Սեմինարիա
Մորոնի 7.1–19. «Ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով»


«Մորոնի 7․1–19. Ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 7․1–19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 7.1–19

«Ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով»

Նկար
բազմությունը լսում է Քրիստոսին

Երբեմն դժվար է լինում հասկանալ, թե որն է ճիշտ, որը՝ ոչ: Սակայն, Աստված մեզ օգնություն է տրամադրում։ Մորոնին, օգտագործելով իր հոր խոսքերը, հորդորեց մեզ օգտագործել Քրիստոսի Լույսը՝ ճիշտն ու սխալլն իրարից տարբերելու համար: Այս դասը կօգնի ձեզ ապավինել Հիսուս Քրիստոսին՝ բարու և չարի մասին դատելու համար։

Ուսանողներին հորդորեք ավելի խորությամբ մտածել ավետարանի սկզբունքների մասին: Սուրբ գրությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը կոգեշնչի ուսանողներին հիշել, թե ինչպես են ավետարանի սկզբունքները փոխել իրենց կյանքը։ Ուսանողներին առաջարկեք հիշել անցյալ փորձառությունները, որոնք օգնել են իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել կիսվելու, թե ինչպես է իրենց կատարած ընտրությունն ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ո՞ր քառակուսու գույնն է ավելի բաց:

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով հետևյալ պատկերը: Ուսանողներին առաջարկեք նայել երկու մոխրագույն քառակուսիներին և ասել դասընկերջը, թե դրանցից որ մեկի գույնն է ավելի բաց:

Նկար
օպտիկական խաբկանք՝ մոխրագույն քառակուսիներով սպիտակ և սև գծերի վրա

Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ երկու մոխրագույն քառակուսիներն էլ նույն երանգն ունեն: Ձեր ուղեղը երկու մոխրագույն քառակուսիներն ընկալում է որպես տարբեր երանգ ունեցող քառակուսիներ՝ դրանց շրջապատող բաց կամ մուգ գույների պատճառով:

Հետևյալ պարբերությունը կարդալու փոխարեն, կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Եսայիա 5.20 հատվածը և խնդրեք նրանց համեմատել քառակուսիների վերաբերյալ խաբկանքը մեր օրերի մասին Եսայիայի մարգարեության հետ։

Այս պատրանքի նման, կարող են լինել իրավիճակներ, որոնցում դժվար է ճիշտ դատողություններ անել: Եսայիան մարգարեացել էր, որ վերջին օրերում շատ մարդիկ «չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի» (Եսայիա 5.20, տես նաև 2 Նեփի 15.20):

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենք տեսնում Եսայիայի մարգարեության կատարումը մեր օրերում, կարող եք նրանց հետ քննարկել այս հարցերից մեկը կամ մի քանիսը։

  • Ո՞րն է այն եղանակը, որով դուք տեսել եք, որ մեր օրերում մարդիկ «չարին ասում են բարի և բարուն՝ չար»:

  • Ի՞նչն է խնդիրը, որ մարդը չի կարողանում հստակ կամ պարզորոշ տեսնել ճշմարտությունը։

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել ստորև ներկայացվող հարցերի իրենց պատասխանների շուրջ:

  • Ինչպե՞ս որոշել՝ ինչ-որ բան ճիշտ է, թե սխալ:

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք տարբերել բարին չարից: Ինչո՞ւ։

Մտածեք մի բանի մասին, որը կցանկանայիք ավելի հստակ տարբերակել որպես լավ կամ վատ: Օրինակ՝ որևէ մեկը կարող է մտածել, որ ինքը լավ երաժշտություն է ընտրել, սակայն իր ծնողները կարող են չհամաձայնել: Ո՞վ է ճիշտ: Այլ օրինակների թվում կարող են լինել հետևյալները․ որոշել, թե հասարակական հարցերում որ դիրքորոշումն ընդունել, ընտրել, թե ում հետ ընկերություն անել, ի՞նչ հոբբի ունենալ և այլն:

Այսօրվա ուսումնասիրության ընթացքում փնտրեք, թե ինչը կարող է օգնել ձեզ իմանալ՝ որ բանն է լավ, որը՝ ոչ:

Բարու և չարի տարբերությունը

Եսայիայի նման, Մորոնին նույնպես տեսել է մեր օրերը (տես Մորմոն 8.35): Նա մեզ համար օգնություն է ներառել Մորմոնի Գրքում: Անկեղծ միտումով բարի գործեր անելու կարևորությունն ուսուցանելուց հետո (տես Մորոնի 7.1–11), նա գրի առավ բարու և չարի վերաբերյալ դատողության մասին այն խոսքերը, որոնք իր հայրը՝ Մորմոնը ուսուցանել էր Եկեղեցու անդամներին:

Կարդացեք Մորոնի 7.12–17 հատվածները և ստորև նշեք ձեր գտածը՝ յուրաքանչյուր հուշման համար.

  1. Ինչպես մենք կարող ենք որոշել, արդյոք որևէ բան բարի է

  2. Ինչպես մենք կարող ենք որոշել, արդյոք որևէ բան չար է

  3. Ինչ է անում Փրկիչը՝ մեզ օգնելու համար

Եթե կարծում եք, որ ավելի արդյունավետ կլինի, գրեք վերը նշված երեք հուշումները գրատախտակին և առաջարկեք ուսանողներին յուրաքանչյուր հուշման տակ գրել իրենց գտած համապատասխան արտահայտությունները:

  • Ինչպե՞ս կամփոփեք քննարկված սկզբունքները՝ ելնելով այս հատվածներում ձեր գտածից:

Մորոնի 7.12–17 հատվածներում մենք կարող ենք բացահայտել, որ բոլոր բաները, որոնք տրված են Աստծո կողմից, առաջարկում են մեզ բարիք գործել, հավատալ Հիսուս Քրիստոսին և սիրել ու ծառայել Աստծուն։ Իսկ այն, ինչը չար է, համոզում է մեզ մեղք գործել, ուրանալ Հիսուս Քրիստոսին կամ պայքարել Աստծո դեմ։

Ուսանողները կարող են ստորև ներկայացվող վարժությունը կատարել անհատապես, փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով:

Որպեսզի հասկանաք Մորմոնի ուսմունքները, պատկերացրեք, որ որևէ մեկը կարծում է, որ այն երաժշտությունը, որը ինքը լսում է, և այն, թե ինչպես է ինքն օգտագործում իր հեռախոսը և այլ տեխնոլոգիաները՝ լավ է, սակայն նրա ծնողները կամ ղեկավարները համաձայն չեն դրա հետ:

  • Ելնելով ձեր բացահայտած ճշմարտություններից՝ ի՞նչ հարց կարող է այս մարդն ինքն իրեն տալ, որպեսզի բացահայտի, թե արդյոք իր լսած երաժշտությունը և տեխնոլոգիաների օգտագործումը լավ է, թե ոչ:

Լսեք ուսանողների պատասխանները և առաջարկեք նրանց գրել դրանք գրատախտակին։ Կարող եք օգտագործել հետևյալ օրինակները, եթե ուսանողները չնշեն դրանք․

  • Այս երաժշտությունը լսելը կամ իմ հեռախոսն ու տեխնոլոգիաներն այնպես օգտագործելն, ինչպես ես եմ դա անում,…

    • … միտքս լցնում է բարի գործեր անելու, թե՞ մեղք գործելու մտքերով:

    • … խրախուսում է ինձ անել այն, ինչ կաներ, թե՞ այն ինչ չէր անի Հիսուս Քրիստոսի հետևորդը:

    • … օգնո՞ւմ է ինձ սիրել Աստծո բաները, թե ոչ:

Նկատի ունեցեք, որ ձեզ կարող է անհրաժեշտ լինել հատ հատ մտածել որոշ կատարողների կամ երգերի, ինչպես նաև որոշ հավելվածների, խաղերի կամ սոցիալական ցանցերի մասին: Բացի այդ, վարժության կատարման վրա ծախսվող ժամանակը կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնել:

Լույս, որը կօգնի ձեզ տեսնել

Դուք հավանաբար նկատել եք, որ որոշ իրավիճակներում դժվար է ընտրություն կատարել ճիշտ ու սխալի միջև։

Ուսանողներին օգնեք փորձել անել այն, ինչ իրենց առաջարկվում է հետևյալ պարբերությունում:

Դա կարելի է անել այսպես․ անջատեք լույսերը և խնդրեք ուսանողներին փորձել նկարագրել մի նկար կամ ինչ-որ բան կարդալ: Այնուհետև կրկին միացրեք լույսերը և առաջարկեք նրանց նկարագրել նկարը կամ կրկին կարդալ ինչ-որ բան:

Մտքում ունենալով այս պատկերը, նշեք հատված 16-ի արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ:

Կարդացեք Առաջին նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը, որոնք կօգնեն ձեզ հասկանալ Քրիստոսի Լույսը.

Աշխարհում ծնված Երկնային Հոր յուրաքանչյուր զավակին ծնվելիս՝ որպես անհատույց պարգև տրվում է Քրիստոսի Լույսը: Դուք դա զգացել եք։ Դա այն զգացումն է, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և ինչն է ճշմարիտ, ինչը՝ կեղծ: Դա ձեզ հետ է ձեր կյանքի ճամփորթությունը սկսելու պահից: …

… Դուք ամեն օր և գրեթե ամեն ժամ ընտրություններ եք կատարում, որոնք ստիպում են ձեզ քայլել լույսի ճանապարհով կամ գնալ դեպի խավարը: (Հենրի Բ. Այրինգ, «Քայլեք լույսով», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 123–124)

  • Ի՞նչ սովորեցիք Քրիստոսի Լույսի մասին:

Քրիստոսի Լույսի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Ավետարանական թեմաների «Քրիստոսի Լույսը» բաժինը topics.ChurchofJesusChrist.org կայքում։

Կարդացեք Մորոնի 7.18–19 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ խորհուրդներ, որոնք տվել է Մորմոնը բարին և չարը տարբերելու վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով»:

    Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Ուսանողները կարող են հիշատակել հանգիստ խորհելու, որոշումներ կայացնելիս մտածելու և մեր խղճի կամ ներքին ձայնը լսելու մասին: Մեկ այլ գաղափար է՝ մտածել այն մասին, թե ինչն է մեզ ավելի մոտեցնելու Հիսուս Քրիստոսին: Եթե օգտակար լինի, կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը․

  • Փրկչի օրինակը և ուսմունքներն ինչո՞ւ են նման լույսի, որն այսօր մեզ օգնում է հստակ տարբերել ճիշտը սխալից:

  • Ուրիշ ի՞նչ եղանակներով մենք կարող ենք լսել Նրա խոսքերը և զգալ, որ Նրա ազդեցությունն առաջնորդում է մեզ:

Օգտակար կլինի նաև հարցնել. «Ե՞րբ եք կարողացել ձեր կյանքում Քրիստոսի լույսի շնորհիվ որևէ բան ճանաչել որպես բարի կամ որպես չար»:

Կիրառեք ձեր սովորածը

Հիշեք այն իրավիճակը, որի մասին դուք մտածել էիք ավելի վաղ, երբ ձեզ խնդրել էին մտածել որևէ բանի մասին, որը կցանկանայիք ավելի լավ տարբերակել որպես լավ կամ վատ: Մի քանի րոպե աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել այսօր սովորած սկզբունքները, որպեսզի որոշեք՝ այդ բանը ճիշտ է, թե սխալ: Տվյալ իրավիճակի շուրջ խորհելիս՝ փորձեք ջանասիրաբար քննել Քրիստոսի լույսով: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:

Հետևյալ հարցերը կարող են օգտագործվել դասն ամփոփելու համար՝ քննարկելով այն, ինչ սովորեցին ուսանողները:

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կօգնի ձեզ բարելավել ճիշտ ու սխալի միջև ընտրություն կատարելու ձեր ունակությունը:

  • Որո՞նք են կյանքի այն երկու կամ երեք ոլորտները, որտեղ դուք տեսնում եք բարին չարից հաջողությամբ տարբերելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ։