Գլուխ 13
Հիսուսը սովորեցնում է Նեփիացիներին Տիրոջ Աղոթքը – Նրանք պետք է դիզեն գանձեր երկնքում – Տասներկուսին իրենց ծառայության մեջ պատվիրվում է չմտահոգվել աշխարհիկ բաներով – Համեմատեք Մատթեոս Զ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:
1 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, որ ես կամենում եմ, որ դուք ողորմություն անեք աղքատներին. բայց ուշադիր եղեք, որ դուք չանեք ձեր ողորմությունները մարդկանց առաջ՝ նրանց կողմից նկատվելու համար. այլապես դուք վարձք չունեք ձեր Հորից, որը երկնքում է:
2 Հետևաբար, երբ դուք անեք ձեր ողորմությունները, ձեր առջև շեփոր մի հնչեցրեք, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու փողոցներում, որպեսզի իրենք կարողանան փառք ունենալ մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ նրանք ունեն իրենց վարձքը:
3 Բայց երբ դու ողորմություն ես անում, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը.
4 Որպեսզի քո ողորմությունը կարողանա ծածուկ լինել. և քո Հայրը, որը տեսնում է ծածկապես, ինքը կհատուցի քեզ հայտնապես:
5 Եվ երբ աղոթում ես, դու չպետք է անես ինչպես կեղծավորները, քանզի նրանք սիրում են աղոթել՝ կանգնած ժողովարաններում և փողոցի անկյուններում, որ իրենք կարողանան նկատվել մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ունեն իրենց վարձքը:
6 Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, և երբ փակես քո դուռը, աղոթի՛ր քո Հորը, որը ծածուկում է. և քո Հայրը, որը տեսնում է ծածկապես, կհատուցի քեզ հայտնապես:
7 Բայց երբ դու աղոթում ես, մի գործածիր զուր կրկնություններ, ինչպես հեթանոսները, քանզի նրանք կարծում են, որ իրենք լսելի կլինեն իրենց շատ խոսելու համար:
8 Ուստի, մի եղեք նրանց նման, քանզի ձեր Հայրը գիտի, թե ինչ բաների կարիք ունեք, նախքան դուք նրանից կխնդրեք:
9 Այս ձևով, հետևաբար, աղոթեք դուք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի քո անունը:
10 Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
11 Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին:
12 Եվ մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից:
13 Քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյան: Ամեն:
14 Քանզի, եթե դուք ներեք մարդկանց իրենց զանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների.
15 Բայց եթե դուք չներեք մարդկանց իրենց զանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր զանցանքները.
16 Դեռ ավելին, երբ դուք ծոմ եք պահում, մի եղեք կեղծավորների պես՝ տխուր դեմքով, քանզի նրանք այլափոխում են իրենց երեսները, որ երևան մարդկանց, թե ծոմ են պահում: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ նրանք ունեն իրենց վարձքը:
17 Բայց դու, երբ ծոմ պահես, օծիր քո գլուխը, և լվա քո երեսը.
18 Որպեսզի դու չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, որը ծածուկումն է. և քո Հայրը, որը տեսնում է ծածկապես, կհատուցի քեզ հայտնապես:
19 Մի դիզեք ձեզ համար գանձեր երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են ապականում, և գողերը ներս են խուժում ու գողանում.
20 Այլ գանձեր դիզեք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, և ուր գողերը ներս չեն թափանցում և չեն գողանում:
21 Քանզի որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինի և ձեր սիրտը:
22 Մարմնի լույսն աչքն է. եթե, հետևաբար, քո աչքը պարզ լինի, քո ամբողջ մարմինը լցված կլինի լույսով:
23 Բայց եթե քո աչքը չար լինի, քո ամբողջ մարմինը լցված կլինի խավարով: Եթե, հետևաբար, լույսը, որ քո մեջ է, լինի խավար, որքա՜ն մեծ է այդ խավարը:
24 Ոչ մի մարդ չի կարող ծառայել երկու տիրոջ. քանզի նա կամ կատի մեկին և կսիրի մյուսին, կամ էլ նա կնվիրվի մեկին և կարհամարհի մյուսին: Դուք չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային:
25 Եվ արդ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, նա նայեց տասներկուսի վրա, որոնց ընտրել էր, և ասաց նրանց. Հիշե՛ք խոսքերը, որ ես ասացի: Քանզի ահա, դուք նրանք եք, որոնց ես ընտրել եմ ծառայելու այս ժողովրդին: Հետևաբար, ես ասում եմ ձեզ՝ մի մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք. ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք: Մի՞թե կյանքն ավելի չէ, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը:
26 Նայեք օդի թռչուններին, քանզի նրանք ոչ ցանում են, ոչ էլ հնձում կամ ժողովում ամբարների մեջ. սակայն ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց: Մի՞թե դուք շատ ավելի լավը չեք, քան նրանք:
27 Ձեզանից ո՞վ մտահոգվելով կարող է ավելացնել իր հասակի վրա մեկ կանգուն:
28 Եվ ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար: Մտիկ տվեք դաշտի շուշաններին, ինչպես են դրանք աճում. դրանք չեն գործում, ոչ էլ մանում:
29 Եվ սակայն ես ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը բոլոր իր փառքի մեջ, դրանցից մեկի նման չզուգվեց:
30 Ուստի, եթե Աստված այսպես հագցնում է դաշտի խոտը, որն այսօր կա, և վաղը գցվում է փռի մեջ, ճիշտ այդպես էլ կհագցնի նա ձեզ, եթե դուք փոքր հավատքով չեք:
31 Հետևաբար, մի մտահոգվեք, ասելով. Ի՞նչ պիտի մենք ուտենք, կամ ի՞նչ պիտի մենք խմենք, կամ ի՞նչ պիտի հագնենք:
32 Քանզի ձեր երկնային Հայրը գիտի, որ այս բոլոր բաները ձեզ պետք են:
33 Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ:
34 Մի մտահոգվեք, ուրեմն, էգուցվա համար, քանզի էգուցվա օրն ինքը կհոգա իր մասին: Բավական է օրվա համար իր նեղությունը: