2010–2019 թթ․
«Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ»
Ապրիլ 2015


«Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ»

Ձեր ծոմի նվիրատվությունն ավելին կանի, քան մարմինը կերակրելն ու հագցնելը: Այն սրտեր կբժշկի ու կփոխի:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինձ համար ուրախություն է իմ սերը հայտնել ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս գերագույն համաժողովին: Այդ ուրախությունը գալիս է Հոգու վկայությունից, որ Փրկչի սերը հասնում է ձեզանից յուրաքանչյուրին և Երկնային Հոր բոլոր զավակներին: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ Նրա զավակներն օրհնվեն հոգեպես և ֆիզիկապես: Նա հասկանում է նրանց կարիքները, նրանց ցավերն ու նրանց հույսերը:

Երբ մենք օգնություն ենք առաջարկում ինչ-որ մեկի, Փրկիչն զգում է այնպես, կարծես թե Իրեն սատարելու ձեռք ենք մեկնել:

Նա մեզ ասել է, որ դա իրականություն կլինի, երբ նկարագրում էր ապագայի մի դրվագ, երբ բոլորս կտեսնենք Նրան այս աշխարհում մեր կյանքն ավարտելուց հետո: Այդ պատկերն իմ մտքում ավելի վառ էր դառնում օրեցօր, երբ աղոթում ու ծոմ էի պահում, որ իմանամ այսօրվա ուղերձի մասին: Տերը նկարագրել է գալիք այդ առանձնազրույցն Իր աշակերտներին, և այն նշնում է մի բան, ինքներս՝ մեր ողջ սրտով կցանանայինք, որ ճշմարիտ լիներ նաև մեզ համար.

«Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.

Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։

Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։

Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։

Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։

Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»1։

Թե՛ դուք, թե՛ ես ջերմ ընդունելության ենք ցանկանում արժանանալ Փրկչի կողմից: Բայց ինչպե՞ս կարող ենք արժանանալ դրան: Երկնային Հոր զավակներից այնքան շատերն ունեն ուտելիքի, տանիքի ու ընկերության կարիք, որ բոլորին հնարավոր չէ օգնության հասնել: Իսկ այդ թիվն ավելի է աճում ու մեր հասնելությունից հեռանում:

Այդպիսով, Տերը մեզ մի բան է հանձնարարել, որ բոլորս կարող ենք անել: Այդ պատվիրանն այնքան հասարակ է, որ երեխան էլ կարող է հասկանալ: Դա հրաշալի խոստումով մի պատվիրան է ինչպես կարիքի մեջ գտնվողի, այնպես էլ մեզ համար:

Դա ծոմապահության օրենքն է: Եսայիայի գրքի խոսքերով Տերը նկարագրել է այդ պատվիրանն ու օրհնությունը, որը մատչելի է մեզ՝ Նրա Եկեղեցու անդամներին.

«Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։

Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։

Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։

Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես,

Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լոյսը կ’ծագի խաւարումը, եւ քո խաւարը կ’լինի կէս օրուայ պէս։

Եւ Տէրը քեզ միշտ կ’առաջնորդէ, եւ կ’կշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կ’զօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կ’լինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ»։2

Այդպիսով, Տերը մեզ հասարակ պատվիրան ու սքանչելի խոստում է տվել: Եկեղեցում մենք այսօր հնարավորություն ունենք ամիսը մեկ անգամ ծոմ պահել ու առատ ծոմի նվիրատվություններ անել մեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի միջոցով աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար: Ձեր նվիրածի մի մասը կարող է օգտագործվել շրջապատի մարդկանց, գուցեև ձեր իսկ ընտանիքի անդամների համար: Տիրոջ ծառաները կաղոթեն և ծոմ կպահեն, որպեսզի հայտնությամբ գիտելիք ստանան, թե ում օգնեն և ինչ ձևով օգնեն: Այն, ինչն անհրաժեշտ չի լինի ձեր տեղական Եկեղեցու միավորի անդամներին օգնելու համար, մատչելի կդառնա օրհնելու համար կարիքի մեջ գտնվող Եկեղեցու անդամներին ողջ աշխարհում:

Աղքատների օգտին ծոմ պահելու պատվիրանին բազմաթիվ օրհնություններ են կցված: Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալն այդ օրենքին հետևելու թերացումն անվանել է բացթողնման մեղք՝ ծանր գնով. Նա գրել է. «Հարուստ խոստումներ են տրվել Տիրոջ կողմից նրանց, ովքեր ծոմ են պահում և սատարում են կարիքավորներին. … Ոգեշնչում ու հոգևոր առաջնորդություն կտրվի նրանց և դրան կուղեկցի արդարությունն ու մերձեցումը մեր Երկնային Հորը: Ծոմապահության արդար գործը բաց թողնելը կզրկի մեզ այդ օրհնություններից»:3

Ես ստացել եմ այդ օրհնություններից մեկն ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Քանի որ գերագույն համաժողովը համընկնում է հանգստյան օրերին, որոնք սովորաբար ներառում են ծոմն ու վկայության ժողովը, ես ծոմ պահեցի ու աղոթեցի, որ իմանամ, թե ինչպես հնազանդվեմ կարիքի մեջ գտնվողների մասին հոգալու պատվիրանին:

Շաբաթ օրը՝ դեռևս ծոմս չավարտած, ես արթնացա առավոտյան 6.00-ին և կրկին աղոթեցի: Ես զգացում ունեցա, որ պետք է կարդամ համաշխարհային նորությունները: Այնտեղ ես կարդացի զեկույցը.

«Փամ անունով արևադարձային ցիկլոնը ավերել է բազմաթիվ տներ, հարվածելով անմիջապես Վանուատուի մայրաքաղաքի՝ Պորտ Վիլայի վրա: Ըստ առաջին հաստատված տվյալների՝ այդ երբևէ ցամաքին հարվածած ամենահզոր փոթորիկներից մեկի հետևանքով Վանուատուում առնվազն վեց մարդ է զոհվել:

Խաղաղովկիանոսյան այդ երկրով հեծեծող ցիկլանից «գրեթե ոչ մի ծառ կանգուն չէր մնացել»:4

«Վորլդ Վիժն» կազմակերպության արտակարգ իրավիճակների գնահատման թիմը նախատեսում էր փոթորիկի մեղմանալուց հետո գնահատել վնասը:

Նրանք բնակիչներին խորհուրդ էին տվել ապաստան գտնել ամուր շինություններում, ինչպես օրինակ՝ համալսարաններում ու դպրոցներում:

«Ամենաամուր կառույցները, որ նրանք ունեն, ցեմենտից եկեղեցիներն են», - ասել էր Ինգա Մեֆամը՝ «CARE International» կազմակերպությունից: Շատերը դա էլ չունեն: Դժվար է կառույց գտնել, որը կդիմակայի 5-րդ կարգի ուժգնության (փոթորիկի):5

Երբ կարդում էի, ես հիշեցի իմ այցելությունը Վանուատուի փոքր տներ: Մտքիս մեջ պատկերացնում էի մարդկանց՝ կուչ եկած քամուց ավերված տներում: Ապա հիշեցի Վանուատուի ժողովրդի իմ հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելությունը: Պատկերացրեցի, թե ինչպես են նրանք իրենց հարևանների հետ պատսպարվում ցեմենտից ժողովատանը:

Հետո ես պատկերացրեցի եպիսկոպոսին և Սփոփող Միության նախագահին նրանց մեջ քայլելիս՝ մխիթարելով, վերմակներ, սնունդ, ուտելիք և խմելու ջուր բաժանելով: Ես պատկերացնում էի վախից մեկտեղ կուչ եկած երեխաներին:

Նրանք այնքան հեռու էին տնից, որտեղ ես կարդում էի զեկույցը, այնուամենայնիվ, ես գիտեի, թե ինչ էր անելու Տերը Իր ծառաների միջոցով: Ես գիտեի, թե ինչն էր հնարավոր դարձրել, որ նրանք սատարեին Երկնային Հոր այդ զավակներին՝ դա ծոմի նվիրատվությունն էր, որն ազատ կամքով նվիրվում է Տիրոջ աշակերտների կողմից, ովքեր հեռու են իրենցից, բայց մոտ են Տիրոջը:

Այնպես որ, ես չսպասեցի կիրակի օրվան: Ես իմ ծոմի նվիրատվությունը տարա իմ եպիսկոպոսին այդ առավոտյան: Գիտեմ, որ իմ այդ նվիրատվությունը կարող է օգտագործվել եպիսկոպոսի և Սփոփող Միության նախագահի կոցմից՝ օգնելու շրջապատի մարդկանցից մեկին: Իմ փոքրիկ նվիրատվությունը, միգուցե, պետք չլինի իմ և իմ ընտանիքի շրջապատի մարդկանց օգնելու համար, սակայն տեղական ավելցուկը հնարավոր է հասնի նույնիսկ մինչև Վանուատու:

Այլ փոթորիկներ ու ողբերգություններ վրա կհասնեն աշխարհում մարդկանց, որոնց Տերը սիրում է և ում վշտերը Նա կիսում է: Այս ամսվա իմ և ձեր ծոմի նվիրատվության մի մասը կօգտագործվի օգնելու ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ, որի սփոփանքը Տերը կզգա որպես Իր սեփականը:

Ձեր ծոմի նվիրատվությունն ավելին կանի, քան մարմինը կերակրելն ու հագցնելը. Այն սրտեր կբժշկի ու կփոխի: Ազատ կամքով նվիրատվությունը կարող է ստացողի սրտում ուրիշ կարիքավորներին ձեռք մեկնելու ցանկության պտուղ տալ: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում:

Դա տեղի է ունեցել քույր Աբի Թուրեի կյանքում, ով ապրում է Սիեռա Լեոնե հանրապետությունում, որտեղ քաղաքացիական պատերազմ էր սկսվել 1991թ.: Շարունակվելով մի տասնամյակ՝ այն ավերել էր երկիրը: Սիեռա Լեոնեն դարձել էր ամենաաղքատ երկրներից մեկը աշխարհում. «Պատերազմի ժամանակ պարզ չէր, թե ով է [վերահսկում] երկիրը՝ բանկերը… . փակվել էին, կառավարական գրասենյակները՝ կողպվել, ոստիկանական ուժերը [անարդյունավետ էին ապստամբ ուժերի դեմ]… . և գերիշխում էր քաոսը, սպանությունն ու վիշտը: Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց կյանքը և ավելի քան երկու միլիոն մարդ ստիպված էին լքել իրենց տները՝ սպանդից խուսափելու համար»:6

Նույնիսկ այդպիսի իրավիճակում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աճում էր:

Առաջին ճյուղերից մեկը կազմավորվել էր քույր Թուրեյի ապրած քաղաքում: Նրա ամուսինն առաջին ճյուղի նախագահն էր: Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա ծառայում էր որպես շրջանի նախագահ:

«[Այժմ] երբ հյուրեր են այցելում քույր Թուրեյի տուն, նա սիրում է ցույց տալ պատերազմից մնացած երկու [մասունք]. կապույտ-սպիտակ գծավոր վերնաշապիկ [նա ստացել էր] օգտագործված հագուստի հակից [Եկեղեցու անդամների կողմից նվիրված] և մի վերմակ, որն այժմ մաշված է ու ծակծկված անցքերով»:7

Նա ասում է. «Այս վերնաշապիկը առաջին… . հագուստն էր, որ [ստացա]… . Ես այն հագնում էի աշխատանքի գնալիս, այն շատ լավն էր: [Ես ինձ շատ գեղեցիկ էի զգում]: Ուրիշ հագուստ ես չունեի:

Պատերազմի ընթացքում այս վերմակը ինձ և իմ երեխաներին տաք էր պահում: Երբ ապստամբները հարձակվում էին մեզ վրա, սա միակ բանն էր, որ ձեռքս էր ընկնում [երբ մենք փախչում էինք մացառուտներում թաքնվելու]: Այնպես որ, մենք վերցնում էինք վերմակը մեզ հետ: Այն մեզ ջերմացնում է‑ր և պաշտպանում էր մոծակներից»:8

Քույր Թուրեյը երախտագիտություն է հայտնում միսիայի նախագահին, որը վերադառնում էր պատերազմական երկիր [փող ունենալով] իր գրպանում: Ձեզ նման մարդկանց կատարած ծոմի նվիրատվության այդ միջոցները, հնարավորություն էին տալիս, որ Սրբերը գնեին սնունդ, որ Սիեռա Լեոնեի բնակիչների մեծ մասը չէր կարող իրեն թույլ տալ:9

Քույր Թուրեյը, խոսելով նրանց մասին, ովքեր այդքան մեծահոգի են եղել՝ նվիրատվություն անելու նրանց համար, որ գոյատևեն, ասում է. «Երբ մտածում եմ մարդկանց մասին, ովքեր անում են այս, … ես զգում եմ, որ [նրանք] ուղարկվել են Աստծո կողմից, այն բանի շնորհիվ, որ հասարակ մարդկային էակները նման քայլ են անում [մեզ] համար»:10

Վերջերս Միացյալ Նահանգներից մի այցելու զրույցի էր նստել Աբիի հետ: Այդ զրույցի ժամանակ Աբիի զրուցակցի աչքին ընկավ «սուրբ գրությունների մի հատոր, որ սեղանի վրա էր»: Նա կարող էր ասել, որ դրանք մի գանձ են եղել. «լավ նշված՝ սյունակներում գրառումներ: Էջերը մաշված էին, մի քանիսը՝ պատռված: Կազմն անջատվել էր գրքից»:

Զրուցընկերը «իր ձեռքը վերցրեց սուրբ գրությունները և մեղմորեն շրջեց էջերը: Թերթելու ընթացքում նա գտավ տասանորդի նվիրատվության դեղին թերթիկի մի օրինակ: Նա կարողացավ նկատել, որ մի երկրում, որտեղ [դոլարը ոսկու կշիռ ուներ], Աբի Թուրեյը վճարել էր մեկ դոլար որպես իր տասանորդ, մեկ դոլար որպես միսիոներական ֆոնդ և մեկ դոլար որպես ծոմի նվիրատվություն նրանց համար, ովքեր, իր խոսքերով, «իրապես աղքատ» էին»:

Այցելուն փակեց Քույր Թուրեյի սուրբ գրությունները և մտածեց, որ կանգնելով աֆրիկացի այդ հավատարիմ մոր կողքին, նա կանգնած էր սուրբ հողին:11

Ճիշտ ինչպես իմ և ձեր ծոմի նվիրատվության թերթիկը կարող է սրտեր փոխել, այնպես էլ ուրիշների համար ծոմ պահելը կարող է փոփոխություն կատարել: Նույնիսկ երեխան կարող է զգալ այն:

Շատ երեխաներ և որոշ մեծահասակներ, կարող են անձնական պատճառներով 24-ժամյա ծոմը դժվարություն համարել: Կարող է թվալ, Եսայիայի խոսքերով ասած, որ ծոմ պահելով «իրենց հոգին ճգնում է»: Իմաստուն ծնողները գիտակցում են, որ նման հավանականություն կա, և ուստի, զգուշորեն հետևում են Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խորհրդին. «Ավելի լավ է սովորեցնել նրանց սկզբունքը, և թույլ տալ, որ նրանք պահեն այն, երբ մտավորապես բավականաչափ հասուն են»:12

Վերջերս ես նկատեցի այդ խորհրդի օրհնությունը: Իմ թոռներից մեկի համար 24-ժամյա ծոմն իր դիմադրողականությունից վեր էր: Սակայն նրա իմաստուն ծնողները դեռևս սերմանում էին այդ սկզբունքն իր սրտում: Իր դպրոցի ընկերներից մեկը, վերջերս, դժբախտ պատահարի արդյունքում կորցրեց իր հորեղբոր փոքր որդուն: Ծոմապահության օրը, մոտավորապես այն ժամին, երբ թոռս պատրաստ էր դադարեցնել իր ծոմը, նա հարցրեց մորը, որ եթե նա շարունակեր ծոմ պահելը, արդյոք դա կօգնե՞ր, որ իր վշտահար ընկերը լավ զգար:

Նրա հարցը հաստատումն էր Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խորհրդի: Իմ թոռը հասել էր այն կետին, երբ նա ոչ միայն հասկացել էր ծոմապահության սկզբունքը, այլ դրա սերմը ծիլ էր տվել իր սրտում: Նա սկսել էր զգալ, որ իր ծոմն ու աղոթքը Աստծո կողմից կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկի օրհնությունը կդառնա: Եթե նա ավելի հաճախ ապրի այդ սկզբունքով, ապա հրաշալի արդյունքներ կունենա իր կյանքում, ինչպես խոստացել էր Տերը: Նա կունենա ոգեշնչում՝ ստանալու հոգևոր օրհնություն և ավելի մեծ կարողություն ձեռք կբերի գայթակղություններին դիմակայելու:

Մենք չգիտենք բոլոր պատճառները, թե ինչու Հիսուս Քրիստոսը գնաց անապատ, որպեսզի ծոմ պահեր և աղոթեր: Սակայն գիտենք հետևանքներից առնվազն մեկը: Փրկիչը կարողացավ լիովին դիմադրել Իր աստվածային իշխանությունը չարաշահելու Սատանայի գայթակղություններին:

Այն կարճ ժամանակը, որ ծոմ ենք պահում ամեն ամիս և փոքր գումարը, որ նվիրաբերում ենք աղքատների համար, հնարավոր է միայն մի փոքր չափով ներգործի այլևս չարիք չգործելու մեր էության փոփոխության վրա: Սակայն, երբ անում ենք ողջամտորեն հնարավորը, որպեսզի աղոթենք, ծոմ պահենք և նվիրաբերենք նրանց համար, ովքեր կարիքի մեջ են, մենք մի մեծ խոստում ունենք.

«Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։

Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես»:13

Իմ աղոթքն է, որ մենք հայցենք այդ մեծ օրհնությունները մեզ համար և մեր ընտանիքների համար:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Իր Եկեղեցում մենք հրավեր ունենք օգնելու Նրան, մինչ Նա հոգում է աղքատների մասին Իր ձևով, և որ Նրան օգնողներին խոստացված հավիտենական օրհնություններ կտրվեն: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 25.34–40:

  2. Եսայիա 58.6–11:

  3. Spencer W. Kimball, The Miracle of Forgiveness (1969), 98.

  4. Տես /Steve Almasy, Ben Brumfield, and Laura Smith-Spark, “Cleanup Begins in Vanuatu after Cyclone Batters Islands,” Mar. 14, 2015, edition.cnn.com:

  5. Տես Sean Morris, Steve Almasy, and Laura Smith-Spark, “‘Unbelievable Destruction’ Reported in Tropical Cyclone Pam’s Wake,” Mar. 14, 2015, edition.cnn.com:

  6. Peter F. Evans, “Sister Abie Turay’s Story,” unpublished manuscript.

  7. Evans, “Sister Abie Turay’s Story.”

  8. Abie Turay, quoted in Evans, “Sister Abie Turay’s Story.”

  9. Peter F. Evans, “Sister Abie Turay’s Story.”

  10. Abie Turay, quoted in Peter F. Evans, “Sister Abie Turay’s Story.”

  11. Peter F. Evans, “Sister Abie Turay’s Story”; a video about Sister Turay, “We Did Not Stand Alone,” is available at lds.org/media-library.

  12. Joseph F. Smith, “Editor’s Table,” Improvement Era, Dec. 1903, 149.

  13. Եսայիա 58.8–9: