2010–2019 թթ․
Վերադարձ հավատքին
Ապրիլ 2015


Վերադարձ հավատքին

Մեզանից յուրաքանչյուրը կարող է ամրացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս մեր անձնական կյանքում և ուրախություն գտնել:

Նախագահ Մոնսոն, այս Զատկի առավոտյան մենք անչափ երախտապարտ ենք մեր կենդանի մարգարեի ձայնը լսելու համար: Մենք բարձր ենք գնահատում ձեր խոսքերը, նաև ձեր խորհուրդը. «Ուրախություն գտեք ճանապարհին»1 և «Ապագան պայծառ է ձեր հավատքի պես»:2

Այս տարի Երեխաները կիսվում են առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքի ուրախությամբ և պայծառությամբ, երբ երգում են «Գիտեմ սիրում է Փրկիչն ինձ» երգը: Նրանք երգում են ճշմարտությունը. «Ես գիտեմ, որ Նա ապրում է: … Իմ սիրտը նվիրում եմ Նրան»:3 Երեխաների պես մեզանից յուրաքանչյուրը կարող է ամրացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս մեր անձնական կյանքում և ուրախություն գտնել:

Վերջերս Սփոփող Միության կիրակնօրյա ժողովին ես լսեցի մի երիտասարդ մոր, ով ներկայացրեց իր դարձի ուղին: Նա մեծացել էր Եկեղեցում ծնողների հետ, ովքեր ուսուցանել էին ավետարանը: Հաճախել էր Երեխաների Խումբ, Երիտասարդ կանանց դասարան և սեմինարիա: Նա սիրով էր սովորում և հայտնագործում ճշմարտություններ: Նա մշտապես փնտրտուքի մեջ էր: Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Տերը կարող է ուսուցանել միայն պրպտող միտքը»:4 Իսկ այդ երիտասարդ աղջիկն ընկալունակ էր:

Ավագ դպրոցից հետո նա ընդունվել էր համալսարան, կնքվել տաճարում վերադարձած միսիոների հետ և օրհնվել հրաշալի երեխաներով:

Պրպտող ոգով այս մայրը շարունակում էր հարցեր տալ: Բայց հարցերը բարդանալու հետ պատասխաններն էլ էին բարդանում: Իսկ երբեմն էլ պատասխաններ չէին լինում, կամ պատասխանները խաղաղություն չէին պարգևում: Ի վերջո, պատասխաններ փնտրելիս ավելի ու ավելի շատ հարցեր էին ծագում, և նա սկսեց հարցականի տակ դնել իր հավատքի որոշ հիմնադրույթներ:

Այդ շփոթեցնող ժամանակահատվածում նրա շրջապատից ոմանք ասում էին. «Ուղղակի հավատա ինձ»: Իսկ նա մտածում էր. «Ես չեմ կարող, դուք չեք հասկանում, դուք չեք մաքառում այդ խնդիրների հետ»: Նա բացատրեց. «Ես պատրաստ էի քաղաքավարի լինել նրանց հետ, ովքեր առանց կասկածի էին ապրում, բայց նրանք նույնպես պետք է նման ձևով վերաբերեին ինձ»: Շատերն այդպես էլ վարվում էին:

Նա ասաց. «Ծնողներս գիտեին իմ սիրտը և ինձ չէին անհանգստացնում: Նրանք սիրով էին շրջապատել ինձ, մինչ ես փորձում էի ինքս կողմնորոշվել»: Նաև, այդ երիտասարդ կնոջ եպիսկոպոսը հաճախ էր հանդիպում նրան և ասում, որ վստահում էր իրեն:

Ծխի անդամները ևս անվարան սեր էին ցուցաբերում, և նա իրեն ընդգրկված էր զգում: Նրա ծուխը չէր փորձում կատարյալ երևալ, այլ դա հոգատար վերաբերմունք դրսևորելու վայր էր:

Նա հիշում է. «Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ես իրական կապ զգացի իմ մահացած տատիկների և պապիկների հետ: Նրանք աջակցում և խրախուսում էին ինձ, որ շարունակեի փորձել: Նրանք կարծես ասում էին. «Կենտրոնացիր քո գիտելիքի վրա»:

Չնայած այդքան մեծ աջակցությանը, նա դարձավ ոչ ակտիվ: Նա ասաց. «Ես ինձ չէի առանձնացնում Եկեղեցուց վատ վարքի, հոգևորի հանդեպ անտարբերության, պատվիրաններով չապրելու համար արդարացում կամ հեշտ ուղի փնտրելու պատճառով: Զգում էի, որ ինձ հարկավոր էր «Ինչի՞ն եմ ես իրականում հավատում» հարցի պատասխանը:

Այդ ժամանակ էր, որ ես կարդացի Մայր Թերեզայի գրվածքները, ով նմանատիպ զգացմունքներով էր կիսվել: 1953թ. նամակում Մայր Թերեզան գրել էր. «Խնդրում եմ աղոթեք հատկապես ինձ համար, որ ես չխափանեմ, Նրա աշխատանքը և որ Մեր Տերը ցույց տա Իրեն, քանզի այնպիսի սոսկալի խավար է տիրում իմ մեջ, ասես ամեն ինչ մահացած է: Ես նման վիճակում եմ գտնվում «աշխատանքը» սկսելու պահից ի վեր: Խնդրեք Մեր Տիրոջը, որ ինձ քաջություն պարգևի»:

Արքեպիսկոպոս Պեղին պատասխանել էր. «Աստված առաջնորդում է քեզ, սիրելի Մայր. դու այդքան թանձր խավարի մեջ չես, որքան կարծում ես: Ճանապարհը, որով քայլում ես, միշտ չէ որ անմիջապես հստակ երևում է: Աղոթիր լույսի համար, արագ որոշումներ մի կայացրու, լսիր մյուսների կարծիքները, քննիր նրանց դրդապատճառները: Դու միշտ կգտնես մի բան, ինչը քեզ համար օգտակար կլինի: … Առաջնորդվիր հավատքով, աղոթքով, առողջ դատողությամբ և անկեղծ միտումով, որը դու բավականաչափ ունես»:5

Այդ երիտասարդ կինը մտածեց, որ եթե Մայր Թերեզան կարող էր ապրել իր կրոնով առանց բոլոր պատասխաններն ունենալու և առանց ամեն ինչ հստակ զգալու, գուցե ինքը ևս կկարողանար: Նա կարողացավ առ հավատք մի հասարակ քայլ կատարել, և ապա մեկ ուրիշը: Նա կարողանում էր կենտրոնանալ ճշմարտությունների վրա, որոնց նա հավատում էր, և թույլ տվեց, որ այդ ճշմարտությունները լցնեին իր միտքն ու սիրտը:

Ետ նայելով նա ասում է. «Իմ վկայությունը դարձել էր, կարծես, մի մոխրակույտ: Այն ամբողջովին այրվել էր: Մնացել էր միայն Հիսուս Քրիստոսը»: Նա շարունակում է. «Բայց Նա չի լքում քեզ, եթե դու հարցեր ունես: Երբ ինչ-որ մեկը փորձում է պահել պատվիրանները, դուռը լայն բացվում է: Աղոթքը և սուրբ գրություններն ուսումնասիրելը դարձան անչափ կարևոր»:

Իր հավատքը վերակառուցելու համար նախ նա սկսեց ավետարանի հիմնական ճշմարտություններից: Նա վերցրեց Մանկական երգարանը և սկսեց կարդալ երգերի խոսքերը: Դրանք գանձեր էին նրա համար: Նա աղոթեց, որ հավատք ունենար բարձրացնելու ծանրությունը, որ զգում էր:

Նա սովորեց, որ երբ կարդում էր մի միտք, որն իր մեջ կասկածի տեղիք էր տալիս, նա «կանգ էր առնում, նայում համայնապատկերին և ավետարանի այդ կետը դիտարկում անձնական տեսակետից»: Նա ասաց. «Ես հարցնում էի՝ արդյո՞ք սա ճիշտ ուղի է իմ և իմ ընտանիքի համար»: Երբեմն հարցնում էի ինքս ինձ. «Ի՞նչ եմ ուզում իմ երեխաների համար»: Ես հասկացա, որ ուզում էի նրանք տաճարում ամուսնանային: Այդ ժամանակ էր, որ հավատքը կրկին լցրեց իմ սիրտը»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Խոնարհությունը, հավատքը և Սուրբ Հոգու ազդեցությունը միշտ կլինեն ճշմարտության փնտրտուքի տարրերը»:6

Թեպետ նա հարցեր ուներ Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ, նա չէր կարող մերժել Մորմոնի Գրքի ճշմարտությունները: Փրկչին ավելի լավ հասկանալու նպատակով նա կենտրոնացավ Նոր կտակարանն ուսումնասիրելու վրա: Նա ասաց. «Բայց ի վերջո ես վերադարձա Մորմոնի Գրքին, որովհետև Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ընթերցելիս հրաշալի զգացողություններ էին պարուրել ինձ»:

Նա ավարտեց այսպես. «Պետք է ունենաս այդ գրքի ճշմարտությունների հետ կապված քո անձնական հոգևոր փորձառությունները»: Իսկ նա ուներ այդ փորձառությունները: Նա բացատրեց. «Ես կարդում եմ Մոսիան և այն ուղղորդում է, ինձ. «Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները. … հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը, և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել»:7

Այդ ժամանակ էր, որ նրան կանչեցին ծառայելու Երեխաների խմբում որպես դաշնակահար: «Դա ապահով էր,- ասաց նա,- ես ցանկանում էի, որ իմ երեխաները հաճախեին Երեխաների խումբ, և այժմ ես կարող էի նրանց հետ լինել: Իսկ ես դեռ պատրաստ չէի ուսուցանելու»: Ծառայելու ընթացքում նա մշտապես զգում էր իր շրջապատի վերաբերմունքը. «Արի, մենք կընդունենք քեզ ինչպիսի հոգևոր աստիճանում էլ որ գտնվես, և մենք կաշխատենք քեզ հետ: Տուր մեզ ինչ որ կարող ես»:

Նվագելով մանկական երգերը, նա հաճախ մտածում էր. «Ահա իմ սիրելի ճշմարտությունները: Ես դեռևս կարող եմ վկայություն բերել: Պարզապես կասեմ այն, ինչ գիտեմ և ինչին վստահում եմ: Գուցե դա չլինի գիտելիքի կատարյալ մատուցում, բայց դա կլինի իմը: Ինչի վրա որ կենտրոնանում եմ, իմ ներսում աճում է: Հրաշալի է, երբ վերադառնում ես ավետարանի բուն էությանը և հստակություն զգում»:

Կիրակի առավոտյան լսելով այդ երիտասարդ քրոջ պատմությունը, հիշեցի, որ մենք պետք է մեր հիմքը կառուցենք մեր Քավչի վեմի վրա:8 Ես նաև հիշեցի Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհուրդը. «Ամուր կառչեք ձեր ունեցած գիտելիքից և անխախտ եղեք, մինչև կգա լրացուցիչ գիտելիքը»:9

Նրա դասի ընթացքում ես առավել վառ կերպով հասկացա, որ մեր անկեղծ հարցերի պատասխանները գալիս են, երբ մենք համառորեն փնտրում ենք և ապրում ենք պատվիրաններով: Ես հիշեցի, որ մեր հավատքը կարող է անցնել մեր դատողության սահմաններից այն կողմ:

Եվ, որքա՜ն եմ ուզում լինել նրանց պես, ովքեր սիրով և ուշադրությամբ էին շրջապատել այդ երիտասարդ մորը: Ինչպես Նախագահ Ուխդորֆն է ասել. «Քայլելով աշակերտության արահետով, մենք բոլորս էլ Աստծո լույսը փնտրող ուխտագնացներ ենք: Մենք մարդկանց չենք դատապարտում լույսի այն չափի համար, որ նրանք ունեն կամ չունեն. այլ մենք սնուցում և քաջալերում ենք ամեն լույս, մինչև այն դառնում է ավելի պարզ, պայծառ և ճշմարիտ»:10

Երեխաների խմբի «Մանկան աղոթքը» երգում երեխաները հարցնում են. «Երկնային Հայր, դու իրոք այստե՞ղ ես: Դու ամեն երեխայի աղոթքը լսո՞ւմ ես»:11

Մենք ևս գուցե հարցնենք. «Երկնային Հայրն իրո՞ք այստեղ է» և ցնծանք իմ ընկերոջ պես, երբ պատասխանները գան հանգիստ, պարզ հավաստիացումներով: Ես վկայում եմ, որ այդ պարզ հավաստիացումները գալիս են, երբ Նրա կամքը դառնում է մերը: Ես վկայում եմ, որ ճշմարտությունն այսօր երկրի վրա է և Նրա ավետարանը գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Thomas S. Monson, “Finding Joy in the Journey,” Liahona, Nov. 2008, 85.

  2. Thomas S. Monson, “Be of Good Cheer,” Liahona, May 2009, 92.

  3. “I Know That My Savior Loves Me,” in I Know My Savior Lives: 2015 Outline for Sharing Time (2014), 29.

  4. Russell M. Nelson, in M. Russell Ballard, “What Came from Kirtland” (Brigham Young University fireside, Nov. 6, 1994); speeches.byu.edu.

  5. In Mother Teresa: Come Be My Light; The Private Writings of the Saint of Calcutta, ed. Brian Kolodiejchuk (2007), 149–50; punctuation standardized.

  6. Jeffrey R. Holland, “Be Not Afraid, Only Believe” (evening with Elder Jeffrey R. Holland, Feb. 6, 2015); lds.org/broadcasts.

  7. Մոսիա 4.9

  8. Տես Հելաման 5.12:

  9. Jeffrey R. Holland, “Lord, I Believe,” Liahona, May 2013, 94.

  10. Dieter F. Uchtdorf, “Receiving a Testimony of Light and Truth,” Liahona, Nov. 2014, 22.

  11. “A Child’s Prayer,” Children’s Songbook, 12.