Նոր Կտակարան 2023
Հունվարի 2-8-ը։ Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խոսքի պէս լինի ինձ»


«Հունվարի 2-8-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խօսքի պէս լինի ինձ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 2-8-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Մարիամն ու Եղիսաբեթը

Հունվարի 2-8-ը

Մատթեոս 1, Ղուկաս 1

«Թող քո խոսքի պէս լինի ինձ»

Դասը սկսեք՝ կարդալով Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխները: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ: Եթե փոքր երեխաներին ուսուցանելիս ունեք հավելյալ աջակցության կարիք, տես «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս ձեռնարկի սկզբում:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին շրջանով նստել, այնուհետև երեխաներից մեկը թող կիսվի սուրբ գրություններից իր սովորածով: Երեխան կարող է գնդակը գլորել կամ մատնացույց անել շրջանում գտնվող ուրիշ երեխայի, ով իր հերթին կկիսվի:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–38

Հրեշտակները հայտարարեցին Հիսուսի ծնունդը

Հրեշտակն այցելեց և՛ Մարիամին, և՛ Հովսեփին, ու հայտնեց Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այս փորձառությունները կարող են օգնել երեխաներին տեսնել, թե որքան կարևոր էր Քրիստոսի ծնունդը:

Հնարավոր վարժություններ

Նկար
Գաբրիելը հայտնվում է Մարիամին

Ավետումը, Ջոն Սքոթ

Ղուկաս 1.5-25, 57-63

Երկնային Հայրը պատասխանում է իմ աղոթքներին

Զաքարիան և Եղիսաբեթը հավանաբար տարիներ շարունակ աղոթել էին երեխա ունենալու համար: Ի վերջո, Երկնային Հայրը պատասխանեց նրանց աղոթքներին՝ ուղարկելով նրանց որդի, որին կոչեցին Հովհաննես Մկրտիչ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք Ղուկաս 1.5-25, 57–63-ի պատմությունը: Կարող եք մի քանի անգամ կրկնել այդ պատմությունը: Երեխաներին հանձնարարեք կատարել Զաքարիայի, Եղիսաբեթի և հրեշտակի դերերը ու բեմականացրեք պատմությունը: Շեշտադրեք Զաքարիային ուղղված հրեշտակի խոսքերը. «Քո աղոթքը լսվեց» (Ղուկաս 1.13): Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքին:

  • Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես պետք է աղոթեն` օգտագործելով «We Bow Our Heads» երգը (Children’s Songbook, 25), կամ ընտրեն մեկ այլ երգ: Ամեն անգամ, երբ երեխաները երգեն «աղոթել» կամ «աղոթք» բառերը, հրավիրեք նրանց խոնարհել գլուխներն ու ծալել թևերը:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի մի շարժում անել, որը ցույց կտա, որ նա աղոթում է ինչ-որ բանի համար: Թող մյուս երեխաները կռահեն, թե ինչ է նշանակում այդ շարժումը: Նրանք կարող են մտքեր գտնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում:

Ղուկաս 1.30-35

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի Որդին է: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին ավելին սովորել Նրա մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ասացեք երեխաներին, որ հրեշտակն ասաց Մարիամին, որ նրա մանուկը կկոչվի Աստծո Որդի (տես Ղուկաս 1.35): Օգնեք երեխաներին կրկնել «Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է» արտահայտությունը։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե ովքեր էին Հիսուսի ծնողները` հրավիրելով նրանց նկարել իրենց ծնողների նկարները: Երբ ավարտեն, ասացեք նրանց, որ Հիսուսը նույնպես ծնողներ ուներ` Մարիամն ու Երկնային Հայրը: Ավելին, Հովսեփին խնդրեցին պաշտպանել ու հոգ տանել Հիսուսի մասին, երբ Նա ապրում էր երկրի վրա:

  • Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ քանի որ Հիսուսը Աստծո Որդին էր, Նա կարողացավ մահանալ մեր մեղքերի համար ու հարություն առնել: Ցույց տվեք Հիսուսի Խաչելության ու Հարության նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 57, 59):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.5-37

Աստծո հետ ոչ մի բան անկարելի չէ

Հիսուսի ու Հովհաննես Մկրտիչի ծնունդը հնարավոր էր միայն Աստծո զորության միջոցով: Այս հրաշքների մասին սովորելով՝ երեխաների հավատքը կարող է ամրանալ առ այն, որ Աստված զորություն ունի՝ իրենց կյանքում հրաշքներ գործելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Մինչ դուք և երեխաները կրկնում եք Մատթեոս 1.18–25 և Ղուկաս 1.5–37-ը, հարցրեք երեխաներին՝ «Ինչպե՞ս կպատասխանեիք Մարիամի փոխարեն» կամ «Ի՞նչ կզգայիք Զաքարիայի փոխարեն»:

  • Պարզ բառերով պատմեք Մատթեոս 1.18–25 և Ղուկաս 1.5-37-ում նկարագրված պատմությունները: Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ նրանք լսեն ինչ-որ բան, որն անհնարին կթվար առանց Աստծո զորության: Երեխաներն ուրիշ ի՞նչ պատմություններով կարող են կիսվել, երբ Աստված արել է անհնարին թվացող ինչ-որ բան:

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել Ղուկաս 1.37-ը։ Դրա համար կարող եք հատվածը գրել գրատախտակին և հրավիրել երեխաներին մի քանի անգամ բարձրաձայն կարդալ այն: Ամեն անգամ կարդալուց հետո ջնջեք մեկ բառ:

Մատթեոս 1․21–25, Ղուկաս 1․30–35, 46–47

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի Որդին է: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել այս ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ Ղուկաս 1.30–35-ը՝ փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին. «Ո՞վ է Հիսուսի մայրը», և «Ո՞վ է Հիսուսի Հայրը»: Օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը միակ մարդն է, ով ունեցել է մահկանացու մայր` Մարիամը և անմահ Հայր՝ Երկնային Հայրը (տես նաև 1 Նեփի 11.18–21):

  • Երբ կարդաք այս հատվածները, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի անուններին ու կոչումներին: Ի՞նչ են նշանակում այս անունները, և ի՞նչ են դրանք ուսուցանում մեզ Հիսուսի մասին:

  • Կիսվեք սուրբ գրությունների մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայություններով:

Ղուկաս 1.5-25, 57-66

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին

Աստված պատասխանում է աղոթքներին, սակայն ոչ միշտ է պատասխանում այն եղանակներով, ինչպես մենք ենք ակնկալում: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Զաքարիայի ու Եղիսաբեթի պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին այս ճշմարտության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեին ինչ-որ մեկին, ով աղոթել է օրհնության համար, սակայն դեռ չի ստացել այն: Հրավիրեք նրանց խորհել այս հարցի շուրջ, մինչ միասին կկարդան Ղուկաս 1.5–25, 57-66 հատվածները: (Տես նաև «Գլուխ 1․ Եղիսաբեթն ու Զաքարիան» և «Գլուխ 3․ Ծնվել է Հովհաննես Մկրտիչը», Նոր Կտակարանի պատմություններում 6-7,10-11, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում): Ի՞նչ կարող են ասել Զաքարիան ու Եղիսաբեթը այն մարդուն, ով կարծում է, որ իր աղոթքները պատասխան չեն ստանում:

  • Նախօրոք հրավիրեք մի քանի երեխայի կիսվել փորձառություններով այն մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է իրենց աղոթքներին: Կիսվեք այն մասին, երբ զգացել եք, որ ձեր աղոթքներն անսպասելիորեն ստացել են պատասխան:

  • Հրավիրեք երեխաներին նկարել մի դեպքի մասին նկար, որտեղ Երկնային Հայրը պատասխանել է որևէ աղոթքի, հատկապես՝ իրենց աղոթքին: Խնդրեք նրանց իրենց նկարածով կիսվել դասարանի հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասի ընթացքում նկարած նկարներով: Խրախուսեք նրանց հարցնել իրենց ընտանիքի անդամներին այն ժամանակի մասին, երբ Աստված պատասխանել է նրանց աղոթքներին:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգնեք կրտսեր խմբի երեխաներին սովորել սուրբ գրություններից: Որպեսզի օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից, կենտրոնացեք սուրբ գրության որևէ հատվածի կամ պարզապես կարևոր արտահայտության վրա: Կարող եք հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռք բարձրացնել, երբ նրանք լսեն այդ բառը կամ արտահայտությունը: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 21:)