:
Մենք պետք է հիշենք, որ միայն ուղին չէ, որ կբարձրացնի մեզ, դա ուղեկիցն է՝ մեր Փրկիչը: Եվ սա է ուխտի հարաբերությունների պատճառը:
Երբ Իսրայելում էի, այցելեցի Արևմտյան պատը։ Հրեաների համար սա Իսրայելի ամենասուրբ վայրն է: Դա այն ամենն է, ինչ մնացել է նրանց տաճարից։ Շատերը հագնում են իրենց ամենալավ հանդերձները, երբ այցելում են այս սուրբ վայրը. նրանց հագուստի ընտրությունը Աստծո հետ իրենց հարաբերություններին նվիրվածության խորհրդանիշն է: Նրանք այցելում են պատը՝ սուրբ գրություններ կարդալու, երկրպագելու և իրենց աղոթքները հեղելու համար: Նրանց մեջ մեծ ձգտում կա դեպի տաճարը, և ուխտի տան այս կարոտը կլանում է նրանց ամեն մի օրը և նրանց ամեն մի աղոթքը: Ես հիանում եմ նրանց նվիրվածությամբ։
Երբ Իսրայելից տուն վերադարձա, ավելի ուշադիր լսեցի իմ շուրջը տարվող ուխտերի վերաբերյալ խոսակցությունները: Ես նկատեցի, որ մարդիկ հարցնում էին. Ինչո՞ւ պետք է ես քայլեմ ուխտի ճանապարհով: Ես ինչո՞ւ պետք է Տիրոջ տուն մտնեմ ուխտեր կապելու համար: Ինչո՞ւ եմ ես հագնում սուրբ հագուստը: Ես ինչո՞ւ պետք է ջանքեր ներդնեմ Տիրոջ հետ ուխտի հարաբերություններում: Այս լավ ու կարևոր հարցերի պատասխանը պարզ է. կախված է նրանից, թե ինչ աստիճանի հարաբերություններ եք ցանկանում ունենալ Հիսուս Քրիստոսի հետ:18 Մեզանից յուրաքանչյուրը պետք է բացահայտի իր պատասխանը այդ խիստ անձնական հարցերին:
Ես քայլում եմ այս ճանապարհով որպես «երկնային ծնողների սիրելի դուստր»,19, աստվածայնորեն ճանաչված20 և խորապես վստահված:21 Ես՝ որպես ուխտի զավակ, իրավասու եմ ստանալու խոստացված22 օրհնությունները: Ես ընտրել եմ23 քայլել Տիրոջ հետ: Ես կանչվել եմ՝24 կանգնելու որպես Քրիստոսի վկա: Երբ ուղին ճնշող է թվում, ես զորանում եմ25 արտոնող շնորհով: Ամեն անգամ, երբ մտնում եմ Նրա տուն, ես զգում եմ ավելի խորացած ուխտի հարաբերություններ Նրա հետ: Ես սրբագործվել եմ26 Նրա Հոգով, օժտվել եմ27 Նրա պարգևներով և ձեռնադրվել եմ՝28 կառուցելու Նրա արքայությունը: Ամենօրյա ապաշխարության և հաղորդությունն ամեն շաբաթ ճաշակելու գործընթացի միջոցով ես սովորում եմ դառնալ հաստատակամ29 և շարունակել բարիք գործել:30 Ես քայլում եմ այս ճանապարհով՝ Հիսուս Քրիստոսի հետ որպես իմ առաջնորդ՝ անհամբեր սպասելով խոստացված օրվան, երբ Նա նորից կգա: Այնուհետև ես կկնքվեմ՝ որպես Նրանը,31 և կբարձրացվեմ՝ որպես Աստծո սուրբ32 դուստր:
Ահա թե ինչու եմ ես քայլում ուխտի ճանապարհով:
Ահա թե ինչու ես կառչում եմ ուխտի խոստումներից:
Ահա թե ինչու եմ ես մտնում Նրա ուխտի տունը:
Ահա թե ինչու եմ ես հագնում սուրբ հագուստը՝ որպես մշտական հիշեցում:
Քանի որ ես ուզում եմ ապրել Նրա հետ հավատարիմ ուխտի հարաբերություններում:
Հավանաբար դուք նույնպես։ Սկսեք այնտեղից, որտեղ գտնվում եք։33 Թույլ մի տվեք, որ ձեր վիճակը խանգարի ձեզ: Հիշեք, որ տեմպը կամ ուղու վրա տեղավորվելը այնքան կարևոր չէ, որքան առաջընթացը:34 Խնդրեք մեկին, որին վստահում եք, և որը գտնվում է ուխտի ուղու վրա, ներկայացնել ձեզ Փրկչին, որին նրանք ճանաչել են: Սովորեք Նրանից։ Ներդրումներ կատարեք հարաբերություններում՝ ուխտի մեջ մտնելով Նրա հետ: Կարևոր չէ ձեր տարիքը կամ վիճակը: Դուք կարող եք քայլել Նրա հետ:
Երբ մենք ավարտեցինք Հիսուսի արահետով քայլելը, Միան չվերցրեց իր պարանը: Նա այն կապած թողեց սկուտերին: Հաջորդ մի քանի օրերին իմ դեռահաս զարմիկներն ու նրանց ընկերը ինձ քաշում էին Երուսաղեմի փողոցներով:35 Նրանք ցանկանում էին, որ ես բաց չթողնեմ Հիսուսի պատմությունները: Նրանք ինձ հիշեցրեցին աճող սերնդի ուժի մասին։ Մենք կարող ենք սովորել ձեզանից: Դուք անկեղծ ցանկություն ունեք ճանաչելու առաջնորդին՝ Հիսուս Քրիստոսին: Դուք վստահում եք պարանի ուժին, որը կապում է մեզ Նրա հետ: Դուք օժտված եք ուրիշներին Նրա մոտ տանելու պարգևով:36
Բարեբախտաբար, մենք միասին քայլում ենք այս ճանապարհով՝ ճանապարհին քաջալերանք բաժանելով:37 Երբ մեր անձնական փորձառությամբ կիսվում ենք Քրիստոսի հետ, մենք կամրացնենք անձնական նվիրվածությունը: Այս մասին ես վկայություն եմ բերում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: