«Ծոմապահություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Ծոմապահություն
Ավելի մոտենալ Աստծուն և օգնել կարիքավորներին
Սննդից հրաժարվելը կարող է պարզապես քաղցած լինելու փորձ թվալ, և դա կարող է ճիշտ լինել։ Սակայն երբ հրաժարվում ենք ուտելիքից և ըմպելիքից, քանի որ հնազանդվում ենք ծոմապահության օրենքին, մենք պարզապես բաց չենք թողնում ուտելիքը՝ մենք պահում ենք Աստծո պատվիրաններից մեկը, որն օգնում է մեզ հոգևորապես մոտենալ Նրան:
Ծոմապահության և աղոթքի միջոցով մենք մի կողմ ենք դնում այն բաներից մի քանիսը, որոնց ապավինում ենք ֆիզիկապես և փոխարենը ընտրում ենք կախված լինել Աստծուց։ Մենք երկրպագում ենք Նրան և փնտրում Նրա մխիթարության, առաջնորդության և զորության օրհնությունները։ Մենք նաև ծոմ ենք պահում և աղոթում ենք ուրիշների համար, երբ նրանք հիվանդ են կամ հատուկ օրհնությունների կարիք ունեն։ Երբ ընդունում ենք ծոմապահության Տիրոջ հրավերը, մենք դառնում ենք ավելի կարեկից, ավելի սիրառատ, ավելի խոնարհ և ավելի պատրաստակամ՝ ծառայելու Հիսուս Քրիստոսի նման:
Ի՞նչ է ծոմապահությունը:
Ծոմապահությունը, որպես կանոն, անցնում է` «աղոթքով, ձեռնպահ մնալով սննդից և ըմպելիքից 24 ժամվա ընթացքում (եթե առողջությունը թույլ է տալիս) և տալով ծոմի առատաձեռն նվիրատվություն»։ Վերջին Օրերի Սրբերին հրավիրում են ծոմ պահել առնվազն ամիսը մեկ անգամ և կամավոր նվիրաբերել այն գումարը, որը նրանք կծախսեին սննդի վրա իրենց ծոմապահության ընթացքում՝ կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար։ Ծոմ կարելի է պահել ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով։ Ծոմապահությունն ավելին է, քան «պարզապես սոված մնալը», այն միջոց է, որով մենք «բարձրացնում ենք մեր սրտերը, մեր միտքը և մեր ձայները՝ մեր Երկնային Հոր հետ հաղորդակցման մեջ» և փնտրում Նրա կամքը և Նրա օրհնությունները:
Թեմայի ակնարկ․ Ծոմապահություն
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Աղոթք, Հայտնություն, Հոգ տանել կարիքավորների մասին
Բաժին 1
Աստված հաստատեց ծոմապահության և ծոմի նվիրատվության օրենքն իր զավակներին օրհնելու համար
Հնում Աստծո ժողովուրդը ապրում էր ծոմապահության օրենքով (տես Ելք 34․28, Եսթեր 4․16, Մատթեոս 6.16-18, Ալմա 45.1): Տերը մեր օրերում վերստին հաստատեց այս օրենքը (տես Վարդապետություն և Ուխտեր 88.76): Վերջին Օրերի Սրբերը ծոմ են պահում՝ ձեռնպահ մնալով սննդից և ըմպելիքից 24 ժամվա ընթացքում, եթե առողջությունը թույլ է տալիս։ Նրանք, ովքեր չեն կարող 24 ժամ ծոմ պահել ուտելիքից և ըմպելիքից, կարող են որոշել, թե ինչը կլինի պատշաճ ծոմապահություն, որը կօգնի նրանց հիշել Հիսուս Քրիստոսին։
Եկեղեցու անդամները կանոնավոր կերպով միասին ծոմ են պահում` սովորաբար յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը։ Նրանք նաև կամավոր նվիրաբերում են դրամական նվիրատվություն, որը կոչվում է ծոմի նվիրատվություն, ինչն առնվազն հավասար է այն ուտելիքի արժեքին, որը նրանք չէին կերել ծոմապահության ընթացքում։ Նրանց նվիրաբերությունը օգնում է կարիքավորներին ապահովել սննդով, կացարանով, հագուստով և այլ անհրաժեշտ բաներով։ Ծոմապահությունը նաև հոգևոր օրհնություններ է բերում։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Սովածներին օգնելու համար մեր ծոմապահությունը գթության արարք է, այն մեզ հոգևորապես ամրացնում է, երբ կատարվում է մաքուր մտադրությամբ»:
Մտորելու հարցեր
-
Հին ժամանակներից ի վեր ծոմապահության օրենքն օրհնել է Աստծո զավակներին։ Կարդացեք Եսայի 58.6-11 հատվածները, որպեսզի իմանաք այս օրհնություններից մի քանիսի մասին։ Ապա կարդացեք Մատթեոս 25.35-40 հատվածները: Ի՞նչ են սովորեցնում այս հատվածները ծոմապահության և կարիքավորների մասին հոգ տանելու կարևորության մասին։ Կարող եք աղոթքով քննել այս հատվածները՝ հաջորդ անգամ ծոմ պահելիս կամ ծոմի նվիրատվություն կատարելիս։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալն ավելի իմաստալից դարձնում ծոմապահության օրենքի հետ կապված ձեր փորձառությունը։
-
Եկեղեցում ամեն ամիս անցկացվում է ծոմի և վկայության ժողով: Կարդացեք Ալմա 5.45-48 հատվածները, որպեսզի իմանաք, թե ծոմապահությունն ինչպես կարող է զորացնել ձեր վկայությունն առ Հիսուս Քրիստոս: Գուցե կարող եք վերանայել այս հատվածները՝ նախքան հաջորդ ծոմի և վկայության ժողովը, որին կմասնակցեք։ Ձեր վկայությունով կիսվելով այն ամենի մասին, ինչ գիտեք, հավատում եք և զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպե՞ս կարող եք ավելի մեծ նպատակ հաղորդել ձեր ծոմապահությանը: Ինչպե՞ս կարող է այն օգնել ծոմ պահող ուրիշ մարդկանց։ Կարող եք նաև գրի առնել այն հոգևոր հուշումները, որոնք ստանում եք, երբ լսում եք ուրիշների վկայությունները, ապա գործել դրանց համաձայն։
Միասին սովորելու միջոցառումներ
-
Ծոմապահությունը սրբազան արտոնություն է, որը հրաշքներ է բերում։ Դիտեք «Fast Offerings: Are We Not All Beggars» (2․31) տեսանյութը, այնուհետև խոսեք այն մասին, թե ինչպես է ծոմապահության օրենքն օգնում մեզ հոգ տանել ուրիշների մասին և սիրել նրանց՝ ինչպես Հիսուսը։ Դուք կարող եք նաև միասին կարդալ կամ երգել «Because I Have Been Given Much» օրհներգը: Խոսեք այն մասին, թե ինչպես է Տերն առատաձեռն եղել ձեր հանդեպ, մինչ դուք ապրել եք ծոմապահության օրենքի համաձայն: Կազմեք մի ցանկ կամ նկարեք այն հրաշքները, որոնք զգացել եք, և քննարկեք, թե ինչպես են դրանք օրհնում ձեր կյանքը։
-
Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ուսուցանել է․ «Ձեր ծոմի նվիրատվությունն ավելին կանի, քան մարմինը կերակրելն ու հագցնելը։ Այն կբժշկի ու կփոխի սրտերը»: Միասին վերանայեք նախագահ Այրինգի ուղերձներից մեկը․ «Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ»: Ապա կարող եք պատմել, թե ինչպես է ծոմի նվիրատվություն կատարելը կամ ստանալը բժշկել և փոխել ձեր սիրտը։ Ինչպե՞ս են այս փորձառությունները մեծացրել ձեր սերը Աստծո զավակների հանդեպ։ Ինչպե՞ս են դրանք օգնել ձեզ զգալ Տիրոջ սերը ձեր հանդեպ:
Իմացեք ավելին
-
Դին Մ. Դեյվիս «Ծոմի օրենքը աղքատներին և կարիքավորներին հոգ տանելու անձնական պատասխանատվություն է», Լիահոնա, նոյ․ 2014, 53-55
-
Կառլ Բ. Պրատ, «The Blessings of a Proper Fast», Լիահոնա, նոյ. 2004, 47-49
-
Եկեղեցու պատմության թեմաներ, «Ծոմապահություն», Ավետարանի գրադարան
Բաժին 2
Ծոմապահությունը և աղոթքը օգնում են մեզ նախապատրաստվել Աստծո օրհնություններին
Վերջին Օրերի Սրբերը ծոմ են պահում բազմաթիվ պատճառներով: Ծոմապահությունը միջոց է՝ օգնելու ուրիշներին, երկրպագելու Աստծուն և երախտագիտություն հայտնելու Նրա համար (տես Ալմա 45.1): Մենք կարող ենք նաև ծոմ պահել՝ Աստծուց անձնական հայտնություն փնտրելու համար, կամ խնդրել Նրան օրհնել հիվանդներին և տառապյալներին (տես Սաղմոսներ 35.13, Ալմա 5.46): Ծոմապահության միջոցով մենք կարող ենք զորություն ստանալ՝ դիմակայելու գայթակղություններին և մխիթարություն ստանալու փորձությունների ժամանակ (տես Մատթեոս 4.2-4, Ալմա 30.1-2): Ավելին՝ ծոմապահությունն օգնում է մեզ լինել ավելի խոնարհ, քանի որ այն հիշեցնում է մեզ, որ լիովին կախված ենք Աստծուց (տես Սաղմոսներ 35.13)։
Ծոմապահությունն ու աղոթքը կատարվում են զուգահեռ։ Ծոմապահությունը կարող է մեր աղոթքներին ավելացնել անկեղծության և նվիրվածության տարր, իսկ աղոթքը վեհացնում է մեր ծոմապահությունը՝ պարզապես բաց թողնելով կերակուրը Աստծո հետ իրական հաղորդակցություն ունենալու համար։ Ծոմապահությունը և աղոթքը միասին զորեղ ազդեցություն են թողնում Քրիստոսի հանդեպ մեր խոնարհության և հավատքի վրա (տես Հելաման 3.35):
Մտորելու հարցեր
-
Երբեմն ծոմապահությունը կարող է դժվար լինել, բայց այն բերում է նաև բազմաթիվ հոգևոր օրհնություններ: Հիսուսի ծոմապահության օրինակի մասին կարդացեք Մատթեոս 4.1-4 հատվածներում՝ ներառելով 1-ին և 2-րդ հատվածները Ջոզեֆ Սմիթի թարգմանությունից: Ինչո՞ւ էր Հիսուսի համար կարևոր այդ ժամանակ Աստծո հետ լինել։ Քննեք, թե ծոմապահությունը և աղոթքն ինչպես կարող են օգնել ձեզ մոտենալ Աստծուն։ Ինչպե՞ս կարող եք աղոթքը դարձնել ձեր ծոմապահության ավելի կանխամտածված մասը։ Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ցանկացած տպավորության վրա:
-
Ծոմապահությունը և աղոթքը կարող են օգնել ձեզ գործիք լինել Տիրոջ ձեռքում: Կարդացեք Ալմա 17․1-3, 9: Ի՞նչ հոգևոր օրհնություններ ստացան Մոսիայի որդիները ծոմապահությունից և աղոթքից, որոնք օգնեցին նրանց կատարել Տիրոջ գործը։ Ի՞նչ կարող եք սովորել նրանց օրինակից, երբ ծառայում եք Աստծո զավակներին, կատարում ձեր կոչման պարտականությունները և կիսվում ավետարանով:
Միասին սովորելու միջոցառումներ
-
Իր՝ «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի» ելույթում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է Սամոայի, Ֆիջիի, Տահիտիի և Տոնգայի սրբերի մասին պատմությամբ, որոնք ծոմ էին պահում և աղոթում հրաշքի համար: Կարդացեք այս պատմությունը, ապա խոսեք ձեր իսկ կյանքի լեռների կամ մարտահրավերների մասին (տես Մատթեոս 17.14-21): Ի՞նչ եք սովորում նախագահ Նելսոնի խոսքերից այն մասին, թե ծոմապահությունը և աղոթքն ինչպես կարող են Տիրոջ զորությունը բերել ձեր կյանք: Կարող եք քննարկել ձեր մտքերը լեռների նկարներին նայելուց կամ միասին զբոսնելուց հետո։ Դուք կարող եք նաև խոսել այն օրհնությունների և հնարավորությունների մասին, որոնք ստացել եք, երբ ծոմ եք պահել և հավատքով աղոթել։
-
Ծոմապահությունը սովորաբար նշանակում է չուտել կամ չխմել, սակայն մենք կարող ենք մասնակցել նաև այլ տեսակի ծոմապահության: 2018թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի կանանց նիստում նախագահ Նելսոնը տվեց հետևյալ խորհուրդը. «Ես հրավիրում եմ ձեզ 10 օր ծոմ պահել և զերծ մնալ ցանկացած տեսակի սոցիալական և այլ լրատվամիջոցներից, որոնք բացասական և անմաքուր մտքեր են հաղորդում ձեզ: Աղոթեք, որ իմանաք, թե որ ազդեցություններից հեռու մնաք ձեր ծոմի ընթացքում։ Ձեր 10-օրյա ծոմի հետևանքները կզարմացնեն ձեզ։ Ի՞նչ նկատեցիք, երբ դադար վերցրիք աշխարհի պատկերներից, որոնք խոցում էին ձեր հոգին։ Արդյո՞ք փոփոխություն եք զգում, թե որտեղ այժմ կցանկանայիք ծախսել ձեր ժամանակն ու եռանդը։ Արդյո՞ք ձեր առաջնահերթություններից որևէ մեկը, նույնիսկ աննշան չափով, փոխվել է։ Ես հորդորում եմ ձեզ գրի առնել և հետևել յուրաքանչյուր տպավորության»։ Որպես խումբ՝ խոսեք այն բաների մասին, որոնցից կարող եք ծոմ պահել, որոնք կարող են խանգարել ձեզ ավելի մտերիմ լինել Աստծո հետ։ Այնուհետև ընդունեք նախագահ Նելսոնի մարտահրավերը: Ձեր ծոմապահությունից հետո քննարկեք, թե ինչպես է աղոթքն առաջնորդել ձեր փորձառությունը և ինչպես եք օրհնվել ծոմապահության համար այս ձևով:
Իմացեք ավելին
-
Նեեմիա 1, Գործք առաքելոց 10.30-33, 13․3, Մոսիա 27.22, Ալմա 17.3, 3 Նեփի 27.1-2, Վարդապետություն և Ուխտեր 59.13-14
-
Ջեյմս Բ․ Մարտինո, «Դիմեք Նրան և պատասխանները կգան», Լիահոնա, նոյ․ 2015, 58-60։
-
«The Hope of God’s Light» (տեսանյութ), Ավետարանի գրադարան