2010–2019 թթ․
Ընտրեք հավատքը
Ապրիլ 2015


Ընտրեք հավատքը

Փրկիչը տրամադրում է Իր Ավետարանը, որպես լույս՝ ուղեկցելու նրանց, ովքեր ընտրում են հավատալ և հետևել նրան:

Անցյալ հունվարին, յոթամյա Սեյլոր Գուդզլերը և նրա ընտանիքը թռչում էին Ֆլորիդայից Իլինոյս՝ մասնավոր ինքնաթիռով: Սեյլորի հայրը վարում էր ինքնաթիռը: Գիշերամուտից անմիջապես հետո, ինքնաթիռը մեխանիկական խնդիրներ ունեցավ և Կենտուկիի շատ մութ բարձունքներում, մի շատ խորդուբորդ տեղանքում գլխիվայր ջախջախվեց: Բոլորը, բացի Սեյլորից, մահացան վթարից: Նրա դաստակը փշուր-փշուր էր եղել: Նա կտրվածքներ ու քերծվածքներ էր ստացել և կորցրել էր իր կոշիկները: Ջերմաստիճանը ֆարենհայտով 38 աստիճան էր (կամ Ցելսիուսով 3 աստիճան), – Կենտուկիի մի ցուրտ, անձրևոտ, ձմեռային գիշեր էր, – և Սեյլորը հագին ուներ միայն կարճ անդրավարտիք կարճաթև շապիկ և մեկ կիսագուլպա:

Նա կանչեց մորը և հորը, բայց ոչ ոք չպատասխանեց: Հավաքելով իր ունեցած քաջության յուրաքանչյուր հատիկը, նա սկսեց քայլել բոբիկ ոտքերով քաջաբար կտրել անցնելով դաշտավայրերը, ձորակների ծանծաղուտները, փոսերը և կումանիկայի փշերի միջով փնտրելով օգնություն: Մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա, Սեյլորը լույս նշմարեց տարածության մեջ: Մթության մեջ սայթակելով և անցնելով թփերի, ծառերի, բույսերի միջով դեպի այդ լույսը նա, վերջապես, հասավ մի բարի մարդու օջախ, ում նախկինում նա երբեք չէր հանդիպել, ով արագ հոգ տարավ նրա մասին: Սեյլորը ապահով էր: Նրան շուտով տարան հիվանդանոց և օգնեցին առողջանալ:1

Սեյլորը կենդանի մնաց, որովհետև տարածության մեջ նա լույս տեսավ և պայքարեց, որ հասնի դրան՝ չնայած վայրի դաշտավայրերին, այն ողբերգության խորությանը, որ նա վերապրեց և այն վնասվածքներին, որ նա դիմացավ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես Սեյլորը կարողացավ անել այն, ինչ նա արեց այդ գիշեր: Բայց ինչ մենք իսկապես հասկացանք, այն է, որ նա այդ հեռավոր տան լույսի մեջ տեսավ իր փրկության հնարավորությունը: Այնտեղ հույս կար: Նա քաջություն հավաքեց այն փաստից, որ նշանակություն չուներ, թե որքան վատ էին գործերը, իր փրկությունը կգտնվեր այդ լույսի մեջ:

Մեզանից քչերը երբևէ կդիմակայեն մի այնպիսի ցավոտ փորձառության, ինչպիսին Սեյլորինն էր: Բայց մենք բոլորս, ինչ-որ ժամանակ, ստիպված կլինենք, հոգևոր առումով, պայքարել մեր սեփական, դժվար փորձությունների դեմ և ձեռնարկել մեր սեփական, դժվար, զգացմունքային ճանապարհորդությունները: Այդ պահերին, որքան էլ մութ կամ թվացյալ անհույս նրանք լինեն, եթե մենք փնտրենք այն, միշտ կլինի մի հոգևոր լույս, որը մեզ նշան կանի, տալով մեզ փրկության և թեթևացման լույս: Այդ լույսը գալիս է ողջ մարդկության Փրկչից, ով Աշխարհքի լույսն է:

Հոգևոր լույսը ըմբռնելը տարբեր է ֆիզիկական լույսը տեսնելուց: Փրկչի հոգևոր լույսը ճանաչելը սկսում է մեր հավատալու պատրաստակամությունից: Աստված ի սկզբանե պահանջում է, որ նախ մենք նվազագույնը հավատալու ցանկություն ունենանք: «Եթե դուք արթնանաք և արթնացնեք ձեր ունակությունները… և գործադրեք հավատքի մի մասնիկ, – ուսուցանում է մարգարե Ալման, – նույնիսկ, եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ [Փրկչի] խոսքերի մի մասին»:2

Ալմայի մեզ ուղղված՝ հավատալ ցանկանալու և Փրկչի խոսքերին մեր սրտում «տեղ տալու» կոչը մեզ հիշեցնում է, որ դավանանքը և հավատքը պահանջում են մեր անձնական ընտրությունը և գործողությունը: Մենք պետք է «արթնանանք և արթնացնենք [մեր] ունակությունները»: Մենք պետք է խնդրենք նախքան մեզ կտրվի. մենք պետք է փնտրենք մինչև կգտնենք. մենք պետք է թակենք, նախքան այն կբացվի մեզ համար: Որից հետո մեզ տրվում է այս խոստումը. «քանզի ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է, և նա ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի»:3

Ուրիշ ոչ ոքից հավատալու այդքան ջերմեռանդ խնդրանք չէր եղել, քան հենց Իրենից՝ Փրկչից, երբ, Իր երկրային սպասավորության ընթացքում, նա դիմեց Իր անհավատ լսողներին.

«Եթե իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք ինձ:

Ապա՝ եթե գործում եմ, թէեւ ինձ էլ չհաւատաք, գոնե գործերին հաւտացեք, որ ճանաչէք եւ հաւատաք, թե Հայրն ինձանում է եւ ես նրա մեջ:4

Յուրաքանչյուր օր, մեզանից յուրաքանչյուրը ենթարկվում է փորձության: Այն փորձության է մեզ ենթարկում մեր ողջ կյանքի ընթացքում: Արդյոք մենք կընտրե՞նք Նրան հավատալը և թույլ կտանք Նրա Ավետարանի լույսին աճել մեր մեջ, թե կհրաժարվենք հավատալ և կընտրենք մթության մեջ միայնակ ճամփորդելը: Փրկիչը տրամադրում է Իր Ավետարանը, որպես լույս՝ ուղեկցելու նրանց, ովքեր ընտրում են հավատալ և հետևել նրան:

Վթարից հետո, Սեյլորը ընտրություն ուներ: Նա կարող էր ընտրել մնալ ինքնաթիռի մոտ մթության մեջ, միայնակ և վախեցած: Բայց մի երկար գիշեր էր առջևում և ավելի էր սկսում ցրտել: Նա այլ ճանապարհ ընտրեց: Սեյլորը բարձրացավ մի բարձունք, և այդտեղ նա լույս տեսավ հորիզոնի վրա:

Աստիճանաբար, մինչ նա գիշերով իր ճանապարհն էր հարթում դեպի լույսը, այն ավելի էր պայծառանում: Դեռևս, պետք է, որ լինեին ժամանակներ, երբ նա չէր կարող տեսնել այն: Թերևս, այն տեսադաշտից դուրս էր մնում, երբ նա խորը կիրճում էր կամ թփերի ետևում, բայց նա շարունակում էր առաջ գնալ: Երբ էլ, որ նա կարողանում էր տեսնել լույսը, Սեյլորը վկայություն էր ունենում, որ ճիշտ արահետի վրա էր: Նա դեռևս ճշգրիտ չգիտեր թե ինչ էր այդ լույսը, բայց շարունակում էր քայլել դեպի այն, հիմնվելով այն բանի վրա, ինչ գիտեր, վստահելով և հուսալով, որ նա կրկին այն կտեսներ, եթե ճիշտ ուղղությամբ շարունակեր առաջ գնալ: Այդպես վարվելով՝ նա հնարավոր է, փրկեր իր կյանքը:

Մեր կյանքը նույնպես կարող է այդ ամենի նման լինել: Հնարավոր է, որ եղել են պահեր, երբ մենք եղել ենք խոցված, հոգնած և մեր կյանքը թվացել է մռայլ ու սառը: Կարող են լինել պահեր, երբ մենք չենք կարող որևէ լույս տեսնել հորիզոնում և ունենալ այնպիսի զգացողություն, որ հանձնվում ենք: Եթե մենք պատրաստ ենք հավատալ, եթե մենք ընտրում ենք հավատքը, ապա Փրկչի ուսմունքները և օրինակը ցույց կտան մեզ առաջ տանող կածանը:

Ընտրիր Հավատքը

Նույն ձևով, ինչպես Սեյլորը ստիպված էր հավատալ, որ նա ապահովություն կգտներ այդ հեռավոր լույսում, մենք ևս պետք է ընտրենք բացել մեր սրտերը Փրկչի աստվածային իրականության առաջ, Նրա հավերժական կրակի առաջ և Նրա բուժող գթասրտության առաջ: Մարգարեները ողջ պատմության ընթացքում քաջալերել են մեզ և նույնիսկ անկեղծորեն աղերսել հավատալ Քրիստոսին: Նրանց քարոզները արտացոլում են սկզբունքային փաստ: Աստված չի ստիպում մեզ հավատալ: Դրա փոխարեն, նա հրավիրում է մեզ հավատալ, ուղարկելով կենդանի մարգարեներ և առաքյալներ՝ ուսուցանելու, տրամադրելով սուրբ գրություններ և նշան անելով մեզ Իր Հոգու միջոցով: Մենք այն մարդիկ ենք, ովքեր պետք է ընտրեն օգտվել այդ հոգևոր հրավերից՝ ընտրելով տեսնել իրենց հոգևոր զգայարաններով այն հոգևոր լույսը, որով նա մեզ կանչում է: Հավատալու որոշումը ամենակարևոր ընտրությունն է, որ մենք երբևէ կատարում ենք: Այն ազդում է մեր բոլոր այլ որոշումների վրա:

Աստված չի ստիպում մեզ հավատալ, ոչ ավելին, քան Նա ստիպում է մեզ պահել պատվիրանները, ի հակառակ մեզ օրհնելու Նրա կատարյալ բաղձանքի: Բայց և այնպես Նրա կոչը ուղղված մեզ՝ հավատալու Նրան՝ գործադրելու հավատքի այդ մասնիկը և տեղ տալու Նրա խոսքերին, այսօր ուժի մեջ է: Ինչպես Փրկիչն է ասել, «ես վկայում եմ, որ Հայրը պատվիրում է բոլոր մարդկանց, ամեն օր, զղջալ և հավատալ ինձ»:5

Դավանանքը, վկայությունը և հավատքը պասիվ սկզբունքներ չեն: Նրանք առանց ջանքի չեն հայտնվում մեր մեջ: Դավանանքը մի բան է, որ մենք ընտրում ենք՝ մենք հույս ենք կապում նրա հետ, մենք աշխատանք ենք կատարում նրա վրա և մենք զոհաբերվում ենք նրա համար: Մենք պատահականորեն չենք հավատա Փրկչին և Նրա Ավետարանին, ոչ ավելին, քան պատահականորեն կաղոթենք կամ տասանորդ կվճարենք: Մենք գործնականորեն ենք ընտրում հավատալը, հենց այնպես, ինչպես ընտրում ենք պահել մյուս պատվիրանները:

Հավատքը գործի վերածեք

Սեյլերը չէր կարող իմանալ սկզբում, թե արդյոք նրա ջանքերը արդյունավետ կլինեի՞ն, երբ իր ճանապարհն էր հարթում մացառուտների միջով: Նա կորել էր և վնասված էր. մութ էր և ցուրտ: Բայց նա հեռացավ վթարի վայրից և ռիսկի դիմեց, հուսալով փրկվել, սողալով և դժվարությամբ առաջ անցնելով, մինչև որ տարածության վրա լույս տեսավ: Մեկ անգամ տեսնելով այն, նա ինչ կարող էր արեց, որ հասնի դրան՝ հիշելով թե ինչ է տեսել:

Մենք նմանապես պետք է տեղ տանք հուսալուն, որ կգտնենք հոգևոր լույսը, ավելի շուտ ընդունելով հավատքը, քան տարակուսելով: Մեր գործողությունները մեր դավանանքի վկայություններն են և դառնում են մեր հավատքի էությունը: Մենք ընտրում ենք հավատքը, երբ ծոմ ենք պահում, երբ հանգստության օրը սուրբ ենք պահում և տաճարում երկրպագում ենք: Մենք ընտրում ենք հավատքը, երբ մկրտվում ենք և մասնակցում հաղորդությանը: Մենք ընտրում ենք հավատքը, երբ զղջում ենք և փնտրում աստվածային ներումը և բժշկող սերը:

Երբեք մի հանձնվիր

Երբեմն, հոգևոր խնդիրներում առաջադիմությունը կարող է դանդաղ կամ ընդմիջվող թվալ: Երբեմն, մենք կարող ենք զգալ, որ հետադիմել ենք, որ սխալներ ենք արել կամ մեր լավագույն ջանքերը ուղղված Փրկչին գտնելուն արդյունավետ չեն: Նրանք, ովքեր կարող են նման զգացողություն ունենալ, խնդրում ենք, մի՛ հանձնվեք, երբե՛ք: Շարունակեք հավատալ Նրան, Նրա ավետարանին և Նրա Եկեղեցուն: Ձեր գործողությունները հավատքի հետ միասին մի գծի վրա դրեք: Այն պահերին, երբ ձեր հավատքը թուլանում է, թող որ ձեր Փրկչի սիրո նկատմամբ հույսը և շնորհը, որը գտել եք Նրա ավետարանում և Նրա Եկեղեցում, հաղթահարի ձեր տարակուսանքը: Ժամանակի ընթացքում դուք կտեսնեք, որ լավագույն ընտրությունն եք կատարել, որը կարող էիք կատարած լինել: Ձեր խիզախ որոշումը Նրան հավատալ կօրհնի ձեզ անսահմանորեն և միշտ:

Հավատքի Օրհնությունները

Ես իմ կյանքում զգացել եմ Փրկչի բարեգութ սերը: Ես փնտրել եմ Նրան իմ սեփական վհատության պահերին, և, նա ինձ ձեռք է մեկնել Իր բուժիչ լույսով: Իմ կյանքի մեծ ցնծություններից մեկը եղել է իմ տիկնոջ՝ Քեթիի հետ ճանապարհորդելը, եկեղեցու անդամների հետ հանդիպելը երկրագնդի շատ անկյուններում: Այդ հոյակապ հանդիպումները սովորեցրել են ինձ և սովորեցրել են մեզ Աստծո սիրո մասին իր զավակների նկատմամբ: Նրանք ինձ ցույց են տվել երջանկության անսահման ներուժը, որը դառնում է այն մարդկանց օրհնությունը, ովքեր ընտրում են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելը: Ես սովորել եմ, որ Նրան և Նրա Փրկագնող ուժին հավատալը այն իրական արահետն է, որը տանում է դեպի «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք՝ հանդերձյալ աշխարհում»:6

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը լույսի աղբյուր և հույս է բոլորիս համար: Ես աղոթում եմ, որ մենք բոլորս հավատանք Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Լինդսի Բիվր, «ինչպես յոթամյա Սեյլոր Գուդզլերը կենդանի մնաց օդանավի վթարից»: Վաշինգթոն Փոստ, Հեւնվ. 5, 2015; washingtonpost.com «Կենդանի մնացած աղջիկը հույս ուներ, որ ընտանիքը պարզապես քնած էր» Հունվ. 4, 2015, myfox8.com; «Կենտուկիի ինքնաթիռի վթարը.չորս մահացած, փոքրիկ աղջիկը կենդանի է մնացել» Հունվ 4, 2015, news.com.au; Associated Press, «Երիտասարդ աղջիկը, կենտուկիի ինքնաթիռի վթարի միակ կենդանի մնացածը» Հունվ. 3, 2015, jems.com.

  2. Ալմա 32.27, շեշտադրումն ավելացված է

  3. 3 Նեփի 14.8 տես նաև 7-րդ հատվածը:

  4. Հովհաննես 10.37–38.

  5. 3 Նեփի 11.32

  6. Վարդապետություն ԵՎ Ուխտեր 59.23