2010–2019 թթ․
Կիրակին բերկրանք է
Ապրիլ 2015


Կիրակին բերկրանք է

Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ Հանգստության օրվա ձեր վարքն ուրախություն և ցնծություն կբերի։

Սիրելի քույրեր և եղբայրներ, համաժողովի այս երկու օրերը հիանալի էին։ Ոգեշնչող երաժշտության և արտահայտիչ աղոթքների միջոցով մենք վեհացում ապրեցինք։ Լույսի և ճշմարտության ուղերձներից մեր հոգիները շինություն ստացան։ Զատիկի այս Կիրակի օրը, մենք միասնաբար և անկեղծորեն կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ Մարգարեի համար։

Յուրաքանչյուրիս համար հնչող հարցը հետևյալն է․ Այս համաժողովի ընթացքում իմ լսածից և զգացածից, ինչպե՞ս կփոխվեմ ես։ Ինպիսին էլ որ ձեր պատասխանը հնչի, ես հրավիրում եմ ձեզ քննել ձեր զգացմունքները և ձեր վարքագիծը Հանգստության օրվա վերաբերյալ։

Ես հիացած եմ Եսայիայի խոսքերից, ով Շաբաթը բերկրանք անվանեց։ Սակայն ես հարց եմ տալիս, թե Հանգստության օրը իսկապե՞ս բերկրանք է ինձ և ձեզ համար։

Առաջին անգամ Հանգստության օրվա մեջ բերկրանք գտա շատ տարիներ առաջ, երբ որպես զբաղված վիրաբույժ Հանգստության օրը դարձավ իմ անձնական առողջությամբ զբաղվելու օր։ Ամեն շաբաթվա վերջում իմ ձեռքերը ցավում էին օճառով, ջրով և կոշտ խոզանակով անընդհատ մաքրելուց։ Դժվար աշխատանքից հետո ես նույնպես կարիք ունեի հանգստյան։ Կիրակին տալիս էր այդքան սպասված հանգիստը։

Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց, որ «Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար»։ Ես հավատում եմ, որ Նա ցանկանում էր, որ մենք հասկանանք, որ Շաբաթը Նրա պարգևն էր մեզ համար, որը տրամադրում էր հանգիստ ամենօրյա կյանքի դժվարություններից և հնարավորություն՝ հոգևոր և ֆիզիկական նորոգման։ Աստված մեզ այդ հատուկ օրը տվել է ոչ թե զվարճանքի կամ ամենօրյա աշխատանքի համար, այլ աշխատանքից հանգստանալու՝ ֆիզիկականի և հոգևորի միջոցով։

Եբրայերենից թարգմանած Շաբաթ բառը նշանակում է հանգիստ։ Շաբաթի նպատակը ետ է գնում մինչև աշխարհի Ստեղծումը, երբ վեց օր աշխատելուց հետո, Տերը հանգիստ առավ ստեղծման աշխատանքից։ Երբ ավելի ուշ Նա Տասը պատվիրանները տվեց Մովսեսին, Աստված պատվիրեց, որ մենք «Հիշենք հանգստության օրը՝ սուրբ պահելով այն»։ Ավելի ուշ Շաբաթը պահվել է, որպես Եգիպտոսի գերությունից Իսրայելից ազատագրվելու հիշատակի օր։ Հավանաբար, առավել կարևորն այն է, որ Հանգստության օրը տրվել է որպես հավիտենական ուխտ, մշտական հիշեցում, որ Տերը կսրբագործի Իր ժողովրդին։

Ի լրումն, այժմ Հանգստության օրը մենք հաղորդություն ենք ընդունում՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Քավության։ Բացի այդ, մենք ուխտ ենք կապում, որ մենք հոժար ենք մեզ վրա վերցնել Նրա սուրբ անունը։

Տերն իրեն ճանաչում է, որպես Շաբաթի Տեր։ Դա Նրա օրն է։ Նա բազմիցս անգամ խնդրել է մեզ պահել Շաբաթը կամ սուրբ պահում Հանգստության օրը։ Մենք ուխտել ենք այդպես վարվել։

Ինչպե՞ս ենք մենք սուրբ պահում Հանգստության օրը։ Իմ ավելի երիտասարդ տարիքին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր ցուցակ են կազմել այն բաների համար, որոնք պետք է անել և այն բաների համար, որոնք չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով, ես այլևս կարիք չունեի այդ ցուցակի։ Երբ պետք է որոշում կայացնեի, թե արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում։

Չնայած Հանգստության օրվա վերաբերյալ վարդապետությունը հնագույն ծագում ունի, այս վերջին օրերում որպես նոր ուխտի մի մաս նորոգվել է խոստումով։ Ականջ դրեք այդ աստվածային հրամանի զորությանը․

«Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը․

Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին․ …

Եվ այդ օրը … թող քո ուտելիքը պատրաստվի սրտի պարզությամբ, որ քո ծոմապահությունը լինի կատարյալ, … որ քո ուրախությունը լինի լիակատար։ …

Եվ որքան որ դուք անեք այս բաները գոհաբանությամբ, ուրախ սրտերով ու դեմքերով, … երկրի լիությունը ձերը կլինի»։

Պատկերացրեք այդ հայտարարության հորիզոնը։ Երկրի լիությունն է խոստացված նրանց, ովքեր Հանգստության օրը սուրբ են պահում։ Զարմանալի չէ, որ Եսայիան այդ օրը բերկրանք է անվանում։

Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ Հանգստության օրվա ձեր վարքն ուրախություն և ցնծություն կբերի։ Եկեղեցի գնալուց, հաղորդություն ճաշակելուց և ձեր կոչման մեջ ջանասեր լինելուց բացի, ի՞նչ այլ միջոցառումներ կօգնեն ձեզ, որպեսզի Հանգստության օրը բերկրանք լինի ձեր համար։ Ի՞նչ նշան դուք կփոխանցեք Տիրոջը, որպեսզի ցույց տաք ձեր սերը Նրա հանդեպ։

Հանգստության օրը լավ հնարավորություն է ընձեռում ամրապնդելու ընտանեկան կապերը։ Ի վերջո, Աստված ցանկանում է, որ Նրա զավակներից յուրաքանչյուրը՝ որպես օժտված Սուրբ, ընտանիքներով կնքված տաճարում, մեր նախնիների և մեր սերունդների հետ, վերադառնա Նրա մոտ։

Մենք Հանգստության օրը բերկրանք ենք դարձնում, երբ մեր զավակներին ուսուցանում ենք ավետարանը։ Որպես ծնողներ մեր պատասխանատվությունը լիովին պարզ է։ Տերն ասել է․ «Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում … որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին»։

Տարիներ առաջ Առաջին Նախագահությունը մատնանշել է ընտանիքով ժամանակ անցկացնելու առանձնահատկությունը։ Նրանք գրել են․

«Մենք կոչ ենք անում ծնողներին իրենց լավագույն ջանքերը նվիրել իրենց երեխաներին ավետարանի սկզբունքներն ուսուցանելու և ըստ այդ սկզբունքների դաստիարակելու, ինչը նրանց մոտ կպահի Եկեղեցուն։ Տունը արդարակյաց կյանքի հիմքն է և ոչ մի այլ միջոց չի կարող փոխարինել կամ կատարել նրա հիմնական գործառույթները՝ այդ աստվածատուր պատասխանատվությունն իրականացնելու գործում։

Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն տալ ընտանեկան աղոթքին, ընտանեկան երեկոներին, ավետարանի ուսումնասիրությանը և հրահանգներին և ընտանեկան առողջ միջոցառումներին։ Որքան էլ արժանի և պատշաճ լինեն այլ պահանջներն ու միջոցառումները, չպետք է թույլ տալ, որ դրանք փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որ միայն ծնողները և ընտանիքները կարող են հավուր պատշաճ կատարել»։

Երբ խորհում եմ այդ խորհրդի շուրջ, ես գրեթե ցանկանում եմ, որ ես կրկին անգամ լինեի երիտասարդ հայր։ Այժմ ծնողներն այնպիսի հիանալի միջոցներ ունեն Հանգստության օրը, ինչպես նաև մյուս օրերը ընտանեկան ժամանցն ավելի նշանակալից դարձնելու համար։ Նրանք ունեն՝ LDS.org, Mormon.org կայքերը, աստվածաշնչյան ֆիլմերի տեսաշարը, մորմոնական ալիքը, առցանց մեդիա գրադարանը, Friend,New Era,Ensign, և Լիահոնա ամսագրերն ու շատ ավելին։ Այդ միջոցները շատ օգտակար են ծնողների համար, որպեսզի նրանք իրականացնեն իրենց երեխաներին ուսուցանելու սրբազան պարտականությունը։ Ոչ մի այլ գործ այնքան կարևոր չէ, որքան արդարամիտ, հոգատար ծնող լինելը։

Երբ դուք ուսուցանեք ավետարանը, դուք կսովորեք ավելին։ Դա Տիրոջ եղանակն է, որով Նա օգնում է ձեզ հասկանալ Իր ավետարանը։ Նա ասել է․

«Եվ ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք միմյանց պետք է ուսուցանեք արքայության վարդապետությունը։

Ուսուցանեք ջանասիրաբար… , որպեսզի դուք ավելի կատարյալ ձևով հրահանգվեք ավետարանի տեսության, … վարդապետության և օրենքի մեջ, բոլոր բաներում, որոնք վերաբերում են Աստծո արքայությանը»։

Ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը Հանգստության օրը բերկրանք է դարձնում։ Այդ խոստումն ուժի մեջ է, անկախ ընտանիքի չափսից, կազմից կամ վայրից։

Բացի ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուց, դուք Հանգստյան օրն իրական բերկրանք կարող եք ստանալ ընտանեկան պատմության աշխատանք կատարելուց։ Փնտրելով և գտնելով այն ընտանիքի անդամներին, ովքեր նախորդել են ձեզ այս երկրի վրա՝ նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանն այստեղ գտնվելու ժամանակ, կարող է ձեզ մեծ ուրախություն պատճառել։

Ես դա իմ աչքերով եմ տեսել։ Մի քանի տարի առաջ իմ կինը՝ Վենդին, սովորեց, թե ինչպես կատարել ընտանեկան պատմության աշխատանքը։ Սկզբում նրա առաջընթացը դանդաղ էր, սակայն քիչ-քիչ նա սովորեց, թե որքան հեշտ էր այդ սրբազան աշխատանքը կատարելը։ Եվ ես երբեք նրանք այդքան երջանիկ չէի տեսել։ Դուք նույնպես կարիք չունեք գնալու այլ երկրներ կամ նույնիսկ ընտանեկան պատմության կենտրոն։ Տանը՝ համակարգչի կամ շարժական սարքերի օգնությամբ, դուք կարող եք գտնել այն հոգիներին, ովքեր կարոտ են իրենց արարողություններին։ Հանգստության օրը բերկրանք դարձրեք՝ գտնելով ձեր նախնիներին և ազատելով նրանց հոգևոր բանտից։

Հանգստության օրը բերկրանք դարձրեք՝ ծառայելով ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր վատառողջ են, միայնակ են կամ կարիքի մեջ են։ Բարձրացնելով նրանց հոգիները՝ ձերը, նույնպես կբարձանա։

Երբ Եսիայիան Շաբաթը բերկրանք անվանեց, նա նաև ուսուցանեց, թե ինչպես դարձնել այն բերկրալի։ Նա ասել է․

«Եթէ ետ դարձնես … բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես [բերկրանք], … եւ [Տիրոջը] պատուես՝ քո ճանապարհները չկատարելով, եւ քո բաղձանքը չլրացնելով եւ դատարկաբանութիւն չանելով,

Այն ժամանակ [բերկրանք կապրես] Տէրովը։»

Հանգստության օրը «քո բաղձանքը» չհետապնդելը պահանջում է ինքնակառավարում։ Դուք պետք է հրաժարվեք մի բանից, որը գուցե սիրում եք։ Եթե դուք ընտրեք բերկրանք ապրել Տիրոջով, դուք ինքներդ ձեզ թույլ չեք տա վերաբերել դրան, ինչպես մեկ այլ օրվա։ Առօրյա և ժամանցային միջոցառումները կարող եք կատարել մեկ ուրիշ ժամանակ։

Մտածեք այս մասին․ Տասանորդ վճարելով, մենք մեր եկամուտի մեկ տասներորդ մասը վերադարձնում ենք Տիրոջը։ Հանգստության օրը սուրբ պահելով, մենք յոթ օրից մեկը պահում ենք, որպես Նրա օր։ Այնպես որ, դա մեր արտոնությունն է նվիրաբերել և՛ գումար և՛ ժամանակ Նրան, ով ամեն օր նվիրում է մեզ կյանք։

Աստծո հանդեպ հավատքը ծնում է սեր Հանգստության օրվա հանդեպ։ Հանգստության օրվա հանդեպ հավատքը ծնում է սեր Աստծո հանդեպ։ Սուրբ Հանգստության օրն իսկապես բերկրանք է։

Այժմ, երբ համաժողովն իր ավարտին է մոտենում, մենք գիտենք, որ որտեղ էլ ապրենք, մենք պետք է օրինակ ծառայենք մեր ընտանիքների, հարևանների և ընկերների համար։ Ճշմարիտ հավատացյալները Հանգստության օրը սուրբ են պահում։

Ես կեզրափակեմ Մորոնիի հրաժեշտի աղոթքով, երբ նա ավարտեց Մորմոնի Գիրքը։ Նա գրեց․ «Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա… . դուք կսրբագործվեք Քրիստոսում»։

Սերը սրտումս՝ ես այս ամենը թողնում եմ ձեզ, որպես իմ աղոթք, վկայություն և օրհնություն։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Տպել