Սեմինարիա
Ղուկաս 11․1-13


Ղուկաս 11․1-13

«Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը»

Նկար
Two girls, likely sisters, kneel next to each other at a bed, praying. There are blankets folded up at the head of the bed. Behind them is a wardrobe.

Լսելով Հիսուսի աղոթքը՝ «իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը» (Ղուկաս 11.1)։ Հիսուսը պատասխանեց խորաթափանց ուսմունքներով, որոնք կարող են մեզ օգնել աղոթքի միջոցով ամրապնդել մեր կապը Երկնային Հոր հետ: Այս դասը ձեզ կօգնի ձեր աղոթքներն ավելի իմաստալի դարձնել:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչ են արել՝ իրենց աղոթքներն ավելի իմաստալի դարձնելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տերն ուսուցանում է աղոթքի մասին

Գրատախտակին հորիզոնական գիծ գծեք: Գծի մի կողմում գրեք՝ Աղոթքը հեշտ է, իսկ մյուս կողմում գրեք՝ Աղոթքը դժվար է: Խնդրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և գծի որևէ հատվածում գրել մի բառ կամ արտահայտություն, որը նկարագրում է, թե աղոթքն ինչու կարող է հեշտ կամ դժվար լինել: Դասի ժամանակ ուշադրություն դարձրեք ուսանողների պատասխաններին և ճկունություն ցուցաբերեք՝ նրանց մտահոգություններին և հարցերին արձագանքելիս:

Խորհեք այս երկու հարցերի պատասխանների շուրջ.

  • Ինչո՞ւ է աղոթքը հեշտ:

  • Ինչո՞ւ է աղոթքը դժվար:

Աղոթքը կարող է պարզ և անկեղծ լինել, բայց նաև խորն ու բարդ: Աղոթքին վերաբերող Փրկիչի ուսմունքներն ուսումնասիրելիս հայտնություն փնտրեք, թե դուք ինչպես կարող եք ձեր աղոթքներն ավելի իմաստալի դարձնել:Կարդացեք Ղուկաս 11.1-ը՝ փնտրելով, թե Փրկիչի աշակերտներից մեկն ինչ խնդրեց Նրանից:

Հիսուսը մի պատասխան տվեց, որն այժմ հայտնի է որպես Տերունական աղոթք: Նա նույն աղոթքն ասաց նաև Լեռան Քարոզի ժամանակ (տես Մատթեոս 6.9-13): Որոշ մարդիկ կարծում են, որ Հիսուսը ցանկանում էր, որ մենք հիշենք և կրկնենք այս աղոթքը: Սակայն Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «Տերունական աղոթքը օրինակ է, որին մենք պիտի հետևենք, այլ ոչ թե հատված, որը պիտի հիշենք և կրկնենք» («Դասեր Տիրոջ աղոթքներից», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 46): Երբ Հիսուսն ասաց Տերունական աղոթքը որպես օրինակ, թե ինչպես պետք է աղոթել, Նա առաջարկեց այլ ոգեշնչված ուսմունքներ աղոթքի մասին:

Իմացեք ավելին աղոթքի մասին

Օգտակար ճշմարտություններ գտնելու համար կարդացեք հետևյալ հարցերը, ընտրեք այն հարցը, որի մասին ավելին կցանկանայիք իմանալ և կարդացեք սուրբ գրությունների ուղեկցող հատվածները:

  • Փրկիչը ի՞նչ զգուշացրեց չանել մեր աղոթքներում: ( Մատթեոս 6․7-8)

Ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում կամ դրանք քննարկել դասարանով:

  • Աղոթքի մասին ի՞նչ ճշմարտություն եք սովորել այս հատվածներից:

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել այս ճշմարտության հետ կապված։

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածներից ձեր Երկնային Հոր մասին:

Խնդրեք մի քանի կամավորների կիսվել իրենց պատասխաններով: Գրատախտակին գրեք ուսանողների կողմից նշված ճշմարտությունները:

Մտածեք, թե հետևյալ երեք վարժություններից որն է առավելագույնս համապատասխանում ուսանողների կարիքներին: Ամբողջ դասարանը կարող է աշխատել միասին՝ մեկ վարժության միջոցով, կամ այդ վարժությունները կարող են ցուցադրվել, որպեսզի ուսանողները կարողանան անհատապես որոշել, թե որ վարժությունն են նախընտրում:

Որպես այլընտրանք, դասասենյակում կարող եք կազմակերպել ուսումնական կայաններ՝ օգտագործելով հետևյալ վարժությունները: Ուսանողներին առաջարկեք յուրաքանչյուր կայանում սովորել անհատապես կամ փոքր խմբերով և ապա զեկուցել դասարանին, թե ինչ են սովորել:

Խորացրեք ձեր գիտելիքները

Վարժություն Ա. Ի՞նչ կարող եմ սովորել Փրկիչի աղոթքի օրինակից ( Ղուկաս 11․2-4)

Կարդացեք Փրկիչի՝ Իր աղոթքում օգտագործած հետևյալ արտահայտությունները և ընտրեք երկուսը՝ դրանց շուրջ խորհելու համար:

  • «Մեր Հայր, որ երկնքումն ես․ սուրբ լինի քո անունը» ( Ղուկաս 11.2):

  • «Քո արքայությունը գայ» ( Ղուկաս 11.2):

  • «Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» ( Ղուկաս 11.2):

  • «Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր» ( Ղուկաս 11.3):

  • «Եւ թող մեզ մեր մեղքերը. Որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ» ( Ղուկաս 11.4):

  • «Եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 11.4 [ Ղուկաս 11.4 , ծանոթագրությունը գ]):

Մտքում պահելով ձեր կողմից ընտրված երկու արտահայտությունները՝ մտածեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների մասին.

  • Ինչպե՞ս կամփոփեիք, թե ի՞նչ են նշանակում այս արտահայտությունները:

  • Ե՞րբ եք աղոթել մի բանի համար, ինչի համար նաև Փրկիչն էր աղոթում: Այն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է օգտակար աղոթել՝ հետևելով Փրկիչի օրինակին:

Եթե դուք ընտրել եք այս վարժությունը, ձեր օրագրում գրեք, թե աղոթելիս ինչպես եք ցանկանում հետևել Փրկիչի օրինակին:

Վարժություն Բ. Փրկիչն ի՞նչ խոստացավ աղոթքի վերաբերյալ ( Ղուկաս 11․9-13)

Ըստ Ղուկաս 11.9 հատվածի՝ Տերը խոստացել է.«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ»:

Հարցերը տալուց առաջ խնդրեք երեք ուսանողների ցուցադրել, թե ինչ է նշանակում խնդրել, որոնել և թակել:

  • Ինչո՞վ են նման «խնդրել», «որոնել» և «թակել» գործողությունները: Ինչո՞վ են դրանք տարբեր:

  • Այդ բառերն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի իմաստալի աղոթել:

Այնուհետև Հիսուսը համեմատեց իր զավակներին պարգևներ տալու մահկանացու հոր ցանկությունը՝ մեզ պարգևներ տալու Երկնային Հոր ցանկության հետ: Հիսուսն ուսուցանեց, որ եթե ոչ կատարյալ մահկանացու հայրը «գիտի բարիքներ անել իր երեխաներին» ( Ղուկաս 11.13), ապա «որքան ավելի շատ ձեր Երկնային Հայրը կտա բարի պարգևներ, Սուրբ Հոգու միջոցով նրանց, ով խնդրում է իրեն»: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 11.14 [ Ղուկաս 11.13 , ծանոթագրություն ա]): Կարևոր է հիշել, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրը ի՞նչ պարգևներ է ցանկանում տալ նրանց, ովքեր խնդրում և որոնում են դրանք: Ձեր կարծիքով, Նա ի՞նչ է ցանկանում տալ ձեզ:

Եթե դուք ընտրել եք այս վարժությունը, ձեր օրագրում նշեք, թե երբ եք դուք պատասխան ստացել ձեր աղոթքներին կամ նկարագրեք, թե ինչ եք անելու ձեր աղոթքին պատասխան որոնելու համար:

Նշեք նաև, որ աղոթքն իմաստալի դարձնելու համար պետք է հիշել, որ Աստված պատասխանում է աղոթքներին:

Վարժություն Գ. Փրկիչը ի՞նչ զգուշացրեց չանել մեր աղոթքներում: ( Մատթեոս 6․7-8)

Լեռան Քարոզում Հիսուսն ուսուցանեց, որ մենք չպետք է «զուր կրկնողություններ օգտագործենք» ( Մատթեոս 6.7): Այս ենթատեքստում զուր բառը նշանակում է դատարկ կամ աննպատակ: Աղոթել՝ օգտագործելով զուր կրկնողություններ, նշանակում է անմիտ ձևով կրկնել նույն աղոթքը կամ նույն խոսքերը՝ որևէ աղոթքում: Եթե մենք անկեղծ ենք մեր խնդրանքներում, նույնիսկ եթե մեր աղոթքները կրկնվում են, դրանք զուր կրկնողություններ չեն:

  • Աղոթելիս զուր կրկնողություններից խուսափելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի շատ մոտենալ Տիրոջը:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի աղոթելիս խուսափեք զուր կրկնողություններից:

Ձեր կողմից ասված խորիմաստ և անկեղծ աղոթքների մի քանի օրինակներ հիշեք:

  • Այս ձևով աղոթելն ինչպե՞ս է ազդում ձեզ վրա:

Եթե դուք ընտրել եք այս վարժությունը, ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք ցանկանում հետևել Փրկիչի ուսմունքներին՝ աղոթելիս զուր կրկնողություններից խուսափելու համար:

Խնդրեք կամավորներին կիսվել, թե ինչ են սովորել այսօր կամ, թե ինչ են ծրագրում անել՝ իրենց աղոթքներն ավելի իմաստալի դարձնելու համար: Կարող եք վկայել, թե իմաստալի աղոթքը որքան կարևոր է Երկնային Հոր հետ ամուր հարաբերություններ ստեղծելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Որո՞նք են իմաստալի աղոթքի որոշ օրինակները

«Թե ինչպես է Աստված խոսում մեզ հետ այսօր» տեսանյութում (1:46) մի կին նկարագրում է, թե ինչպես է Տերը պատասխանում իր աղոթքներին:

«Խաղաղության սկզբունքները. Աղոթք» տեսանյութում (2:49) խաղալիքների արդյունաբերությունում աշխատող թվային քանդակագործը հիշում է, թե ինչպես է աղոթել իր դստեր համար, ով ծնվել է առողջական խնդիրներով:

Իսկ ի՞նչ, եթե ինձ թվում է, որ իմ աղոթքները պատասխան չեն ստանում

Յոթանասունից Երեց Ջ. Դեվն Քորնիշն ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Elder J. Devn Cornish. Photographed August 2017.

Երբեմն մեզ թվում է, որ ոչ մի պատասխան չենք ստանում մեր անկեղծ և ջանասեր աղոթքներին: Հավատք է պահանջվում հիշելու համար, որ Տերը պատասխանում է Իր ժամանակին և Իր ձևով՝ որպեսզի լավագույն ձևով օրհնի մեզ: Կամ հետագա խորհրդածության ժամանակ մենք հաճախ կհասկանանք, որ արդեն լիակատար գիտակցում ենք, թե ինչ պիտի անենք:

Խնդրում եմ, մի հուսալքվեք, եթե դա ձեզ համար անմիջապես չի գործում: Ինչպես օտար լեզու սովորելը, այն պահանջում է կիրառություն և ջանքեր: Սակայն իմացեք, խնդրում եմ, որ դուք կարող եք սովորել Հոգու լեզուն, և երբ դա անեք, այն ձեզ կտա մեծ հավատք և արդարակեցության ուժ:

(Ջ. Դեվն Քորնիշ, «Աղոթքի արտոնությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 103)

Իսկ եթե ես ինձ արժանի չեմ համարում աղոթելու համար:

Յոթանասունից Երեց Ջ. Դեվն Քորնիշն ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Elder J. Devn Cornish. Photographed August 2017.

Կա վտանգ, որ մարդ կարող է իրեն բավականաչափ վստահ չզգալ աղոթելու համար: Այդ գաղափարը գալիս է այն չար ոգուց, որը սովորեցնում է մեզ չաղոթել (տես 2 Նեփի 32.8): Ինչպես որ հիվանդ մարդն է հավատում, որ ինքն անհույս հիվանդ է բժշկի գնալու համար, այնպես էլ մենք ենք ցավալիորեն մտածում, որ խիստ մեղսավոր ենք աղոթելու համար:

(Ջ. Դեվն Քորնիշ, «Աղոթքի արտոնությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 103)

Օժանդակ ուսումնական վարժություն

Ուրիշ ի՞նչ կարող եմ սովորել Տերունական աղոթքից

Տերունական աղոթքն առաջարկում է բազում մտքեր, թե ինչպես կարելի է աղոթքն իմաստալի դարձնել: Հետևյալ երկու առաջադրանքներն ուսուցանում են Տերունական աղոթքի հատուկ մասերի մասին: Կարող եք օգտագործել այս ելույթների ցանկացան բաժին՝ «Ավելի շատ բան սովորեք աղոթքի մասին» դասի բաժնի փոխարեն:

Ռասսել Մ. Նելսոն, «Դասեր Տիրոջ աղոթքներից», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 46-49

Ջ Դեվն Քորնիշ, «Աղոթքի արտոնությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 101-3