2025 թ․ Երիտասարդների թեմա
Քրիստոսին նայելու 7 եղանակ
Փորձեք այս սովորությունները՝ ձեր հայացքն առ Փրկիչը ուղղելու համար:
Այս տարվա «Նայել Քրիստոսին» վերնագրով երիտասարդների թեմայի կիրառումը մի փոքր դժվարություն է ներկայացնում: Ինչպե՞ս եք նայում մարդուն, որը ֆիզիկապես ներկա չէ: Սկսեք այս յոթ սովորություններից:
1. Հիշեք, որ Նա չի թաքնվում
Այո, դուք պետք է փնտրեք Նրան: Բայց Նա ցանկանում է, որ գտնեք Իրեն: Դա պահմտոցի խաղալ չէ: Տերը ցանկանում է օրհնել ձեզ, իրականում դա ուրախացնում է Նրան (տես Վարդապետություն և Ուխտեր 41.1): Նա ձեզ այդ իրավունքից զրկելու պատճառներ չի փնտրում: Ընդհակառակը. Նա միշտ ձգտում է օրհնել ձեզ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է. «Ոչ, [Փրկիչը] ճանապարհներին արգելքներ և պատնեշներ չի դնում. Նա հեռացնում է դրանք: Նա ձեզ դրսում չի պահում, Նա ձեզ ողջունելով ներս է հրավիրում։ Նրա ողջ ծառայությունն այս նպատակի կենդանի հռչակագիրն էր»:
2. Ընդունեք Նրա ազդեցությունը ձեր կյանքում
Տերը գոհանում է, երբ մենք «խոստովանում [ենք] Նրա ձեռքը բոլոր բաներում» (Վարդապետություն և Ուխտեր 59.21): Ուստի անպայման ճանաչեք Նրա ազդեցությունը ձեր կյանքում: Շնորհակալ եղեք Նրան, երբ ձեզ մոտ ամեն ինչ լավ է և խաղաղություն և հասկացողություն փնտրեք, երբ դա այդպես չէ:
3. Եղեք երախտապարտ այն ամենի համար, ինչ ունեք
Ձեր կյանքում Տիրոջ ազդեցությունը ճանաչելու հետ մեկտեղ կարևոր է նաև երախտագիտություն զգալ և ցույց տալ դա: Դուք կարող եք ֆիզիկապես «չտեսնել» Փրկչին, բայց կարող եք տեսնել Նրա օրհնությունները ձեր կյանքում: Յոթանասունից երեց Գարի Բ. Սաբինն ասել է. «Երախտագիտությունը մեզ երջանիկ կդարձնի»: Ամեն օր շնորհակալություն հայտնեք Տիրոջը ձեր օրհնությունների համար: Երբ հուսահատված եք, հետևեք հին օրհներգի խորհրդին. «Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ։ Տես թե Աստված ինչ է տվել քեզ»։
4. Աղոթեք ամեն օր
Դուք ավելի լավ կկարողանաք «տեսնել» Փրկչին ողջ օրվա ընթացքում, եթե սկսեք խոսել Երկնային Հոր հետ: Խնդրեք Նրան օգնել ձեզ հիշել Փրկչին և նկատել Նրա ազդեցությունը ձեր կյանքում: Օրվա ընթացքում կարող եք աղոթել այնքան, որքան ցանկանում եք: Քնելուց առաջ նորից աղոթեք, որպեսզի պատմեք Երկնային Հորը, թե ինչպես ընթացան ձեր գործերը: Նա երբեք չի հոգնում ձեզ լսելուց:
5. Մտապահեք սուրբ գրությունները և օրհներգերը
Ձեր մտքերը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնելու եղանակներից մեկն այն է, որ ձեր հիշողության մեջ պահվեն սիրված սուրբ գրության կամ ոգեշնչող երգի բառերը: Սովորեք հիշել դրանք, երբ զգում եք, որ բացասական խոհեր են ներթափանցում մեր միտքը: Հաճախ միայն հետևյալ օրհներգների վերնագիրը հիշելը (և մտքում երգելը) կարող է բավարար լինել՝ փոխելու ձեր մտքերի ուղին. «Աստծո զավակն եմ»: «Ինձ հետ եղիր Դու միշտ» «Հանգիստ եղիր, հոգիս»։
6. Նայեք Փրկչի նկարներին
Գտեք Փրկչի մի քանի գեղարվեստական պատկեր, որոնք ձեզ դուր են գալիս, ապա դրեք այնտեղ, որտեղ հաճախակի կարող եք տեսնել դրանք: Դա կարող է լինել ձեր ննջասենյակի պատը, ձեր լոգարանի հայելին, ձեր դպրոցի պահարանը կամ որպես ֆոն` ձեր համակարգչի կամ հեռախոսի հիմնական էկրանի վրա:
7. Նայեք ձեզ շրջապատող աշխարհին
Այն գեղեցիկ է։ Եվ Փրկիչը դա արեց ձեզ համար (տես Վարդապետություն և Ուխտեր 14.9): Մենք չգիտենք որևէ պատճառ, թե երկիրն ինչու պետք է գեղեցիկ լինի: Գուցե մեր մահկանացու կյանքն անցներ մի աշխարհում, որը կարող էր տափարակ, քառակուսի և գորշ լինել: Փոխարենը Փրկիչը ստեղծեց մի աշխարհ՝ «մարդու օգտի և գործածության համար՝ թե աչքը շոյելու և թե սիրտն ուրախացնելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 59.18): Այլ կերպ ասած, երկիրը գեղեցիկ է, քանի որ գեղեցիկ բաների շնորհիվ մենք մեզ լավ ենք զգում: Եթե ցանկանում եք հիշել Փրկչին, պարզապես նայեք ձեր շուրջը: