«Ջոզեֆ Սմիթ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Ջոզեֆ Սմիթ
Աստծո ընտրյալ մարգարե՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնելու համար
Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր կարճ կյանքի ընթացքում աներևակայելի բաներ է կատարել։ Որպես Աստծո ընտրյալ մարգարե՝ նա Մորմոնի Գիրքը թարգմանեց «Աստծո զորությամբ ու պարգևով» (Մորմոնի Գրքի նախաբան), տեսիլքներ և հայտնություններ ստացավ և կազմավորեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա: Գուցե անհնար թվա, որ մեկ մարդ կարող էր այդքան շատ բան անել։ Սակայն Ջոզեֆն ուներ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնելու աստվածային առաքելություն, և Տերը նրա համար ճանապարհ էր պատրաստել Իր աշխատանքը կատարելու համար։
Մարգարե Ջոզեֆ Սմիթի շնորհիվ մենք գիտենք, որ Աստված սիրում է մեզ և այսօր էլ խոսում է մեզ հետ։ Մենք գիտենք, որ Աստված ծրագիր ունի Իր զավակների համար և ճանապարհ է պատրաստել նրանց համար, որպեսզի նրանք կրկին ապրեն Իր հետ։ Եվ մենք գիտենք, որ սա է «[Իր] գործը և [Իր] փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։
Ո՞վ էր Ջոզեֆ Սմիթը:
Ջոզեֆ Սմիթ Կրտսերը ծնվել է 1805 թվականին Վերմոնտում (ԱՄՆ): Աստված կանչեց Ջոզեֆին՝ լինելու մարգարե և վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր օրերում։ Նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին նախագահն էր։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ սուրբ տեսիլքներ և հայտնություններ։ Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան։ Նա ստացավ քահանայության իշխանություն երկնային սուրհանդակներից և թարգմանեց Մորմոնի Գիրքը և այլ հին սուրբ գրություններ Աստծո զորությամբ ու պարգևով: Ջոզեֆը հաճախ հալածվում էր իր վկայության համար, սակայն հավատարիմ մնաց դրան մինչև կյանքի վերջը, և 1844 թվականին իր եղբոր` Հայրումի հետ սպանվեց ամբոխի կողմից։
Թեմայի ակնարկ. Ջոզեֆ Սմիթ
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Մարգարեներ, Ավետարանի վերականգնում, Առաջին տեսիլք, Մորմոնի Գիրք, Քահանայության վերականգնում
Բաժին 1
Ջոզեֆ Սմիթը Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի նվիրյալ վկա էր
Երբ Ջոզեֆ Սմիթն ընդամենը 14 տարեկան էր, նա տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-17)։ Այս իրադարձությունը հայտնի է որպես Առաջին տեսիլք, որը նշանավորեց ավետարանի վերականգնման սկիզբը: Մինչ վերականգնումը շարունակվում էր, Ջոզեֆը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այլ տեսիլքներում և վկայեց Նրանց մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 76.19-24, 137.1-3):
Ջոզեֆը շատ փորձությունների բախվեց և հալածվեց այն բանի համար, ինչը գիտեր, որ ճշմարիտ է։ Բայց անկախ նրանից, թե որքան մեծ էին նրա չարչարանքները, նա չէր ժխտի Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունը կամ որ նա կանչվել էր Տիրոջ աշխատանքին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25)։ Իր կյանքի վերջում Մարգարեն իր վկայությունը կնքեց իր արյունով, երբ նահատակվեց Քարտեջի բանտում (տես Վարդապետություն և Ուխտեր 135.1-3, տես նաև Սրբեր, 1.542-52)։ Տիրոջ աշխատանքին նրա հավատարմությունն օգնեց ավետարանը կրկին բերել երկրի վրա գտնվող Աստծո զավակներին (տես Վարդապետություն և Ուխտեր 136.37-38)։
Մտորելու հարցեր
-
Հիսուս Քրիստոսի մասին Ջոզեֆ Սմիթի զորեղ վկայությունը արձանագրված է սուրբ գրություններում: Կարդացեք նրա վկայությունը Վարդապետություն և Ուխտեր 76․22-24 և Վարդապետություն և Ուխտեր 110․1-4 բաժիններում։ Մտորեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից: Ապա խորհեք Փրկչի մասին ձեր սեփական վկայության մասին (տես 2 Նեփի 31.18): Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունն ազդել ձեր սեփական վկայության վրա։ Կարող եք նաև արձանագրել ձեր վկայությունը կամ անձնական այլ փորձառություններ, որոնք ձեզ ավելի են մոտեցրել Տիրոջը։
Միասին սովորելու միջոցառումներ
-
14 տարեկանում Ջոզեֆ Սմիթը առաջին անգամ տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Իմացեք այս վկայության մասին՝ միասին կարդալով Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14-20 հատվածները: Ի՞նչ ենք սովորում այս վկայությունից Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին: Ջոզեֆի վկայության շնորհիվ ինչպե՞ս փոխվեց աշխարհը։ Կիսվեք ձեր մտքերով, ապա խմբով դիտեք «#HearHim: Listen to the Voice of Jesus Christ» տեսանյութը (1․47): Արդյոք լսո՞ւմ եք Փրկչի ձայնը (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 6.22-24, 8.2-3, 9.8-9, 11.12-13): Քննարկեք ձեր մտքերը, ապա խոսեք այն մասին, թե ձեր վկայությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ ուրիշների վրա, երբ դուք լսում եք Փրկչին ճիշտ այնպես, ինչպես Ջոզեֆը։
-
Փրկչի մասին Ջոզեֆի վկայությունը ներառված է «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հայտարարությունում։ Միասին կարդացեք Մարգարեի վկայությունը հայտարարության մեջ և քննարկեք նրա ստացած տեսիլքների պատմական փաստերը: Կարող եք նաև աշխատել որպես խումբ՝ Մարգարեի վկայությունն անգիր անելու վրա։ Միգուցե կարող եք բարձրաձայն արտասանել բառերը և օգտագործել Եկեղեցու Մեդիա գրադարանի նկարները կամ ստեղծել այլ տեսողական նյութեր, որոնք կօգնեն ձեզ: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող է Մարգարեի վկայությունն անգիր սովորելը մեծացնել ձեր սեփական հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և լինել զորության, մոտիվացիայի, ոգեշնչման և մխիթարության աղբյուր:
Իմացեք ավելին
-
Մ. Ռասսել Բալլարդ, «Փառք մարդուն», Լիահոնա, նոյ. 2023, 74-75
-
«Testimony of the Book of Mormon» (տեսանյութ), Ավետարանի գրադարան
-
“The First Vision,” “Tutored by Heaven,” “Strengthened by Trials,” “Sealed His Testimony with His Blood” (տեսանյութեր), Ավետարանի գրադարան
Բաժին 2
Ջոզեֆ Սմիթն ընտրված էր Աստծո կողմից՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը
Աստված ընտրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որպեսզի վերականգներ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը երկրի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 1.17, 27․13, «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», Ավետարանի գրադարան): Աստծո զորությամբ Ջոզեֆը թարգմանեց Մորմոնի Գիրքը և առաջ բերեց լրացուցիչ սուրբ գրություններ (տես Մորմոնի Գրքի նախաբանը, Վարդապետություն և Ուխտեր 135.3): Նա կազմավորեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, ստացավ քահանայության իշխանություն և նախապատրաստեց սրբերին հիմնելու Սիոնը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.1, Սրբեր, 1.108-9):
Ջոզեֆ Սմիթի առաքելության շնորհիվ մենք գիտենք, որ Աստված ծրագիր ունի Իր զավակների համար, որ մենք կարող ենք կատարել արարողություններ և կապել ուխտեր Նրա հետ Տիրոջ տանը։ Ջոզեֆի աշխատանքը հիմք դրեց Հիսուս Քրիստոսի ավետարանի համար վերջին օրերում, թույլ տալով Եկեղեցուն առաջ շարժվել մարգարեների, տեսանողների և հայտնողների ոգեշնչված առաջնորդության ներքո (տես Սրբեր, 1.519-20)։
Մտորելու հարցեր
-
Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է. «Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը, ով ընդունում էր, որ կատարյալ չէր, այնուամենայնիվ, Աստծո ընտրյալ գործիքն էր՝ երկրի վրա հավիտենական ավետարանը վերականգնելու համար։ Ես նաև գիտեմ, որ այդպես վարվելով, մասնավորապես Մորմոնի Գիրքը թարգմանելով, նա ինձ ավելի շատ է սովորեցրել Աստծո սիրո, Քրիստոսի աստվածայնության և քահանայության զորության մասին, քան որևէ այլ մարգարե, ում ես երբևէ կարդացել, ճանաչել կամ լսել եմ ողջ կյանքի ընթացքում փնտրելիս»: Ի՞նչ է ուսուցանել ձեզ Մարգարե Ջոզեֆ Սմիթն Աստծո սիրո, Քրիստոսի աստվածայնության և քահանայության զորության մասին Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման միջոցով: Ինչպե՞ս են այդ ուսմունքները վկայում ձեզ, որ Ջոզեֆ Սմիթն ընտրվել էր Աստծո կողմից։ Գրի առեք ձեր ստացած ամեն մի տպավորություն:
Միասին սովորելու միջոցառումներ
-
Մենք վայելում ենք շատ օրհնություններ, քանի որ Աստված վերականգնեց ավետարանը Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Խմբով փորձեք կազմել այդ օրհնությունների ցուցակը։ Կարող եք սկսել կարդալով Վարդապետություն և Ուխտեր 135.3: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը նույնպես կօգնեն ձեզ․ «[Ավետարանի վերականգնումը] նշանակում է, որ դուք և ձեր ընտանիքը կարող եք հավերժ կնքվել միասին: Դա նշանակում է, որ քանի որ դուք մկրտվել եք այն մարդու կողմից, ով իշխանություն ունի Հիսուս Քրիստոսի կողմից և հաստատվել է Նրա Եկեղեցու անդամ, դուք կարող եք վայելել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Նա կառաջնորդի և կպաշտպանի ձեզ։ Դա նշանակում է, որ դուք երբեք չեք մնա անմխիթար վիճակում կամ չեք մնա առանց Աստծո զորության օգնության։ Դա նշանակում է, որ քահանայության զորությունը կարող է օրհնել ձեզ, երբ ստանաք կարևոր արարողությունները, ուխտեր կապեք Աստծո հետ և պահեք դրանք»: Այնուհետև խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը այն ամենի համար, ինչ Տերը տվել է ձեզ Իր մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։
-
Գիտեի՞ք, որ Հովսեփ անունով մեկ այլ մարգարե, որն ապրել է հնում, կանխատեսել էր Ջոզեֆ Սմիթի առաքելությունը։ Կարդացեք 2 Նեփի 3.6-15 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչ մարգարեացավ Եգիպտոսի Հովսեփը Ջոզեֆ Սմիթի և նրա կարևոր աշխատանքի մասին։ Ի՞նչ բառեր են օգտագործվում նկարագրելու Ջոզեֆ Սմիթին այս հատվածներում: Ինչի՞ն էր Աստված պատրաստել նրան։ Իրար հետ քննարկեք, թե ինչ եք գտնում։ Կարող եք նաև քննարկել այս մարգարեության մեջ խոստացված օրհնությունները և թե ինչպես են դրանք իրականացել վերականգնման միջոցով։
Իմացեք ավելին
-
Դալլին Հ. Օուքս, “Joseph, the Man and the Prophet,” Ensign, May 1996, 71-73
-
Թեդ Ռ․ Քալիստեր, “Joseph Smith—Prophet of the Restoration,” Liahona, Nov․ 2009, 35-37
-
“Ministry of Joseph Smith: The Book of Mormon,” “Ministry of Joseph Smith: The Restoration of Priesthood Authority” (տեսանյութեր), Ավետարանի գրադարան
-
“Teachings of Joseph Smith: The Organization of the Church” (տեսանյութ), Ավետարանի գրադարան
Բաժին 3
Դուք կարող եք ձեռք բերել ձեր սեփական վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր
Ոգեշնչող է մտածելը, որ 14 տարեկան հասակում Ջոզեֆը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Բայց ի՞նչ պատահեց, մինչև Ջոզեֆը ստացավ Առաջին տեսիլքը։ Նա խորհում էր սուրբ գրությունների շուրջ, Աստծուց իմաստություն էր ցանկանում և աղոթում Նրա առաջնորդության համար (տես Ջոզեֆ Սմիթ- Պատմություն 1.10-19)։ Ջոզեֆի պատմությունը հիշեցնում է մեզ, որ մենք նույնպես կարող ենք ձեռք բերել Փրկչի և Նրա ավետարանի մասին անձնական վկայություն, ներառյալ, որ Ջոզեֆ Սմիթը կանչվել էր վերականգնելու այն: Մինչ այս վկայությունը կարող է ժամանակի ընթացքում գալ, մեկ ուշագրավ իրադարձության փոխարեն, Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք նույնքան վստահությամբ իմանալ բոլոր բաների ճշմարտությունը (տես Մորոնի 10.5):
Մտորելու հարցեր
-
Կան բազմաթիվ ուղիներ, որոնցով մենք կարող ենք ձեռք բերել անձնական վկայություն, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր: Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է․ «Այն կարող է գալ, երբ ծնկի իջնեք ու աղոթեք և խնդրեք Աստծուն, որ հաստատի, որ նա ճշմարիտ մարգարե էր: Այն կարող է գալ, երբ դուք կարդաք մարգարեի Առաջին Տեսիլքի մասին պատմությունը: Վկայությունը կարող է կաթիլ առ կաթիլ ներթափանցել ձեր հոգու մեջ, երբ կրկին ու կրկին կարդաք Մորմոնի Գիրքը: Այն կարող է գալ, երբ դուք ձեր վկայությունը բերեք մարգարեի մասին կամ երբ կանգնեք տաճարում և հասկանաք, որ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ սուրբ կնքման զորությունը վերականգնվեց երկրի վրա»։ Մտածեք Ջոզեֆ Սմիթի դերի՝ որպես Աստծո մարգարե ձեր վկայության մասին։ Ի՞նչն է օգնել ձեզ հավատալ նրա աստվածային կոչմանը։ Ուրիշ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեռք բերեք կամ ամրապնդեք ձեր վկայությունը, որ նա մարգարե է։
Միասին սովորելու միջոցառումներ
-
Անձնական վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր, առանց ջանք չի պատահում. դա մի բան է, որի համար մենք աշխատում ենք: Դուք կարող եք ամրապնդել Ջոզեֆի կոչման ձեր անձնական վկայությունը՝ կիսվելով Մորմոնի Գրքի սուրբ գրությամբ ձեր խմբի հետ և խոսելով այն մասին, թե ինչպես էր Ջոզեֆը գործիք Աստծո ձեռքում, որպեսզի այդ սուրբ գրությունը մատչելի դարձներ մեզ։ Հավանաբար, դուք կարող եք նաև հերթով ձայնագրել Մարգարեի վկայությունը Թանկագին Մարգարիտից , ապա լսել այն կամ կիսվել ուրիշների հետ: Ինչպե՞ս են Մորմոնի Գիրքը և Ջոզեֆի վկայությունը ամրապնդում ձեր հավատքը, որ Ջոզեֆը կանչվել էր Աստծո կողմից։
-
Մենք կարող ենք մեծացնել մեր վկայությունը Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին մեր ողջ կյանքի ընթացքում: Հավանաբար, նրա դերի մասին ձեր վկայությունը որոշ ժամանակներում ավելի ուժեղ է, քան մյուսներում: Կարող եք միասին կարդալ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի այս խորհուրդը. «Ես հրավիրում եմ ձեզ մեկ քայլ ետ գնալ ու նայել ձեր կյանքին ավելի բարձր հարթակից և պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը»: Կարող եք ուսումնասիրել, թե ինչպես է նախագահ Ուխդորֆի խորհուրդը վերաբերում ձեր վկայությանը, որ Ջոզեֆը Աստծո մարգարեն էր, նայելով մի նկարի, որի մի դրվագը խոշորացված է: Խոսեք այն մասին, թե ինչպիսի տեսք ունի այդ պատկերը։ Հետո նայեք նույն նկարին, որը փոքրացված է՝ ցույց տալով ամբողջ պատկերը: Ինչպե՞ս է նկարը տարբերվում նախորդից: Ի՞նչ է ձեզ սովորեցնում այս օրինակը, թե ինչպես կարելի է վկայություն ստանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին:
Իմացեք ավելին
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյ. 2014, 28-31
-
“The Life and Ministry of Joseph Smith,” Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2011), 1-24
-
Joseph Smith: The Prophet of the Restoration (տեսանյութ), Ավետարանի գրադարան