Սեմինարիա
Եփեսացիս 6․10–24


Եփեսացիս 6․10–24

«Աստուծոյ սպառազինութիւնը հագէք»

Նկար
Երիտասարդը հագել է Նոր Կտակարանի դարաշրջանի զրահ՝ սրով և վահանով:

Մենք պատերազմում ենք մարդկության հոգիների համար: Երկնային Հայրը ոգեշնչեց Պողոսին ուսուցանել, թե մենք ինչպես կարող ենք դիմակայել սատանայի հարձակումներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե Աստված ինչ է տրամադրել ձեզ, որպեսզի դուք կարողանաք պաշտպանվել աշխարհի չարիքներից, գնահատել ձեր ներկա հոգևոր պատրաստվածությունը և ծրագիր մշակել, թե ինչպես բարելավել ձեր հոգևոր պաշտպանությունը:

Սատանան դաժան է իր մարտավարության մեջ

  • Ձեր կարծիքով, ո՞րն է ամենամեծ տարբերությունը ձեր և ձեր ծնողների պատանեկան փորձառությունների միջև:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի (1932–2017) հետևյալ հայտարարությունը և գտեք իր նշած տարբերություններից մեկը.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի պաշտոնական դիմանկարը, 2003 թ.։

Ձեր հայրերը և պապիկները երբևէ չեն հանդիպել այն գայթակղություններին, որոնց դուք եք պարբերաբար հանդիպում: Դուք ապրում եք վերջին օրերում: Եթե ձեր հայրը ցանկանար փորձանքի մեջ ընկնել, նա ստիպված կլիներ փնտրել այն: Հիմա այլևս այդպես չէ: Այսօր փորձանքն է գտնում ձեզ: Խնդրում եմ, հիշեք այդ փաստը: Սատանան ցանկանում է որսալ ձեզ, իսկ «մեղքը դռան շեմին է» [Մովսես 5.23]: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել նրա դաժան մարտավարությանը:

Ռոբերտ Դ․ Հեյլս, «Հաստատ կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, մայիս 2013թ․, 48։

  • Ի՞նչ ձևերով է գայթակղությունը ավելի շուտ գտնում մեզ այսօր, քան թե մենք ենք փնտրում այն:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ կամ գրեք ձեր պատասխանները ձեր օրագրում:

  • Սատանան ինչպե՞ս է փորձում գայթակղել ձեզ:

  • Դուք ի՞նչ եք անում, որպեսզի ստանաք Տիրոջ օգնությունը սատանայի գայթակղությունների դեմ: Ի՞նչն է ձեզ մոտ լավ ստացվել։ Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ձեզ մոտ ավելի լավ ստացվի:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի տեսնեք, թե դուք ինչպես կարող եք փնտրել և լիարժեք ստանալ Փրկչի պաշտպանությունը սատանայի հարձակումներից:

Տիրոջ պաշտպանությունը

Կարդացեք Եփեսացիս 6.10–13 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչի դեմ էին Սրբերը պատերազմ մղում նրա օրերում:

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում Եփեսոսի Սրբերի և մեր պայքարի միջև:

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչո՞ւ են ցանկանում, որ մենք պաշտպանված լինենք չարից: Այս ցանկությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Նրանց մասին:

  • Պողոսն ի՞նչ առաջարկեց Եփեսացիներին անել՝ այդ չարիքներին դիմակայելու համար:

Եփեսացիս 6.10–13 հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մենք հագնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չարին:

Աստծո սպառազինությունը փոխաբերություն է կամ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի պաշտպանության խորհրդանիշ: Մեր առջև ծառացած մարտերում Աստծո սպառազինությունը հատուկ նախատեսված է ձեզ համար և ձեր կյանքում հանդիպող վտանգների դեմ պայքարելու համար: Որպեսզի կարողանաք հասկանալ այս աստվածային պաշտպանությունը, կրկնօրինակեք հետևյալ պատկերը ձեր օրագրում կամ տպեք այն: Աղյուսակում գրեք ձեր պատասխանները հետևյալ վարժության համար.

Նկար
Աստծո զրահը ներկայացնող հնագույն զինվորի կոստյում և վահան։ Կա տեքստ, որը բացատրում է զրահի տարբեր տարրերը: Վարդապետություն և Ուխտեր 27-ի հիման վրա. «15 Ուստի, բարձրացրեք ձեր սրտերն ու ցնծացեք, և գոտեպնդեք ձեր մեջքը, և ձեր վրա վերցրեք իմ ողջ ասպառազինությունը, որ կարողանաք դիմակայել չար օրվան, արած լինելով ամեն ինչ, որ կարողանաք կանգուն մնալ: 16 Կանգնեք, ուրեմն, ձեր մեջքը աճշմարտությամբ գոտևորած, գարդարության լանջապանակը հագած, և ձեր ոտքերը եխաղաղության ավետարանի պատրաստությամբ պատած, ինչը ես ուղարկել եմ, որ իմ հրեշտակները հանձնեն ձեզ. 17 Հավատքի վահանը վերցրած, որով դուք կկարողանաք հանգցնել ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը. 18 Եվ վերցրեք փրկության սաղավարտն ու սուրն իմ Հոգու, որը ես կթափեմ ձեր վրա, և իմ խոսքը, որը ես հայտնում եմ ձեզ, և համաձայնության եկեք՝ ինչ վերաբերում է այն բաներին, որոնք դուք հարցնում եք ինձ, և հավատարիմ եղեք, մինչև ես գամ, և դուք վեր կհափշտակվեք, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք: Ամեն»։

Կարդացեք Եփեսացիս 6.14–18 հատվածները և բացահայտեք Աստծո սպառազինության բոլոր մասերը կամ դիտեք «Աստծո սպառազինությունը» տեսանյութը (2:01) ChurchofJesusChrist.org կայքում: Ձեր աղյուսակում գրեք, թե ինչ է ներկայացնում սպառազինության մասերից յուրաքանչյուրը: Կարող է օգտակար լինել իմանալ, որ «ոտները կօշիկ հագած» (Եփեսացիս 6.15) հատվածից վերաբերում է ոտքերին պաշտպանիչ պատյան հագնելուն:

Ավելի լավ հասկացեք Աստծո սպառազինության մասերը՝ կատարելով հետևյալ վարժությունը:

1. Պատասխանեք հետևյալ հարցերին Քրիստոսի սպառազինության առնվազն մեկ մասի համար: Եթե դուք օգնության կարիք ունենաք, ստորև կարող եք գտնել մեկ օրինակ «մեջքը ճշմարտությամբ գոտևորած» արտահայտության համար (Եփեսացիս 6.14): Ընտրեք մեկ այլ մաս այս վարժության համար:

  1. Ի՞նչ հոգևոր գաղափար էր Պողոսը կապում սպառազինության այս մասի հետ:

  2. Հոգևոր առումով ի՞նչ են խորհրդանշում սպառազինությամբ պաշտպանված մարմնի մասերը։

  3. Ինչպե՞ս ենք մենք հագնում Տիրոջ սպառազինության այս մասը՝ չարիքի դեմ Նրա պաշտպանությունը ստանալու համար:

«Մեջքը ճշմարտությամբ գոտևորած» արտահայտության համար (Եփեսացիս 6.14) կարող են լինեն հետևյալ պատասխանները. (1) ճշմարտություն, (2) դա ներկայացնում է մեր մաքրաբարոյությունը կամ բարոյական մաքրությունը, և (3) մենք կարող ենք սովորել Երկնային Հոր և Նրա փրկության ծրագրի մասին ճշմարություններ, որոնք կարող են մեզ ոգեշնչել բարոյապես մաքուր մնալ:

Հագեք Փրկչի ողջ սպառազինությունը

Պողոսը և Փրկիչը նշել են Աստծո ողջ սպառազինությունը հագնելու կարևորությունը (տես Եփեսացիս 6.11, 13, Վարդապետություն և Ուխտեր 27.15):

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ վտանգներ եք տեսնում Տիրոջ սպառազինության միայն որոշ մասը հագնելու մեջ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ դուք լիովին պաշտպանված լինեք:

  • Ի՞նչ եք անելու ամեն օր՝ գայթակղություններից լիարժեք պաշտպանվելու համար:

  • Երբ խնդրում եք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին օգնել ձեզ այս գործում, դուք ինչպե՞ս եք ցուցադրում ձեր սերը և վստահությունը Նրանց հանդեպ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞րն է Փրկչի սպառազինության կողմից պաշտպանվող մարմնի մասերի կարևորությունը

Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ասել է.

Նկար
ՎՕՍ Եկեղեցու նախագահ Հարոլդ Բ. Լիի դիմանկարը (գլուխը և ուսերը):

Մենք ունենք մարմնի չորս մասեր, որոնք, ինչպես ասել է Պողոս առաքյալը, առավել խոցելի են խավարի ուժերի կողմից: Մեջքը մարմնավորում է առաքինությունը, մաքրաբարոյությունը: Սիրտը մարմնավորում է մեր պահվածքը: Մեր ոտքերը՝ մեր կյանքի նպատակները և, ի վերջո, մեր գլուխը՝ մեր մտքերը:

(Harold B. Lee, “Feet Shod with the Preparation of the Gospel of Peace,” Brigham Young University Speeches of the Year [Nov. 9, 1955], 2)

Ի՞նչ կարող եմ անել՝ Աստծո ողջ սպառազինությունը հագնելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվելի պաշտոնական դիմանկարը, 1992թ.

Բնական մարդուն հանելով՝ հնարավորություն ենք տալիս հագնելու Աստծո ողջ սպառազինությունը, որը նախկինում լիովին չէր համապատասխանի (տես Եփեսացիս 6.11, 13):

(Նիլ Ա․ Մաքսվել, «Վարեք հույսով», Ensign, մայիս 2001, 60)

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։

Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի ամուր կտորների, որոնք ձուլվել են մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղի օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր ուժը գտնվում է բազմաթիվ փոքր գործողություններում, որոնք միմյանց հետ միահյուսվելով դառնում են հոգևոր ամրության հյուսվածք, որը պաշտպանում և վահանապատում է ամենայն չարից:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Տիրոջով ուժեղ եղեք», Ensign, հուլիս 2004, 8)

Տաճարային հագուստները ի՞նչ կապ ունեն Աստծո սպառազինության հետ

Երեց Կարլոս Ե․ Ասեյը Յոթանասունի նախագահությունից (1926–99) բացատրել է.

Նկար
Երեց Կարլոս Ե․ Ասեյի դիմանկարը

Սակայն գոյություն ունի մեր ուշադրությանն արժանի մեկ այլ սպառազինություն: Դա հատուկ ներքնազգեստ է, որը կոչվում է տաճարային հագուստ կամ սուրբ քահանայության հագուստ, և որը կրում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարային օժտում ստացած անդամները: Այս հագուստը, որը պետք է կրել օր ու գիշեր, ծառայում է երեք գլխավոր նպատակների. այն հիշեցնում է Տիրոջ հետ Նրա սուրբ տանը կապած սրբազան ուխտերը, պաշտպանիչ ծածկոց մարմնի համար և հագուստի ու ապրելակերպի համեստության խորհրդանիշ, որը պետք է բնորոշի Քրիստոսի բոլոր խոնարհ հետևորդների կյանքը:

(Կարլոս Ե․ Ասեյ, «Տաճարային հագուստ. ներքին պարտավորվածության արտաքին դրսևորում», Ensign, օգոստոս 1997, 20)