Սեմինարիա
Եթեր 1․ «Աղաղակիր առ Տերը»


«Եթեր 1․ «Աղաղակիր առ Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 1» Մորմոնի Գիրքը․ Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 1

«Աղաղակիր առ Տերը»

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Տիրոջ հետ ձեր հաղորդակցումն ինչպե՞ս է ազդում այն իրավիճակի վրա, երբ դժվարությունների եք հանդիպում։ Երբ ամբարիշտ մարդիկ երկնքին հասնելու համար փորձում էին աշտարակ կառուցել, Տերը խառնեց նրանց լեզուները, որպեսզի չկարողանան հասկանալ միմյանց (տե՛ս Ծննդոց 11․1–9)։ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը՝ աղերսելով, որ իր ընտանիքին ու ընկերներին Նա խնայի այդ խառնաշփոթից (տե՛ս Եթեր 1․34–37)։ Տերը նրա թախանձագին աղոթքներին կարեկցանքով ու ողորմածությամբ արձագանքեց։ Այս դասը նախատեսված է ոգեշնչելու ձեզ ավելի անկեղծորեն և հետևողականորեն աղոթել։

Ուսուցանեք հիմնական հասկացությունները։ Ուսանողները գուցե հաճախակի լսեն Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական հասկացությունները (օր․՝ աղոթքը)։ Օգնեք ուսանողներին տեսնել, թե այդ հիմնական հասկացություններն ինչպես կարող են օրհնել իրենց կյանքը, ինչը կօգնի նրանց ներգրավված լինել այն դասերում, որոնցում ուսուցանվում են այդ հիմնական հասկացությունները։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Եթեր 1․34–37 հատվածները և նշել «աղաղակիր առ Տերը» արտահայտությունը։ Խնդրեք նրանց պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ է այդ արտահայտությունը նշանակում իրենց համար, և այն ինչպես կարող է տարբերվել մեր աղոթքի ձևերից։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անկեղծ և հետևողական գործողություններ

Կարող եք ցուցադրել կամ գրատախտակին գրել բաց թողնված տեղերով հետևյալ նախադասությունները։ Ուսանողներին առաջարկեք զույգեր կամ փոքր խմբեր կազմել և կիսվել, թե ինչպես կարող են լրացնել բաց թողնված հատվածները։

Մտածեք, թե որ գործողությունն է լավ անել, օրինակ՝ ուսումնասիրելը, վարժություն կատարելը, թե ուրիշներին ծառայելը։ Այդ գործողությունն օգտագործեք հետևյալ նախադասություններում և արտահայտություններն ավարտեք համապատասխան ձևով։

  • Եթե ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ (գործողություն), ապա ։

  • Եթե ինչ-որ մեկը երկար ժամանակ անկեղծ և հետևողականորեն (գործողություն), ապա ։

  • Ինչպե՞ս կավարտեիք այս երկու նույնանման նախադասությունը՝ օգտագործելով աղոթքը։

    Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցերի վերաբերյալ ուսանողների պատասխանները:

  • Մենք ի՞նչ պատճառներով կարող ենք ոչ միշտ անկեղծ կամ հետևողական լինել մեր աղոթքներում այնքան, որքան ցանկանում ենք։

Առաջարկեք ուսանողներին մտածել պատասխաններ հետևյալ պարբերության հարցերի վերաբերյալ։ Նրանց մի առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով։

Մի պահ մտածեք ձեր աղոթքների մասին: Ի՞նչն է օգնում ձեզ անկեղծ ու հետևողական լինել։ Ի՞նչը կարող է խանգարել ձեզ անկեղծ և հետևողական լինել։ Ինչո՞ւ կցանկանաք լավը դառնալ։

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր աղոթքներում։

Եթերի գիրքը

Մորմոնի Գրքի այս հատվածում Մորոնին ներառել է Եթերի գիրքը։ Այն պարունակում է հարեդացիների պատմությունը։ Այն թարգմանվել է 24 ոսկե թիթեղներից, որոնք գտել էին Լիմքիի ուղարկած մարդիկ (տե՛ս Մոսիա 8․7–11, Եթեր 1․1–2)։ Այս գիրքն սկսվում է Հարեդի եղբոր և Տիրոջն ուղղված նրա աղոթքների պատմությամբ։ Նայեք հետևյալ ժամանակացույցին (ամսաթվերը մոտավոր են տրված) և տեսեք, թե երբ է նա ապրել՝ ի տարբերություն Մորմոնի Գրքի այլ մարդկանց, որոնց մասին սովորել եք այս տարի․

Կարող եք ցուցադրել հետևյալ ժամանակցույցը, որը կօգնի ուսանողներին հասկանալ, թե երբ են ապրել հարեդացիները։ Սուրբ գրությունների այս համատեքստը հասկանալը կարող է օգնել ուսանողներին ուսումնասիրելիս ավելի շատ գաղափարներ ունենալ։

Նկար
Մորմոնի Գրքի մարդկանց տարեգրությունը Ք․ծ․ա․ 3000 թվականից մինչև Ք․հ․ 400 թվականը։

Կարդացեք Եթեր 1․33 հատվածը և գտեք, թե հարեդացիների պատմությունն սկսվելուն պես ինչ էր տեղի ունենում։

  • Ի՞նչ գիտեք «մեծ աշտարակի» և «Տերը [խառնում է] ժողովրդի լեզուն» (Եթեր 1․33) մասին։

Լսեք ուսանողների պատասխանները և ամփոփեք հետևյալ պատմությունը կամ դիտեք հետևյալ տեսանյութը, եթե կարծում եք, որ օգտակար կլինի։

Եթե այս պատմությունը ձեզ ծանոթ չէ, կարող եք դիտել «Բաբելոնի աշտարակը» տեսանյութը (0:58), որը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք Ծննդոց 11․1–9 հատվածները (տե՛ս նաև Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի երկրորդ պարբերությունը

  • Ի՞նչ կզգայիք, եթե այդ ժամանակաշրջանում ապրեիք։

Աղաղակեք առ Աստված հավատքով

Երբեմն սուրբ գրությունները պարունակում են կրկնվող արտահայտություններ, ինչն ավելի է ընդգծում կամ կարևորում այդ արտահայտությունները։ Այդ կրկնվող արտահայտությունները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ոգեշնչված հեղինակն ինչ էր փորձում ուսուցանել։

Կարդացեք Եթեր 1․34–37 հատվածները՝ տեսնելու, թե Հարեդը և նրա եղբայրներն ինչպես էին փորձում լուծել իրենց խնդիրները։ Կարող եք նշել կրկնվող այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե Հարեդի եղբայրն ինչպես էր աղոթում, և ինչպես պատասխանեց Տերը։

  • Ի՞նչ սովորեցիք ձեր նշած արտահայտություններից։

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները։ Գրատախտակին գրեք նրանց բացահայտած ճշմարիտ սկզբունքները։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ երբ աղաղակում ենք Աստծուն հավատքով, Նա կարեկցանք է ցուցաբերում մեր հանդեպ։

Ուսանողներին առաջարկեք վերհիշել դասի համար պատրաստած նյութը։ Երբ ուսանողներն ավարտեն գրել հետևյալ հուշումների վերաբերյալ իրենց մտքերը, կարող եք նրանց զույգերի բաժանել և առաջարկել նրանց կիսվել պատասխաններով։

Գրեք, թե ինչպես կբացատրեիք այս սկզբունքն ինչ-որ մեկին։ Կարող եք ձեր բացատրության մեջ ներառել հետևյալ կետերը.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում հավատքով աղաղակել առ Տերը, և դա ինչպես կարող է տարբերվել մեր աղոթելու ձևից

  • Հարեդի եղբորը Տիրոջ տված պատասխաններն ի՞նչ են ուսուցանում ձեզ Նրա մասին

  • Եղանակներ, որոնցով Տերը կարող է կարեկցանքով պատասխանել մեր աղոթքներին

Անկեղծ ու շարունակական աղոթքին Տիրոջ կարեկցանքով պատասխանի ժամանակակից օրինակ տեսնելու համար դիտեք «Աղոթքների պատասխանը» տեսանյութի 2:17–4:32 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Կարևոր է հասկանալ այն, որ մենք չգիտենք, թե Հարեդի եղբայրը որքան սպասեց իր պատասխաններին։ Յոթանասունից երեց Բրուք Պ. Հեյլսը կիսվել է հետևյալով.

Հայրը տեղյակ է մեր մասին, գիտի մեր կարիքները և կատարելապես կօգնի մեզ։ Երբեմն այդ օգնությունը տրվում է հենց այն պահին, երբ մենք խնդրում ենք աստվածային օգնություն, կամ կարճ ժամանակ անց։ Երբեմն մեր ամենանվիրական և արժանի ցանկությունները չեն գտնում այն պատասխանը, որը հուսացել էինք, սակայն մենք համոզվում ենք, որ Աստված ավելի մեծ օրհնություններ ուներ մեզ համար։ Եվ երբեմն էլ մեր արդար ցանկությունները չեն շնորհվում մեզ այս կյանքում։ (Բրուք Պ. Հեյլս, «Աղոթքների պատասխանը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019 թ․, 12)։

  • Ըստ ձեզ՝ այս ուսմունքներն ինչո՞ւ են կարևոր, որ հիշենք։

    Եթե ուսանողների համար օգտակար կլինի աղոթքներին Աստծո տված պատասխաններն ավելի խորությամբ ուսումնասիրելը, կարող եք դասի այս հատվածում կատարել «Աղոթքների պատասխանը» լրացուցիչ վարժությունը։

Եթե ուսանողների պատասխանները խիստ անձնական չլինեն, կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե Տերն ինչ եղանակներով է իրենց հանդեպ կարեկցանք դրսևորել, երբ աղոթքով դիմել են Նրան։ Կարող եք կիսվել նաև ձեր սեփական փորձով։

Հետևողականությունը աղոթքում

Կարդացեք Եթեր 1․38–43, 2․5, 13–15 հատվածները և փնտրեք այլ գաղափարներ աղոթքի և Տիրոջ պատասխանների մասին։

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Եթե օգտակար լինի, տվեք հետևյալ հարցերից մի քանիսը․

  • Եթեր 1․43 և 2․14 հատվածներում ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչպես է Տերն վերաբերվում աղոթելու մեր հետևողականությանը։ Ըստ ձեզ՝ Նա ինչո՞ւ է ցանկանում, որ մենք հետևողականորեն աղոթենք Իրեն։

  • Կար ժամանակ, երբ Հարեդի եղբայրն այդքան էլ հետևողական չէր իր աղոթքներում (տե՛ս Եթեր 2․14)։ Այսօր մենք ի՞նչ պատճառներով կարող ենք ավելի պակաս հետևողական լինել մեր աղոթքներում։

Բարելավենք աղոթքը

Պատկերացրեք, որ մասնակցում եք երիտասարդների խմբային քննարկման, որի թեման է՝ ինչպես օգնել երիտասարդներին բարելավել աղոթքները։

Կարող եք մի քանի ուսանողի հրավիրել դասարանի ներկայությամբ խմբային քննարկում անցկացնելու։ Ուսանողները կարող են քննարկման ժամանակ բարձրացնել իրենց սեփական հարցերը կամ օգտագործել ստորև բերված հարցերը։

  • Ի՞նչ եք արել կամ կարող եք անել՝ ձեր աղոթքներն ավելի իմաստալից կամ անկեղծ դարձնելու համար։

  • Ի՞նչ եք արել, որն օգնում է ձեզ հետևողականորեն աղոթել։ Ուրիշ ի՞նչ կարող եք անել։

  • Երկնային Հոր հետ ձեր ունեցած հարաբերության մասին մտածելն ինչպե՞ս կարող է ազդել ձեր աղոթքների հետևողականության և անկեղծության վրա (տե՛ս «Աղոթք» գրառումը Աստվածաշնչի բառարանում)։

Փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը և մտածեք, թե ինչ փոփոխություններ պետք է անեք ձեր աղոթքներում։ Որևէ հատուկ նպատակ սահմանեք և հետևեք ձեր ստացած բոլոր տպավորություններին։