Եկ, հետևիր ինձ
Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.1–20
Իմաստավորեք Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունները
Ինչո՞վ են տարբերվում Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի չորս պատմությունները: Ինչո՞ւ են դրանք տարբեր: Ի՞նչ կարող են դրանք ուսուցանել մեզ։
Երբևէ փորձե՞լ եք որևէ մեկին պատմել հոգևոր փորձառության մասին: Ի՞նչ մանրամասներ եք ներառել: Ի՞նչ մանրամասներ եք բաց թողել: Ըստ ձեզ, ինչո՞վ կտարբերվեր պատմությունը, եթե այն պատմեիք ձեր ընկերոջը հաղորդության ժողովին կամ այն մարդուն, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէ:
Այս հարցերը կարևոր են, երբ մտածում ենք այն բանի մասին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը բացատրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի տեսիլքը, որը նա ունեցել է Նյու Յորքում 1820 թվականին: Ջոզեֆը մի քանի անգամ կիսվել է այս փորձառությամբ: Այսօր մենք ունենք Ջոզեֆի չորս պատմությունները սկզբնաղբյուրից.
-
Անձնական պատմությունը Ջոզեֆը գրել է մոտ 1832 թվականի ամռանը: Ջոզեֆը բացատրել է, որ գնաց անտառ աղոթելու, քանի որ իրեն շփոթված էր զգում հոգևոր բաների վերաբերյալ: Նա նաև ցանկանում էր, որ իր մեղքերը ներվեն։
-
Ջոզեֆի 1835 թվականի օրագիրը: Ռոբերտ Մեթյուզ անունով մի քարոզիչ եկավ Կիրթլենդ, Օհայո։ Նա ցանկացավ խոսել Ջոզեֆի հետ կրոնական հարցերի շուրջ, ուստի Ջոզեֆը պատմեց նրան իր տեսիլքի մասին: Վարեն Փերիշը, որը վարում էր Ջոզեֆի օրագիրը, գրի առավ Ջոզեֆի ասածը:
-
Եկեղեցու պաշտոնական պատմություն, որը Ջոզեֆը սկսել է գրել 1838 թվականին: Նա պատմեց Առաջին Տեսիլքի մասին՝ որպես Եկեղեցու վերականգնման մաս: Այդ պատմությունը հրապարակված է Թանկագին Մարգարիտում:
-
Նամակ, որը Ջոզեֆը գրել է 1842 թվականին։ Ջոն Վենտվորթ անունով մի լրագրող Ջոզեֆին խնդրեց բացատրել, թե ինչպես է առաջացել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ջոզեֆը պատասխանեց նամակով և ներառեց տեղեկություններ Առաջին Տեսիլքի մասին:
Յուրաքանչյուր պատմություն ստեղծվել է տարբեր ժամանակներում՝ տարբեր լսարանի համար: Ջոզեֆը յուրաքանչյուր լսարանի համար տարբեր նպատակներ ուներ: Բայց երբ մենք կարդում ենք դրանք միասին, ավելի հարուստ և հստակ պատկեր ենք ստանում Ջոզեֆի փորձառության մասին Սրբազան Պուրակում:
Ի՞նչն է տարբեր
Այս բոլոր պատմություններն ունեն տարբեր մանրամասներ: 1832 թվականի պատմության մեջ Ջոզեֆը կենտրոնանում է իր ցանկության վրա, որ իր մեղքերը ներվեն: Նա հատուկ չի նշում, որ ցանկանում է իմանալ, թե որ եկեղեցին է ճշմարիտ: Նա պատմում է այն մասին, թե ինչպես է «Տերը» հայտնվել իրեն. նա չի նշում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին առանձին-առանձին:
1835 և 1838 թվականների պատմություններում հիշատակվում է չար ուժը, որը փորձում է խանգարել Ջոզեֆին աղոթել: Ջոզեֆի 1835 թվականի պատմության մեջ ասվում է, որ նրան այցելել են երկու էակ, ինչպես նաև հրեշտակներ: 1838 և 1842 թվականների պատմություններում հիշատակվում են նաև երկու էակներ, որոնցից մեկը հատուկ նշվում է որպես Հիսուս Քրիստոս։ Այդ երկու պատմություններն ընդգծում են Ջոզեֆի՝ ճշմարիտ եկեղեցու որոնումները:
Ինչո՞ւ են դրանք տարբեր
Պատմություններում տարբերությունների մի քանի պատճառ կա։
Հիշողության բնույթը
Երբեմն մենք կարծում ենք, որ մեր հիշողությունները միշտ նույնն են մնում: Բայց հիշողությունն այդպես չի աշխատում: Մենք այլ կերպ ենք հիշում իրերը, երբ մեծանում ենք: Ավելի վաղ տեղի ունեցածը կարող է այլ իմաստ ստանալ՝ կյանքի լրացուցիչ փորձառությունների պատճառով: Հիմնական հիշողությունը մնում է, բայց որոշ մանրամասներ կարող են փոխվել: Դա չի նշանակում, որ մեր հիշողությունը ճշմարիտ կամ ճշգրիտ չէ, պարզապես դրա մասերն ավելի նկատելի են տարբեր ժամանակներում:
Տարբեր նպատակներ
Ջոզեֆը տարբեր պատճառներ ուներ՝ իր պատմությունը պատմելու համար: 1832 թվականին նա անձնական պատմություն էր գրում, ուստի ավելի շատ կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչ է նշանակում Առաջին Տեսիլքն անձամբ իր համար: 1838 և 1842 թվականներին նա խոսեց Առաջին Տեսիլքի մասին՝ որպես Եկեղեցու կայացման մաս: Ուստի նա ընդգծեց իր ցանկությունը՝ իմանալու, թե որ եկեղեցին է ճշմարիտ:
Տարբեր լսարաններ
Ռոբերտ Մեթյուզը և Ջոն Վենտվորթը Եկեղեցու անդամներ չէին: Ջոզեֆը պետք է նրանց այլ կերպ նկարագրեր իրադարձությունները: Նրա՝ 1838 թվականի պատմությունն ավելի շատ ուղղված էր Եկեղեցու անդամներին: Նա մտածում էր, որ իր 1832 թվականի պատմությունը կկարդան միայն իր մտերիմ ընկերներն ու իր ընտանիքի անդամները:
Ի՞նչն է մնացել նույնը
Բոլոր չորս պատմությունների մեջ հիմնական մանրամասները նույնն են։ Ջոզեֆն իրեն շփոթված էր զգում իր և աշխարհի փրկության վերաբերյալ խորհելիս: Նա Հակոբոս 1.5–6 հատվածներում կարդաց, որ կարող է ստանալ իր աղոթքների պատասխանները: Նա գնաց անտառ և աղոթեց։ Նրան հայտնվեցին երկնային էակներ: Նրան կանչեցին անունով։ Նրանք ասում էին, որ այն ժամանակ եկեղեցիները ճիշտ վարդապետություններ չէին ուսուցանում:
Ինչ են ուսուցանում ինձ այդ պատմությունները
Ինձ դուր է գալիս կարդալ տարբեր պատմություններ, քանի որ դրանք օգնում են ինձ ավելի լավ հասկանալ Առաջին Տեսիլքը: Ես կարող եմ ավելի պարզ տեսնել, թե ինչու էր Ջոզեֆն իրեն շփոթված զգում և ինչու էր ուզում աղոթել: Ես կարող եմ ավելի ուժեղ զգալ Հոգին, երբ կարդում եմ, թե ինչ նշանակություն ուներ Առաջին Տեսիլքը Ջոզեֆի համար իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Այդ պատմությունները միասին օգնում են ինձ հասկանալ, որ Ջոզեֆն ասում էր ճշմարտությունը: Նա Սրբազան պուրակում տեսել էր Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Դա մեծացնում է իմ հույսը, որ ես նույնպես կարող եմ ստանալ իմ աղոթքների պատասխանները:
|
Պատմություն |
Ինչու Ջոզեֆն ասաց, որ աղոթում է |
Ըստ Ջոզեֆի ասածի՝ ով հայտնվեց |
|---|---|---|
|
1832 |
Իր մեղքերի ներման համար |
Տերը |
|
1835 |
Որպեսզի պարզեր, թե կրոնական հարցերում ով էր ճիշտ, և ով՝ սխալ |
Երկու անձնավորություն՝ առաջինը, որին հաջորդում է մյուսը և հրեշտակներ |
|
1838 |
Որպեսզի իմանա, թե որ եկեղեցին է եղել Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին |
Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը |
|
1842 |
Որպեսզի իմանա, թե որ եկեղեցին է եղել Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին |
«Երկու փառահեղ անձնավորություն» |