Սեմինարիա
Մոսիա 11–17. «Ապաշխարել և դառնալ դեպի Տերը»


«Մոսիա 11–17. «Ապաշխարել և դառնալ դեպի Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 11–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 11-17

«Ապաշխարել և դառնալ դեպի Տերը»

Նկար
Աբինադին քարոզում է

Մենք սովորաբար փորձում ենք մեր սիրելի մարդկանց նախազգուշացնել այն որոշումների մասին, որոնք կարող են ցավ և տառապանք բերել: Տերն Աբինադիին ուղերձով ուղարկեց Նոյ թագավորի և նրա ժողովրդի մոտ, որպեսզի վերջիններս ապաշխարեն և խուսափեն տառապանքից, որը կարող էր գալ նրանց մեղսավոր արարքների հետևանքով: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել ուսանողների ցանկությունը՝ ընդունելու Տիրոջ մարգարեներին և գործելու նրանց կողմից փոխանցված Տիրոջ հրավերների համաձայն:

Նախապատրաստվեք` ջանասիրաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները: Ձգտեք հետևողականորեն ուսումնասիրել սուրբ գրքի հատվածների համատեքստը և բովանդակությունը: Փնտրեք վարդապետությունը և այն սկզբունքները, որոնք նշանակալից և էական կլինեն և կօգնեն ուսանողներին սիրել ու հետևել Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կազմել մարգարեներից վերջերս լսած հրավերների համառոտ ցանկ: Նրանց խնդրեք պատրաստվել և կիսվել, թե այդ հրավերներն ինչպես են ապացուցում Տիրոջ սերն ու հոգածությունը իրենց հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տերը նախազգուշացնում է վտանգի մասին

Փորձեք մի սցենար ստեղծել, որի օգնությամբ ձեր ուսանողները կարող են ուսումնասիրել ուրիշներին վտանգի մասին նախազգուշացնելու տարբեր ձևերը:

Ենթադրենք՝ հենց նոր ձեզ տեղեկացրել են, որ ձեր ընկերներն ու հարազատները վտանգի մեջ են:

  • Նախազգուշացնող ուղերձը նրանց հաղորդելու ի՞նչ տարբեր միջոցներ կան:

Տերը մեզ նախազգուշացնելու բազմաթիվ եղանակներ ունի: Մտածեք հետևյալ եղանակների շուրջ.

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ ցանկը:

  • Խորհուրդ ծնողներից

  • Ուղղորդում մարգարեներից և Եկեղեցու այլ ղեկավարներից

  • Սուրբ գրությունների, եկեղեցու կամ սեմինարիայի ուսմունքներ

  • Մտքեր կամ զգացողություններ Սուրբ Հոգուց

  • Այլ եղանակներ

Ժամանակ տվեք ուսանողներին խորհելու հետևյալի շուրջ.

Մտածեք, թե որքանով եք կարողանում խուսափել մեղքից և վտանգից՝ ելնելով նրանից, թե ինչպես եք որոշում արձագանքել Տիրոջ նախազգուշացումներին:

  • Ո՞ր եղանակներն են առավել դժվար ընդունելի: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ է ասում Տիրոջ մասին այն հանգամանքը, որ նա մեզ դիմում է տարբեր միջոցներով:

Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին և ուսանողներին բացատրել, որ այն ավելի խորությամբ եք ուսումնասիրելու այս դասի ընթացքում. Տերը մեզ հետ խոսում է Իր մարգարեների միջոցով, որպեսզի հրավիրի մեզ ապաշխարել և դառնալ դեպի Իրեն:

Տերն ապաշխարության կոչ արեց Նոյին և նրա ժողովրդին

Հիշեք, որ Զենիֆը մի խումբ մարդկանց Զարահեմլայից դեպի Նեփիի երկիր առաջնորդեց: Նախքան մահանալը Զենիֆը թագավորությունը շնորհեց իր որդի Նոյին (տես Մոսիա 9–10): Նոյը և նրա ընտրած քահանաները ամբարիշտ կյանքով ապրեցին: Նրանք ստով և շողոքորթ խոսքերով մարդկանց ստիպեցին մեղանչել (տես Մոսիա 11.7, 11):

Կարդացեք Մոսիա 11.2, 14–15, 19 հատվածները և փնտրեք, թե Նոյը և իր ժողովուրդն ինչ մեղքեր գործեցին: (հատված 19-ում նկարագրվում է նրանց արձագանքը լամանացիների հարձակումից պաշտպանվելուց հետո:) Կարող եք դիտել նաև «Ալման պատմում է Նոյ թագավորի ամբարշտության մասին| Մոսիա 11–12, 17» տեսանյութը (2:26), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org.

Այս դասի ամբողջ ընթացքում փնտրեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին նմանություններ գտնել սուրբ գրությունների և մեր օրերի միջև: Հետևյալ հարցերը դա անելու եղանակներից մեկն է:

  • Նոյի և նրա ժողովրդի ընտրություններն ինչպե՞ս են համեմատվում այսօրվա մարդկանց ընտրությունների հետ:

  • Որո՞նք են նրանց ապրելակերպի մի քանի հնարավոր հետևանքները:

Տերը կանչեց Աբինադի անունով մի մարգարեի, որպեսզի նրա միջոցով Նոյին և նրա ժողովրդին ուղերձ ուղարկի՝ օգնելու նրանց տեսնել իրենց արարքների հետևանքները:

Աբինադիի ուղերձը կարդացեք Մոսիա 11.20–25 հատվածներում և փնտրեք այն հետևանքները, որոնց մասին նախազգուշացնում էր Տերը: Հատված 20-ում «վայ» բառը տխրություն կամ ցավ է փոխանցում:

  • Ի՞նչ հետևանքներ գտաք, որոնց մասին Տերը նախազգուշացնում էր մարդկանց:

Ուշադրություն դարձրեք «եթե նրանք չապաշխարեն» և «եթե այս ժողովուրդը չապաշխարի» արտահայտություններին: Կարող եք նշել այս բառերը և մտածել, թե այս արտահայտություններից ինչ կարող եք սովորել Տիրոջ մասին:

Կարդացեք Մոսիա 11.26–29 հատվածները և փնտրեք, թե Նոյ թագավորն ու մյուսներն ինչպես արձագանքեցին Աբինադիին:

Տեսնենք ապաշխարությունը որպես Տիրոջ սիրո պարգև

Ուսանողներին առաջարկեք ներկայացնել, թե ինչպես են պատրաստվել դասին և գրատախտակին թվարկելով գրել ապաշխարելու և փոխվելու համար մեր օրերում Տիրոջ կողմից մեզ տրված հրավերները: Պատրաստ եղեք կիսվելու գերագույն համաժողովում հնչած վերջին երկու կամ երեք հրավերով: Սա մեկ այլ վայր է, որտեղ կարող եք օգնել ուսանողներին սուրբ գրությունները նմանեցնել իրենց:

  • Աբինադիի ժամանակաշրջանի մարդկանց արձագանքը և մեր օրերում մարդկանց արձագանքը մարգարեներին ի՞նչ նմանություններ կամ տարբերություններ ունեն: Նրանք ինչո՞ւ կարող էին այդպես արձագանքել:

Ուսանողներին ժամանակ տվեք լուռ խորհել այն մասին, թե իրենք անձամբ ինչպես են կատարում Աստծուն լսելու իրենց պարտականությունը, հատկապես երբ Նա Իր մարգարեների միջոցով նրանց նախազգուշացնում է մեղքի և դրա հետևանքների մասին: Խորհելիս ձեր ուսանողները կարող են մարգարեների մասին տարբեր և բազմազան մտքեր ու զգացողություններ ունենալ: Ստորև ներկայացվող խոսքերը կարող են օգնել ուսանողներին մարգարեներին որպես Աստծո սիրո ապացույց տեսնել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչպես կարող ենք դիտարկել մարգարեների միջոցով տրվող ապաշխարելու հրավերը:

Երկար տարիներ ինձ վրա մեծ տպավորություն է գործել և նաև զգացել եմ մարգարեների մեծ սերը, երբ նրանք նախազգուշացրել են մեղքի մասին։ Նրանք չեն ցանկանում դատապարտել։ Նրանց իրական ցանկությունն արտացոլում է Աստծո սերը. իրականում դա է Աստծո սերը: Նրանք սիրում են նրանց, ում մոտ իրենց ուղարկում են՝ ով և ինչպիսին էլ նրանք լինեն։ Ինչպես Տերը, Նրա ծառաները ևս չեն ցանկանում, որ որևէ մեկը տառապի մեղքի և սխալ ընտրությունների պատճառով (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Աստծո սերը», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 17):

  • Մարգարեների մասին այս ճշմարտության ըմբռնումը ինչպե՞ս կարող է ազդել նրանց հրավերներով գործելու ձեր ցանկության վրա:

Տերը գթասրտորեն ժամանակ տվեց ժողովրդին, որ դառնան դեպի Իրեն և ապաշխարեն իրենց մեղքերը: Սակայն, երբ Աբինադին երկու տարի անց վերադարձավ, նրանք կրկին բարկացած էին ու փորձում էին մեղադրել նրան (տես Մոսիա 12.1, 9, 19):

Աբինադին համարձակ վկայեց, որ քահանաները չէին սովորեցնում մարդկանց հնազանդվել Աստծու պատվիրաններին (տես Մոսիա 12.33–37, 13.12–25): Նա նաև վկայեց, որ Հիսուս Քրիստոսը գալու է փրկելու բոլոր մարդկանց, և որ փրկությունը միայն Փրկագնման միջոցով է հնարավոր (տես Մոսիա 15.1, 19): Երբ Աբինադին ավարտեց Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը, նրա կյանքը կրկին վտանգված էր: Բայց այս անգամ վտանգված էր նաև քահանաներից մեկի՝ Ալմայի կյանքը:

Կարդացեք Մոսիա 17.1–4 հատվածները և գտեք, թե Նոյն ու Ալման ինչպես պատասխանեցին Աբինադիի վկայությանը Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ կարող ենք հասկանալ այս ծայրահեղ տարբեր պատասխաններից:

Երեք օր բանտում անցկացնելուց հետո Աբինադիին կրկին բերեցին Նոյ թագավորի մոտ։ Նոյն ասաց, որ մահվան կդատապարտի Աբինադիին, եթե վերջինս պատրաստկամություն չցուցաբերի մերժելու իր ուսուցանած ճշմարտությունները (տես Մոսիա 17.5–8):

Կարդացեք Մոսիա 17.9–10, 13 հատվածները և փնտրեք Աբինադիի պատասխանը իր վկայությունը մերժելու թագավորի պահանջին: Կամ կարող եք դիտել «Աբինադին դատապարտվում է մահվան իր հավատքի համար | Մոսիա 16–17» տեսանյութը (4:28), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

  • Ի՞նչ եք սովորում Աբինադիի օրինակից:

  • Դա ինչպե՞ս կարող է ազդել Տիրոջ և Նրա մարգարեներին արձագանքելու ձեր մոտեցման վրա:

Կիսվեք վկայությամբ այն մասին, թե մարգարեներն ինչ դեր ունեն Հիսուս Քրիստոսի մասին վկայելու և մեզ ապաշխարելու հրավեր տալու հարցում: