Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27. Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27. Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27

Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով

Նկար
Մորմոնի Գրքի դարձի բերող զորությունը

«2 Նեփի 2.26–30» թեմայով նախորդ դասին դուք սովորեցիք, որ մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 2 Նեփի 2.27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:

Խորացնել գիտելիքը վարդապետության սերտման կրկնության վարժություններով: Այս վարժությունները պարբերաբար կատարելով՝ ուսանողները հեշտությամբ կհիշեն սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Կարող եք խրախուսել ձեր ուսանողներին շարունակել ուսումնասիրել վարդապետության սերտման հատվածները դասից դուրս:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել փորձել անգիր հիշել 2 Նեփի 2.27 հատվածը: Ուսանողներին հիշեցրեք, որ կարող են օգտագործել նաև Վարդապետության սերտման հավելվածը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «2 Նեփի 2.26–30» դասից հետո, որը վարդապետության սերտման 2 Նեփի 2.27 հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ ուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Գտեք որևէ արդյունավետ և համապատասխան միջոց, որով ուսանողներին կարող եք օգնել անգիր սովորել 2 Նեփի 2.27 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը և բացատրել այդ հատվածում բացահայտած ճշմարտությունները:

Հետևյալ առաջարկն օգտագործելու դեպքում ուսանողներին կարող եք առաջարկել դասարանով գրատախտակին կամ մի մեծ թղթի վրա մի նկար նկարել: Աշխատեք նկարելու վարժությանը կարճ ժամանակ հատկացնել, որպեսզի վարժությունը կատարելու համար բավարար ժամանակ մնա: Հնարավորության դեպքում նկարը դասարանին ցույց տվեք մի քանի օր, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հիշել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը:

Կարդացեք 2 Նեփի 2.27 հատվածը և պատկերեք մի նկար, որը կօգնի ձեզ պատկերացնել սուրբ գրության հիմնական արտահայտության իմաստը. «Նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: Հիմնական արտահայտությունը ներառեք ձեր նկարում, ինչը կօգնի ձեզ հիշել այն:

Այնուհետև, ձեր նկարի վրա գրեք, թե ինչ է այն նշանակում. որ մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով կամ ընտրելու գերություն և մահ: Գրեք, թե այս հատվածն ինչ է նշանակում անձամբ ձեզ համար, և այն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

Նկարը դասարանով պատկերելու դեպքում ուսանողներին առաջարկեք աշխատել միասին և գրել այդ հատվածի բացատրությունը:

Եթե ուսանողներն ավարտել են անհատական նկարները, նրանց առաջարկեք գրել իրենց սեփական բացատրությունները, հետո դասարանում շրջել և իրենց նկարով ու բացատրությամբ կիսվել առնվազն երկու այլ ուսանողի հետ:

Վերջապես, նկարին նայելիս կրկնեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունն այնքան, մինչև անգիր հիշեք:

Գործնական կիրառում

Որպես հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները վերանայելու այլընտրանք, կարող եք երեք ուսանողի առաջարկել դասարանի հետ ուսումնասիրել սկզբունքներից մեկը: Դասի այդ պահին նրանց առաջարկեք, որ յուրաքանչյուրը մեկ կամ երկու րոպեի ընթացքում դասարանին բացատրի իր ուսումնասիրած սկզբունքը:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու համար ստուգեք, թե արդյոք կարող եք հիշել երեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Ապա փորձեք հետևյալ արտահայտությունները համապատասխանեցնել ճիշտ սկզբունքի հետ: (Օգտագործեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում [2022]՝ ձեր ճշգրտությունը ստուգելու համար:)

  • «Պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը»

  • «Քննել գաղափարները՝ հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, այլ ոչ թե ընդունելով աշխարհի եզրահանգումները կամ ենթադրությունները»

  • «Հիմնվել այն վկայության վրա, որը մենք արդեն ունենք»

Կարող եք ուսումնական ծրագրով առաջարկվող իրավիճակային սցենարները հարմարեցնել ձեր ուսանողների հանգամանքներին: Օրինակ՝ ստորև ներկայացվող սցենարի մեջ ալկոհոլի օգտագործումը կարող է փոխարինվել մեկ այլ մեղսավոր վարքագծով:

Նույն նպատակի համար կարող են նաև տարբեր իրավիճակային սցենարներ օգտագործվել: Օրինակ՝ ուսանողները կարող են կենտրոնանալ Եկեղեցու անդամի մասին մեկ այլ պատմության վրա, որտեղ նա վշտացած է, քանի որ ծնողները խրախուսում են նրան հետևել Եկեղեցու որևէ հատուկ չափանիշի: Հուսահատության մեջ նա կարող է պատասխանել. «Ես կամքի ազատությո՛ւն ունեմ: Ես կարող եմ անել այն ամենը, ինչ ցանկանում եմ»: Ուսանողները կարող են այս սցենարի համար կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և 2 Նեփի 2.27 հատվածը:

Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե Իվանը ինչպես կարող է կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Իվանը ծրագրում էր շաբաթ երեկոն անցկացնել ընկերների հետ, բայց երբ նրանցից մեկն անսպասելիորեն եկավ՝ ալկոհոլը ձեռքին, նա զգաց, որ եկել է գնալու ժամանակը: Նա գիտեր, որ ընկերների համար իր գնալն անակնկալ չէր լինելու, քանի որ անցյալում ևս նման իրավիճակներում նա միշտ տուն էր գնացել: Երբ նա դուրս եկավ, նրա ընկեր Դանիելն ասաց. «Կարծես թե Իվանի եկեղեցին թույլ չի տալիս նրան որևէ բան անել»:

Տուն գնալու ճանապարհին Իվանը շարունակում էր մտածել Դանիելի մեկնաբանության մասին:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչ է նշանակում վերաձևակերպել հարցերը:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք այն, թե ինչ է նշանակում վերաձևակերպել մեկնաբանությունը կամ հարցը:

Ուշադիր լսեք նախորդ հարցին ուսանողների տված պատասխանները, ինչը կօգնի ձեզ հասկանալ, թե որքանով են ուսանողներն ընկալում այս հասկացությունը: Եթե նրանք լավ են ընկալում, կարող եք որևէ ուսանողի առաջարկել օգնել մյուս ուսանողներին Դանիելի մեկնաբանությունը վերաձևակերպելու հարցում:

Եթե ուսանողները դեռևս պատրաստ չեն առանց օգնության վերաձևակերպելու գաղափարները, կարող եք ստորև ներկայացվող առաջարկներից մի քանիսի միջոցով օգնել նրանց:

  1. Սահմանեք հնարավոր եզրահանգումները կամ ենթադրությունները:

    • Ի՞նչ եք կարծում, Դանիելն ի՞նչ էր մտածում ազատության և ազատ կամքի նպատակի մասին:

    • Ի՞նչ էր նա հավանականորեն մտածում Փրկչի Եկեղեցու չափանիշների մասին:

  2. Խնդիրը դիտարկեք փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում:

    • Ի՞նչ եք զգացել՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, որն օգնում է ձեզ իրերը տեսնել ոչ թե Դանիելի, այլ մեկ ուրիշի տեսանկյունից:

    • Ըստ ձեզ՝ փրկության ծրագրի ո՞ր կողմերն առավել օգտակար կլինեն Դանիելի հասկացողության համար:

    • Ինչպիսի՞ ազատություն է առաջարկում Փրկիչը նրանց, ովքեր իրենց կամքի ազատությունն օգտագործում են Նրա պատվիրանները պահելու համար: Ի՞նչ տեսակի գերություն է սպասվում պատվիրանները մերժելու արդյունքում:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի, որոնցից յուրաքանչյուրն ուսումնասիրում է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երկու սկզբունքներից մեկը: Ապա նրանց առաջարկեք ուղեկցող հարցերի իրենց պատասխաններով կիսվել զուգընկերոջ հետ:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը և 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022) և խորհեք, թե հետևյալ երկու սկզբունքները որքանով են կիրառելի Իվանի իրավիճակի համար:

Գործեք հավատքով

  • Եթե Իվանը սկսեր կասկածի տակ դնել հոգևոր առումով վտանգավոր իրավիճակներից հեռանալու իր որոշումը, պարբերություններ 5–7-ից ի՞նչը կներկայացնեիք նրան: Ինչո՞ւ։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ըստ ձեզ՝ պարբերություն 11-ում նշված ո՞ր աղբյուրներն առավել օգտակար կլինեին Իվանի համար:

  • Ինչպե՞ս կարող էին օգնել նրան 2 Նեփի 2.27 հատվածի ճշմարտությունները:

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասերի ընթացքում ուսանողներին օգնեք համառոտ կրկնել 2 Նեփի 2.27 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը: Դա անելու համար կարող եք ուսանողներին առաջարկել նայել իրենց պատկերած նկարին և տեսնել, թե արդյոք կարողանում են հիշել հղումը և հիմնական արտահայտությունը: Դա կարելի է կրկնել առաջիկա տարբեր դասերի սկզբում կամ վերջում: