Կնքման զորությունը
Կնքման զորությունը անձնական փրկությունը և ընտանեկան վեհացումը դարձնում է համընդհանուր հասանելի Աստծո զավակներին։
Առնվազն Եսայիայի1 օրերից ի վեր մարգարեացվել է, որ վերջին օրերին Տիրոջ վաղեմի ուխտի ժողովուրդը՝ Իսրայելի տունը, պետք է «ժողովվեն իրենց երկարատև ցրումից՝ ծովի կղզիներից, և աշխարհի չորս մասերից»2 և վերականգնվեն «իրենց ժառանգության հողերում»:3 Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այդ հավաքման մասին խոսել է հաճախակի ու զորեղ կերպով և կոչել է այն «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունը»։4
Ո՞րն է այս հավաքման նպատակը:
Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը բացահայտեց մեկ նպատակ, որն էր՝ ուխտի ժողովրդի պաշտպանությունը։ Նա ասել է. «Հավաքումը Սիոնի երկրի վրա և նրա ցցերում պաշտպանություն և ապաստան կլինի փոթորիկից ու բարկությունից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»:5 Այս համատեքստում «ցասումը» կարելի է հասկանալ որպես Աստծո օրենքներին և պատվիրաններին համատարած չհնազանդվելու բնական հետևանքները:
Ամենակարևորը, հավաքումը նպատակ ունի փրկության և վեհացման օրհնությունները հասանելի դարձնել բոլոր նրանց, ովքեր կստանան դրանք: Այդպես են կատարվում Աբրահամին տրված ուխտի խոստումները։ Տերն ասաց Աբրահամին, որ իր սերնդի և քահանայության միջոցով «երկրի բոլոր ընտանիքները [պիտի] օրհնվեն Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններն են»։6 Նախագահ Նելսոնը դա այսպես է արտահայտել․ «Երբ մենք ընդունում ենք ավետարանը և մկրտվում ենք՝ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի սուրբ անունը: Մկրտությունն այն դուռն է, որով անցնելիս մենք դառնում ենք բոլոր այն խոստումների ժառանգորդը, որոնք Տերը հնում տվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին»։7
1836 թ-ին Մովսեսը հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի Տաճարում և «շնորհեց․․․ աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու բանալիները»։8 Այդ նույն առիթով Եղիասը հայտնվեց և «հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը, ասելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները»։9 Այս իշխանությամբ ենք մենք այժմ տարածում Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ փրկագնման բարի լուրը Նրա միջոցով, դեպի երկրի բոլոր մասերն ու ժողովուրդները և հավաքում ենք բոլոր նրանց, ովքեր կամենում են մտնել ավետարանի ուխտի մեջ: Նրանք դառնում են «Աբրահամի սերունդը, և եկեղեցին ու արքայությունը և ընտրյալներն Աստծո»:10
Այդ նույն առիթով Կիրթլենդի տաճարում ներկա էր երրորդ երկնային սուրհանդակը, որը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Ես խոսում եմ Եղիա մարգարեի մասին, և դա այն իշխանությունն ու բանալիներն են, որոնք նա վերականգնեց և որոնց մասին ես ուզում եմ խոսել այսօր:11 Քահանայության բոլոր արարողությունները վավերացնելու և երկրի վրա ու երկնքում դրանք կապելու զորությունը՝ կնքման զորությունը, կարևոր է վարագույրի երկու կողմերում գտնվող ուխտի ժողովրդին հավաքելու և պատրաստելու համար:
Տարիներ առաջ Մորոնին Ջոզեֆ Սմիթին հստակ ասել էր, որ Եղիան շնորհելու է քահանայության հիմնական իշխանությունը. «ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով»:12 Ջոզեֆ Սմիթը ավելի ուշ բացատրեց. «Ինչո՞ւ Եղիային կուղարկի: Քանի որ նա է կրում Քահանայության բոլոր արարողությունների սպասավորման իշխանության բանալիները, և [մինչև] իշխանություն չտրվի, արարողությունները չեն կարող սպասավորվել արդարությամբ»,13 այսինքն՝ արարողությունները վավեր չէին լինի ժամանակի և հավերժության մեջ։14
Այժմ կանոնիկ աշխատություն դարձած Վարդապետություն և Ուխտերի ուսմունքներում մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է․ «Ոմանց կարող է շատ համարձակ վարդապետություն թվալ այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ զորություն, որը գրանցում կամ կապում է երկրի վրա և կապում է երկնքում: Այնուամենայնիվ, աշխարհի բոլոր դարաշրջաններում, երբ էլ որ Տերը քահանայության տնտեսությունը հանձնել է որևէ մարդու, իրական հայտնությամբ, կամ մարդկանց որևէ խմբի, այդ զորությունը միշտ տրվել է: Ուստի, ինչ էլ որ այդ մարդիկ արել են իշխանությամբ, Տիրոջ անունով, և արել են ճշտությամբ և հավատարմությամբ, և պատշաճ ու հավատարիմ գրանցում են կատարել դրա վերաբերյալ, այն օրենք է դարձել երկրի վրա և երկնքում, և չի կարող չեղյալ համարվել՝ ըստ մեծ Եհովայի հրամանագրերի»:15
Մենք հակված ենք կարծելու, որ կնքման իշխանությունը վերաբերում է միայն տաճարային որոշ արարողություններին, բայց այդ իշխանությունն անհրաժեշտ է՝ ցանկացած արարողություն մահից հետո վավեր և կապող դարձնելու համար:16 Օրինակ՝ կնքման զորությունը օրինականության կնիք է շնորհում ձեր մկրտությանը, այնպես, որ այն ճանաչվի այստեղ և երկնքում: Ի վերջո, քահանայության բոլոր արարողությունները կատարվում են եկեղեցու նախագահի բանալիների ներքո, և ինչպես Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է. «Նա [Եկեղեցու նախագահը] մեզ տվել է իշխանություն. նա դրել է կնքման զորությունը մեր քահանայության մեջ, քանի որ նա կրում է այդ բանալիները»:17
Իսրայելի հավաքման մեջ կա ևս մեկ կենսական նպատակ, որն առանձնահատուկ նշանակություն ունի, երբ խոսում ենք երկրի և երկնքի վրա կնքելու մասին, այսինքն՝ տաճարների կառուցման և շահագործման մասին: Ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ո՞րն էր Աստծո ժողովրդի … հավաքման նպատակը` աշխարհի որ դարաշրջանում էլ որ լիներ։ … Գլխավոր նպատակը եղել է կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող է Իր ժողովրդին հայտնել Իր տան արարողություններն ու Իր արքայության փառքերը և սովորեցնել Իր ժողովրդին փրկության ճանապարհը, քանզի կան որոշակի արարողություններ ու սկզբունքներ, որ երբ դրանք ուսուցանվում են, պետք է արվեն կամ կիրառվեն մի տեղում կամ տանը, որը կառուցված է այդ նպատակի համար»:18
Այն վավերականությունը, որը կնքման զորությունը տալիս է քահանայության արարողություններին, ներառում է փոխարինող արարողություններ, որոնք կատարվում են Տիրոջ կողմից նշանակված վայրում՝ Նրա տաճարում: Այստեղ է երևում կնքող զորության վեհությունն ու սրբությունը. այն անձնական փրկությունը և ընտանեկան վեհացումը դարձնում է համընդհանուր հասանելի Աստծո զավակներին, որտեղ էլ որ նրանք ապրել են երկրի վրա: Ոչ մի այլ աստվածաբանություն, փիլիսոփայություն կամ իշխանություն չի կարող համեմատվել նման համապարփակ հնարավորության հետ: Կնքման այդ զորությունը Աստծո արդարության, ողորմության և սիրո կատարյալ դրսևորումն է:
Կնքման զորության շնորհիվ մեր սրտերը բնականից դառնում են դեպի այն մարդիկ, որոնք նախկինում ապրել են: Ուխտի շնորհիվ վերջին օրերի հավաքը ներառում է վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց։ Աստծո կատարյալ կարգի համաձայն՝ ապրողները չեն կարող ամբողջությամբ հավերժական կյանք ունենալ առանց «հայրերի»՝ մեր նախնիների հետ հարատև կապեր ստեղծելու: Նմանապես, նրանց առաջընթացը, ովքեր գտնվում են վարագույրի մյուս կողմում կամ կանցնեն մահվան վարագույրի մյուս կողմն առանց կնքման, կիսատ է այնքան ժամանակ, քանի դեռ փոխարինող արարողությունները չեն կապում նրանց մեզ՝ իրենց ժառանգների հետ, իսկ մեզ չեն կապում նրանց՝ աստվածային կարգով։19 Վարագույրի միջով միմյանց օգնելու պարտավորությունը կարող է դասակարգվել որպես ուխտի խոստում, նոր և հավիտենական ուխտի մասը: Ջոզեֆ Սմիթի խոսքերով՝ մենք ցանկանում ենք «կնքել մեր մահացածներին, որպեսզի դուրս գան [մեզ հետ] առաջին հարության ժամանակ»:20
Կնքման զորության ամենաբարձր և սուրբ դրսևորումը տղամարդու և կնոջ հավերժական միության՝ ամուսնության մեջ է, և մարդկանց իրենց բոլոր սերունդներին կապելու մեջ: Քանի որ այս արարողություններում պաշտոնավարելու իշխանությունը շատ սուրբ է, Եկեղեցու նախագահն անձամբ է վերահսկում դրա պատվիրակումը ուրիշներին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի առիթով ասել է․ «Շատ եմ ասել, որ եթե ուրիշ ոչինչ առաջ չգար հանուն վերականգնման տարած բոլոր չարչարանքներից, տառապանքներից ու ցավից, քան սուրբ քահանայության կնքման զորությունը, որն ընտանիքները հավերժ կապում է, հանուն դրա արժեր անցնել այդ ամենի միջով»։21
Առանց այն կնքումների, որոնք ստեղծում են հավերժական ընտանիքներ և կապում են սերունդներն այստեղ և հետագայում, մենք հավերժության մեջ կմնայինք առանց արմատների և առանց ճյուղերի, այսինքն՝ առանց նախնիների և առանց սերունդների: Մի կողմից մարդկանց այս լողացող կամ կտրված վիճակը, իսկ մյուս կողմից այնպիսի կապերը, որոնք հակասում են Աստծո նշանակած ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին,22 կործանում են երկրի ստեղծման բուն նպատակը։ Եթե դա դառնար սահմանված կարգ, ապա հավասարազոր կլիներ երկրին անեծքով հարվածելուն կամ Տիրոջ գալստյան ժամանակ «միանգամայն վատնվելու»:23
Մենք կարող ենք տեսնել, թե ինչու է «տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատված Աստծո կողմից և, ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»:24 Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ անկատար ներկայում դա չի կատարվում կամ նույնիսկ իրատեսական հնարավորություն չէ ոմանց համար: Բայց մենք հույս ունենք Քրիստոսում: Տիրոջը սպասելու հույսով նախագահ Մ. Ռասսել Բալլարդը հիշեցնում է մեզ, որ «Սուրբ գրություններն ու վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ պահում է ավետարանի ուխտերը, վեհացման հնարավորություն կունենա»:25
Ոմանք ունեցել են դժբախտ և անառողջ ընտանեկան կյանք և այնքան էլ չեն ցանկանում հավերժական ընտանեկան շփումներ: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հետևյալ նկատառումն է արել․ «Բոլոր նրանց, ովքեր իրենց ընտանիքներում տարել են ամուսնալուծության ցավը կամ զգացել են շահագործված վստահության տառապանքը, խնդրում եմ հիշել, որ [ընտանիքների համար սահմանված Աստծո օրինակը] սկսվում է ձեզանից։ Հնարավոր է, ձեր սերունդների մի օղակ կոտրվել է, բայց մյուս արդար օղակները և շղթայի մնացորդները հավերժորեն կարևոր են։ Դուք կարող եք ամրություն հաղորդել ձեր շղթային և գուցե օգնեք վերականգնել կոտրված օղակները։ Այդ աշխատանքը կիրականացվի մեկ առ մեկ»։26
Հուլիս ամսին երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի կնոջ` քույր Փեթ Հոլլանդի թաղման արարողության ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանեց. «Ժամանակի ընթացքում Պատրիսիան և Ջեֆրին կվերամիավորվեն: Հետագայում նրանց կմիանան իրենց երեխաները և ուխտերը պահող սերունդները՝ զգալու այն ուրախության լիությունը, որն Աստված պատրաստել է Իր հավատարիմ զավակների համար: Իմանալով դա՝ մենք հասկանում ենք, որ Պատրիսիայի կյանքում ամենակարևոր ամսաթիվը նրա ծննդյան կամ մահվան ամսաթիվը չէր: Նրա ամենակարևոր ամսաթիվը 1963 թվականի հունիսի 7-ն էր, երբ նա և Ջեֆը կնքվեցին Սենթ Ջորջի տաճարում։ ․․․ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Որովհետև երկրագնդի ստեղծման պատճառն այն էր, որ ընտանիքները ստեղծվեն և կնքվեն միմյանց հետ: Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է: Ոչ ոք չի կարող միայնակ վեհացում ապրել»։
Ոչ վաղ անցյալում ես ու կինս միացանք իմ սիրելի ընկերոջը՝ Բաունթիֆուլի (Յուտա) տաճարի կնքման սենյակում: Ես առաջին անգամ հանդիպեցի նրան Կորդոբայում (Արգենտինա), երբ նա դեռ երեխա էր: Իմ միսիոներ զուգընկերը և ես շփվում էինք միսիայի գրասենյակից փոքր ինչ հեռու գտնվող մի թաղամասի մարդկանց հետ, և նա բացեց դուռը, երբ մենք եկանք նրա տուն: Ժամանակի ընթացքում նա, իր մայրը, քույրերն ու եղբայրները միացան Եկեղեցուն, և նրանք մնացին հավատարիմ անդամներ: Նա այժմ մի հաճելի կին է, և այդ օրը մենք տաճարում էինք, որպեսզի կնքենք նրա մահացած ծնողներին իրար հետ, իսկ հետո կնքենք նրան՝ իր ծնողների հետ:
Զույգը, որը տարիների ընթացքում նրանց հետ դարձել էր մտերիմ ընկերներ, զոհասեղանի մոտ ներկայացնում էր նրա ծնողներին: Հուզումնալից պահ էր, որն էլ ավելի ուժգնացավ, երբ մեր արգենտինացի ընկերուհին կնքվեց իր ծնողների հետ: Մենք ընդամենը վեց հոգով էինք ներկա՝ աշխարհից հեռու մի հանգիստ կեսօրին, սակայն տեղի էր ունենում ամենակարևոր արարողություններից մեկը, որ երբևէ տեղի է ունեցել երկրի վրա: Ես երախտապարտ էի, որ իմ կոչումն ու ընկերությունը ի վերջո փակեցին այդ շղթան՝ նրա դուռը որպես երիտասարդ միսիոներ թակելուց մինչև այսքան տարի անց կնքման արարողությունների կատարումը, որոնք կապում էին նրան իր ծնողների և անցյալ սերունդների հետ:
Դա մի տեսարան է, որն անընդհատ տեղի է ունենում աշխարհի տաճարներում: Դա ուխտի ժողովրդին հավաքելու վերջին քայլն է: Դա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու ձեր ամենամեծ արտոնությունն է: Ես խոստանում եմ, որ եթե դուք հավատարմորեն փնտրեք այդ արտոնությունը, ժամանակի կամ հավերժության ընթացքում այն անպայման ձերը կլինի:
Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթի միջոցով երկրի վրա վերականգնված կնքման զորությունն ու իշխանությունը իրական են, որ այն, ինչ դրանով կապվում է երկրի վրա, իսկապես կապվում է երկնքում: Ես վկայում եմ, որ եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այսօր երկրի վրա միակ մարդն է, որի բանալիները ղեկավարում են այս գերագույն զորության կիրառումը: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը իրականություն է դարձրել անմահությունը, իսկ վեհացած ընտանեկան հարաբերությունների հնարավորությունը՝ իրականություն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։