Գերագույն համաժողով
Ավելին քան հերոս
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ավելին քան հերոս

Հիսուս Քրիստոսը ոչ միայն մեր հերոսն է, Նա մեր Տերն ու Թագավորն է, մարդկության Փրկիչն ու Քավիչը:

1856-1860թ.թ. հազարավոր Վերջին Օրերի ռահվիրա Սրբեր ձեռնասայլերով քարշ էին տալիս իրենց ունեցվածքը ավելի քան 1000 մղոն (1600կմ), երբ ճամփորդում էին դեպի Սոլթ Լեյքի հովիտ: Հարյուր վաթսունյոթ տարի առաջ հենց այս շաբաթ` 1856թ. հոկտեմբերի 4-ին, նախագահ Բրիգամ Յանգը զարմացավ՝ իմանալով, որ ձեռնասայլերի երկու ընկերություններ՝ Էդվարդ Մարտինի և Ջեյմս Ուիլիի գլխավորությամբ, դեռևս հարյուրավոր մղոններ հեռու էին Սոլթ Լեյքից, իսկ ձմեռը շուտով մոտենում էր։1 Հենց հաջորդ օրը, ոչ շատ հեռու այն տեղից, որտեղ այսօր հավաքվել ենք, նախագահ Յանգը կանգնեց Սրբերի առջև և հայտարարեց. «Մեր եղբայրներից և քույրերից շատերը տափաստաններում են ձեռնասայլերով և նրանց պետք է բերենք այստեղ: … Գնացեք և բերեք այստեղ այդ մարդկանց, որոնք այժմ տափաստաններում են»:2

Ընդամենը երկու օր անց առաջին փրկարար ջոկատները մեկնեցին՝ փնտրելու ձեռնասայլերով ռահվիրաներին:

Վիլլիի խմբից մի անդամ նկարագրել է վիճակը՝ նախքան հիմնական ջոկատի տեղ հասնելը: Նա պատմել է. «[Ուղղակի] երբ թվաց, թե ամեն ինչ կորած էր, … և քիչ էր մնացել ապրելու, մաքուր երկնքից կայծակի նման Աստված պատասխանեց մեր աղոթքներին: Մի փրկարար ջոկատ, որը բերում էր ուտելիք և պաշար … , երևաց: … Ինչպես էինք շնորհակալություն հայտնում Աստծուն մեր փրկության համար»:3

Այդ փրկարարները հերոսներ էին ռահվիրաների համար, որոնք վտանգի մատնեցին իրենց կյանքը ծայրահեղ եղանակային պայմաններում` որքան հնարավոր էր շատ մարդկանց տուն բերելու համար: Այդ հերոսներից մեկը Իֆրաիմ Հենքսն էր:

Հոկտեմբերի կեսին, անտեղյակ լինելով ձեռնասայլերի հետ կապված խնդիրներից, Հենքսը վերադառնում էր իր տունը՝ Սոլթ Լեյք կատարած ուղևորությունից հետո, երբ գիշերվա ընթացքում նրան արթնացրեց մի ձայն ասելով. «Ձեռնասայլերով մարդիկ դժբախտության մեջ են, իսկ ձեզ որոնում են, կկամենայի՞ք գնալ և օգնել նրանց»:

Այդ հարցը մտքում, նա շտապեց վերադառնալ Սոլթ Լեյք Սիթի: Եվ լսելով նախագահ Հեբեր Ք. Քիմբալի կոչը՝ ուղղված հավելյալ կամավորներին, Հենքսը դուրս եկավ հենց հաջորդ օրը՝ ինքնուրույն գնալով օգնության: Արագ շարժվելով՝ նա ճանապարհին հասավ և անցավ մյուս փրկարարներից, ապա հասավ Մարտինի խմբին: Հենքսը հիշում էր. «Տեսարանը, որը բացվեց աչքերիս առաջ, երբ ես մտա նրանց ճամբարը, երբեք չի ջնջվի իմ հիշողությունից … [և] բավական էր՝ հուզելու ամենից ամուր սիրտը»:4

Իֆրաիմ Հենքսը օրեր շարունակ անցնում էր վրանից վրան՝ օրհնելով հիվանդներին: Նա մտաբերում էր. «Բազմաթիվ դեպքերում, երբ մենք սպասավորում էինք հիվանդներին և սաստում հիվանդությունները Տեր Հիսուս Քրիստոսի անունով, տառապյալները միանգամից համախմբվում էին. նրանք գրեթե ակնթարթորեն ապաքինվում էին»:5 Իֆրաիմ Հանքսը հավերժ հերոս կմնա այդ ձեռնասայլերով ռահվիրաների համար:

Այդ ուշագրավ փրկության նման, իրադարձությունները, որոնք ազդում են մեր կյանքի և նույնիսկ պատմության ընթացքի վրա, հաճախ առանձին տղամարդկանց և կանանց` մեծ արվեստագետների, գիտնականների, բիզնես ղեկավարների և քաղաքական գործիչների որոշումների և ձեռքբերումների արդյունք են: Այս արտասովոր անհատները հաճախ մեծարվում են որպես հերոսներ՝ հուշարձաններով և հուշահամալիրներով, որոնք կառուցվել են՝ ի հիշատակ նրանց սխրանքների։

Երբ ես փոքր տղա էի, իմ առաջին հերոսները մարզիկներն էին: Իմ ամենավաղ հիշողությունները բեյսբոլի քարտեր հավաքելն էր՝ բեյսբոլի հիմնական լիգայի նկարներով և վիճակագրությամբ «Հերոսների պաշտամունքը» մանկության տարիներին կարող է զվարճալի և անմեղ լինել, օրինակ՝ Հելոուինի համար երեխաները հագնում են իրենց սիրելի սուպերհերոսների հագուստները։ Թեև մենք հիանում և հարգում ենք շատ տաղանդավոր և ուշագրավ տղամարդկանց ու կանանց՝ իրենց կարողությունների և ներդրումների համար, սակայն նրանց հարգանքի աստիճանը, եթե չափից ավելի է խորանում, կարող է հավասարազոր լինել Իսրայելի զավակներին Սինայի անապատում ոսկե հորթին երկրպագելուն:

Մեծահասակի համար այն, ինչ երբեմնի մանկության անմեղ զվարճանքն էր, կարող է գայթակղության քար դառնալ, երբ քաղաքական գործիչների, բլոգերների, ազդեցիկ մարդկանց, մարզիկների կամ երաժիշտների «հերոսների երկրպագությունը» ստիպում է մեզ նայել «նշանակետից այն կողմ»6 և կորցնել այն, ինչ իսկապես կարևոր է:

Իսրայելի որդիների համար մարտահրավերը ոսկին չէր, որը նրանք բերել էին իրենց հետ դեպի խոստացված երկիր ճամփորդության ժամանակ, այլ այն, որ նրանք թույլ տվեցին, որ ոսկին դառնար կուռք, ինչը հետո դարձավ նրանց երկրպագության առարկան, շեղելով նրանց ուշադրությունը Եհովայից, որը բաժանել էր Կարմիր ծովը և ազատել նրանց գերությունից: Կենտրոնացումը հորթի վրա ազդում էր ճշմարիտ Աստծուն երկրպագելու նրանց կարողության վրա:7

Հերոսը այժմ և միշտ Հիսուս Քիստոսն է, և որևէ բան կամ որևէ մեկը, որ շեղում է մեզ Նրա ուսմունքներից, որոնք գտնվում են սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում, կարող է բացասաբար ազդել ուխտի արահետում մեր առաջընթացի վրա: Այս աշխարհի ստեղծումից առաջ մենք նայում էինք Հիսուս Քրիստոսին, երբ պարզ դարձավ, որ Երկնային Հոր կողմից առաջարկված ծրագիրը, որը ներառում էր մեր առաջընթացի և Նրա նման դառնալու հնարավորությունը, վիճարկվում էր:

Հիսուս Քրիստոսը ոչ միայն մեր Հոր ծրագրի պաշտպանության առաջնորդն էր, այլև Նա ամենակարևոր դերն էր խաղալու դրա իրականացման մեջ: Նա արձագանքեց Հորը և կամավոր Իրեն առաջարկեց որպես «փրկագին բոլորի համար»,8 վճարելու պարտքը, որը մեզանից յուրաքանչյուրը կունենար մեղքի պատճառով, բայց չէր կարողանալու ինքնուրույն վճարել:

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. [Հիսուս Քրիստոսը] արել է այն ամենը, ինչն առանցքային է մեր երկրային ճամփորդության համար` դեպի այն ճակատագիրը, որը նախանշված է մեր Երկնային Հոր ծրագրում»։9

Գեթսեմանիի պարտեզում, երբ Փրկիչը բախվեց այդպիսի ճնշող առաջադրանքի, Նա քաջաբար ասաց. «Ոչ թե իմ այլ քո կամքը թող կատարվի»,10 և սկսեց Իր վրա վերցնել համակցված ցավերը, հիվանդություններն ու տառապանքները` բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր երբևէ ապրելու են: Հնազանդության և նվիրվածության կատարյալ գործողությամբ, Հիսուս Քրիստոսն ավարտեց հերոսական գերագույն քայլը ողջ արարչագործության մեջ, որի գագաթնակետը Նրա փառահեղ Հարությունն է:

Մեր վերջին գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրեց մեզ. «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ»։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող ու զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան»։11 Եվ ես կավելացնեի. «Ընտրեք Նրան»:

Մեր բարդ աշխարհում կարող է գայթակղիչ լինել դիմել հասարակության հերոսներին` ջանալով իմաստ կամ հստակություն հաղորդել կյանքին, երբ այն խառնաշփոթ կամ ճնշող թվա: Մենք գնում ենք նրանց հովանավորած հագուստները, ընդունում ենք այն քաղաքականությունը, որը նրանք պաշտպանում են և հետևում նրանց առաջարկներին, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում: Սա կարող է լինել ժամանակավոր լավ զվարճություն, բայց մենք պետք է ուշադիր լինենք, որ այս ձևի հերոսապաշտությունը չդառնա մեր ոսկե հորթը: Ճիշտ հերոսին ընտրելը ունի հավերժական հետևանքներ:

Երբ մեր ընտանիքը Իսպանիա ժամանեց, որպեսզի սկսեինք մեր ծառայությունը որպես միսիայի ղեկավարներ, մենք գտանք երեց Նիլ Ա. Մաքսվելի կողմից տրված շրջանակված մեջբերումը, որն առնչվում է այն հերոսներին, որոնց մենք ընտրում ենք հետևել: Նա ասել է. «Եթե դուք առաջինը չեք ընտրում Աստծո արքայությունը, վերջում տարբերություն չի լինի, թե ինչ եք ընտրել դրա փոխարեն»:12 Եղբայրներ և քույրեր, ընտրելով Հիսուս Քրիստոսին` թագավորների Թագավորին, մենք ընտրում ենք Աստծո թագավորությունը: Որևէ այլ ընտրություն հավասարազոր է «մարմնեղեն» բազկին կամ ոսկե հորթին ընտրելուն, և ի վերջո, կձախողի մեր կյանքը:

Հին Կտակարանի Դանիելի գրքում մենք կարդում ենք Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի պատմությունը, որոնք հստակ գիտեին, թե որ հերոսին ընտրել, և դա Նաբուգոդոնոսոր թագավորի աստվածներից որևէ մեկը չէր։ Նրանք վստահորեն հայտարարեցին.

«Մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից։ …

Եվ եթէ ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում»։13

Ւնչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել, «Կան բազում աստվածներ»,14 իսկ ես կավելացնեմ` բազում հերոսներ, որոնք մեզ հրավիրում են խոնարհվել, երկրպագել և ընդունել: Բայց ինչպես Դանիելի երեք ընկերները գիտեին, կա միայն Մեկը, որը երաշխավորված է ազատելու, քանի որ Նա արդեն արել է և միշտ կանի:

Մեզ համար դեպի Աստծո ներկայություն, դեպի մեր ավետյաց երկիր վերադառնալու ճանապարհին խնդիրը քաղաքական գործիչը, երաժիշտը, մարզիկը կամ բլոգերը չէ, այլ, ավելի շուտ՝ թույլ տալը, որ նրանք դառնան մեր ուշադրության և կենտրոնացման հիմնական առարկաները՝ մեր Փրկչի և Քավիչի վրա կենտրոնանալու փոխարեն:

Մենք ընտրում ենք Նրան, երբ մենք ընտրում ենք պատվել Նրա օրը, լինենք տանը, թե արձակուրդում` ճանապարհորդելիս: Մենք կարող ենք շարունակել ուսումնասիրել Քրիստոսի խոսքերը սուրբ գրություններում և կենդանի մարգարեների ուսմունքներում: Մենք ընտրում ենք Նրան, երբ ընտրում ենք ունենալ տաճարային երաշխավորագիր և ապրել դրա օգտագործման համար արժանավոր կյանքով: Մենք ընտրում ենք Նրան, երբ խաղաղարարներ ենք և հրաժարվում ենք վիճաբանել, «հատկապես երբ կարծիքների տարբերություն կա»:15

Ոչ մի ղեկավար չի ցույց տվել ավելի մեծ քաջություն, ոչ մի մարդասեր` ավելի մեծ բարություն, ոչ մի բժիշկ չի բժշկել ավելի շատ հիվանդություններ, և ոչ մի նկարիչ չի եղել ավելի ստեղծագործ, քան Հիսուս Քրիստոսը:

Հերոսների այս աշխարհում, որտեղ կան հուշարձաններ և թանգարաններ, որոնք նվիրված են մահկանացու տղամարդկանց և կանանց սխրանքներին, կա մեկը, որը կանգնած է բոլորից վեր: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն մեր հերոսն է, Նա մեր Տերն է ու Թագավորը, մարդկության Փրկիչն է ու Քավիչը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Studies devoted to the Willie and Martin handcart companies include LeRoy R. and Ann W. Hafen, Handcarts to Zion: The Story of a Unique Western Migration, 1856–1860 (1960); Rebecca Cornwall and Leonard J. Arrington, Rescue of the 1856 Handcart Companies (1981); Howard K. and Cory W. Bangerter, Tragedy and Triumph: Your Guide to the Rescue of the 1856 Willie and Martin Handcart Companies, 2nd ed. (2006); and Andrew D. Olsen, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006).

  2. Brigham Young, “Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252.

  3. John Oborn, “Brief History of the Life of John Oborn, Pioneer of 1856,” 2, in John Oborn reminiscences and diary, circa 1862–1901, Church History Library, Salt Lake City.

  4. Ephraim K. Hanks’s narrative, in Andrew Jenson, “Church Emigration,” Contributor, Mar. 1893, 202–3.

  5. Ephraim K. Hanks, in Jenson, “Church Emigration,” 204.

  6. Հակոբ 4.14:

  7. Տես Ելից 32:

  8. Ա Տիմոթեոս 2.6, տես նաև Մատթեոս 20.28:

  9. Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75:

  10. Տես Ղուկաս 22.39-44:

  11. Ռասսել Մ. Նելսոն, «Պատասխանը միշտ Հիսուս Քրիստոսն է», Լիահոնա, մայիս. 2023, 127:

  12. Attributed to 18th-century English clergyman William Law; quoted in Neal A. Maxwell, “Response to a Call,” Ensign, May 1974, 112.

  13. Տես Դանիել 3.13–18:

  14. Ա Կորնթացիս 8․5:

  15. Ռասսել Մ. Նելսոն. «Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98։