Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 24. Հասկանալ և բացատրել


«Վարդապետության սերտման կրկնություն 24. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 24

Հասկանալ և բացատրել

Նկար
պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Վարդապետության սերտումը կարող է օգնել ձեզ հասկանալ և ինքնուրույն բացատրել Փրկչի վարդապետությունը։ Այս դասը հնարավորություն կտա ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ներկայացվող ճշմարտությունները։

Իմացեք ավելին ձեր ուսանողների մասին։ Ուսանողներին ճանաչելու հնարավորություններ փնտրեք: Դիտարկումը և անկեղծ հարցերը կօգնեն ձեզ ավելին իմանալ, թե յուրաքանչյուր ուսանողի համար ինչն է կարևոր։ Երբ ձեր ուսանողների մասին ավելին հասկանաք, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ ձեր ուսուցումը կենտրոնացնել նրանց կարիքների վրա:

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել աղոթքով ընտրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որևէ հատված և ուսումնասիրել այն, ինչը կցանկանային ավելի լավ հասկանալ։ Խնդրեք նրանց հատվածը քննարկել ընտանիքի անդամի, մոտ ընկերոջ կամ Եկեղեցու ղեկավարի հետ և պատրաստվել կիսվելու, թե ինչ սովորեցին հատվածի մասին քննարկման արդյունքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Հարցեր տվեք

Կարող եք ուսանողներին առաջարկել դասարանում գտնել մեկին, ում հնարավոր է, որ լավ չեն ճանաչում։ Առաջարկեք նրանց մի քանի րոպե հատկացնել և հարցերի միջոցով ճանաչել միմյանց։ Եթե օգտակար լինի, նրանց հարցերի օրինակներ տվեք, օրինակ՝ «Ի՞նչ ես սիրում անել» և «Որո՞նք են քո սիրած դպրոցական առարկաները»։

Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում լավ եք ճանաչում։

  • Ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ։

  • Հարցեր տալն ինչո՞վ է օգնել ձեզ ճանաչել նրան։

  • Ձեր հարաբերությունն ինչպիսի՞ն կլիներ, եթե երբեք հարցեր տված չլինեիք։

Որքան կարևոր է ինչ-որ մեկին անձամբ ճանաչելու համար հարցեր տալը, նույնքան կարևոր է Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու և հասկանալու համար սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ հարցեր տալը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Հոգևոր առաջնորդությունը կարելի է հասնել համապատասխան հարցեր տալու միջոցով» («Ապրել հոգևոր ուղղորդմամբ», Ensign, նոյ. 2000 թ․, 18)։

Վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ հարցեր տալը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ դրանք և ավելի լիարժեքորեն մեր կյանք հրավիրել Տիրոջ առաջնորդությունը։

Կարող եք ցուցադրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների վերջին 12 հղումները կամ ցույց տալ ուսանողներին, թե որտեղ կարող են գտնել դրանք Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։ Ցանկության դեպքում այս կրկնության համար օգտագործեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման բոլոր 24 հատվածները կամ ընտրեք մի քանիսը՝ կախված դասարանի կարիքներից։

Կարող եք հետևյալ վարժությունը կատարել դասարանով՝ օգտագործելով վարդապետության սերտման հատվածներից մեկը։ Հետո առաջարկեք ուսանողներին կրկնել վարժությունը վարդապետության սերտման իրենց ընտրած մեկ այլ հատվածի համար։ Ուսանողները կարող են աշխատել խմբերով, զույգերով կամ անհատապես՝ կախված իրենց կարիքներից և նախընտրություններից։

Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ և ուշադիր կարդացեք այն։ Հատվածի վերաբերյալ մտածեք և գրեք առնվազն երկու հարց, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ հատվածը։ Օրինակ՝ 3 Նեփի 27․20 հատվածը կարդալիս կարող եք հարցնել․ «Ի՞նչ է նշանակում լինել սրբագործված»։ Կամ Մորոնի 10․3–5 հատվածները կարդալիս կարող եք հարցնել․ «Ի՞նչ է նշանակում խնդրել «անկեղծ միտումով»»։

Որոնեք ձեր մտածած հարցերի պատասխանները՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը կամ նույնիսկ գերագույն համաժողովի ելույթները։ Կարող եք սուրբ գրությունների ուսումնասիրության այլ ռազմավարություններ օգտագործել, օրինակ՝ հատվածի համատեքստը հասկանալու համար ուսումնասիրել շրջապատող հատվածները։

Ուսանողների միջև շփումը խրախուսելու համար կարող եք խնդրել նրանց անվանական թղթի վրա գրել վարդապետության սերտման իրենց ընտրած հատվածը և դրան վերաբերող իրենց հարցերը։ Առաջարկեք ուսանողներին մեկ այլ ուսանողի հետ փոխանակվել թղթերով։ Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել խառնել թերթիկները և դրանք բաժանել ուսանողների միջև: Ուսանողներին խնդրեք հարցերի պատասխանները գրել իրենց տրված թղթի վրա։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո առաջարկեք ուսանողներին վերադարձնել թղթերը այն ուսանողներին, որոնց անունները գրված են թղթերի վրա։

Նրանց ժամանակ տվեք խորհելու այլ ուսանողների պատասխանների շուրջ, և եթե օգտակար լինի, սուրբ գրություններում, աղոթքի միջոցով և այլ ձևերով որոնել լրացուցիչ պատասխաններ։

Հիշեք, որ ուսումնասիրության ժամանակ կարող եք ոչ բոլոր հարցերի պատասխանները գտնել։ Բայց եթե շարունակեք հավատք գործադրել Տիրոջ հանդեպ, Նա կօգնի ձեզ իմանալ ճշմարտությունն այն բանի մասին, ինչը փնտրում եք։

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել ընտրված հատվածով, դրան վերաբերող իրենց հարցերով և իրենց կամ դասընկերների հայտնաբերած պատասխաններով: Բացի դա, կարող եք հարցնել, թե այդ հատվածն ինչ է օգնել նրանց հասկանալ Փրկչի կամ Նրա ավետարանի մասին։

Ժամանակի առկայության դեպքում (կամ մեկ ուրիշ օր) կարող եք կրկնել այս վարժությունը՝ օգտագործելով վարդապետությունների սերտման մեկ այլ հատված:

Խրախուսեք ուսանողներին շարունակել սուրբ գրությունների վերաբերյալ հարցեր տալը և պատասխաններ որոնելը։